2020.09.16,

Ստուգված է

Սեպտեմբերի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Սեպտեմբերի 15-ին սկսվեց դպրոցական տարին։ Դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում մամուլը տարածեց դպրոցներին ու երեխաներին վերաբերվող ամենաքլիքաբեր ստերը՝ սեռական դաստիարակության կեղծ դասագրքեր, հորինված տրանսգենդերներ, խեղաթյուրված ամերիկյան օրենքներ և այլն։ 

Կրթության նոր չափորոշիչները մանիպուլյացնում էին սեքսոլոգն ու մանկավարժը

Դպրոցների վերսկսումը առիթ էր նոր հանրակրթական չափորոշիչների մասին մանիպուլյատիվ լուրերի տարածման համար։ Այդպես, սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը հայտարարեց, թե նոր չափորոշիչների պատճառով կլինի «նույնասեռ անձանց թվի աճ»։ 

Ներսիսյանը հաճախ է կեղծ կամ մանիպուլյատիվ պնդումներ անում սեռականության մասին։ Լանսարոտեի կոնվենցիայի մասին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հիմնադրամի ֆինանասավորած ֆիլմում Ներսիսյանը ասում էր, թե մինչև 12 տարեկան երեխաներին վաղ է սեռական բռնությունից պաշտպանվել սովորեցնելը։ Fip.am-ը նշում է, որ 2014-ին Ներսիսյանը ճիշտ հակառակ կարծիքի էր և հայտարարում էր, որ սեռական կրթությունը սկսում է «ծնված օրվանից»։ 

Ավելին՝ նույնասեռական մարդիկ այժմ Ներսիսյանի հայարարությունների գլխավոր թիրախն են, բայց 2014-ին նա խոսում էր Հայաստանի «հոմոֆոբ հասարակության» խնդիրների մասին։

սեքսոլոգ Ներսիսյան

Այսքանով չափորոշիչների մասին մոլորեցնող պնդումները չավարտվեցին։ Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը «Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց, թե երեխաներին պետք չէ իմանալ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին։ Թոփուզյանը կրթական նոր չափորոշիչներում Ստամբուլյան և Լանսարոտեի կոնվենցիաների «շատ քողարկված» սկզբունքներ էր հայտնաբերել։ 

Նա նաև հայտարարեց, թե երեխաները մաթեմատիկայի դասերին պետք է կանանց վերարտադրողական ցիկլի տվյալները գրաֆիկի տեսքով ներկայացնեն: Թոփուզյանի պնդումները տարածեցին times.am-ը, panorama.am-ը, aravot.am-ը, news.am-ը և այլն։

ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այս քննարկմանը հնչած հայտարարությունները «ապատեղեկատվության շքերթ» անվանեց։  

Կայքերը տարածեցին հին լուսանկար և Հայաստանի հետ կապ չունեցող լուր 

«Իգործ» ծրագրով Սարիգյուղ ժամանած սփյուռքահայ մասնագետների շարքում մամուլն ու ֆեյսբուքյան օգտատերերը տրանսգենդեր էին գտել․ սենսացիոն վերնագրերով տարածվում էր 2019 թվականին Սարիգյուղ այցելած կանադացի երաժիշտ DJ Jesse Osborne Lanthier-ի լուսանկարը, որը ո՛չ տրանսգենդեր էր, ո՛չ էլ «Իգործ»-ով էր եղել Հայաստանում։ 

Տարածվեց նաև սեռականության մասին հերթական կեղծ դասագիրքը։ Ռոբերտ Քոչարյանին աջակցող ֆեյսբուքյան հաշիվը հրապարակեց 1999 թվականի մի գրքույկի նկարներ և հայտարարեց, որ դա տարրական դասարանների գիրքն է։ Խոշոր լրատվականները՝ «168 ժամը», 7or.am-ը, mamul.am-ը, lurer.com-ը, տեղեկությունը տարածեցին առանց ստուգելու։ Շուտով, սակայն, գտնվեց գրքի հեղինակը և պատմեց, որ այն որևէ կապ տարրական դասարանների հետ չունի և նախատեսված է եղել մասնագիտական սեմինարի համար։  

Սա առաջին դեպքը չէ, երբ պատահական գիրքը ներկայացվում է որպես «սեռականության դաստիարակության» դասագիրք։  

Այսքանով թեման չսահմանափակվեց։ Կայքերը տեսահոլովակ տարածեցին այն մասին, թե ինչպես է ուսուցիչը «դասի ժամանակ ձեռնաշարժությամբ զբաղվում»։ Սենսացիոն վերնագրով նյութը հայտնվեց blognews.am-ում, ինչպես նաև սունկ կայքերում։ Ո՛չ վերնագրում, ո՛չ էլ տեքստում հեղինակը չէր նշել, որ դեպքը որևէ կապ չունի Հայաստանի դպրոցների հետ․ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանում։ 

ԱՄՆ սեռական բռնության նոր օրենքի մասին կեղծիք տարածեցին հայկական լրատվամիջոցները 

«Ադեկվադ» ծայրահեղ պահպանողական խմբի ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Կալիֆորնիայում ութ տարեկանից բարձր «երեխայի հետ օրալ կամ անալ սեքսով զբաղվածները պարտավոր չեն գրանցվեն որպես սեռական բռնարար»։ 

Դանիելյանի այս պնդումը կրկնում է ամերիկյան ծայրահեղ պահպանողական շրջանակներում տարածված կեղծ լուրերը Կալիֆորնիայում ընդունված նոր օրենքը վերաբերյալ։ 

Ամերիկայն փաստեր ստուգող լրատվականները արդեն հերքել են այս պնդումները։ Չնայած դրան, հայկական lurer.com-ը, hayeli.am-ը, blog.168.am-ը, iravunk.com-ը առանց ստուգելու վերատպեցին Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Իրականում օրենքը վերաբերվում է 14-17 տարեկան (Կալիֆորնիայում 18 տարեկանից փոքր անձանց հետ սեռական հարաբերությունը անօրինական է) անձանց հետ փոխադարձ համաձայնությամբ օրալ կամ անալ սեքսի դեպքերին, ընդ որում՝ զուգընկերը պետք է լինի ոչ ավել, քան տաս տարով մեծ։ Վագինալ սեքսի նման դեպքում դատավորը կարող է որոշել, արդյո՞ք մտցնել մեղադրյալին սեռական բնույթի հանցագործություն կատարածների ռեեստր, թե՝ ոչ։ Օրալ և անալ սեքսի դեպքում նման հնարավորություն չկար, և օրենքը նույն պայմաններն է սահմանում նաև այս երկու տեսակի սեռական հարաբերության համար։ 

Ռոբերտ Քոչարյանը տարածեց հին ու հերքված միֆը

Սեպտեմբերի սկզբին ռուսական РБК լրատվականը հարցազրույց հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նյութը հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК-ին տված հարցազրույցից մոտ մեկ ամիս անց։ 

Զրույցի ժամանակ Քոչարյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց։ Օրինակ, նա կարծում էր, որ Հայաստանում հասարակությունը բաժանվել է «ինտելեկտի հիման վրա» և Ռուսաստանին հորդորում էր ավելի լավ կիրառել փափուկ ուժը Հայաստանի հանդեպ։ 

Քոչարյանը նաև կրկնեց հին ու հերքված դավադրության տեսությունը Ջորջ Սորոսի հիմնադրամի մասին։ Հաղորդավարի այն հարցին, թե ինչու նա չի փակել Սորոսի հիմնադրամը, Քոչարյանը հայտարարեց, թե ինքը չգիտեր դրա գոյության մասին, դա  «մարգինալ» կառույց էր, որը իր օրոք նույնիսկ գրասենյակային տարածք չուներ՝ տնից տուն էր տեղափոխվում։ Ըստ Քոչարյանի՝ Սորոսի հիմնադրամի մարդիկ այժմ մտել են իշխանության շարքեր։

Այս պնդումը, ինչպես և «Բաց հասարակության հիմնադրամների» մասին նմանատիպ այլ պնդումները, մոլորեցնող է։ Ջորջ Սորոսի հիմնադրամը Հայաստանում սկսել է գործել 1997 թվականից: Հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների ցանկը բաց է և կարելի է տեսնել, որ Քոչարյանի նախագահության միայն մեկ տարում հիմնադրամը հարյուր հազարավոր դալլորների դրամաշնորհ է տրամադրել Հայաստանում։ 

Հերքումներ

❌ Սեպտեմբերի 1-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքեց «Փաստինֆո»-ի տարածած տեղեկությունն այն մասին, թե «Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել»։ Աղաջանյանը նշեց, որ գումարը տասնյակ անգամներ ուռճացված է։ Նա նաև հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե կապալարու ընկերության ընտրությանը ակտիվ մասնակցել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Չարաշահումներ իսկապես հայտնաբերվել են, և ըստ Աղաջանյանի՝ նա ինքն է դիմել իրավապահներին։ 

❌ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքեց լուրերն այն մասին, թե Հաղթանակի այգում երկնաքեր է կառուցվելու՝ կտրված ծառերի փոխարեն։ Նրա խոսքով՝ այգում ծառեր չեն կտրվել, և երկնաքեր կառուցելու պլաններ չկան։ 

❌ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ որոշել է դատի տալ դպրոցներում «սեռական դաստիարակություն» առարկա մտցնելու և դրա ենթադրյալ դասագրքերի մասին ապատեղեկատվություն տարածողներին։ 

❌ ԱԳՆ մամուլի խոսնախ Աննա Նաղդալյանը հերքեց lurer.com-ի հրապարակումն այն մասին, թե հեղափոխությունից հետո «783 անձի «աջուձախ» դիվանագիտական անձնագրեր են բաժանել»։ Նաղդալյանը նշեց, որ այս թիվը իր մեջ ներառում է նաև դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։ Ավելին՝ 764 անձնագիր ստացել են դիվանագիտական ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքի անդամները։ 19 անձնագիր տրամադրվել է վարչապետի որոշմամբ։ 

Կարին Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *