Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Յություբում հայկական տիրույթում քաղաքական պատումների (նարատիվների) շրջանառությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո անկում է ապրել։ 

Սա  է փաստում Disint.ai հարթակի միջոցով իրականացված մշտադիտարկումը՝ մայիս և հունիս ամիսներին։ 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական բովանդակությունն այս սոցիալական ցանցում աճել էր։ Խոսքը, հատկապես, նախընտրական քարոզարշավի մասին է։ Հետընտրական շրջանում, սակայն, պատկերն արմատապես փոխվել է։ 

Media.am-ն ուսումնասիրել է ընտրություններին նախորդած և հաջորդած մեկ ամիսը Յութուբի հայաստանյան տիրույթում՝ հասկանալու, թե ինչպիսի դինամիկա է նկատվել այս անցումային շրջանում։

Մեթոդաբանություն

Հետազոտության տվյալները հավաքագրվել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով աշխատող Disint.ai հարթակի միջոցով, որը մշտադիտարկում է սոցիալական ցանցերն ու վերհանում առկա օրինաչափությունները։

Այս ուսումնասիրությունն ընդգրկում է 2026 թվականի մայիսի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը։ 

Disint.ai-ի մշտադիտարկած պատումները

Disint.ai-ի համակարգում նախապես ներառվել են յություբյան 14 ալիք և քաղաքական 15 հիմնական պատում։ Դիտարկված ալիքների թվում են՝ Alpha News, 24TV, 168.am, News.am, Euromedia24, h2, Kentron TV, Hayeli.am, Hraparak, AntiFake, Armenia Today, Oragir, Aravot և NewDay։

Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում ծրագիրը վերլուծել է 23,100 տեսանյութ և դրանց ներքո թողնված 115 հազար մեկնաբանություն։ 

Ստուգված է

Հարկ է նշել, որ սա խորհրդարանական ընտրություններին նվիրված մեր երրորդ հետազոտությունն է։ Նախորդ երկու դեպքերում դիտարկված ժամանակահատվածները, ընտրված ալիքները կամ պատումների ցանկը տարբերվել են սրանից։

Ստուգված է

Ինչ ենք պարզել

Այս ժամանակահատվածում տեսանյութերի 25%-ում (5,661-ում) հայտնաբերվել են ընտրված պատումները, իսկ մեկնաբանությունների դեպքում պատումների թիվը կազմել է 25,100 (22%)։

Մեկնաբանությունների տեսանկյունից հետաքրքիր օրինաչափություններ են գրանցվել։ Ընդամենը 577 օգտատեր գեներացրել է մեկնաբանությունների 41%-ը ( 10,489 մեկնաբանություն) և կատարել 30,465 հավանում, որը հավանումների ընդհանուր թվի գրեթե 40%-ն է (39,8%)։ 

Որոնք են ամենից շատ տարածված պատումները

Ինչպես ցույց էր տվել մեր նախորդ հետազոտությունը՝ քաղաքական պատումների ներմուծումը մեդիադաշտ կատարվում է տեսանյութերի միջոցով, բայց դրանց ուժգնացումն ու տարածումն ապահովում են մեկնաբանությունները։ Այսպես, «Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» թեզը տեսանյութերում շրջանառվել է 4,129 անգամ (ընդհանուր հիշատակումների 32%-ը)։ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզն արծարծվել է 2,352 անգամ (18%), իսկ «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» թեզը՝ 1,469 անգամ (11%)։

Մեկնաբանությունների դեպքում գրանցվել է հետևյալ պատկերը․«Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը հիշատակվել է 19,204 անգամ (48%)։ «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» թեզը քննարկվել է 5,669 անգամ (14%), իսկ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզը՝ 4,584 անգամ (12%)։ «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» թեզը մեկնաբանողները նշել են 3,286 անգամ (8)։

Ընդհանուր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ «Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը բացարձակ առաջատար է մայիս և հունիս ամիսներին. տեսանյութերում ու մեկնաբանություններում այն տարածվել է 23, 333 անգամ, որը պատումների հիշատակումների ընդհանուր թվի գրեթե կեսն է՝ 44%-ը։ Հաջորդիվ ամենից շատ տարածվել են «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզը՝ 6936 անգամ (13%), և «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» թեզը՝ 6,773 անգամ (13%)։ «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» թեզը հիշատակվել է 4,755 անգամ (9%)։ 

Այս համակցված պատկերը հստակ ցույց է տալիս, որ նախընտրական և հետընտրական տեղեկատվական հոսքը եղել է կենտրոնացված մեկ գլխավոր թեզի՝ «Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար»-ի շուրջ՝ առնվազն 15 պատումների համատեքստում, ինչը նշանակում է, որ լսարանը ստացել է սահմանափակ քաղաքական խոսույթ։

Պատումների դինամիկա

Ուսումնասիրության առաջին ամսում պատումների տարածումն աճել էլ։ Այս միտումը պահպանվել է մինչև հունիսի 6-ը՝ ընտրությունների լռության օրը, ինչից հետո տարածումը քչացել է։

Ընտրված ժամանակահատվածում միակ կայուն և ամենից շատ տարածված պատումը Հայաստանի վրա օտարերկրյա ազդեցության մասին էր։

«Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումի շրջանառությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակ աճել է՝ օրական հիշատակումների քանակով առավելագույնին հասնելով մայիսի 18-ին (861)։ Դրանից հետո այս թիվը մի փոքր անկում է ապրել՝ սակայն պահպանելով բարձր ցուցանիշներ։ Մինչև ընտրությունները օրական հիշատակումների ամենացածր թիվը կազմել է 453։

«Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» և «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» պատումների շրջանառությունը գրեթե միշտ ակտիվ է եղել՝ աննշան փոփոխություններով՝ միջինում ցույց տալով 250-ից ցածր հիշատակումների պատկեր։

Նարատիվների տարածման դինամիկան ընդհանուր, մեկնաբանություններում և տեսանյութերում։ Էկրանապատկերը Disint.ai հարթակից

Լռության օր

Սպասելիորեն լռության օրը բոլոր պատումներ, առանց բացառության, կտրուկ անկում են ապրել։ Այս համատեքստում շատ ավելի տեսանելի է մեկնաբանությունների և տեսանյութերի կոնտրաստը։ Օրինակ՝ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզը տեսանյութերում հիշատակվել է 9 անգամ։ Ամենից շատ հիշատակված հաջորդ պատումը «Եվրասիական միությունից դուրս գալն ու ԵՄ-ին միանալը խիստ վնասակար, նույնիսկ կործանարար կլինի երկրի և տնտեսության համար»-ն է, որը հիշատակվել է 6 անգամ, իսկ «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը հիշատակվել է 5 անգամ։ Մյուս պատումները մեկ-երկու անգամ են հայտնվել Յություբում։

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա այստեղ պատկերն այլ է։ «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար»-ը տարածվել է 313 անգամ, «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»»-ը՝ 95 անգամ, իսկ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է»-ն՝ 87 անգամ։

Այս պատկերից պարզ է դառնում, որ առնվազն ընտրված պատումների շրջանակում տեսանյութերում լռության օրը պահպանվել է, սակայն մեկնաբանություններում լուռ չի եղել։

Ընտրությունների օրը

Համապետական քվեարկության օրը՝ հունիսի 7-ին, «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է», «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» և «Եվրասիական միությունից դուրս գալն ու ԵՄ-ին միանալը խիստ վնասակար, նույնիսկ կործանարար կլինի երկրի և տնտեսության համար» թեզերը տեսանյութերում հիշատակվել են համապատասխանաբար 62, 55 և 23 անգամ։

Մեկնաբանություններում նախորդ օրվա պատումները պահպանվել են․ «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» թեզը տարածվել է 210 անգամ, «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» պատումը՝ 89 անգամ, իսկ «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» թեզը՝ 55 անգամ։

Ընդհանուր պատկերն առաջին հերթին արտացոլել է մեկնաբանություններում առկա իրավիճակը․«Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» թեզը կրկին ամենից շատ տարածվածն է՝ 265 հիշատակում։ Մյուս երկու տարածված պատումներն են՝ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» (151) և «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» (69)։

Ընտրություններից հետո

Խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրերին պատումների տարածումն աստիճանաբար նվազել է։

Վերջին ակտիվությունը եղել է հունիսի 8-ին։ Այդ օրը տեսանյութերում ամենահաճախը (37 անգամ) նշվել է, որ «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է»։ 22 անգամ քննարկվել է «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը, իսկ «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» թեզը՝ 19 անգամ։ Տեսանյութերում ևս 12 անգամ նշվել է, որ «Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը և դառնում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կամակատարը»։

Մեկնաբանություններում «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» թեզը հիշատակվել է 389 անգամ, իսկ «Ընտրությունները կլեգիտիմացնեն ապազգային քաղաքականությունը Հայաստանում» պատումը՝ 301 անգամ։ «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» և «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզերը տարածվել են գրեթե հավասարաչափ՝ համապատասխանաբար 194 և 188 անգամ։

Այս թվերը կտրուկ անկում են ապրել մեր դիտարկման վերջին օրը՝ հունիսի 30-ին։ Տեսանյութերում «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը հիշատակվել է ընդամենը 49 անգամ։ «Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը և դառնում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կամակատարը» և «Հայաստանում ժողովրդավարությունը բռնապետություն է» թեզերը հանդիպել են 21-ական անգամ։

Մեկնաբանություններում ամենից շատ դարձյալ հիշատակվել է «Հայաստանում գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար» պատումը՝ 90 անգամ, և «Հայաստանին տանում են դեպի «թրքացում»» թեզը՝ 28 անգամ։ Ակնհայտ է, որ մեկնաբանություններում ցուցանիշներն ավելի մեծ անկում են ապրել, քան տեսանյութերում։ Այսինքն, ի տարբերություն նախորդ շաբաթների, անգամ մեկնաբանություններում պատումների հիշատակումները մի քանի անգամ կրճատվել են։

Ամենից շատ հիշատակված գործիչներ

Մայիս-հունիս ամիսներին ուսումնասիրված տեսանյութերում ամենից շատ հիշատակված գործիչը ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Նա հիշատակվել է 11,500 անգամ։

Փաշինյանին հաջորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը հիշատակվել է 2,300 անգամ։

Մյուս գործիչը Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն է, որը հայտնվել է ուսումնասիրված տեսանյութերում և մեկնաբանություններում 1900 անգամ։ Ալիևից 200 հիշատակումով պակաս է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Մեկնաբանող օգտատերերի կասկածելի վարքը

Մեկնաբանությունների բաժնում Disint.ai-ը նույնպես անոմալիաներ է նկատել։ Գործիքը բացահայտել է, որ 183 հաշիվ օգտագործել է միևնույն կամ գրեթե նույնական տեքստեր տարբեր տեսանյութերի տակ՝ գեներացնելով այդպիսի 3861 մեկնաբանություն։

Նկատվել է բոտային ակտիվություն․ 72 հաշիվ, որ թողել է 1,761 մեկնաբանություն, համակարգի կողմից ուղղակիորեն ճանաչվել է որպես բոտ։ Այս հաշիվները շատ կարճ ժամանակահատվածում՝ հաշված վայրկյանների ընթացքում, մեկնաբանություններ են թողել տարբեր ալիքների տարբեր տեսանյութերի ներքո։ Նրանք նաև հաճախ տարածել են պատճենված մեկնաբանություններ։

Ըստ համակարգի վերլուծության՝ կան միաժամանակ մի քանի հաշիվներ ունեցող օգտատերեր։ Հայտնաբերվել է 7 դեպք (ընդհանուր 66 մեկնաբանությամբ), երբ միևնույն սարքից կառավարվել են տարբեր հաշիվներ։

Նախորդ հետազոտությունում, որն ընդգրկում էր այլ ալիքներ և նարատիվներ, մենք բացահայտել էինք նույնանման անունով օգտահաշիվների՝ @gregalex8605, @gregalex6970, @GrigAlex-s6k, որոնք տարբեր տեսանյութերի տակ նույն մեկնաբանությունն էին թողնում։ Այս օգտատերը կամ օգտատերերի խումբը կրկին հայտնվել է․ նրանք  22 տեսանյութի ներքո կրկնել են նույն մեկնաբանությունը։

Բացի այդ, հետազոտվող ժամանակահատվածում համակարգն արձանագրել է նաև Յություբի կանոնակարգը խախտող 50 մեկնաբանություն, որոնք պարունակել են ընտրված պատումները։

Հետազոտությունը փաստում է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտին զուգահեռ Յություբում քաղաքական պատումների շրջանառությունը բնականոն անկում է ապրել: Այնուամենայնիվ, ստացված տվյալները վերհանում են մի կարևոր օրինաչափություն. եթե բուն տեսանյութերում «լռության օրն» ու նախընտրական սահմանափակումները հիմնականում պահպանվել են, ապա մեկնաբանությունների տիրույթում ակտիվությունը չի դադարել։ Կասկածելի հաշիվների և բոտերի բարձր ներգրավվածությունը ցույց է տալիս, որ օգտատերերի արձագանքների բաժինը շարունակում է մնալ քաղաքական թեզերի ուժգնացման և արհեստական տարածման հիմնական հարթակը։

Ներկայացված ցուցանիշները Disint.ai-ում ամենօրյա ռեժիմով փոխվում են․ այս հոդվածում տվյալները ներկայացված են ըստ հուլիսի 20-ին գրանցված արդյունքների։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել