Համացանցում շաբաթներ շարունակ ակտիվ տարածվում է տեսանյութ, որում իբրև թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը սնվելիս նայում է հայելու մեջ և վախենում իր իսկ արտացոլանքից։
«Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճաշելիս հանկարծ հայելու մեջ է նայել..․ ու վախեցել»,- գրել է Ardarutyun.com-ն ու հրապարակել տեսանյութը, որն այս պահին ունի 83 հազար դիտում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է նաև ոչ հայկական հարթակների միջոցով։ Այն կարելի է գտնել ինչպես Ֆեյսբուքում (1, 2), այնպես էլ Ինստագրամում (1, 2, 3, 4, 5), Տիկտոկում (1, 2, 3, 4, 5, 6), X-ում (1, 2) և այլ հարթակներում։ Այն հավաքել է միլիոնավոր դիտումներ։

Էկրանապատկերը՝ բնօրինակ տեսանյութից
Շրջանառվող այս տեսանյութը, սակայն, կեղծ է, և խմբագրվել է դեմքերի փոխանակման ծրագրով։ Դրա մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն ունի Արհեստական բանականությանը (ԱԲ) հատուկ սխալ։
Մասնավորապես՝ անգլիական Մանչեսթեր Սիթիի մարզահագուստի հովանավորի տարբերանշանը տարբերվում է իրականից։
Բնօրինակ տեսանյութը, որի վրա կատարվել է փոփոխությունը, հրապարակվել է կատակերգու Ջին Լոնգը՝ հունիսի 15-ին (արխիվացված)։ Տեսանյութին կից գրված է՝ «Հայելու մեջ երևացող մարդը շատ ծանոթ է թվում»:
Բնօրինակ տեսանյութի և Հոլանդի «մասնակցությամբ» տեսանյութի բոլոր դետալները նույնն են՝ պատի սալիկներն ու մետաղալարերը, սկուտեղի վրա դրված ուտելիքը, սպասքը և այլն։ Տարբեր են միայն տղամարդու դեմքն ու բաճկոնը։

Փոփոխված տեսանյութն առաջինը հրապարակել է X-ի @Crazymoments01 էջը՝ 2026 թվականի հունիսի 29-ին։ Այս օգտատերը հաճախ է հրապարակում հումորային բովանդակություն։ AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ տեսանյութն իրականում իրենն է, իսկ դրա խմբագրման և Հոլանդով փոփոխման մասին որևէ բան չգիտի։