Արշալույս Մղդեսյան

Քաղաքագիտությունից՝ դեպի քաղաքական լրագրություն։ Սիվիլնեթի լրագրող Արշալույս Մղդեսյանի դեպքում «դեպքը» հայ-ադրբեջանական բանակցություններն են, իսկ «վայրը» ՝ երկխոսության առցանց հարթակը։ 

Արշալույսի կապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ սկզբից էլ եղել է մասնագիտական։ Դեռ համալսարանական տարիներին նրա թե՛ բակալավրի դիպլոմային աշխատանքը, թե՛ մագիստրոսական թեզը եղել են ղարաբաղյան հակամարտության մասին։ Ծնված լինելով Վրաստանում՝ հայ-վրացական հարաբերությունների փորձառությունն ու այդ թեմայի շուրջ աշխատանքը ևս նպաստեցին, որ նա սկսի ավելի խորությամբ ուսումնասիրել Ղարաբաղյան հակամարտությունը։ 

«Հայ-վրացական հարաբերություններում ևս պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր խնդիրներ են ծագել։ Պարզ է, որ այդ խնդիրների սրությունը էականորեն տարբերվում է հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստից։ Բայց թե ինչու է այդպես, ինքնին մեծ քննարկման թեմա է»,- ասում է Արշալույսը։

Տարիներ անց արդեն որպես լրագրող պիտի հայտնվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի ամենակարևոր քննարկումների կենտրոնում՝ վարելով երկու կողմերի փորձագետների միջև երկխոսությունները։

Արշալույսը հիշում է, որ արձագանքները սկզբից սուր էին․ «Բայց եթե միշտ մտածես արձագանքի մասին, ընդհանրապես կարող է ոչինչ չանես»  ասում է նա՝ խոսելով Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ՝ «Շփման գիծ» / “Линия прикосновения” նախագծի շրջանակում իր վարած հաղորդման մասին։

Արշալույս Մղդեսյանը Press Clubs TV-ի տաղավարում

Չնայած նրան, որ մինչև 2000-ականները դեռ իրականացվում էին հայ-ադրբեջանական համատեղ հաղորդումներ, հեռուստակամուրջներ, ու անգամ լրագրողների փոխայցելություններ, 2010-ականներին իրավիճակը փոխվեց։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ու լրագրողների հանդեպ աճող ճնշումների հետևանքով երկխոսությունը՝ ինչպես լայն հասարակությունների, այնպես էլ մեյնսթրիմ լրատվամիջոցների միջև, փաստացի դադարեց։ Դադարեցին նաև համատեղ մեդիա ծրագրերը։ 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այն լրագրողները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք փորձեցին շարունակել երկխոսությունն ու համատեղ աշխատանքը, բախվեցին նաև տարիների դադարի արդյունքում ձևավորված վակուումին։ Դա իր հերթին նշանակում էր սկզբի շրջանում լայն հանրության կողմից սուր քննադատություն, և երկխոսության տարբեր ձևաչափերի նկատմամբ անվստահություն ու մերժողական վերաբերմունք։

Մղդեսյանը հիշում է, թե իր համար որքան դժվար էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանցի գործընկերների հետ կոնտակտի գնալը։ 

Չնայած Երևանոի ու Բաքվի մամուլի ակումբները միասին հետևում են քննարկումների ընթացքին և փորձում են հասկանալ՝ արդյոք երկխոսությունը գնում է ճիշտ ուղղությամբ, և հնչեցվող մտքերը չեն խորացնում հակասությունները, այնուամենայնիվ, երբեմն կոշտ դիրքորոշումներն ու հայտարարությունները անխուսափելի են։ Իհարկե, եթե նպատակը երկխոսությունը արհեստականորեն «ստերիլ» դարձնելը չէ։

Արշալույս Մղդեսյանը Սիվիլնեթում աշխատելիս։

«Պետք է հաշվի առնենք, որ, այնուամենայնիվ, խոսքը երկու սովորական հարևանների երկխոսության մասին չէ։ ժամանակին երկխոսությունը կենտրոնացած է եղել խորհրդային լավ անցյալի ու նմանությունների վրա, բայց դա արհեստական պղպջակ էր ստեղծում։ Իսկ պետություններն այդ նույն ժամանակ ակնհայտորեն չէին գնում կարգավորման ուղղով, և չնայած որ մարդիկ հավաքվում էին երրորդ երկրներում, ու քննարկումներ ունենում, հակամարտության կարգավորման մթնոլորտն այլ էր»,- ասում է Արշալույսը։ Ըստ նրա՝ մթնոլորտը հիմա այլ է, խոսակցություններն՝ ավելի բաց։ Սրան նպաստում է նաև այն, որ երկու պետությունները ևս գնում են կարգավորման ճանապարհով։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Արշալույսը միջազգային լրատվամիջոցների համար լուսաբանել է նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները։ Նրա խոսքով՝ հաճախ, երբ դուրս ես գալիս քարոզչական շերտերից և առանձին զրուցում մարդկանց հետ՝ երբեմն նույնիսկ առանց տեսախցիկի, տեսնում ես, որ նրանց վերաբերմունքը այլ է, քան կարող է ներկայացնել քարոզչությունը, և պարզ է դառնում, թե որքան շատ է խաղաղության ձգտումը հենց այն մարդկանց մեջ, որոնք թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության առաջին շահառուներն են։

Արփի Բեքարյան