Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եթե մոսկվաբնակ ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը Ռուբեն Վարդանյանի խնդրով դիմի նրան․ այս հարցը փետրվարի 24–ին «Սիվիլնեթի» եթերում քննարկում էին հայ և ադրբեջանցի փորձագետներ Արսեն Խառատյանն ու Ֆարհադ Մամեդովը։ Մամեդովը, որպես նախագահի աշխատակազմում նախկինում աշխատած մեկը, փորձում է կռահել․ «Նախ այդ միջնորդությունը պետք է կարողանալ հասցնել նախագահ Ալիևին, ֆիլտրերը չափազանց շատ են»,–ասում է նա։
Քննարկումն այսքանով չի ավարտվում, փորձագետներն անդրադառնում են նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական ուղերձին, Սահմանադրությունը փոխելու պատճառներին ու երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցերի։ Հեռոստակամուրջ հիշեցնող այս հաղորդաշարը կոչվում է «Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները»։ Այն վարում է մեկնաբան Արշալույս Մղդեսյանը։ Հաղորդաշարը պատրաստվում է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համագործակցությամբ։
Ամեն երկուշաբթի հայ և ադրբեջանցի փորձագետները ամփոփում են անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները և վերլուծություններ անում դրանց շուրջ։ Որպես կանոն, քննարկվող իրադարձությունները վերաբերում են Հայաստանին և Ադրբեջանին, բայց կարող են լինել բացառություններ։ Հանդիպումները կազմակերպվում են հեռակապով, հեռարձակվում՝ մի շաբաթ՝ հայկական, մյուսը՝ ադրբեջանական հարթակներում։
«Շփման գիծ. շաբաթվա իրադարձությունները» այս համագործակցությամբ ստեղծվող միակ հաղորդաշարը չէ․ «Սիվիլնեթով» հեռարձակվում է նաև «Շփման գիծ. հրատապ թեմա» հաղորդաշարը, որը դարձյալ վարում է Արշալույս Մղդեսյանը։ «Հրատապ թեմայի» զրուցակիցները փոփոխվում են՝ պայմանավորված ընտրված թեմայով, իսկ «Շաբաթվա իրադարձությունների» փորձագետներն անփոփոխ են՝ Խառատյանն ու Մամեդովը։
Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմում զրուցակից գտնելը հեշտ չէ։ Փնտրում են մարդկանց, որոնք ոչ միայն խոսում են ռուսերեն ու տրամադրված են կառուցողական խոսակցության, այլև կայացած մասնագետներ են՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, մշակույթի մարդիկ․ տարբեր են ոլորտները։
«Մենք փորձում ենք այդ շրջանակների հետ ներքին զրույցներ ունենալ, քննարկել առաջարկությունները, թեմաները, նորերին ենք ընդգրկում։ Եղել են նախադեպեր, որ մասնակիցները՝ Հայաստանից և Ադրբեջանից, փոքր ֆորմատով հանդիպել են նաեւ ֆիզիկապես։ Պլանավորում ենք շարունակել այս ճանապարհը»,–ասում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա ընդգծում է՝ ի տարբերություն հայ և ադրբեջանցի քաղաքական դեմքերի մասնակցությամբ կազմակերպվող այլ հաղորդումների, որոնք սովորաբար ուղեկցվում են վիճաբանությամբ, «Շփման գծի» փորձագետները փորձում են շփվել առանց փոխադարձ մեղադրանքների։
«Մեր նպատակը միմյանց մեղադրելը չէ, մենք ուզում ենք, որ այս քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի համար փոխադարձաբար ձեռնտու լուծումներ գտնելու փորձ լինեն։ Մինչև հաղորդումը, եթե նույնիսկ զրուցակիցները մեկ անգամ արդեն հանդիպել են, մենք հիշեցնում ենք սկզբունքը՝ պետք է փնտրել համատեղ լուծումներ»,– ասում է Բորիս Նավասարդյանը։
Արցախի հայաթափումից հետո այլ հարթակներում փորձագետների մակարդակում դեբատները համարյա դադարել են, կողմերի տեսակետները տարբերվում են այնքան, որ որևէ հայտարարի գալ հնարավոր չէ։ Սակայն Բորիս Նավասարդյանը հույս ունի, որ երկու մամուլի ակումբների կողմից կազմակերպվող քննարկումները այս իրավիճակում էլ կարող են օգտակար լինել լսարանին։ «Ես հիմնականում դրական արձագանքներ եմ ստանում։ Սա, գուցե, ոչ ավանդական ձևաչափ է, բայց ունենք ձևակերպված սկզբունքներ։ Նման այլ հարթակ ես չգիտեմ»,–ասում է նա։
Ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները այս հաղորդաշարերին՝ հարցին Բորիս Նավասարդյանը պատասխանում է՝ չեն արձագանքում։ Չարձագանքելով հանդերձ՝ նա կարծում է, որ իրենց հետևում են։ Ասում է․ «Մենք ունենք փորձագետներ, որոնք սերտորեն կապված են իշխանությունների հետ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ու եթե իրենք շարունակում են համագործակցությունը մեզ հետ, ուրեմն, կա գոնե չեզոք վերաբերմունք։ Այսինքն, կարող ենք ենթադրել, որ վերաբերմունքը բացասական չէ»։
Ընդհանուր առմամբ՝ դիտվող հաղորդումներ են՝ ասում է «Շփման գիծը» վարող Արշալույս Մղդեսյանը։ Քննադատություններ լինում են՝ կարող է դուր չգալ բանախոսը, արտահայտված որևէ կարծիք, որոշ մարդիկ էլ սկեպտիցիզմով են մոտենում, բայց դիտելիությունը բարձր է։
Արշալույսն ասում է․ «Սա ալտերնատիվ խողովակ է, որի միջոցով կարելի է ծանոթանալ այն կարևոր խնդիրներին, որոնց շուրջ հիմա բանակցություններ են գնում»։ Նրա խոսքով՝ հիմնական կանոնը, որի պետք է հետևեն մասնակիցները, էթիկայի սահմանները չխախտելն է։ «Փորձագետներն ազատ են իրենց կարծիքը հայտնել թեմայի վերաբերյալ, բայց կարևոր է, որ դա նպաստի դիալոգին։ Լինում են նաև բանավեճ ենթադրող թեմաներ, բայց սա սուր բանավիճային հարթակ չէ, քննարկում է»։
Մղդեսյանի խոսքով՝ եղել են հաղորդումներ, որ փորձագետները միմյանց հետ չեն համաձայնել։ Օրինակ՝ հնչեցվել է Ադրբեջանում տարածված կարծիք, որն անընդունելի է եղել դիմացինի համար, բայց դա չի վերածվել վեճի։ Հակառակն էլ է, բնականաբար, եղել․ զրուցակիցները միմյանց լսել են։
Հայաստանում, «Սիվիլնեթից» բացի, Երևանի և Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ պատրատվող հաղորդաշարերը հեռարձակվել են նաև «Ալիքմեդիայով» և «Ազատությունով»։ Այս պահին համագործակցութունը շարունակվում է միայն «Սիվիլնեթի» հետ։
ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է․ «Կա հավակնոտ նպատակ՝ ստեղծել ընդհանուր՝ հայ–ադրբեջանական մեդիահարթակ, որտեղ հեռարձակվելու են համագործակցությամբ պատրաստված հաղորդումները։ Դա լինելու է համատեղ յութուբյան ալիք, որտեղ երկուսն էլ կունենան հեղինակային իրավունքի հնարավորություն։ Նման նախադեպ չի եղել»։