Տարիներ առաջ, երբ ես էի փոքր, սոցիալական ցանցերի նախատիպը մեր տներում պահվող լուսանկարների ալբոմներն էին։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ուներ հաստ, ծանր կազմով ալբոմ, և երբ հյուրեր կամ հեռու-մոտիկ բարեկամներն էին այցելում, ալբոմը դուրս էր բերվում դարակներից։ Հյուրերի հետ մենք էլ էինք երբեմն սիրով թերթում դրանք, իսկ ավելի մեծ տարիքում սկսեցինք նեղվել։ Այդ ալբոմներում կային նկարներ, որոնք չէինք սիրում։ Մերկ մանկական լուսանկարներ, կեղտոտ դեմքով կադրեր, հիվանդ ժամանակ արված նկարներ, քաչալ ու տգեղ նկարներ, անհարմար պահերի նկարներ, ի վերջո առանց ֆիլտրերի նկարներ, որոնք սակայն մեծահասակներին շատ զվարճալի էին թվում, իսկ հասակակիցներին՝ հետո միմյանց վրա ծիծաղելու առիթ (կամ բուլլինգի, եթե այսօրվա տերմիններով ասենք)։
Այսօր լուսանկարների ալբոմներին փոխարինելու են եկել ինստագրամի, ֆեյսբուքի ու տիկտոկի էջերը, որոնք հասանելի են ոչ միայն հարազատներին, այլև հազարավոր մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ, և ամենակարևորը դրանք համացանցում կմնան շատ ավելի երկար, քան մանկության որևէ ալբոմ որևէ մեկի հիշողության մեջ։
Ծնողների կողմից երեխաների լուսանկարների, տեսանյութերի և անձնական պատմությունների հրապարակումն այսօր արդեն առանձին անուն ունի՝ շերընթինգ (sharenting)` share և parenting բառերից։
Երեխաների լուսանկարներով կիսվելով՝ շատ ծնողներ պարզապես ցանկանում են պահպանել երջանիկ պահերը կամ կիսել դրանք ընտանիքի ու ընկերների հետ։ Այս իմաստով, շերընթինգը կարող է դիտարկվել որպես ծնողական սիրո արտահայտություն։ Իրականում, ես էլ եմ երբեմն կիսվում երեխաներիս լուսանկարներով՝ հիմնականում «սթորիներում»։ Ինչպես, հավանաբար, շատ ծնողներ։
Շերընթինգը նոր երևույթ չէ, սակայն երեխաների թվային իրավունքների մասին քննարկումների աճին զուգահեռ այն ավելի հաճախ է հայտնվում հանրային ուշադրության կենտրոնում։ Հարցն այլևս այն չէ՝ հրապարակել, թե ոչ։ Հարցն այն է, թե ինչ ենք հրապարակում, ում համար և արդյոք մտածում ենք, թե այդ հրապարակումները ինչ կլինեն տարիներ հետո։
Երբ երեխան դառնում է կոնտենտի հերոսը
Բլոգեր Գրիգոր Հարությունյանը, ինստագրամում՝ Պապաբլոգը (նախկինում), պատմում է, որ երեխայի հայտնվելը բլոգում շատ բնական է ստացվել․ «Երբ տեսա պապաների կերպարը հայ հասարակության մեջ որևէ ձևով չի երևում, կամ եթե երևում է, ապա բռնարարի կամ ոչ լավ ու ճիշտ լույսի ներքո, ինձ վրա վերցրեցի դրա դեմ պայքարելու մանիֆեստը։ Իսկ ես բնույթով այնպիսին եմ, որ եթե ինչ-որ մի բան եմ անում, փորձում եմ մաքսիմում անկեղծ շեշտադրումներով անել։ Ու ինձ թվում էր, որ անկեղծ շեշտադրումը հավասարազոր է ամեն ինչի, այսինքն`ամեն ինչ ցույց տալ, ամեն ինչ ներկայացնել, այդ թվում նաև երեխային․ հենց այդպես էլ սկսվեց Պապաբլոգը»,- պատմում է Գրիգը։ «Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, արձագանքները այնքան ոգևորող էին, որ չէին էլ թողնում բլոգին մեկ այլ տեսանկյունից նայել։ Կար նպատակը, և թվում էր՝ ամեն ինչ ճիշտ է»,- ասում է նա։
Հետո ինչ-որ բան փոխվեց․ Գրիգը փոխեց բլոգի բովանդակությունը, ձևաչափը, նաև անվանումը․ «Մի օր, երբ անցել էր ոգևորության պահը, մի հատ ցնցում եղավ՝ ի՞սկ երեխայի անվտանգությունը»,- անկեղծանում է Գրիգը։ «Որևէ դեպք կամ խնդիր չէր եղել, բայց հասկացա, որ թեև տեսանյութերը լայվ ռեժիմով չեմ հրապարակում, միևնույն է՝ շատ հեշտ է հասկանալ, թե երեխան որ ժամին է գնում դպրոց, երբ է վերադառնում և այլն։ Այդ ժամանակ միայն մտածեցի բոլոր խնդիրների ու հետևանքների մասին, բայց կուզեի, որ մեկն ավելի շուտ կողքից ասեր՝ «Ի՞նչ ես անում»։
Այսօր Գրիգի տղան բլոգում գրեթե չի երևում։ Բայց նախկին հրապարակումները Գրիգը չի ջնջել, ասում է՝ նախ ազնիվ չէ, բացի այդ դրանք արդեն համացանցի հիշողության մի մասն են դարձել։ «Մի անգամ Արեգի լաց լինելու տեսանյութն էի հրապարակել, կոնկրետ նպատակով՝ խոսել մանկապարտեզ գնալուց հրաժարվելու երևույթի մասին։ Բայց հետո, երբ նորից նայեցի տեսանյութը, ինքս ինձ հարցրեցի՝ իսկ եթե մի օր ինքը չուզի, որ ինչ-որ մեկը տեսնի իրեն լաց լինելուց, նույնիսկ եթե այդ պահին ինքն ընդամենը երկու տարեկան էր»,- ասում է բլոգերը։
Թվային հետք, որ ծնողներն են ստեղծում
Հենց այս՝ «Ի՞նչ կասի երեխան տարիներ հետո» հարցը շերընթինգի առանցքում է․ բոլոր հրապարակված տեղեկություններն այս կամ այն կերպ ձևավորում են երեխայի թվային հետքը։ Իսկ «թվային հետքը» միայն լուսանկարների հավաքածու չէ, այն երեխայի թվային կենսագրության մի մասն է, որը այս դեպքում «գրում եմ» ծնողները՝ հաճախ առանց նրա իմացության։
Այդ հետքերը չեն հնանում և չեն անհետանում. տարիներ հետո երեխան կարող է բախվել իր «թվային անցյալին»՝ դպրոցում, համալսարանում կամ առօրյայում։ Շատ դեպքերում դրանք պարզապես հիշողություններ կլինեն, բայց երբեմն՝ նաև պատմություններ, որոնք ինքը գուցե երբեք չէր ցանկանա հրապարակային դարձնել։ Այսպիսով, շերընթինգը, ինչ-որ իմաստով, զրկում է երեխային իր պատմությունը իր ձևով և իր ընտրությամբ ստեղծելու հնարավորությունից։
Երեխան՝ կադրից դուրս
Մարիաննա Վարդանյանը, որ նույնպես բլոգեր է, այլ մարտավարություն ունի․ նրա երեխաները երբեմն հայտնվում են բլոգում, բայց նրանց դեմքերը գրեթե երբեք չեն երևում։
«Երեխաներին չհրապարակելը մեր ընտանիքի որոշումն է եղել․ նպատակը եղել է պաշտպանել նրանց անձնական տարածքն ու ապագա թվային ինքնությունը, քանի որ յուրաքանչյուր լուսանկար ձևավորում է «հետևելի» կյանքի պատմություն, որը վերածվում է ռիսկերով լի թվային հետքի»,- ասում է Մարիաննան։
«Նրանք երբեմն, իհարկե, լինում են ընդհանուր նկարներում, ճամփորդությունների ընթացքում ատմոսֆերիկ նկարներում, բայց հենց իրենցով կոնտենտ չենք տեղադրում: Սոցմեդիայից հեռու պահելով նրանց դեմքն ու տվյալները՝ նվազեցնում ենք հնարավոր չարաշահումների, հոգեկան վնասների ու անվտանգության խնդիրների հավանականությունը, մինչև որ մեծանան ու իրենք որոշեն՝ ինչ են ուզում ցույց տալ աշխարհին»,- ասում է նա։
Հանրայնացման ռիսկերն ու վտանգները
Երեխաների մասնակցությամբ տեսանյութերը սովորաբար ավելի մեծ դիտումներ և ներգրավվածություն են ունենում։ Բայց խոսքը միայն բլոգերներին չի վերաբերում։ Շատ ծնողներ, որոնք հանրային դեմքեր չեն, նույնպես սիրում են առօրյայում կիսվել իրենց երեխաների լուսանկարներով։
«Մեծ հաշվով դա ծնողի կողմից իր սեփական երեխայի շահագործում էլ կարող է դիտարկվել։ Մենք դեպքեր ունենք, երբ ծնողը երեխային դարձնում է աստղ, իր ալիքում գովազդներ է տեղադրում, գումար է աշխատում։ Այդ դեպքում երեխան փաստացի աշխատում է ծնողի համար՝ ստեղծելով կոնտենտ։ Այնինչ, պետք է առաջին հերթին հաշվի առնել երեխայի լավագույն շահը։ Երեխան դեռ չի կարող գիտակցված որոշում կայացնել, թե արդյոք ցանկանում է, որ իր կյանքի այդ դրվագները մնան համացանցում»,- ասում է թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։
Երեխաների մասնակցությամբ տեսանյութերը ավելի շատ ու ավելի սիրով են դիտվում, ավելի մեծ ներգրավվածություն են առաջացնում, բայց դրանք հաճախ նաև «հեյթի ալիք» են ունենում և վտանգներ են ստեղծում հենց իրենց՝ երեխաների համար։ Պապյանի խոսքով, չափից շատ հրապարակայնությունը կարող է ռիսկեր ստեղծել։
«Երբ երեխաների մասին չափազանց շատ տեղեկատվություն է հրապարակվում, դա կարող է գրավել նաև այն մարդկանց ուշադրությունը, որոնք հետաքրքրված են երեխաների շահագործմամբ։ Իսկ երբ ծնողները բացահայտ ցույց են տալիս, թե երեխան որտեղ է, երբ է այնտեղ լինում և ինչով է զբաղվում, այդ ռիսկերը նույնպես մեծանում են»-, ասում է փորձագետը։
Այդ ռիսկերը միայն տեսական չեն։ Երեխաների և դեռահասների՝ առցանց միջավայրում անվտանգության ապահովությամբ զբաղվող CyberChat-ին մեկ տարվա ընթացքում ուղղված 113 դիմումների զգալի մասը վերաբերում է հենց երեխաների թվային անվտանգությանն ու անձնական տվյալների չարաշահմանը։ Ամենահաճախ հանդիպող դեպքերից են հաշիվների կոտրումը (15.9%), կիբեռբուլլինգը (13.3%), հաշվի կոտրումն ու շանտաժը (11.5%), ինչպես նաև լուսանկարների միջոցով զրպարտությունն ու խմբագրված պատկերների տարածումը (10.6%)։
Շերընթինգը լավ կամ վատ ծնող լինելու մասին չէ։ Այն ընտրության մասին է։ Ամեն հրապարակված լուսանկար կամ տեսանյութ երեխայի մասին պատմության մի փոքր հատված է, որը կարող է համացանցում մնալ շատ ավելի երկար, քան մենք պատկերացնում ենք։
«Եթե երեխայի ամեն խոսքն ու պահվածքը հրապարակային են, նա կարող է թիրախ դառնալ ինչպես համացանցում, այնպես էլ իր փոքր սոցիալական միջավայրում։ Պետք է մտածենք՝ ինչպիսի մարդ ենք մեծացնում ապագայի համար»,- նշում է Արթուր Պապյանը։
7 հարց՝ նախքան հրապարակելը
Հավանաբար, ծնողները չեն դադարի լուսանկարել իրենց երեխաներին, բայց եթե տարիներ առաջ այդ լուսանկարները մնում էին ընտանեկան ալբոմներում, այսօր դրանք մնում են համացանցում։ Հենց այդ տարբերությունն է, որ պետք է հիշել ամեն անգամ «Հրապարակել» կոճակը սեղմելուց առաջ։
«Pause Before You Post» տեսանյութը կարող է օգնել յուրաքանչյուր ծնողի ավելի գիտակցված որոշում կայացնել:
Պատասխանը միշտ չէ, որ չհրապարակելն է։ Երբեմն պարզապես բավական է մի պահ կանգ առնել և տալ մի քանի հարց։
- Արդյո՞ք երեխան հետագայում կուզենա, որ այս լուսանկարը մնա համացանցում։
- Արդյո՞ք այն բացահայտում է նրա գտնվելու վայրը կամ դպրոցը։
- Տեսանելի՞ են այնպիսի անձնական տվյալներ, որոնք կարող են վնասել նրան կամ այլ մարդկանց։
- Լուսանկարը կարո՞ղ է նրան անհարմար դրության մեջ դնել ապագայում։
- Եթե սա իմ լուսանկարը լիներ, կուզենայի՞, որ ուրիշը հրապարակեր։
- Կարո՞ղ եմ նույն պատմությունը պատմել՝ առանց երեխայի դեմքը ցույց տալու։
- Արդյո՞ք ես սա հրապարակում եմ երեխայի, թե՞ իմ կարիքի համար։