«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմնն այս տարի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրն» էր։ Ֆիլմի դիտումից հետո, դահլիճից դուրս գալիս, աստիճանների վրա լսեցի երկու կնոջ խոսակցություն՝ անգլերենով․ «Կարծես ֆիլմը միջազգային դիտողի համար չէր»։ Հետո արդեն միջանցքում լսեցի հայերեն խոսակցություն՝ «դե ֆիլմը հայերի համար չէր, արտասահմանցիների համար էր երևի»։
Ֆիլմի ամբողջ ընթացքում ինձ մոտ էլ էր նույն հարցը ծագում՝ ո՞ր կինոդիտողի համար է «Արտոյի երկիրը»։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ լավ ֆիլմը հասնում է հանդիսատեսին՝ անկախ նրանից, թե որտեղից է նա և որքան պատմական կամ մշակութային համատեքստ ունի։
Բայց «Արտոյի երկիրը» ավելի շատ հարցեր առաջացրեց, քան հուզեց՝ չնայած ֆրանսիացի դերասանուհի Կամիլ Կոտինի հրաշալի խաղին, և ֆիլմում արծարծվող իսկապես կարևոր թեմային, ինչպիսին է տասնյակ տարիներ չամոքված անհատական ու կոլեկտիվ տրավման։
Կամիլ Կոտինի մարմնավորած Սելինը, հայ ամուսնու մահից ամիսներ անց, առաջին անգամ մեկնում է Հայաստան՝ նրա ծննդականը գտնելու, մահը գրանցելու և երեխաների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն ապահովելու նպատակով։ Սակայն արդեն ֆիլմի առաջին տեսարաններից պարզ է դառնում, որ նման անունով մարդ գոյություն չունի, և որ ամուսինը նրանից թաքցրել էր իր կյանքի կարևոր հատվածները։ Այդ պահից ֆիլմը սկսում է բացել ոչ միայն ամուսնու անձնական տրավմաները, այլև մի ամբողջ ժողովրդի հիշողություններն ու վերքերը։
Թամարա Ստեփանյանն այս ֆիլմով ցույց է տալիս հետխորհրդային Հայաստանը, որն իրականում, նույնիսկ 2021 թվականին շարունակում է ապրել որպես հետխորհրդային երկիր։ Չնայած սյուժետային որոշ անհասկանալի գծերի, և տեղ-տեղ փաստական առումով խնդրահարույց հատվածների, «Արտոյի երկիրը» պատկերում է այն Հայաստանը, որը մնում է երևանյան կենտրոնի խաղաղ ու աղմկոտ առօրյայից դուրս։ Ֆիլմը ցույց է տալիս այն բաց վերքը, որն իրականում չէր ամոքվել մինչ երկրորդ պատերազմը։ Այն այդպես էլ բաց է մնացել՝ 1988-ի երկրաշարժից, Խորհրդային Միության փլուզումից և առաջին պատերազմից ի վեր։ Վերք, որի հետ հասարակությունը երբեք լիարժեք չի առերեսվել։
Արդյո՞ք Գյումրին, Սևանը և ֆիլմի հերոսները շատ տարբեր կլինեին, եթե պատմությունը տեղի ունենար երկրորդ պատերազմից առաջ՝ հաղթած երկրում։ Հավանաբար՝ ոչ։ Առաջին պատերազմից հետո այդպես էլ ամբողջությամբ չապաքինված մարդիկ նույնն էին լինելու, նույնը՝ երկրաշարժից տասնամյակներ անց դեռևս չվերականգնված Գյումրին և նրա մարդիկ, նույնը՝ Արտոյի չսպիացած վերքը։
Արտոյի պատմությունը ստիպում է մտածել պատերազմի հաղթանակների և պարտությունների իրական գնի մասին։ Եվ, իրոք, պատերազմի միջով անցած մարդկանցից քանի՞սն են իրականում տուն վերադառնում։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմներից հետո թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում բազմաթիվ վետերաններ ինքնասպանություն են գործել։ Առաջին պատերազմից հետո նման դեպքեր եղել են նաև Հայաստանում, երկրորդից հետո՝ նաև Ադրբեջանում։ Եվ այս կոնտեքտում հարց է առաջանում՝ ի՞նչ է տալիս պատերազմում հաղթանակը այն մարդուն, որի կյանքն արդեն խեղվել է մարտի դաշտում։
Սակայն չամոքված վերքերի այս գծին զուգահեռ, ֆիլմի ընթացքում անընդհատ առաջանում են հարցեր՝ հատկապես լեզվի հետ կապված։ Ինչո՞ւ է ղարաբաղցի տղամարդը, ով, ըստ ամենայնի, կոտրվել է իր ապրածի ու տեսածի հետևանքով, բարբառի փոխարեն խոսում չորս տարբեր լեզուներով, իսկ հայերենը՝ օտարերկրացու ակցենտով։ Ինչո՞ւ է ղարաբաղցի հայր ունեցող և Ասկերան գնացող-եկող, հավանաբար այնտեղ մեծացած ու նույնիսկ պատերազմին մասնակցած Արսինեն հայերեն խոսում նորից անհասկանալի ակցենտով։
Գուցե այս հարցերն առաջանան միայն հայ հանդիսատեսի մոտ, սակայն դրանք կարևոր են։ Կերպարների խոսքի հետ կապված այս անհամապատասխանությունները խանգարում են ամբողջությամբ հավատալ նրանց պատմություններին և մտնել ֆիլմի մեջ։ Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ էկրանին ոչ թե մեզ ծանոթ և մեր ապրած իրականության մարդիկ են, այլ մեզ հետ որևէ կապ չունեցող կերպարներ։
Ֆիլմում կա դրվագ, երբ Արսինեն և նրա ընկերը՝ Բաբկեն Չոբանյանի կերպարը, փորձում են Սելինի միջոցով դրոններ տեղափոխել Հայաստանից Արցախ՝ առանց նրան այս մասին նախապես ասելու։ Սելինն ինքն է հասկանում, թե ինչ է կատարվում։ Արսինեի արդարացումը առաջին հայացքից շատ պարզ է թվում․ «Դու ֆրանսիացի ես, քեզ ոչ ոք ոչինչ չի ասի, չեն ստուգի»։ Սակայն 2020 թվականից հետո Արցախ մուտք գործելու հետ կապված իրականությունը բոլորովին այլ էր։ Շատերը հիշում են, թե որքան դժվար էր հենց օտարերկրացիների, հատկապես՝ Ֆրանսիայի անձնագիր ունեցողների համար, Արցախ այցելելը, թե որքան երկար ստուգումների միջով էին անցնում մարդիկ, և որքան դեպքեր կային, երբ նրանց մուտքը մերժվում էր։ Երբ խաղարկային ֆիլմը պատմում է իրական, հատկապես՝ դեռ թարմ պատմության մասին, նման անճշտությունները կարող են խանգարել այն հանդիսատեսին, որը հիշում է այդ իրականությունը։
Հետաքրքիր է նաև Աղդամի մասին հիշատակումը։ Երբ Արսինեն քաղաքը նկարագրում է որպես ուրվական քաղաք՝ ասելով, որ այն նախկինում հաղթանակի, իսկ այժմ՝ պարտության խորհրդանիշ է, տեսարանը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե Աղդամը հենց երկրորդ պատերազմի հետևանքով է դարձել «ուրվական քաղաք» ։ Մինչդեռ նման ընկալումն աղճատում է հակամարտության համատեքստը։
«Արտոյի երկիրը» հայացք է Հայաստանին ու հայկական ցավին՝ դրսից, ներսից ունեցած որոշակի հիշողությամբ, բայց փաստական ու լեզվական սխալներով։
Այնուամենայնիվ, ֆիլմի հանգուցալուծումը տպավորիչ է, և հիանալի ակնարկ այն մասին, որ կիսատ պատմությունները հետ են գալիս մեզ անհարմարություն պատճառելու, որ չամոքված վերքերն՝ ապաքինման, իսկ պատմությունները վերջակետի և կուլմինացիայի կարիք ունեն։