Վերոնիկա Մենժուն

Շվեդիայի Fojo Media Institute-ն օգնում է հայաստանյան լրագրողներին և խմբագրություններին ավելի լավ հասկանալ արհեստական բանականության գործիքների ներուժը և կիրառել դրանք պատասխանատու և արդյունավետ ձևով։ Հայաստանի մի քանի ԶԼՄ մասնակցում են Fojo-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած դասընթացներին և աշխատարաններին։ Նախագիծը կոչվում է «Թվային փոխակերպման խթանում և անկախ մեդիայի հզորացում Արևելյան Եվրոպայում»։ Ծրագրի նպատակի, հայաստանյան մեդիայի խնդիրների մասին զրուցել ենք Fojo մեդիա ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային մենեջեր Վերոնիկա Մենժունի հետ։

Ի՞նչ ընդհանրություններ եք տեսել Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մեդիամիջավայրում, որոնք հիմք են դարձել ձեր այս նախագծի ստեղծման համար։

Fojo Media Institute-ն ավելի քան 25 տարի աշխատում է Արևելյան Եվրոպայում։ Մենք տեսել ենք, որ, չնայած տարբեր համատեքստերին, մեդիան այս երկրներում բախվում է շատ նման խնդիրների՝ ֆինանսական անկայունություն, սահմանափակ գովազդային շուկա, դոնորներից կախվածություն, կադրերի պակաս և մշտական տեխնոլոգիական փոփոխություններ։

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը՝ հատկապես գեներատիվ արհեստական բանականությունը, նոր հնարավորություններ է ստեղծում լրագրության համար և միաժամանակ լուրջ մարտահրավերներ՝ կապված որակի, էթիկայի, թափանցիկության և լսարանի վստահության հետ։ Խմբագրություններն ակտիվորեն փնտրում են նոր լուծումներ։ Այդ պատճառով երկրների միջև համագործակցության ձևաչափը դարձավ ծրագրի կարևոր առավելություններից մեկը․ այն հնարավորություն է տալիս կիսվել փորձով, քննարկել ընդհանուր մարտահրավերները և արագ գտնել ավելի արդյունավետ աշխատանքային մոտեցումներ։

Ի՞նչ է նշանակում անկախ մեդիայի հաջող թվային անցում։

Մեզ համար հաջող թվային անցումը պարզապես նոր տեխնոլոգիաների կամ արհեստական ինտելեկտի գործածումը չէ։ Դա, առաջին հերթին, խմբագրության կարողությունն է աշխատել արագ փոփոխվող թվային միջավայրում՝ պահպանելով լրագրության որակը, անկախությունը և լսարանի վստահությունը։

Գործիքները պետք է օգնեն արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, լավ հասկանալ լսարանի կարիքները, բովանդակության նոր ձևաչափեր ստեղծել, փնտրել թվային միջավայրին հարմարեցված բիզնես մոդելներ։

Հաջող թվային անցումը տեխնոլոգիական հնարավորությունների համադրումն է լրագրողական ստանդարտների, թափանցիկության և էթիկական սկզբունքների հետ։

Արհեստական ինտելեկտը մի կողմից հնարավորություն է, մյուս կողմից սպառնալիք։ Ի՞նչ հավասարակշռություն եք փորձում գտնել ծրագրի շրջանակում։

Արհեստական բանականությունը չենք դիտարկում որպես համադարման, որը կլուծի խմբագրությունների բոլոր խնդիրները։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես այն կարող է ավտոմատացնել առօրյա գործը, բարձրացնել արդյունավետությունը և ժամանակ ազատել լրագրության համար, որը պահանջում է մարդկային փորձ, քննադատական մտածողություն և մասնագիտական որոշումներ։

Միևնույն ժամանակ, մեծ ուշադրություն ենք դարձնում ռիսկերին՝ դիփֆեյքեր, պատկերների մանիպուլյացիա և «slopaganda»՝ ցածրորակ գեներացված բովանդակություն, որը թուլացնում է իրական լրագրությունը տարբերելու լսարանի կարողությունը։

Ի՞նչ է նշանակում պատասխանատու ԱԲ օգտագործում լրագրության մեջ։ Որտե՞ղ են «կարմիր գծերը», որոնք չպետք է անցնեն խմբագրությունները։

Առաջին հերթին դա նշանակում է խմբագրության պատասխանատվություն՝  յուրաքանչյուր հրապարակված նյութի համար։ Արհեստական բանականությունը կարող է օգնել նյութի մշակման փուլերում, բայց վերջնական որոշումները և փաստերի ստուգումը միշտ պետք է մնան խմբագրության և կոնկրետ լրագրողի վրա։

«Կարմիր գծերն» այնտեղ են, որտեղ տեխնոլոգիան սկսում է փոխարինել մասնագիտական գնահատականին ու պատասխանատվությանը։ Դա, օրինակ, չստուգված տեղեկատվության հրապարակումն է, որը գեներացրել  կամ  զգալիորեն փոփոխել է ԱԲ-ն, նաև՝ մոլորեցնող բովանդակություն ստեղծելը։

Ծրագրի սկանդինավյան դասախոսներն, ի դեպ, նշում էին, որ «Ստեղծված է արհեստական ինտելեկտի օգնությամբ» մակնշումը երբեմն առաջացնում է լսարանի զգուշավորությունը կամ նույնիսկ բացասական վերաբերմունքը, այսինքն՝ եթե նյութը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով, նշանակում է՝  չի կարելի վստահել։ Վստահությունը որակյալ մեդիայի հիմնական կապիտալն է․ դրան շատ դժվար է հասնել և շատ հեշտ է կորցնել։ Կարևոր է՝  արդյո՞ք լսարանը կշարունակի խմբագրությանն ընկալել որպես վստահելի աղբյուր։

Ի՞նչն է ձեզ ամենաշատը զարմացրել տարբեր երկրների խմբագրությունների հետ աշխատելիս։

Քանի որ Fojo-ն արդեն երկար տարիներ աշխատում է այս տարածաշրջանում, մեզ դժվար է ինչ-որ բանով զարմացնել։ Լավ ենք հասկանում մեդիա միջավայրի առանձնահատկությունները և մարտահրավերները։ ԱԲ-ն այնքան արագ էր զարգանում, որ, մինչ մենք մշակում էինք ծրագիրը, հայտնվում էին նոր գործիքներ։ Ստիպված էինք անընդհատ թարմացնել նախագծի բովանդակությունը, որ ակտուալ լինի և ծառայի խմբագրությունների կարիքներին։ Մեզ հաճելիորեն զարմացրեց, որ մասնակիցները բաց են  փորձարկումների նկատմամբ։ Չնայած ռեսուրսների սահմանափակությանը և աշխատանքային բարդ պայմաններին՝ բազմաթիվ խմբագրություններ արդեն փորձարկում են նոր գործիքներն ու պատրաստակամորեն կիսվում են իրենց փորձով։

Որո՞նք են ամենատարածված սխալները ԱԲ-ի ներդրման ժամանակ։

Սա դժվար հարց է, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ամենատարածված մոլորությունն այն սպասումն է, թե ԱԲ-ն  խմբագրության շատ խնդիրներ ինքնուրույն կլուծի։ Եվս մեկ թերություն ՝ շատ խմբագրություններ սկզբում սկսում են փորձարկել գործիքները և  հետո են մտածում դրա կիրառման ներքին կանոնակարգերի ու խմբագրական ստանդարտների մասին։ Մինչդեռ պետք է արվի հակառակը։

Հաճախ գերագնահատվում են ինչպես տեխնոլոգիայի հնարավորությունները, այնպես էլ դրա ներդրման արագությունը։ Մեծ սպասումները հաճախ հանգեցնում են հիասթափության։ Մենք փորձել ենք ծրագրի շրջանակում հավասարակշռել այդ սպասումները և ցույց տալ մեդիայում տեխնոլոգիաների ինտեգրման իրատեսական ճանապարհը։

Այս ծրագիրը միայն տեխնոլոգիաների մասին չէ, այլ նաև անկախ մեդիայի կայունության մասին։ Ինչպե՞ս կարող է արհեստական ինտելեկտն օգնել խմբագրություններին դառնալ ավելի ուժեղ և կայուն։

ԱԲ-ն հնարավորություն է տալիս ավտոմատացնել առօրյա աշխատանքի մի մասը՝  տվյալների մշակումը, հարցազրույցների ձայնագրությունների վերծանումը, տեղեկատվության նախնական վերլուծությունը կամ նյութերի սևագրերի պատրաստումը, ինչպես նաև թարգմանությունը այլ լեզվի։ Լրագրողներն ավելի շատ ժամանակ կկարողանան հատկացնել հետաքննական և վերլուծական աշխատանքին, իսկ խմբագրությունները կօպտիմալացնեն ծախսերը։

ԱԲ-ն կարող է նաև օգնել խմբագրություններին ավելի լավ հասկանալ իրենց լսարանը։ Տվյալների և օգտատերերի վարքագծի վերլուծության գործիքները հնարավորություն են տալիս ավելի լավ հարմարեցնել բովանդակությունը, զարգացնել նոր ձևաչափեր և բարձրացնել լսարանի ներգրավվածությունը, ինչը հատկապես կարևոր է սահմանափակ ռեսուրսների պայմաններում։

Տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև բովանդակության ավելի արդյունավետ կառավարման, առաջարկների անհատականացման և նոր թվային արտադրանքների զարգացման համար, ինչը ապագայում կօգնի մեդիային դիվերսիֆիկացնել եկամտի աղբյուրները։

Ի՞նչ հմտություններ կդառնան պարտադիր՝ խմբագրությունների համար՝ անկախ ռեսուրսներից և մեծությունից։

Հավանաբար, առաջին հերթին դա տվյալների և թվային գործիքների հետ աշխատանքի հմտություններն են։ Խոսքը ոչ միայն վերլուծության մասին է, այլ նաև տեղեկատվությունը հավաքելու, համակարգելու և մեկնաբանելու կարողության, զանգվածային տվյալների մշակման, բովանդակության կառավարման հարթակների, ավտոմատացման և խմբագրական գործընթացների արդյունավետությունը բարձրացնող գործիքների օգտագործման։

Երկրորդը՝ աշխատակիցները պետք է կարողանան ոչ միայն բովանդակություն ստեղծել, այլ նաև տարածել տարբեր ալիքներով՝ հաշվի առնելով  սոցցանցերի առանձնահատկությունները, տեղեկատվության սպառման փոփոխվող ձևերը և կառուցել ավելի սերտ կապ ընթերցողների հետ։

Երրորդը՝ մեդիագրագիտությունն է լայն իմաստով, ներառյալ արհեստական ինտելեկտի հետ աշխատանքը և փաստերի ստուգումը, տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու, աղբյուրները ստուգելու կարողությունը։ Ես նաև կավելացնեի խմբագրությունների արագ հարմարվողականությունն ու զարգացումը։

Ի՞նչ ծրագրեր են հատկապես պետք անկախ մեդիային առաջիկա տարիներին՝ որպես առաջնահերթություն։

Այս հարցին ավելի լավ կպատասխանեն հենց խմբագրությունները։ Ինձ թվում է՝ կարևոր է առանձնացնել նորաձև թեմաներն ու դոնորների առաջնահերթությունները խմբագրությունների իրական կարիքներից։ Մեդիայի շուրջ այսօր շատ են «buzzwords»-երը` օրակարգային «մոդայիկ» կամ  թրենդային թեմաները, որոնք հաճախ դառնում են ծրագրերի ֆոկուսը, քանի որ դրանք արդիական են դոնորական օրակարգում,  բայց միշտ չէ, որ համապատասխանում են խմբագրությունների իրական պահանջներին։

Մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներից գիտենք, որ գործնականում շատ խմբագրությունների առաջնահերթ խնդիրները շարունակում են մնալ «երկրային», բայց միևնույն ժամանակ՝ շատ բարդ։ Առաջին հերթին դա ֆինանսական կայունությունն է՝ հասկանալի բիզնես մոդել, եկամուտների դիվերսիֆիկացում, դոնորներից կախվածության նվազեցում, լսարանի ընդլայնում՝ այդ թվում երիտասարդների շրջանում։ Առանց այս խնդիրների լուծման՝ մասնագիտացված ծրագրերն ունեն սահմանափակ ազդեցություն։

Կարծում եմ՝ դեռ բավական երկար ժամանակ առաջնահերթություն կլինի նաև մեդիամենեջմենթի ուսուցումը։ Կայուն բիզնես մոդելներ կառուցելու, ռեսուրսները արդյունավետ բաշխելու և կազմակերպությունը փոփոխություններին հարմարեցնելու ու մոտիվացնելու կարողությունը դառնում է ոչ պակաս կարևոր, քան տեխնոլոգիաների կամ գործիքների զարգացումը։

Ինչ եք կարծում՝ մի քանի տարի հետո ո՞րն է լինելու լրագրողի հիմնական առավելությունը արհեստական բանականության նկատմամբ։

Լրագրողն աշխատում է ոչ միայն տեղեկատվության հետ, այլ նաև՝ իրականության։ Նա  մարդկանց մեջ է, կառուցում է հարաբերություններ աղբյուրների հետ, ընդունում է բազմաթիվ որոշումներ և կրում է պատասխանատվություն հրապարակման հետևանքների համար։ Նրա աշխատանքը կապված է էթիկական ընտրության, համատեքստի ընկալման և սեփական լսարանի համար թեմաների արդիականությունը գնահատելու կարողության հետ, ինչը  տեխնոլոգիաները սկզբունքորեն չունեն։

Լրագրության կարևոր առավելություններից մեկը կմնա «առաջին մակարդակի» տեղեկատվության «սեփականության» իրավունքը՝ հարցազրույցներ, անձնական դիտարկումներ, դաշտային աշխատանք, փաստերի ստուգում կենդանի աղբյուրների միջոցով։ Ոչ պակաս կարևոր են նաև քննադատական մտածողությունը, մասնագիտական ինտուիցիան և լրագրողի փորձը։

Այսօր մարդը, որը խորապես չի տիրապետում ԱԲ տեխնոլոգիաներին, նույնիսկ չի գիտակցում, որ իր դիտած տեսանյութը էապես փոփոխված է կամ ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։ Եվ կուզեի հավատալ, որ նույնիսկ տեղեկատվությամբ գերհագեցված միջավայրում լսարանը կհետևի նրանց, ովքեր ստուգում են փաստերը և կրում են պատասխանատվություն ասվածի համար։

Ի՞նչ փոփոխություն կցանկանայիք տեսնել Հայաստանի մեդիա միջավայրում այս ծրագրի շնորհիվ։

Մեր նախագիծը, որը նվիրված է թվային տրանսֆորմացիային, անշուշտ ունի մեծ նշանակություն, սակայն դրա մասշտաբն, այնուամենայնիվ, սահմանափակ է։ Նախագծին մասնակցած 16 խմբագրությունից միայն չորսն էին ներկայացնում Հայաստանը, ուստի մենք հասկանում ենք, որ դրա ազդեցությունը երկրի մեդիա համայնքի վրա չի կարող լինել զգալի։

Առաջին հերթին մենք կցանկանայինք տեսնել Հայաստանում ֆինանսապես կայուն խմբագրություններ, որոնք կարող են ոչ միայն հարմարվել տեխնոլոգիական փոփոխություններին և աշխատել բարդ պայմաններում, այլ նաև զարգանալ, կառուցել երկարաժամկետ ռազմավարություններ և ունենալ դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Գիտակցում ենք, որ սահմանափակ ռեսուրսների և անկայուն ֆինանսավորման պայմաններում դա հեշտ չէ։ Բայց, ցանկանում ենք հավատալ, որ մեր և նմանատիպ այլ ծրագրերի, և հատկապես հայկական որակյալ մեդիաների համատեղ ջանքերի շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի ավելի կայուն մեդիա էկոհամակարգ։

Մեր կողմից կցանկանայինք շարունակել ստեղծել հնարավորություն՝ Արևելյան Եվրոպայի երկրների լրատվամիջոցների միջև մասնագիտական փոխգործակցության համար։ Փորձի փոխանակումը, համատեղ լուծումների որոնումը և հորիզոնական կապերի զարգացումը հաճախ ոչ պակաս արժեքավոր են, քան ծրագրի կրթական բաղադրիչները, քանի որ օգնում են ավելի արագ գտնել արդյունավետ գործնական մոտեցումներ՝ կիրառելի նմանատիպ պայմաններում։

Հնարավո՞ր է ապագայում ստեղծել արհեստական բանականության օգտագործման միասնական միջազգային կարգավորում մեդիայում, թե՞ դա միշտ կմնա առանձին երկրների և խմբագրական քաղաքականությունների մակարդակում։

Սա շատ բարդ հարց է, բայց ենթադրում եմ, որ միասնական միջազգային կարգավորում առաջիկա ժամանակում դժվար թե ձևավորվի։ Ավելի հավանական է, որ մենք կապրենք բազմաստիճան համակարգում՝ միջազգային սկզբունքներով և առաջարկություններով, ազգային օրենսդրությամբ և խմբագրական ինքնակարգավորմամբ։

Միևնույն ժամանակ արդեն կա կարևոր տարածաշրջանային կարգավորման օրինակ՝ ԵՄ-ի AI Act-ը։ Այն ցույց է տալիս, որ հնարավոր է ստեղծել բավական մանրամասն կանոններ արհեստական բանականության կիրառման համար մեկ խոշոր շուկայի շրջանակում և այդպիսով ազդել գլոբալ ստանդարտների վրա՝ ընկերությունների և հարթակների նկատմամբ պահանջների միջոցով։ Սակայն նույնիսկ ԵՄ-ի դեպքում սա ավելի շատ շրջանակային մոտեցում է, այլ ոչ թե «միասնական գլոբալ կոդեքս»։ Այն գործում է կոնկրետ իրավասության ներսում և մեծ մասամբ ազդում է ընկերությունների ու հարթակների վրա անուղղակիորեն՝ շուկայի, ստանդարտների և արտադրանքի պահանջների միջոցով։ 

Հարցազրույցը Նելլի Ռաֆայելյանի