Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ և հետո հայկական Յություբում քաղաքական պատումների շրջանառությունը կտրուկ աճ գրանցեց։ Այս մասին են վկայում Disint.ai հարթակի հավաքագրած տվյալները։

Media.am-ը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող այս գործիքի միջոցով, մշտադիտարկել է 2026 թվականի առաջին 6 ամիսը։ Հետազոտության համար նախապես ընտրվել էին առավել շրջանառվող պատումներ և յություբյան ալիքներ, որոնք ներկայացնում են դաշտի բազմազանությունը՝ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ դիրքավորվող հարթակներ։

Ստացված տվյալների վերլուծությունը բացահայտում է ուշագրավ օրինաչափություններ այն մասին, թե ինչ պատումներ են տարածել տարբեր ալիքներ, ինչպես են տեսանյութերով ներմուծված թեզերը բազմապատկվել մեկնաբանությունների տիրույթում, և ինչ դերակատարում են ունեցել առանձին օգտատերեր։

Ստուգված է

Մեթոդաբանություն

Առավել համապարփակ և խորքային պատկեր ստանալու համար հետազոտության ժամանակահատված է ընտրվել 2026թ․ հունվարի 1-ից մինչև ընտրությունների բուն օրը՝ հունիսի 7-ը, ինչպես նաև դրան հաջորդող մեկ շաբաթը։

Ուսումնասիրության համար նախապես առանձնացվել են 16 առավել շրջանառվող պատում և յություբյան 17 ալիք։ Վերջիններիս թվում են ինչպես ընդգծված իշխանամետ կամ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող, այնպես էլ անկախ բովանդակություն տարածող ԶԼՄ-ներ ու բլոգերներ։ 

Մշտադիտարկվել են Civic News, Ararat News Media, Freenews, Առաջին լրատվական, Aysor TV, 5 TV channel, 1in TV, Livenews,  MediaHubTV channel,  ArmlurTV,  Հայկական ժամանակ, Chibukhchyan Live, Aram Avetisyan Official, Vardan Hakobyan, Stepan Grigoryan, Edvard Antinyan, MEDIA ANALYTIC CENTER –  Eduard Ayvazyan յություբյան ալիքները։ 

Նույն սկզբունքով են ընտրվել նաև պատումները. դրանք շրջանառվում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ գործիչների կողմից։ Այս բազմազանությունը միտումնավոր է և նպատակ ունի արտացոլելու հայկական Յություբի քաղաքական տիրույթի հնարավորինս ամբողջական պատկերը։

Հատկանշական է, որ թե՛ պատումների, թե՛ ալիքների ցանկը նախապես տրամադրվել է Pop Up Newsroom փաստերի ստուգման լրագրության ժամանակավոր խմբագրության անդամ լրատվամիջոցներին՝ դրանցում հավելումներ ու փոփոխություններ կատարելու համար։ Այս ներգրավվածությունը թույլ է տվել ապահովել ընտրված հավաքագրվող տվյալների առավելագույն օբյեկտիվությունը։

Հետազոտության ընթացքում հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը՝ ինչպես տեսանյութերը, այնպես էլ դրանց մեկնաբանությունները, վերլուծվել են Disint.ai հարթակի միջոցով։ Այն հնարավորություն է տվել քանակական տվյալներից բացի հասկանալ նաև լսարանի արձագանքը՝ ընդհանուր առմամբ դիտարկելով ավելի քան 31,400 տեսանյութ և ավելի քան 250 հազար մեկնաբանություն։

Ինչ է պարզվել 

Ալիքների մշտադիտարկումը ցույց է տվել, որ նախապես առանձնացված 16 քաղաքական պատումները հանդիպել են տեսանյութերի 12%-ում և մեկնաբանությունների 11%-ում։

Բացի այդ, վերլուծությունը բացահայտել է 710 պոտենցիալ կասկածելի օգտատերերի գոյությունը, որոնք, տարածելով պատճենված  տեքստեր, գեներացրել են մեկնաբանությունների գրեթե կեսը (49.1%)։

Պատումների տարածման վերլուծություն

Յություբյան քաղաքական տիրույթի ամբողջական պատկերն արտացոլելու համար համադրվել են պատումների տարածման երեք հիմնական շերտերը՝ բուն տեսանյութերի բովանդակությունը, դրանց կից թողնված մեկնաբանությունները և երկուսի համախմբված ընդհանուր ցուցանիշները։

Մշտադիտարկված շրջանում տեսանյութերում և մեկնաբանություններում ամենից շատ տարածվել են հետևյալ պատումները՝ «Իշխանությունը «խաղաղության» անվան տակ տանում է երկիրը նորանոր կորուստների»՝ 14309 հիշատակում (30%), «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը»՝  8864 (19%), «Իշխանության ձախողված արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է բախման թատերաբեմի՝ վտանգելով Իրանի հետ կապն ու պետականության գոյությունը «կամ-կամ»-ի կործանարար ընտրության պատճառով»՝ 5919 (12%)։ 

Նշենք, որ թե՛ մեկնաբանություններում, թե՛ տեսանյութերում  մայիսի 10-ից պատումների շրջանառության կտրուկ աճ է գրանցվել։ Տեսանյութերում պատումների շրջանառության աճ նկատվել է նաև մարտի 12-27-ը։

Տվյալների համեմատությունը ցույց է տալիս կտրուկ քանակական անհամամասնություն տեսանյութերի և մեկնաբանությունների միջև։ Պատումների օրական հաճախականությունը բուն տեսանյութերում քարոզարշավի ամենաակտիվ շրջանում՝ մայիսի երկրորդ կեսին անգամ չի գերազանցել 45-60 հիշատակումը Նույն պատումների ինտենսիվությունը օգտատերերի արձագանքներում ունի բացարձակապես այլ մասշտաբ՝ հասնելով օրական 140-ից մինչև 280 համընկնման։ 

Քանի որ մեկնաբանություններում պատումների հիշատակման ծավալը բազմապատիկ գերազանցում է տեսանյութերի ծավալին, ընդհանուր ցուցանիշների առավելագույն գագաթնակետերը հասնում են օրական 300 համընկնման։ Ընդհանուր պատկերն իր դինամիկայով գրեթե ամբողջությամբ կրկնում է մեկնաբանությունների գրաֆիկը, ինչը փաստում է, որ քաղաքական պատումների զանգվածային տարածման և տեղեկատվականազդեցության մեծացման հիմնական բաժինը ընկել է մեկնաբանությունների տիրույթի վրա։

Ընտրված պատումների դինամիկան Մեկնաբանություններում և տեսանյութերում միասին, մեկնաբանություններում, և տեսանյութերում

Հատկանշական է, որ նարատիվների տարածման գագաթնակետին տեսանյութերի բովանդակությունում ամենից ինչ շատ օրական ամենաբարձր ցուցանիշ են գրանցել իրար հակասող երկու պատում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը տնտեսական առաջընթաց են ապահովել» (57 անգամ, հունիսի 8) և «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը» (56, հունիսի 4)։ Սա կարևոր է մեդիայում առկա տեղեկատվական  բևեռացվածությունը քննարկելիս․ լսարանին նույն շրջանում մատուցվել է քաղաքական կողմնորոշման տեսանկյունից հակադիր պատումներ։

Սակայն մեկնաբանություններն այս առումով ավելի կայուն են։ Օրական ամենից շատ տարածված երկու պատումներն են եղել՝ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բռնապետություն է սարքում»  (276 անգամ, մայիսի 18) և «Իշխանությունը խաղաղության անվան տակ երկիրը տանում է նորանոր կորուստների»   (243 անգամ, մայիսի 18)։

Հետաքրքիր է, որ տարբեր պատումներ տարբեր դինամիկա են դրսևորել այս ընթացքում։

«Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանում» թեզը հունվար-ապրիլ ամիսներին պասիվ է թե՛ տեսանյութերում, թե՛ մեկնաբանություններում։ Սակայն մայիսի 10-ից հունիսի 14-ն ընկած հատվածում այն գրանցում է կտրուկ աճ տեսանյութերում (մինչև 56 համընկնում) և աննախադեպ գագաթնակետ մեկնաբանություններում (մինչև 280 համընկնում)։ Դրա արդյունքում համախմբված ցուցանիշներում մայիսի վերջին օրերին ձևավորվում է ողջ հետազոտության բացարձակ գագաթնակետը (284 համընկնում)։ 

Հաճախ պատումները միաժամանակ հայտնվել են նույն մեկնաբանությունում կամ նույն տեսանյութում։ Օրինակ, «իշխանությունը «խաղաղության» անվան տակ տանում է երկիրը նորանոր կորուստների» և «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը» հայտնվել են միասին 3401 անգամ 422 տեսանյութում և 2979 մեկնաբանությունում։

«Իշխանության ձախողված արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է բախման թատերաբեմի՝ վտանգելով Իրանի հետ կապն ու պետականության գոյությունը «կամ-կամ»-ի կործանարար ընտրության պատճառով» և «Իշխանությունը «խաղաղության» անվան տակ տանում է երկիրը նորանոր կորուստների» թեզերը կիրառվել են 3019 անգամ 311 տեսանյութում և 2708 մեկնաբանությունում։

«Իշխանության ձախողված արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է բախման թատերաբեմի՝ վտանգելով Իրանի հետ կապն ու պետականության գոյությունը «կամ-կամ»-ի կործանարար ընտրության պատճառով» և «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը» պատումները միասին հայտնվել են 1194 անգամ 311 տեսանյութում և 976 մեկնաբանությունում։

Պատումների ուժգնացում մեկնաբանությունների միջոցով

Ակնհայտ է, որ ընտրված պատումների շրջանառությունը մի քանի անգամ ուժգնացել է հենց մեկնաբանությունների տիրույթի միջոցով։

Օրինակ՝ եթե «Իշխանությունը խաղաղության անվան տակ տանում է նորանոր կորուստների» թեզը տեսանյութերում հայտնվել է 1 326 անգամ, ապա մեկնաբանություններում այն հանդիպել է 12 983 անգամ։ Այս տասնապատիկ տարբերությունը փաստում է, որ տեսանյութերով ներմուծված անվտանգային պատումները լսարանի (կամ կազմակերպված հաշիվների) շրջանում գեներացրել են ամենամեծ արձագանքն ու քննարկման ծավալները։

Նույնպիսի դինամիկա է արձանագրվել նաև ներքաղաքական բնույթի թեզերի դեպքում. «Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանում» պատումը շրջանառվել է 1065 տեսանյութում, մինչդեռ մեկնաբանություններում դրա հանդիպման հաճախականությունը հասել է 7799-ի։

Այս օրինաչափությունն էլ ավելի է ընդգծվում արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող դիսկուրսում. «Իշխանության ձախողված արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է բախման թատերաբեմի՝ վտանգելով Իրանի հետ կապն ու պետականության գոյությունը «կամ-կամ»-ի կործանարար ընտրության պատճառով» թեզը շրջանառվել է 721 տեսանյութում, սակայն մեկնաբանություններում դրա կիրառման ծավալը բազմապատկվել է՝ հասնելով 5198-ի։

Բերված տվյալների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ յություբյան հարթակի քաղաքական հատվածում տեղեկատվական հիմնական ազդեցությունն ու պատումների տարածման խտությունը ձևավորվել են ոչ թե բուն բովանդակություն ստեղծողների (տեսանյութերի), այլ արձագանքների դաշտի (մեկնաբանությունների) հաշվին, որտեղ նախնական թեզերը ստացել են 7-ից 10 անգամ ավելի մեծ ծավալային ընդգրկում։

Մեկնաբանողները

Տեսանյութերի տակ մեկնաբանություններ թողնող օգտատերերի շրջանում հետաքրքիր օրինաչափություններ են բացահայտվել։

Չնայած ալիքների քաղաքական դիրքորոշման բազմազանությանը, տարբեր ալիքներում նույն մեկնաբանողի թիվը բավականին բարձր է։ Կան օգտատերեր, որոնք 10-11 ալիքներում մեկնաբանություններ են թողել։ 368 մեկնաբանող 10-ից ավելի  մեկնաբանություն է արել:

Համակարգը նույնականացրել է 47 բոտ: Թեև հնարավոր չէ հաստատապես պնդել, որ տվյալ մեկնաբանողը բոտ է, սակայն, համակարգը կասկածելի վարք է նկատել նշված օգտատերերի շրջանում։

Օրինակ, @karenhayryan5467 անունով օգտատերը մոտ 16 անգամ մեկնաբանություն է թողել 15 վայրկյանից կարճ ժամանակահատվածում։ Նույն օգտատերը պատճենել է իր իսկ տարբեր մեկնաբանությունները 147 անգամ տարբեր տեսանյութերում, երբեմն 5 անգամ նույն տեքստը։ 

Նրա ընդհանուր առմամբ 340 մեկնաբանությունում հայտնաբերվել է նարատիվային համընկնում։

Նա մեկնաբանել է 8 տարբեր ալիքում։ Սակայն մեկնաբանությունների գերակշռող հատվածը եղել է Վարդան Հակոբյանի էջում, որտեղ նա 392 մեկնաբանություն է թողել։ 

Հիմնվելով մեկնաբանությունների ուսումնասիրության վրա՝ ակնհայտ է, որ բոտային վարք ցուցաբերող օգտատերերը մի խմբի չեն պատկանում․ դրանք տարածում են թե ընդդիմադիր, թե իշխանամետ պատումներ։ 

Օրինակ, @karenhayryan5467 անունով օգտատերը բացասականորեն թիրախավորում էր ներկայիս իշխանություններին՝ տարածելով, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է սարքում Հայաստանը, կամ, որ իշխանությունը «խաղաղության» անվան տակ տանում է երկիրը նորանոր կորուստների, ապա այլ օգտատերեր քննադատում են ընդդիմադիրներին։ 

Իսկ որպես բոտ նշված @abandmarha-ի ամենից շատ տարածած պատումներն են՝ «Ընդդիմադիրները կոռումպացված են և ուզում են հետ բերել ծրարով կառավարման մշակույթը»,  «Քոչարյանի կամ Կարապետյանի իշխանության գալու դեպքում Հայաստանը կդառնա Ռուսաստանի գուբերնիա» և «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը տնտեսական առաջընթաց են ապահովել։ Ամենից շատ այս օգտատերը գրառում է կատարել Civic news-ում։ Այս օգտատիրոջ ակտիվությունը գրեթե զրոյական է այլ ալիքներում։

Առաջին մեկնաբանությունների տեսանկյունից ևս կան հետաքրքիր ու ուշագրավ առանձնահատկություններ։

Տվյալների համաձայն՝ երեք տարբեր ալիքներում՝ «Chibukhchyan Live»-ում, «Stepan Grigoryan»-ում և «Civic News»-ում, նույն օգտատերը առաջին արձագանքողների առաջատարն է։ Մասնավորապես՝ @ArturMugdusyan-m5v հաշիվը հեղինակել է առաջին երկու ալիքների տեսանյութերի առաջին մեկնաբանությունների 60%-ը, իսկ «Civic News»-ի պարագայում՝ 31%-ը։

Երեք նույնանման անունով օգտահաշիվները՝ @gregalex8605, @gregalex6970, @GrigAlex-s6k տարբեր տեսանյութերի տակ 9 անգամ տարածել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող նույն մեկնաբանությունը, որը, ի դեպ, պարունակում է վիրավորական և թիրախավորող խոսք է պարունակում Ղարաբաղից տեղահանված բնակչության հանդեպ։ Նույն մեկնաբանությունը կարելի է տեսնել Freenews Armenia,1in TV  և Civic News, Armtimes.com ալիքներում ապրիլ և մայիս ամսվա տարբերի օրերի տեսանյութերում։ 

Կան մեկնաբանողներ, որոնք ոչ թե մեկ, այլ պարբերաբար Յություբի կանոնները խախտող հայտարարութուններ են անում, այդ թվում՝ ապատեղեկատվության տարածում, ատելության խոսք, ագրեսիվ արձագանք և այլն։ Այդպիսի օգտատերերից մեկի 20 մեկնաբանությունը, օրինակ, պիտակավորվել է որպես Յություբի քաղաքականությունը խախտող։

Disint.ai հարթակի հավաքագրած տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ յություբյան քաղաքական տիրույթում տեսանյութերի բովանդակությունն ու դրանց կից մեկնաբանությունները գործել են տարբեր դինամիկայով։ 

Մինչ տեսանյութերը ծառայել են որպես հիմնական թեզերի ներմուծման հարթակ, մեկնաբանությունների դաշտն ապահովել է դրանց բազմապատիկ ծավալային ուժգնացումը՝ դառնալով քաղաքական պատումների տարածման հիմնական միջավայրը։ 

Այս գործընթացում առանցքային դերակատարում է ունեցել ինչպես տարբեր ալիքներում միևնույն օգտատերերի կողմից առաջին մեկնաբանությունների թողնման վարքագիծը, այնպես էլ համակարգի կողմից նույնականացված կասկածելի օգտատերերի ակտիվությունը, որոնք ներկայացրել են քաղաքական դաշտի տարբեր բևեռներ։