«Շանթ» հեռուստաընկերության լրագրող ու հաղորդավար Արտակ Հովհաննիսյանենց տուն տարիներ առաջ հարևանները վիճելու են եկել։ Պարզվում է՝ բոլորին ընտրակաշառք են բաժանել, բացի Գյումրիի այն շենքից, որտեղ լրագրողն է ապրում։ Արտակը ընտրություններ  լուսաբանում է դեռ այն ժամանակներից, երբ խմբագրություններում համակարգիչ ունենալը բացառություն էր։ Նա հիշում է, որ 1990-ականներին ընտրությունների օրը լրագրողի աշխատանքը բառի բուն իմաստով «տաժանակիր» էր. հիմնական գործիքները թուղթն ու գրիչն էին, իսկ տվյալները հեռախոսով էին ճշտվում ու երկու առանձին թղթերի վրա գրանցվում՝ սխալներից խուսափելու համար։ 

«Չի կարելի մարդուն կլորացնել և ասել՝ մոտ 27 մարդ»,- ասում է մաթեմատիկական կրթությամբ լրագրողը, որին հենց  մաթեմատիկան է օգնել  ընտրությունների թվերը համակարգել, վերլուծել և նոր ներկայացնել հեռուստադիտողին։ Նա նաև համոզված է, որ եթե լրագրողը չի կարդացել ընտրական օրենսգիրքը, դժվար թե կարողանա ընտրական գործընթացները խորությամբ վերլուծել կամ ճիշտ հարցեր տալ։

Արտակ Հովհաննիսյանը «Շանթ»-ի տաղավարում

«Այսօր տեխնոլոգիաներն ու սոցցանցերը տեղեկատվությունը մարդկանց հասցնում են վայրկյանական։ Բայց  արագությունը մեծացել է, վստահելիությունը՝ նվազել։ Ուղիղ եթերն էլ այլևս այն բացառիկ արժեքը չունի, քանի որ հիմա ցանկացած մարդ կարող է ցանկացած վայրից եթեր մտնել՝ անկախ ասելիքի կամ բովանդակության որակից»,– ասում է նա։

Արտակի համոզմամբ՝ այսօրվա մեդիադաշտը խիստ բևեռացված է,  լրատվամիջոցների մեծ մասն աշխատում է քաղաքական կամ այլ պատվերով, իսկ իրական չեզոքությունը գնալով հազվադեպ է դառնում։ Լրագրողի իրական պրոֆեսիոնալիզմը, ըստ նրա, այն է, որ սեփական քաղաքական համակրանքներն ու հակակրանքները չարտացոլվեն եթերում։

Ընտրությունների ընթացքում ամենածանր բեռը ոչ թե երկար ժամերն են կամ ֆիզիկական հոգնածությունը, այլ պատասխանատվությունը հեռուստադիտողի առաջ։ Իսկ ամենացավոտ երևույթը, նրա խոսքով, շարունակում է մնալ ընտրակաշառքը։

«Երկրի անվտանգության, տնտեսության ու մյուս խնդիրների արմատում հաճախ հենց այդ կոպեկներով գնված ընտրությունն է»,– ասում է նա։

Արտակ Հովհաննիսյանը «Շանթ»-ում աշխատանքի ընթացքում

Քարոզարշավներն էլ, ըստ Արտակի, տարիների ընթացքում փոխվել են։ Եթե 20-25 տարի առաջ քաղաքական պայքարը ավելի քաղաքակիրթ էր, ապա այսօր հաճախ գերակշռում են փոխադարձ վիրավորանքներն ու վարկաբեկումը, իսկ բանավեճերը ծրագրեր ներկայացնելու փոխարեն վերածվում են անձնական հարձակումների։

Արտակը չի թաքցնում, որ այսօր լրագրողի մասնագիտության հեղինակությունը նախկինի պես բարձր չէ։ Այնուամենայնիվ, նա համոզված է՝ նոր սերունդը դեռ կարող է փոխել իրավիճակը։

Նելլի Ռաֆայելյան