Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը Դիլիջանում 2026թ․ հունիսի 14-ին։ Լուսանկարը՝ Անտանգության խորհրդի կայքից։

Հունիսի 14-ին Հիքմեթ Հաջիևը ցամաքային ճանապարհով եկել էր Հայաստան։ Նա, պատվիրակության ուղեկցությամբ, անցել էր Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ համապատասխան բոլոր ընթացակարգերին։

Հաջիևը՝ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը, Հայաստանից Ադրբեջան եկած առաջին բարձրաստիճան պաշտոնյան չէ։ Նրանից առաջ՝ ապրիլի 23-ին, մեր երկիր էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Ինչպես Մուստաֆաևի, այնպես էլ Հաջիևի այցի մասին լայն հանրությունը նախապես տեղեկացված չէր․ փոխվարչապետի այցի մասին իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, երբ նրա ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ Հաջևի գալու մասին ինֆորմացիան տարածվեց միանգամից ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման լուսանկարներով և տեսանյութով։

Որևէ այլ երկրից բարձրաստիճան պաշտոնյայի այցելության դեպքում պաշտոնապես տեղեկացվում է, որ այցը պաշտոնական է/պետական/աշխատանքային/մասնավոր․ Ադրբեջանից այցերի դեպքում, սակայն, դիվանագիտական լեզվում ընդունված այս կատեգորիաները կիրառելի չեն պարզ պատճառով՝ չկան դիվանագիտական հարաբերություններ։

Ըստ պաշտոնական ինֆորմացիայի՝ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում։ Մինչ սա՝ նրանք մի քանի անգամ հանդիպել են միջազգային հարթակներում՝ Բրյուսել, Վաշինգտոն, Դոհա։ Դոհայում անցած տարեվերջին նաև միասին հարցազրույց են տվել Euronews-ին:

Գրիգորյանն ու Հաջիևը առանձին հանդիպումներ են ունեցել նաև հայ–ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում․ 2025-ի հոկտեմբերին, 2026-ի փետրվարին Գրիգորյանը հանդիպել է Հայաստան եկած ադրբեջանցի, իսկ Հաջիևը 2025-ի նոյեմբերին և 2026-ի ապրիլին Ադրբեջան մեկնած հայ պատվիրակներին։

Ադրբեջանի նախագահի օգնականը Հայաստան եկավ հունիսի 7-ի ընտրություններից ուղիղ 1 շաբաթ անց, ու պատահական չէր, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հենց հետընտրական հնարավոր զարգացումների տրամաբանության մեջ էլ սկսեցին դիտարկել Գրիգորյան–Հաջիև հանդիպումը։

5–րդ ալիքի եթերում հնչող ձևակերպումները մինչև վերջ չբացահայտված դավադրությունների են նման։ Օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկում է, որ Հաջիևի Հայաստան գալու օրը պատահական չէր, քանի որ այդ նույն օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արգելեցին Հայաստանից դուրս գալ։ Հարցազրույցը այդպես էլ վերնագրված է․ «Որ օրը Հաջիևը եկավ Հայաստան, այդ օրը Ռոբերտ Քոչարյանին չթողեցին դուրս գալ ՀՀ-ից»։

Հարցին՝ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել գնալ Բաքու, ի՞նչ են քննարկելու, Մանուկյանը պատասխանում է՝ ընդդիմության դեմ գործողությունները։ Գեղամ Մանուկյանը պատահական չի համարում նաև հանդիպման վայրի՝ Դիլիջանի ընտրությունը, քանի որ, ըստ նրա, այդտեղ բավական շատ գործեր է կատարել Ռուբեն Վարդանյանը, որը այսօր Բաքվի բանտում է։

Հաջիևի ու Գրիգորյանի Դիլիջանի կադրերը տեսնելով՝ Ռուբեն Վարդանյանի մասին է հիշել նաև ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ 168.am-ի հետ զրույցում նա ասում է՝ «Դա բարձր մակարդակով ծաղրանք էր մեր երեսին»։ Նրա դիտարկմամբ՝ Հաջիևը Դիլիջանում քայլում էր տիրոջ նման, ու նրա համար ոչ մի արգելք չկա՝ որտեղով ուզի, կքայլի։

5-րդի տաղավարում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ «ինչ–որ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու համար Հաջիևը Հայաստան չէր գա, նա Դիլիջանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին»։ Ասում է, որ նույն օրը Փաշինյանը Իջևանից, «իբր, հեծանիվի մասին լայվ է արել»։ Զուրաբյանի խոսքով՝ Հաջիևը լուրջ ֆիգուր է, ու «թրիփային պրոցեսն» էլ սկսվեց այն բանից հետո, երբ նրան հյուրընկալեց Իսրայելի վարչապետը։ «Տխուր պատկեր է, ընտրութուններից հետո եկել է Հայաստան ինչ–որ հանձարարականներով»,- եզրակացնում է Զուրաբյանը։

Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» Հաջիևի այցին անդրադառնում է պաշտոական տեղեկատվությամբ՝ «Քննարկվել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր» վերնագրով։

Մինչդեռ 5-րդ ալիքի «Հայլուրը» պատահական չի համարում, որ Հաջիև–Գրիգորյան հանդիպումից հետո Ալիևը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»․ այս վերնագրով տեսանյութում վերլուծաբանը հիշեցնում է, որ Ալիևի շրջապատում ամենաշատը Հաջիևն է խոսում 300.000 ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։

Օրակարգային ինչ հարցերով էր Ադրբեջանից Հայաստան եկել Հիքմեթ Հաջիևը և ինչպիսի արձանագրումներով մեկնեց՝ հայտնի չէ։ Պաշտոնականից դուրս՝ այդ օրակարգի մասին խոսելիս շրջանառվում են «հանձնարարականներ, Սահմանադրություն, միջանցք, արևմտյան Ադրբեջան» հասկացությունները։ Դրանց բոլորին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է․ «Մենք, ինչպես և պարտավոր ենք, զբաղված ենք իրադրության կառավարմամբ»։