Reuters Institute-ը երեկ հրապարակեց իր նոր՝ Digital News Report 2026 զեկույցը։ Ամենայն հավանականությամբ, դրա ամենաշատ մեջբերվող թիվը կլինի 37%-ը՝ աշխարհում լրատվության նկատմամբ վստահության մակարդակը, որը վերջին տասնամյակի ամենացածր ցուցանիշն է։
Բայց զեկույցի ամենահետաքրքիր բացահայտումը, ըստ իս, ոչ թե վստահության անկումն է, այլ այն, թե ինչպես են մարդիկ այսօր նորություններ ստանում։
Վերջին տարիներին լրատվամիջոցներն ու հետազոտողները հաճախ են խոսում «նորություններից խուսափելու» մասին։ Սակայն Reuters-ի այս տարվա տվյալները ցույց են տալիս ավելի բարդ գործընթաց՝ փոխվում են նորություններին հասնելու ճանապարհները։
Առաջ մարդն էր գնում նորությունների հետևից
20-րդ դարի լրագրությունը կառուցված էր այն պարզ ենթադրության վրա, որ մարդն էր գնում նորությունների հետևից։
Նա բացում էր առավոտյան թերթը կամ միացնում երեկոյան լուրերը։ Ժամանակի ընթացքում հարթակները փոխվեցին, բայց սկզբունքը մնաց նույնը՝ լրատվամիջոցը սպասում էր իր լսարանին, իսկ լսարանը գիտեր, թե որտեղ պետք է գտնի նորությունները։
2026-ի թվային միջավայրում այս տրամաբանությունը փոխվել է՝ նորություններն են գնում մարդու հետևից։
Դրանք հայտնվում են Ֆեյսբուքի և Տիկտոկի հոսքերում, Տելեգրամ ալիքներում, Յություբի առաջարկություններում, Գուգլի որոնումներում կամ ԱԲ չատբոտի պատասխաններում։
Reuters Institute-ի հետազոտության տասը տարվա պատմության ընթացքում առաջին անգամ սոցիալական ցանցերն ու վիդեոհարթակները դարձել են նորությունների ամենատարածված աղբյուրը։
Հարցվածների 54%-ը շաբաթվա ընթացքում նորությունները ստանում է սոցիալական մեդիայից և վիդեոհարթակներից, մինչդեռ լրատվամիջոցների սեփական կայքերից և հավելվածներից օգտվում է 51%-ը։
Հարմարավետության հաղթանակը
Այս փոփոխությունն առաջին հայացքից բնական է թվում։ Մարդիկ միշտ էլ ընտրել են իրենց ամենահարմար ուղիները։
Բայց հենց այստեղ է թաքնված Reuters-ի զեկույցի ամենահետաքրքիր հակասություններից մեկը։
Մի կողմից, աճում են ապատեղեկատվության վերաբերյալ մտահոգությունները։ Աշխարհում հարցվածների 62%-ին անհանգստացնում է կեղծ կամ մոլորեցնող լուրերի տարածումը։
Մյուս կողմից, մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ նորություններ ստանալ հենց այն հարթակներից, որոնք հաճախ են մեղադրվում ապատեղեկատվության տարածման և ալգորիթմային բևեռացման մեջ։ Եթե խնդիրը միայն վստահությունը լիներ, ապա այս երկու միտումները դժվար թե միաժամանակ դիտարկվեին։
Reuters-ի տվյալները հուշում են այս հակասության հնարավոր բացատրությունը՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրում հիմնականում հաղթում է ոչ թե ամենավստահելի աղբյուրը, այլ ամենահարմար միջնորդը։
Մարդիկ չեն ընտրում Տիկտոկը կամ Ֆեյսբուքը, որովհետև դրանք ավելի վստահելի են։ Նրանք ընտրում են դրանք, որովհետև այնտեղ նրանք արդեն ունեն իրենց թվային կյանքը։
Սա հուշում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ քննարկումները հաճախ անտեսում են մի կարևոր հանգամանք՝ տեղեկատվական միջավայրում մարդիկ միշտ չէ, որ ընտրում են ամենավստահելի աղբյուրը։ Հաճախ նրանք ընտրում են ամենահարմարը։
Լուրը՝ որպես պատահական հանդիպում
Reuters-ի զեկույցում կա ևս մեկ ցուցանիշ, որն արժանի է ուշադրության։
Եթե 2021-ին հարցվածների 16%-ն էր դասվում պասիվ կամ պատահական նորություններ սպառողների խմբին, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 25%-ի։
Այս մարդիկ չեն հրաժարվել նորություններից։ Նրանք պարզապես ավելի հազվադեպ են փնտրում դրանք։ Լուրը նրանց հանդիպում է սոցիալական մեդիայի հոսքերում՝ այլ բովանդակության կողքին։
Սա ցույց է տալիս, որ փոխվում է ոչ միայն նորությունների աղբյուրը, այլև դրանց սպառման ձևը։
Զրո-քլիքից հետո
Մի քանի ամիս առաջ հրապարակած հոդվածներիցս մեկում անդրադարձել էի զրո-քլիք դարաշրջանին (zero-click era), որտեղ օգտատերը ստանում է իրեն անհրաժեշտ պատասխանը՝ առանց հղումը բացելու ու լրատվամիջոցի կայք այցելելու։
Այդ հոդվածի հիմնական հարցը հետևյալն էր՝ ի՞նչ է տեղի ունենում լրատվամիջոցների հետ, երբ մարդիկ դադարում են հասնել դրանց ուղիղ ճանապարհով։
Reuters-ի նոր զեկույցը թույլ է տալիս այդ հարցին նայել մեկ այլ կողմից։ Եթե մարդիկ ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում լրատվամիջոցին որպես ինքնուրույն ինստիտուտ, ապա դժվարանում է նաև դրա նկատմամբ վստահության ձևավորումը։
Հնարավոր է, որ վստահության անկման մի մասը կապված է ոչ միայն լրագրության որակի, այլև լրագրության տեսանելիության նվազման հետ։
Դասական լրագրության պահանջարկը չի վերացել
Reuters-ի տվյալները միաժամանակ մեկ այլ միտում են ցույց տալիս։
Չնայած այս բոլոր փոփոխություններին՝ մարդիկ շարունակում են գնահատել լրագրության դասական արժեքները։
Նրանք, ովքեր նախընտրում են անկողմնակալ լրատվություն, ավելի քան երկու անգամ շատ են (45%), քան նրանք, ովքեր նախընտրում են սեփական հայացքներին համահունչ աղբյուրներ (22%)։
Սա կարևոր հիշեցում է, հատկապես երբ ամեն օր լսում ենք, թե անկողմնակալ լրագրության դարաշրջանն ավարտվել է։
Ըստ իս, խնդիրը ոչ այնքան այն է, որ մարդիկ այլևս չեն ուզում որակյալ լրագրություն, այլ այն, որ այդ լրագրությունը գնալով ավելի հազվադեպ է հանդիպում նրանց որպես առանձին ինստիտուտ կամ առանձին փորձառություն։ Այն տարրալուծվում է տարատեսակ մեդիա հոսքերի, առաջարկությունների և միջնորդ հարթակների մեջ։
Երբ դա տեղի է ունենում, վստահությունը սկսում է տեղափոխվել դեպի այն հարթակները, որոնք վերահսկում են հասանելիությունը։
Լրագրության նոր մարտահրավերը
Հայաստանը Reuters Institute-ի այս հետազոտության մեջ ներառված չէ, ուստի հնարավոր չէ նույն տվյալների հիման վրա գնահատել, թե հայաստանյան լսարանը որքանով է վստահում լրատվությանը։
Սակայն զեկույցում նկարագրված շատ գործընթացներ նկատելի են նաև մեր տեղեկատվական միջավայրում։
Շատերի համար նորությունների հետ առաջին հանդիպումը տեղի է ունենում ոչ թե լրատվամիջոցի գլխավոր էջում, այլ սոցիալական մեդիայում կամ թվային այլ հարթակներում։
Այս իմաստով Reuters-ի զեկույցի ամենակարևոր բացահայտումը գուցե ոչ թե այն է, որ վստահությունը նվազել է, այլ այն, որ նորությունների սպառումը գնալով ավելի պասիվ է դառնում։
Մարդիկ շարունակում են տեղեկանալ, բայց ավելի ու ավելի քիչ են լուրեր փնտրում։
Իսկ երբ նորությունները պարզապես հայտնվում են մեր էկրանին՝ սոցիալական մեդիայի էջերը սքրոլ անելիս, վստահության հարցը սկսում է կախված լինել ոչ այնքան լրագրությունից, որքան այն հարթակներից, որոնք որոշում են՝ ինչ պիտի հայտնվի այդ էկրանին։
Գուցե հենց սա է մեր ժամանակների գլխավոր մեդիա մարտահրավերը։