«Ապատեղեկատվությունն ու փաստերի ստուգումը նման են հայտնի մուլտֆիլմի Թոմին և Ջերիին, որտեղ ճարպիկ Ջերին կեղծ լուրն է։ Թոմը՝ փաստերի ստուգումը, միշտ հետ է մնում»,- պատկերավոր պատմում էր միջազգային գործընկերներիցս մեկը։ Տեղեկատվական հորձանուտում ամենաթանկ ռեսուրսը դարձել է վստահելի ինֆորմացիան։ Հայաստանում գործարկված iverify.am հարթակը փորձում է քաղաքացիներին և փաստեր ստուգող լրագրողներին միացնել ուղիղ կապով։
Երբ կասկածը դառնում է քաղաքացու պարտականությունը
Նախագիծը, որ Հայաստանում իրականացնում են Սիվիլնեթը, Հետքը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կառուցված է պարզ գաղափարի վրա․ մարդն ուղարկում է իրեն կասկածելի թվացող պնդումը, իսկ լրագրողները ստուգում են փաստերն ու հրապարակում արդյունքը։ Սա պարզապես տեխնոլոգիական հարթակ չէ, այլ մշակութային փոփոխության փորձ։ Լրագրողները փորձում են հասկանալ՝ փաստերի ստուգում պատվիրելն արդյո՞ք լսարանի համար կդառնա կարևոր սովորույթ։ Հարթակը սկսել է գործել Աժ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Այդ ընթացքում քաղաքացիներից ստացվել են մոտ մեկ տասնյակ դիմում, որոնց մի մասը վերաբերում էր ապագայի մասին կանխատեսումներին, մյուս մասը՝ քաղաքական բամբասանքներին։ Մարդիկ հաճախ փաստը չեն տարբերում կարծիքից։ Փաստերի ստուգումն ունի խիստ կանոններ։
«Դա պետք է լինի որևէ փաստ։ Կարող է լինել վիճակագրություն, իրավական կամ պատմական հարց։ Մի բան, որը կարող ենք ստուգել բաց աղբյուրների միջոցով», – ասում է ՍիվիլՆեթի Փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը։
Այս մոտեցումը հատկապես կարևոր է ընտրությունների շրջանում, երբ հանրային դիսկուրսը լցվում է ոչ թե փաստերով, այլ ենթադրություններով, հույզերով և քաղաքական հավատարմությամբ։ Բևեռացված հասարակություններում մարդիկ հաճախ փաստերը գնահատում են ոչ թե դրանց ճշգրտությամբ, այլ իրենց քաղաքական նախասիրություններին համապատասխանությամբ։
«Լսելը և չկասկածելը ամենամեծ խնդիրն է, որը մենք ուզում ենք փոխել հանրության մեջ։ Եթե անգամ քո սիրելի քաղաքական գործիչն է որևէ հայտարարություն անում, դու պետք է կասկածես և փորձես ստուգել փաստերը»,- ասում է Անին։
Սա փաստերի ստուգման փիլիսոփայության կենտրոնական գաղափարն է։ Խոսքը ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ գործչի նկատմամբ անվստահություն ձևավորելու մասին է, այլ քննադատական մտածողության մշակույթ ստեղծելու։
Փաստերի ստուգումը մարդկանց համար է
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը հարթակի առանձնահատկության մասին է խոսում։ «Մինչ այժմ խմբագրություններն իրենք էին որոշում, թե որ թեմաներն են արժանի ստուգման։ Այժմ քաղաքացին կարող է ուղղակիորեն ազդել օրակարգի վրա։ Հարթակը նաև թույլ է տալիս հետևել դիմումի ընթացքին, ստանալ պատասխան և կապ պահել փաստեր ստուգողների հետ»,- ասում է Վարդանյանը։
Ինչո՞վ է հատկապես հետաքրքրված եղել հանրությունը նախընտրական շրջանում
Iveryfy.am հարթակը կարող է դառնալ հանրության հետաքրքրությունների չափման գործիք։ Նախընտրական շրջանում մարդկանց հետաքրքրել են քաղաքական կուլիսային հարաբերությունների մասին պնդումները։ Դրանք հիմնականում կապված են եղել թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի մասին տեսանյութերի իսկության, Սամվել Կարապետյանի գործունեության և անցյալի մասին պնդումների, ադրբեջանցիների վերադարձի, ժողովրդագրության և անվտանգության հետ կապված նարատիվների հետ։ Մարդկանց կասկածելի են թվացել անանուն կամ անհայտ աղբյուրներից տարածվող քաղաքական գովազդները։ Այս ընթացքում, բացի քաղաքական հայտարարություններից, մարդկանց հետաքրքրել են նաև առօրյա առողջապահական և սպառողական թեմաներով միֆերը։ Քանի որ հարթակը նոր է, դիմումները շատ չեն եղել և լրագրողները հույս ունեն, որ մարդիկ առաջիկայում իրենց կծանրաբեռնեն հետաքրքիր պնդումներով։
Մարդիկ հաճախ ուղարկում են ստուգված կամ հերքված նյութեր
«Շատ են ուղարկում այնպիսի նյութեր, որոնց մենք արդեն անդրադարձել ենք, ու դա երևի խոսում է այն մասին, որ մեր փաստերի ստուգման նյութերը բավական չեն տարածվել, մարդիկ դեռ այդ կեղծ նյութերն են ավելի շատ տեսնում, քան մեր նյութերը»,-ասում է Հետքի փաստեր ստուգող լրագրող Միլենա Գևորգյանը:
Ապագայի վերաբերյալ պնդումները ստուգելի չեն
Ապագայի վերաբերյալ կանխատեսումները ստուգելի չեն, քանի որ դրանք օբյեկտիվորեն հնարավոր չէ հաստատել կամ հերքել,- ասում է Միլենան։ Նրա փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում շատ հին կամ առանձին կեղծ պատմություններ «վերափաթեթավորվել» են և ներկայացվել ընտրական համատեքստում։ Իրենք սովորաբար չեն անդրադառնում այն կեղծ տեղեկություններին, որոնք դեռ լայն տարածում չեն ստացել, որովհետև փաստերի ստուգման կարևոր սկզբունքներից մեկն էլ կեղծ տեղեկության տարածողը չդառնալն է։ Եթե որևէ թեմա հայկական տեղեկատվական դաշտում չի շրջանառվում, հաճախ նպատակահարմար չէ դրա մասին հոդված գրել։
Նախագծի արդյունավետությունը կախված է քաղաքացիների մասնակցությունից։ Որքան շատ մարդիկ ուղարկեն իրենց կասկածելի թվացող տեղեկությունները, այնքան ավելի օգտակար և ազդեցիկ կլինի համակարգը։ «Այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում, բայց այն արդեն փորձարկվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Մալավիում, որտեղ արձանագրվել են դրական արդյունքներ և ուժեղ կապ հասարակության ու փաստեր ստուգողների միջև»,- ասում է Գեղամ Վարդանյանը։

Քաղաքացիները iverify.am հարթակին կասկածելի թվացող նյութերը կարող են ուղարկել նաև Ֆեյսբուքից կամ ՎոթսԱփ-ից՝ հղումով և նկարագրել, թե ինչն են կասկածելի համարում։ Հարթակի հիմնական նպատակը մարդկանց սովորեցնելն է օգտվել ծառայությունից, որպեսզի նրանք արագ ստանան իրենց հետաքրքրող տեղեկատվության ստուգումը և ժամանակ չկորցնեն ինքնուրույն հետազոտությունների վրա։