Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Media.am-ի լուսանկարը՝ հունիսի 7-ին Հայաստանում ընթացող ընտրություններից

Լրատվական միջավայրը Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին նախորդող նախընտրական շրջանում եղել է բազմակարծիք, սակայն շարունակում է մնալ բևեռացված և սահմանափակված՝ գովազդային շուկայի կրճատման և դրա նեղ կենտրոնացվածության պատճառով, ինչը խաթարում է լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը և դրանք խոցելի է դարձնում քաղաքական ազդեցության նկատմամբ: 

Սա հատված է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն (ԺՀՄԻԳ ԸԴԱ)  զեկույցից։ 

Ըստ դրա՝ 2025 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անկուսակցական լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցության դադարեցումն ավելի է խորացրել այս մարտահրավերները, մինչդեռ լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ թափանցիկության պակասի շուրջ մտահոգությունները շարունակում են պահպանվել։ Լրատվամիջոցների բազմազանությունը էլ ավելի է նվազել այն բանից հետո, երբ ընդդիմության հետ փոխկապակցված «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն 2021-2023 թվականներին կորցրեցին վերգետնյա եթերային հեռարձակման իրավունքը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցված «Շողակաթ» հեռուստաընկերությունը վերջերս փակվել է։

Ընտրությունների լուսաբանումը՝ ավանդական մեդիայում

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի գնահատմամբ, Հայաստանի հանրային հեռարձակողը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը հեռարձակման ոլորտում՝ օգտվելով պետական կայուն ֆինանսավորումից և միաժամանակ ստանալով զգալի եկամուտներ կոմերցիոն գովազդից։ 

Ըստ զեկույցի Հանրային հեռուստատեսությունը կատարել է օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ յուրաքանչյուր ընտրական մրցակցի տրամադրելով 90 րոպե անվճար եթերաժամ, որը ԿԸՀ-ն բաշխել է ամենօրյա եթերաշրջանների տեսքով՝ դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերին։ Լիցենզավորված մասնավոր հեռարձակողների մեծ մասը նույնպես կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրել է օրենքով նախատեսված 25 րոպե անվճար եթերաժամ, որը, որպես կանոն, տրամադրվել է դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերից դուրս: 

Հավասար պայմաններով հասանելի վճարովի եթերաժամը հիմնականում ձեռք է բերել «Ուժեղ Հայաստան»-ը, որին հաջորդել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և, ավելի փոքր չափով, «Հայաստան» դաշինքը։ Մշտադիտարկված հեռարձակողների մեծ մասը կազմակերպել է նաև անհատական հարցազրույցներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչը կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) լրացուցիչ հնարավորություն է տվել ներկայացնելու իրենց տեսակետները։ Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել էր երեք բանավեճ, որոնք բաց էին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար, սակայն ոչ բոլոր քաղաքական ուժերն են որոշել մասնակցել: Քննարկումները հաճախ կրում էին առճակատային բնույթ, ինչը մեծապես պայմանավորված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների վարքագծով։

«Ի հակադրություն իր իրավական պարտավորությունների և հանրային առաքելության՝ Հայաստանի հանրային հեռարձակողը «Հ1»-ի լրատվական թողարկումներում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին և բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին): «Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը հատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 և 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգավորմամբ։ Նմանատիպ միտումներ արձանագրվել են նաև «FreeNews» հեռուստաընկերության և «Armtimes» կայքի դեպքում։ Ի հակադրություն «Կենտրոն», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, ինչպես նաև «news.am» և «panorama.am» կայքերը հետևողականորեն ներկայացրել են կառավարությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բացասական լույսի ներքո՝ բարենպաստ լուսաբանելով ընտրված կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին)»,- ասված է զեկույցում։

Ստուգված է

Պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն մշտադիտարկել է համապետական հեռուստաալիքների՝ «Հ1», «ATV», «Արմենիա TV», «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաընկերությունների, ինչպես նաև Երևանում գործող «FreeNews», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների՝ դիտման առավել բարձր վարկանիշ ունեցող ժամերին (18:00 00:00) հեռարձակվող ծրագրերը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն մշտադիտարկել է նաև քաղաքական թեմաներին վերաբերող հոդվածները, որոնք հրապարակվել են armtimes, azatutyun (Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայություն), civilnet, news.am և panorama առցանց լրատվամիջոցներում։ 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «FreeNews» հեռուստաընկերությունը և «Armtimes» կայքը իրենց լուսաբանման համապատասխանաբար 19 և 32 տոկոսը հատկացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ընտրական մրցակիցներին լուսաբանել են առավելապես բացասական երանգավորմամբ։ «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր լուսաբանման 24 տոկոսը հատկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ «Երկիր Մեդիա»-ն՝ 13 տոկոսը «Հայաստան» դաշինքին, «Panorama»-ն՝ 20 տոկոսը «Ուժեղ Հայաստան»-ին՝ հիմնականում դրական երանգավորմամբ։ «Հ2»-ը և «news.am»-ը իրենց լուսաբանման համապատասխանաբար 12-13 տոկոսը հատկացրել են «Ուժեղ Հայաստան»-ին և «Հայաստան» դաշինքին՝ հիմնականում դրական երանգավորմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է լուսաբանման 10 տոկոսը «Կենտրոն»-ում, 13 տոկոսը «Երկիր Մեդիա»-ում, 18 տոկոսը «Հ2»-ում, 21 տոկոսը «news.am»-ում և 24 տոկոսը «Panorama»-ում, ընդ որում լուսաբանման գերակշիռ մասը կրել է բացասական բնույթ։ «ATV»-ն, «Արմենիա TV»-ն և «Շանթ»-ը իրենց լուսաբանման 16-20 տոկոսը հատկացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 15-19 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, 6-13 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, և 4-8 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մինչդեռ մյուս ընտրական գործընթացի մասնակիցները ստացել են մինչև 4 տոկոս լուսաբանում։ 

Մեդիա միջավայրը՝ ընտրական շրջանում

Զեկույցում արձանագրվում է, որ վերջին շրջանում առցանց լրատվամիջոցների և մի շարք բլոգերների նկատմամբ ներկայացվել են խուլիգանության հոդվածով քրեական մեղադրանքներ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ վիրավորական բովանդակության համար, ինչը հանգեցրել է մինչդատական կալանքների, իսկ մեկ դեպքում՝ նաև տեսանյութերի մոնտաժման սարքավորումների խուզարկության և առգրավման։

Հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցին, գրվում է, որ 2025 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է զրպարտության վերաբերյալ 61 դատական հայց, մինչդեռ 2024 թվականին դրանց թիվը կազմել էր 43։ Նման հայցերի մեծ մասը ներկայացվել է բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից։ 

Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բախվել են նաև բանավոր հարձակումների, սպառնալիքների, ինչպես նաև գործունեության խոչընդոտման և ճնշման այլ ձևերի, ինչը լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում քաղաքական թեմաների լուսաբանման համար։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ մշտադիտարկում անցած լրատվամիջոցների մեծ մասը կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից օգտագործվել է փոխադարձ վիրավորանքների և պառակտող նախընտրական հռետորաբանության տարածման համար՝ քիչ ուշադրություն դարձնելով ընտրական մրցակիցների ծրագրերի և դրանց բովանդակային վերլուծությանը, ինչի հետևանքով սահմանափակվել է ընտրողների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Սոցիալական ցանցերը՝ ընտրական շրջանում

Առաքելությունում ուսումնասիրել են սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթը։ Նշվում է, որ դրանք հանդիսանում էին տեղեկատվության հիմնական աղբյուրը, ընդ որում ամենալայն կիրառություն ունեցող հարթակը եղել է Ֆեյսբուքը։

«Առցանց քարոզարշավը ունեցել է առճակատային և բաժանարար բնույթ՝ առանձնանալով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների միջև անձնական հարձակումներով և հրահրող հռետորաբանությամբ, հատկապես վարչապետի, իսկ որոշ դեպքերում նաև ընդդիմության առաջնորդների կողմից։ Քարոզարշավի կարևոր թեմաներից էին կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից հնչեցվող արտաքին միջամտության և օտար պետությունների հետ կապերի վերաբերյալ մեղադրանքները, որոնք երբեմն հանգեցրել են նաև դավադրապաշտական բնույթի պնդումների տարածմանը։ Ընդդիմության առաջնորդները պնդում էին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կապեր ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, մինչդեռ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են ընդդիմության ներկայացուցիչներին Ռուսաստանի Դաշնությանը հավատարիմ լինելու մեջ»,- գրված է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զեկույցում։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում սահմանափակ լսարան ունեցող X հարթակում էլ անգլերեն լեզվով հրապարակումների մեծ քանակ է եղել, որոնք պարունակում էին մանիպուլյատիվ և կեղծ բովանդակություն՝ ուղղված վարչապետի, կառավարության և ընտրական գործընթացի վարկաբեկմանը․ 

«Այս դիտարկումները համընկնում են փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների եզրակացությունների հետ, որոնք արձանագրել են համակարգված տեղեկատվական մանիպուլյացիոն գործողությունների աճ, որոնց հիմնական աղբյուրը, ըստ վերջիններիս, եղել են Ռուսաստանի Դաշնությունում գործող դերակատարները։ Այն դեպքերում, երբ նման նարատիվները ներթափանցել են Հայաստանի ներքին տեղեկատվական միջավայր, դրանք հետագայում լայնորեն տարածվել են Տելեգրամ հարթակում։

ՄԸԴԱ-ի մի շարք զրուցակիցներ նաև մտահոգություններ են հայտնել երկրի ներսում գեներացվող մանիպուլյատիվ նարատիվների և հիմնական կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից հավանական «տրոլների գործարանների» օգտագործման վերաբերյալ։ Երրորդ կողմ հանդիսացող օգտատերերի հաշիվները նույնպես իրականացրել են առցանց քարոզչություն և, որոշ թեկնածուների հետ միասին իրենց քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված և այլ մանիպուլյատիվ բովանդակություն, որը հետագայում լայնորեն տարածվել է։ Նման՝ դիտավորությամբ մոլորեցնող նարատիվների և պառակտող հռետորաբանության օգտագործումը բացասաբար է ազդել ընտրողներին հասանելի տեղեկատվության արժանահավատության վրա»,- ներկայացվում է զեկույցում։ 

Նշվում է, որ ԿԸՀ-ն Տիկտոկի հետ ունեցել է անմիջական կապի ալիքներ, իսկ Արտաքին գործերի նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը և ԿԸՀ-ն հանդես են եկել որպես Մետա հարթակին (Ֆեյսբուք և Ինստագրամ) խախտումների մասին հաղորդումներ ներկայացնելու պատասխանատու մարմիններ։ 

2026 թվականի մարտի դրությամբ Տիկտոկը հեռացրել էր շուրջ 80 ոչ իրական հաշիվ՝ 27 892 հետևորդով, որոնք գործել են Ռուսաստանի Դաշնությունից, թիրախավորել են Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի լսարանները և փորձել են ուժեղացնել որոշ քաղաքական գործիչների օգտին և մյուսների դեմ ուղղված քարոզչական ուղերձները՝ հիմնականում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ 

Զեկույցում ասվում է, որ Գուգլը արգելափակել է Ռուսաստանի հետ առնչվող համակարգված ազդեցության գործողության հետ կապված Յություբում գործող 63 ալիք, որոնք տարածում էին արաբերեն, հայերեն, անգլերեն, ղազախերեն և ուկրաիներեն բովանդակություն։ Արգելափակվել են նաև մեկ այլ գործողության հետ կապված Յություբի  ալիքներ՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն բովանդակությամբ, որոնք աջակցում էին Ռուսաստանին և քննադատում Ուկրաինային ու Միացյալ Նահանգներին, ինչպես նաև 25 ալիք՝ Ադրբեջանի հետ կապվող համակարգված ազդեցության գործողությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում, որոնց բովանդակությունը քննադատում էր Հայաստանը։ 

Զեկույցում հատված կա նաև այն մասին, որ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ՀԿՏԿ) աջակցել է վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցությունների վարչությանը՝ ապատեղեկատվության դեմ կառավարության արձագանքը համակարգելու գործում․ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում իշխանությունների դիմումի հիման վրա ԵՄ հիբրիդային արագ արձագանքման խումբը հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով խորհրդատվական աջակցություն է տրամադրել պետական հաստատություններին։