Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

«Մայրիկների ակումբ, հղի մայրիկների և երեխաների հագուստ և պարագաներ առուվաճառք» անվամբ Ֆեյսբուքյան խմբում (2026թ․-ի հուլիսի 24-ի դրությամբ խմբին միացել է 27,691 օգտատեր) մարտ ամսից սկսած որոշ օգտատերեր գրառումներ են անում այն մասին, որ երեխայի խնամքի նպաստը տվյալ ամսում չի փոխանցվելու ծնողին։ Նման գրառումներ անող օգտատերերը հանդես էին գալիս կեղծանունով։ Նրանցից մեկը, օրինակ, գրել էր, որ իր ծանոթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) զգուշացրել է, որ հուլիս ամսին նպաստ չի լինելու։ 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը պետական աջակցություն է, որը տրամադրվում է ծնողին (խնամակալին)՝ երեխայի 70 օրականից մինչև 2 տարեկանը խնամելու համար՝ անկախ աշխատանքային կամ արձակուրդում գտնվելու հանգամանքից։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան խմբից․ հրապարակումն այժմ անհասանելի է

Մեկ այլ օգտատեր տասնյակ նմանատիպ գրառումներ է արել՝ կասկածի տակ դնելով, որ նպաստը տրվելու է։ Նմանատիպ գրառումներ նա արել է հուլիսին (1, 2, 3, 4, 5), մայիսին, ապրիլին, մարտին։ 

Էկրանապատկերները՝ ֆեյսբուքյան խմբից

Ընթերցողների խնդրանքով՝ media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ստուգել է այս պնդումները։

Ի՞նչ է հայտնում նախարարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տրամադրված պատասխանի համաձայն՝ հուլիս ամսվա նպաստների վճարումն իրականացվել է հուլիսի 13-ին։

Նախարարությունից հավելել էին նաև, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28.4-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա երեխայի խնամքի նպաստը տրվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով։

Ի՞նչ են փաստում շահառուները

Մենք զրուցել ենք երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողներից մի քանիսի հետ, որոնք ևս փաստել են, որ ստացել են հուլիս ամսվա նպաստը։

Զրուցակիցներից Մերի Սևոյանը, որն ունի երկու մանկահասակ երեխա և երեք տարի է, ինչ օգտվում է աջակցության այդ ծրագրից, հաստատել է, որ այս ամիս նպաստը ստացել է հուլիսի 13-ին։ Նրա խոսքով՝ 13-ը գումարի փոխանցման ամենաուշ ժամկետն է եղել․ սովորաբար փոխանցումը կատարվում է ամսվա 7-րդ կամ 8-րդ օրը։ 

Մի շարք այլ շահառուներ, որոնք ցանկացան անանուն մնալ, նույնպես հաստատեցին, որ հուլիս ամսվա փոխանցումն արվել է ամսի 13-ին։

Ինչպե՞ս է փոխվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգը

2025-ի ԱՍՀ նախարարության տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ պետությունը մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների համար նախատեսել էր ծախսել 30.2 միլիարդ դրամ՝ կանխատեսելով, որ այդ գումարը կստանա մոտ 67,943 երեխա:

Իրականում, սակայն, ծախսվել է ավելի քիչ՝ 28.0 միլիարդ դրամ, քանի որ նպաստ ստացող երեխաների միջին ամսական թիվը 60,582 է:

Էկրանապատկերը՝ ԱՍՀՆ-ի տարեկան հաշվետվությունից

Վերջին տարիներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստը կազմում է 37,500 դրամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողների (քաղաքաբնակ և գյուղաբնակ) համար, 31,600 դրամ՝ արձակուրդում չգտնվող (կամ գյուղում չաշխատող) ծնողների համար, իսկ գյուղական վայրում արձակուրդում գտնվող ծնողների համար այն տրամադրվում է կրկնակի չափով՝ կազմելով 69,100 դրամ: 

Այսպիսով, ֆեյսբուքյան խմբում տարածված պնդումը, թե 2026-ի հուլիսին և մյուս ամիսներին երեխայի խնամքի նպաստները չեն վճարվելու, սխալ է։ Տեղեկությունը հերքել է թե՛ ոլորտային նախարարությունը, թե՛ մի շարք նպաստառուները։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել