Լրագրությունն այսօր տեխնոլոգիական նոր պատնեշի է բախվել։
Հայաստանում վերջին ընտրությունները վառ օրինակ էին, թե ինչպես է աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական հարթակներից մեկը՝ ՏիկՏոկը, դարձել անթափանց միջավայր՝ «սև արկղ», որտեղ տեղեկատվությունը շրջանառվում է, բայց դրա ծագումն ու տարածման ճանապարհը մնում են անտեսանելի։
Ընտրությունների ընթացքում ՏիկՏոկում լայն տարածում գտան արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը, որոնք պարունակում էին կեղծ քաղաքական հայտարարություններ և հորինված լուրեր։ Դրանք հարյուր հազարավոր դիտումներ էին հավաքում, մինչդեռ լրագրողների համար դրանց ծագումն ու տարածումը հետաքննելը դառնում էր չափազանց բարդ։
Առաջին հայացքից սա ապատեղեկատվության դասական օրինակ է, սակայն իրական խնդիրը հարթակի կառուցվածքն է։ ՏիկՏոկը լրագրողին ցույց է տալիս միայն վերջնական արդյունքը՝ վիրուսային տեսանյութը, բայց ոչ այն ճանապարհը, որով այն դարձել է վիրուսային։
Անվերջ հոսող գետը՝ ի հակադրություն արխիվի
Եթե սոցիալական ցանցերի նախորդ սերունդը (Ֆեյսբուք, Թվիթեր/X) լրագրողին հնարավորություն էր տալիս վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը, ապա ՏիկՏոկում հաճախ հնարավոր է տեսնել միայն արդյունքը, բայց ոչ այն գործընթացը, որը հանգեցրել է այդ արդյունքին։
Հենց սա է ՏիկՏոկը դարձնում լրագրողների «սև արկղը»։
Հարթակը կառուցված է ոչ թե արխիվացման, այլ սպառման տրամաբանությամբ։ Այն չի փորձում պատմել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, այլ փորձում է կանխատեսել, թե ինչն է ձեզ հետաքրքրելու հաջորդ վայրկյանին։
Սա ստեղծում է «տեսանելիության պատրանք». լրագրողը տեսնում է հանրային արձագանքը, բայց չի կարողանում հասնել դրա սկզբնաղբյուրին։
Ի տարբերություն ֆեյսբուքյան կամ թվիթերյան «արխիվների», ՏիկՏոկը «անվերջ հոսող գետ» է․ կարելի է տեսնել այն, ինչ անցնում է քո առջևով տվյալ պահին, բայց գրեթե անհնար է հասկանալ, թե որտեղից է այն գալիս և ուր է գնում։
Երբ լրագրությունը փոխում է իր գործիքները
Այս մարտահրավերը գլոբալ է։ Ամերիկյան Documented լրատվամիջոցի փորձը ցույց է տալիս, որ ՏիկՏոկի հետաքննությունները սկսվում են ոչ թե վերլուծությունից, այլ պարտադիր արխիվացումից։
Հաշիվներն ու տեսանյութերն անհետանում են այնքան արագ, որ լրագրողները ստիպված են լինում ինքնուրույն ստեղծել իրենց արխիվը՝ նախքան հետաքննություն սկսելը։
Սա նշանակում է, որ լրագրողական գործիքակազմը հիմնարար փոփոխության կարիք ունի։
Դրա համար միջազգային խմբագրություններն արդեն կիրառում են ավտոմատ սղագրման, տեսանյութերի արխիվացման, պատկերների հետադարձ որոնման և տվյալների վերլուծության գործիքներ, ինչպիսիք են Whisper-ը, yt-dlp-ը և Google Reverse Image Search-ը։
Լրագրողը պետք է սովորի շրջանցել «սև արկղի» սահմանափակումները՝ օգտագործելով տվյալագիտական մեթոդներ՝ հազարավոր տեսանյութերի մեջ կրկնվող խոսույթներն ու կեղծիքի հետքերը հայտնաբերելու համար։
Վստահության կեղծումը
Factor TV-ի հետաքննությունը բացահայտեց մեկ այլ վտանգավոր միտում. «սև արկղի» ներսում հնարավոր է ոչ միայն կեղծել քաղաքական գործչի խոսքը, այլև նմանակել հենց լրատվամիջոցին։
Օգտագործելով լրատվամիջոցի բրենդը, ստուդիայի տեսքը և ձևաչափը՝ հնարավոր է կեղծ տեղեկությանը վստահելիության շղարշ հաղորդել։
Այսօր լրագրողները ստիպված են ստուգել ոչ միայն տեղեկատվության ճշմարտացիությունը, այլև դրա աղբյուրի իսկությունը։
Սա որակապես նոր իրավիճակ է, երբ կեղծվում է ոչ միայն բովանդակությունը, այլև վստահությունը։
Հետևություն
ՏիկՏոկը փոխել է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է հանրային կարծիքը։ Լրագրությունը, սակայն, դեռ չի հասցրել հարմարվել այդ փոփոխությանը։
Եթե նախկինում բավական էր գտնել փաստերը, ապա այսօր հաճախ անհրաժեշտ է նախ գտնել այդ փաստերի հետքերը։
Քանի դեռ հանրային խոսակցության մեծ մասը տեղի է ունենում ալգորիթմներով կառավարվող հարթակներում, լրագրությունը պետք է սովորի ոչ միայն լսել մարդկանց, այլև հասկանալ այն համակարգերը, որոնք որոշում են՝ ինչ ենք մենք տեսնում, ինչն է դառնում վիրուսային և ինչն է մնում անտեսանելի։
Հակառակ դեպքում հանրային քննարկումների ազդեցիկ հարթակը կշարունակի մնալ լրագրողների համար «սև արկղ», իսկ դրա ներսում ձևավորվող իրականությունը՝ հանրային վերահսկողությունից դուրս։