Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված բուռն քաղաքական միջավայրում արհեստական բանականությամբ (ԱԲ, AI) ստեղծված քարոզչական բովանդակությունը նոր ծավալ ու արագություն է ձեռք բերել՝ վերափոխելով տեղեկատվական դաշտի խաղի կանոնները։ 

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է տիկտոկյան և ֆեյսբուքյան 52 էջի 229 AI գեներացված տեսանյութ, որոնք այս կամ այն կերպ վերաբերում էին ընտրապայքարին։ Մենք առանձնացրել ենք դրանց կիրառած մանիպուլյացիոն հնարքներն ու առաջ տարվող պատումները։

Տեսանյութերից 89-ը (40.27%) իշխանության օգտին էին, 132-ը (57.73%)՝ ընդդիմադիրների: 8 տեսանյութ չունեին հստակ ուղղվածություն։ 

Հայելային նարատիվներ 

Մեր դիտարկած տեսանյութերում աչքի է ընկնում հայելային նարատիվների պայքարը։ Երկու հակադիր քաղաքական ճամբարներն էլ կիրառում են միևնույն ձևաչափերը։ Իշխանության աջակիցները ընդդիմությանը պատկերում են որպես Ռուսաստանի կամակատար և «խամաճիկ» (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3), իսկ ընդդիմության աջակիցները՝ իշխանությանը ներկայացնում են որպես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3

Այս հակամարտության մեջ կարմիր թելով անցնում է միտքը, որ հակառակորդ ուժը քաղաքական դաշտում ինքնուրույն չէ և դիտարկվում է զուտ որպես արտաքին ուժերի գործիք։  

Քաղաքական ուժերը նաև հայելային կերպով թիրախավորում են ընտրազանգվածին։ Օրինակ՝ Qaghaqakan Bocer AI տիկտոկյան էջը, որի տեսանյութերը հաճախ հավաքում են 400,000-ից ավել դիտումներ, ընդդիմության համակիրներին պատկերում է որպես կաշառված։ Ավելին՝ նրանք ունեն պիտակ՝ «քյաբաբ ուտողներ» (օրինակ 1, օրինակ 2): Այս հնարքը նոր չէ․ նախորդ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին իշխանական աղբյուրները անվանում էին «պիցցա ուտողներ»։ 

Ընդդիմության գործիքակազմը նույնական է․ իշխանությանը սատարողները ապամարդկայնացվում են, պիտակավորվում են որպես «զոմբի», իսկ որոշ դեպքերում պատկերվում կենդանիների տեսքով։ Ինչպես և իշխանության դեպքում, այս հնարքը նոր չէ․ ընդդիմադիր հարթակները իշխանական հայացքներ ունեցողներին «զոմբի» էին անվանում նաև նախորդ ընտրությունների ժամանակ։

Կերպարների ներմուծում

Կերպարները միշտ ավելի տպավորիչ են և հիշվող, քան խոսքերը կամ տեքստերը, իսկ դրանց շուրջ ձևավորվող ընկալումները հաճախ ավելի ազդեցիկ են։ Քաղաքական ուժերը փորձում են հակառակորդի ծաղրական կամ նսեմացնող AI կերպար ստեղծել։

Այդպես, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը պատկերվում է ծաղրածուի կերպարով (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3):

Որոշ դեպքերում էջերը ստեղծում են «բրենդային» կերպար․ օրինակ MISHJAN էջը (17,800 հետևորդ, մինչև 188,500 դիտումներ) կառուցված է AI արջուկի կերպարի շուրջ, որը տեսանյութից տեսանյութ նախատում կամ ծաղրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Տիկտոկում ակտիվ են նաև AI բլոգերները․ «Խորհրդական» անվանումով էջը (1181 հետևորդ), օրինակ, վարում է ընդդիմությանը քննադատող մի երիտասարդ տղամարդ, որը, սակայն, ոչ թե իրական մարդ է, այլ ԱԲ օգնությամբ ստեղծված կերպար։

Ուսումնասիրված տեսանյութերում հանդիպում են հեղինակավոր խոսքի հետ ասոցացվող կերպարներ՝ ստեղծված ԱԲ օգնությամբ․ քաղաքական կոչ է անում բժիշկը, հակառակորդ ուժին քննադատում է տաղավարում նստած լուրերի հաղորդավարը (օրինակ 1, օրինակ 2)։ 

Հաճախ է հանդիպում «սովորական ժողովրդի» կերպարը։ Որոշ դեպքերում (օրինակ 1, օրինակ 2,  օրինակ 3) տեսանյութերը նմանակում են վոքսպոպուլին՝ լրագրողների կողմից փողոցային հարցումները, մի դեպքում նույնիսկ պարունակում իրական լրատվամիջոցի՝ «Ժողովուրդ» օրաթերթի անվանումն ու տարբերանշանը։

Այս տեսանյութերի շարքում հասարակության տարբեր տարիքային խումբ ներկայացնող ԱԲ մարդիկ՝ տատիկ-պապիկ, ուսանողներ, միջին տարիքի կանայք և տղամարդիկ խոսում են իրենց խնդիրների մասին, կամ խրատական տեքստեր են հնչեցնում։

Նոստալգիկ, բոլորին ծանոթ կամ հարազատ տեսարանները վերարտադրվում են քաղաքական ուղերձ փոխանցելու համար․ տատիկը թոռնիկին պատմում է Հայաստանի «թրքացման» մասին, մորուքով պապիկը քառատող է կարդում այն մասին, որ «Նիկոլը բոմժ էր», փոքրիկ երեխան իշխանական «սրտիկն» է ցույց տալիս և այլն։ 

Ժողովրդական պահանջի նմանակման մեկ այլ տարբերակ է «քաղաքական չելենջը», որը կիրառում է 18,600 հետևորդ ունեցող «Հայերով» էջը։ Հիմնականում երիտասարդ ակտիվիստների նմանությամբ կերպարները տեսանյութերում կրկնում են նույն սցենարը՝ հայտարարելով. «Միանում եմ չելենջին, 2026-ին մերժում եմ 16-ին կամ «սոված գժին», ընտրելու եմ համար 3-ին»։

Ի դեպ, այս սցենարը այժմ կիրառվում է «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի իրական համակիրների շրջանում՝ որպես իրական տեսանյութերի ձևաչափ։

ԱԲ բլոգ․ մասնագիտացված մոտեցում ԱԲ քարոզչությանը

Առանձին էջեր մշակել են ոճ ու ձեռագիր, և ստեղծում են համակարգված, բավականին բարդ սցենարներով կամ տեքստերով բովանդակություն։

Այդպես, օրինակ, իշխանությանը սատարող Kapitan Hayastan ռուսալեզու էջը (23,400 հետևորդ) ստեղծում է փոքր հոլովակներ, որտեղ գլխավոր հերոսները աշխարհի տարբեր երկրների առաջնորդներն են, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի ընդդիմությունը։ Այս հոլովակներում Փաշինյանը ուժեղ ու հնարամիտ առաջնորդ է, որը հավասարը հավասարին է խոսում գերտերությունների ղեկավարների հետ և միշտ հաղթում Հայաստանի նախկին նախագահներին։ 

Այս հոլովակները հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ։ Սցենարները ֆիլմի կառուցվածք ունեն․ Փաշինյանի խնդրանքով Թրամփը առևանգում է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովին (693,000 դիտում), մարզված ու մկանուտ Փաշինյանը բոքսի ռինգում հաղթում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին (254,0ճ0 դիտում), Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միասին թրով ջարդում են Ադրբեջանի կողմից ուղարկված Ալեքսանդր Լուկաշենկոյին (1.1 միլիոն դիտում) և այլն։

Սեփական ձեռագիր ունեցող մեկ այլ էջ է Maximus Geller-ը, որը գեներացնում է հանգավորված, վարժ տեքստերով երգեր՝ լի իշխանության հասցեին հնչող հայհոյանքներով։ 

Նմանատիպ՝ ԱԲ միջոցով գեներացված երաժշտության ուղեկցությամբ տեսանյութեր տարածում են նաև այլ էջեր։ Օրինակ՝ G. Barkhudaryan էջը (14,400 հետևորդ) այդպիսի հայհոյախառը, հեշտ հիշվող ու կրկնվող երգերի մի ամբողջ հավաքածու ունի՝ «Քայլ արա, մերժիր գժին», «Կշարունակվի հայի սպանդը, թե նորից մնա Նիկոլը» կամ «Կարո՞ղ ա դու չես հող ծախել, կարո՞ղ ա դու չես սաղ ծախել» և այլն։ (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3

ԱԲ-ն ընդդեմ քաղաքական հակառակորդների 

Մեր ուսումնասիրած բովանդակության գերակշիռ մասը նպատակ ունի ձևավորել բացասական վերաբերմունք որոշակի քաղաքական ուժի նկատմամբ։ 

AI տեսանյութերում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես «արյունոտ մսագործ» կամ «ծաղկավաճառ», որը փողոցում «ծախում է» Հայաստանը և պիտակավորվում որպես «պատմության մեջ լավագույն հող վաճառող»։

Միևնույն ժամանակ իշխանությանը համակրող ալիքները ընդդիմադիր ուժերին պատկերում են որպես կոռումպացված և ընտրակաշառք բաժանող։

Ուսումնասիրված էջերում հակառակորդ ուժին բացասաբար ներկայացնող բովանդակությունը դրսևորվում է նաև քաղաքական գործիչների արտաքինը թիրախավորելով (օրինակ 1, օրինակ 2), կամ տղամարդ գործիչներին կանանց հագուստով պատկերելով։

Ազգային արժեքներ և անվտանգություն թեմաների շահարկում

Ուսումնասիրված տեսանյութերում ամենաշահարկվող թեմաներից են Արցախի կորուստը, Ադրբեջանի հետ հարաբերությունները, ազգային արժեքների կորուստը, տարածքային ամբողջականությունը և, ի վերջո, Հայաստանի՝ որպես պետության կործանումը։

Այս համատեքստում տիկտոկյան MISHJAN էջը Նիկոլ Փաշինյանին «հագցնում է» թուրքական կամ ադրբեջանական դրոշով հագուստ։ «ՔՊ-ով գնում ենք Բաքու, որ 300,000 ադրբեջանցի բերենք»,- ասում է տեսանյութում Նիկոլ Փաշինյանի կերպարը։ 

Էջը Փաշինյանին անվանում է «Ալիևի մարզպետ» և որպես «ապագայի սցենար» պատկերում ադրբեջանական դրոշներով մարդկանց խումբ՝ «այ սա է սպասվում մեզ, եթե Փաշօղլին ընտրվի» վերտառությամբ։ 

Նման բովանդակությունը վերարտադրում է ընդդիմադիրների՝ «կամ ընտրեք Սամվել Կարապետյանին, կամ հաշտվեք պետականության կորստի հետ» պատումը։

300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները սկսեցին դեռևս 2024 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանի նախագահը հայտնեց, թե մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք 1980-90-ականներին հեռացել են Հայաստանից, ցանկանում են վերադառնալ։

Խոսակցություններն առավել ակտիվացան 2026-ի ապրիլի 29-ին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցից հետո։ Ռուսաստանաբնակ մեդիագործարար Արամ Գաբրիելյանովը գրել էր, թե վերջինս ժամանել է 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան քննարկելու համար։

Ակտիվորեն տարածվող AI տեսանյութերից մեկը պատկերում է 2031 թվականը, որտեղ չկա Հայաստան, դրա փոխարեն Արևմտյան Ադրբեջան է՝ իր մարզպետ Նիկոլ Փաշինյանով, իսկ հայերը ազգային փոքրամասնություն են՝ 320 հազար։ Տեսանյութում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներկայացվում է որպես «Շահիդների բլուր», որի տարածքում կառուցվել է քաղաքի ամենամեծ մզկիթը։

Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) պարզել էր, որ ԱԲ-ով ստեղծված այս տեսանյութը ցուցադրվել է նաև «5-րդ ալիքի» եթերում և հայտնվել տարբեր լրատվական կայքերում։ 

Նման ահաբեկող ուղերձներ կան նաև Armen Bagdasaryan անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ տեսանյութերում, որտեղ Նիկոլ Փաշինյանի AI-ը սպառնում է պատերազմով, եթե ՔՊ-ն չընտրվի։

Էջի հետևոդների թիվը 6600 է, սակայն ԱԲ միջոցով ստեղծված նմանատիպ տեսանյութերը ունեն մինչև 125,000 դիտում։

Armhumor_best (6630 հետևորդ) տիկտոկյան էջն էլ նույն նարատիվին ավելացնում է հեգնական երանգ՝ նշելով, որ թեև հերթական գյուղն անցել է Ադրբեջանին, միևնույն է՝ գլխավորը լավ ասֆալտ ունենալն է։  

83,000 հետևորդ ունեցող «Առօրյա լուրեր» ֆեյսբուքյան էջի տեսանյութերի հիմքում ապագան կանխորոշող պատմություններն են, որոնք ներկայացվում են որպես սովորական մարդկանց՝ պապ ու թոռան կամ գյուղացիների անմիջական զրույցներ։ Խոսակցությունների առանցքում են՝ «թուրքերին հանձնված հողերը», «թուրքերի գալու պատճառով աշխատատեղերը կորցնելը» և այլն։ Տեսանյութերը տպավորություն են ստեղծում, թե սա «անարյուն պատերազմ է», որի արդյունքում հայերին սեփական հողում միայն փշրանքներ են մնալու։

Արտաքին ազդեցության և օտարերկրյա միջամտությունների նարատիվներ

Ուսումնասիրված էջերում թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական թեզերն առաջ մղելու համար օգտագործվել են քաղաքական առաջնորդների մասնակցությամբ տեսանյութեր։

ComradePro2013 անունով տիկտոկյան էջի՝ 20,000 դիտում հավաքած այս տեսանյութում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Փաշինյանը խմում են Հայաստանի՝ Ադրբեջանին միացման կենացը, իսկ այդ ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնում է բարձրացնել գազի գինը։ Տեսանյութը ուղեկցվում է հայհոյախառը երգով, որը, ամենայն հավանականությամբ, կրկին ստեղծված է ԱԲ-ով։ 

Նույն էջի մեկ այլ տեսանյութում Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ճամպրուկներով գումար են տալիս Փաշինյանին՝ ընտրակաշառք բաժանելու համար։

Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Փաշինյանին անվանում են գործակալ, որը պետք է հողերը հանձնի իրենց։ Այս տեսանյութն ունի 207,400 դիտում:

250,000 հետևորդ ունեցող «Երկիր հայրենի» ֆեյսբուքյան էջը հայելու հակառակ կողմն է ցույց տալիս․ «Պուտինի տուզիկը եկել Հայաստան, իրեն գամփռ է զգում»։

Իշխանությանն աջակցող  NikolAI էջում ԱԲ-ով ստեղծված Պուտինը խրախուսում է ընտրել Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին՝ տպավորություն ստեղծելով, որ վերջիններս ՌԴ իշխանության թեկնածուներն են։

Տեղեկատվական առիթների օգտագործում

Ուսումնասիրված տեսանյութերում տեղ է գտել նաև տեղեկատվական առիթների և հանրային աղմուկ հանած թեմաների շուրջ ծավալվող բովանդակությունը՝ որոշակի շեշտադրումներով, երբեմն հումորով, երբեմն ենթատեքստից դուրս նոր նարատիվների ձևակերպմամբ։ 

Խորոված-քյաբաբ ուտել, հեռուստացույցներ բաժանել, գաղտնալսումներ, քարոզարշավի ժամանակ աղմուկ բարձրացրած դեպքեր, հարցազրույցների դիտարժան հատվածներ․ այս բոլոր առիթները դառնում են խայծ ԱԲ միջոցով նոր բովանդակության ու գաղափարների համար։ 

«Ով արդեն գոռացել ա ուժեղ Սամո, եկեք ձեր քյաբաբները վերցրեք, գնացեք»,- ասվում է տեսանյութերից մեկում։ Մյուսում «Ուժեղ Հայաստանի» անդամ Ալիկ Ալեքսանյանը «շալվար» է բաժանում, մեկ այլ տեսանյութում հեռուստացույց են տալիս որպես ընտրակաշառք, մյուսում Սամվել Կարապետյանի ելույթից հատված է, իսկ տատիկն ուղղում է նրան․ «Ատոռ չի՛, աթոռ է»։

Այս նույն մեթոդը օգտագործում են ընդդիմադիրները՝ եգիպտացորեն կամ կարկանդակ ուտելու, խորոված անելու, Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի՝ «փող բաժանելու» թեմաներով։ 

Մեկ այլ օրինակում ակնարկվում է Սամվել Կարապետյանի առաջին եթերային ելույթը, որի ԱԲ լինել-չլինելը բավականին երկար քննարկվեց հանրության շրջանում։ Ռեժիսորը բողոքում է, թե 100-րդ կադրն է, դեռ 5 վայրկյան չենք ստացել։ «ԱԲ-ով արեք», ի պատասխան ասում է Սամվել Կարապետյանը։ Մեկ այլ տեսանյութում արդեն Սամվել Կարապետյանն է հավաքի ժամանակ, երբ, կարծես թե, պատահաբար ասում է «արա, ես թքած ունեմ ՀԵՑ-ի վրա, ապա, հասկանալով, որ սխալ բան է ասել, արագ ավելացնում է`«էն արհեստական բանականությունը միացրեք»։

ԱԲ-ն իրական չի ձևանում

Այսպիսով, Տիկտոկում և Ֆեյսբուքում հրապարակված 200-ից ավելի տեսանյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԲ բովանդակությունը ակտիվորեն օգտագործվում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևի կողմից։

Ուսումնասիրված էջերը հիմնականում չեն թաքցնում, որ բովանդակությունը գեներացված է ԱԲ-ով․ հաճախ սրա մասին կա հատուկ նշում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ էջի անվանումը կամ օգտահաշվի անունը հղում են ԱԲ-ին, օրինակ՝ ai_sulyan_studio, NikolAI, ai.song, qaghaqakan.ai.bocer։

Որոշ էջերում քաղաքական բավանդակությունը օգտագործվում է զուտ բիզնես նպատակով․ օրինակ պարող ու սրտիկներ ցույց տվող Նիկոլ Փաշինյանով տեսանյութերը ուղեկցվում են «Կստեղծենք ցանկացած մուլտֆիլմ պատվերով» գրությամբ, մեկ այլ՝ ընդդիմությանը ծաղրող էջ էլ ուղղակի կոչվում է «Պատվերով AI»։ 

Հավաքագրած տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱԲ բովանդակությունը լայն տարածում է ստանում և դրա հիմնական նպատակը իրական ձևանալը չէ։ ԱԲ-ն էժան, արագ և հեշտ գործիք է քարոզչական նյութեր գեներացնելու, դիտումներ հավաքելու և հակառակորդ քաղաքական ուժին թիրախավորելու համար։ Հատկանշական է, որ ուսումնասիրված տեսահոլովակներում ավելի հաճախ էր հանդիպում հակառակորդ ուժին ծաղրող, նսեմացնող կամ քննադատող բովանդակությունը, քան սեփական քաղաքական ուժը գովաբանող բովանդակությունը։

Այս երևույթը՝ հակառակորդ ուժին ԱԲ-ով թրոլինգի ենթարկելը, զուտ հայաստանյան չէ և դիտարկվել է նաև այլ երկրներում նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Անի Եղիազարյան
Կարինե Ղազարյան

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ-ի կողմից՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի և Գերմանական Մարշալ հիմնադրամ-ի աջակցությամբ։

Հոդվածում արտահայտված տեսակետներն ու գնահատականները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշումը։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել