Սոցցանցերը հեղեղված են Վարդավառի երևանյան տոնախմբության կարճ հոլովակներով։ Վարդավառը վաղուց դարձել է Հայաստանի բրենդը և իշխանությունները այն հաջողությամբ կապիտալիզացնում են համաժողովրդական տոնախմբության։ Ըստ լրատվամիջոցների՝ Վարդավառի համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է շուրջ 200 մլն դրամ՝ ավելի քան 540 000 դոլար։ 200.000.000 դրամ տոնի մեդիա ու հանրային էֆֆեկտ ստանալու համար։ Նույն տրամաբանությամբ էր «Վարչաբենդ»֊ի համերգը Գյումրիում, արդեն տարիներ շարունակ անցկացվող Ֆեստիվառ-փառատոններ ՀՀ մարզերում ու Երևանում, նույն տրամաբանությամբ, նորանշանակ ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարեց «Վարչաֆեստ»-ի մասին՝ Սևանի ափին։
Այս բոլորը փառատոն-ֆեստիվառ-վարչաբենդ-վարդավառ-վարչաֆեսթերը նպատակ ունեն մարդկանց մոտ՝ նախևառաջ մեդիայի օգնությամբ, ստեղծել անվերջանալի տոնակատարությունների ու տոնախմբությունների առօրեականության զգացում։ Այլապես, իմաստը Երևանի պես ջրի խնդիր ունեցող քաղաքում, որտեղ շուրջօրյա ջրամատակարարումներ չկան հարյուրավոր շենքերում այդ թվում՝ ջրի պոմպերի բացակայության հետևանքով ծախսել 200 մլն, առանց այն էլ բոլորի կողմից սիրվող ու նշվող տոնի համար։
Այդ քայլերը կոչվում են «Պոզիտիվ վիզուալ նարրատիվների շրջանակ (positive visual narrative framework) միանշանակ ազդում են հանրային ընկալումների ու տրամադրությունների վրա։ Որքան առօրյան գունավոր, բազմաձև ու գրավիչ է թվում, այնքան այդ բովանդակությունը որ տարածվում է սոցցանցերում ու մեդիա հարթակներում ավելի վիրուսային են ու գովազդվող։ Պատկերացրեք պատկեր, երբ մի խումբ գյումրեցի երեխաներ ջրում են Շիրակի մարզպետին, այն մարզը որ ամենաղքատն է, առանց քաղաքապետի ու շատ և շատ հարցերում անտեսված կառավարության կողմից։ Պատկերը միանգամից փոխվում է, մարզպետ ջրելը ամենօրյա հաճույք չէ ու այդ տեսահոլովակը միանգամից վիրուսային է դառնում։
Լրատվականների և սոցցանցային մեդիա միջոցների համար է այդ ամենը գրավիչ ու վիրուսային կոնտենտ և նրանք հաճույքով էլ տարածում են դրանք՝ էլ ավելի ուժեղացնելով դրա մեդիա ազդեցությունը։ Մեդիա հետազոտություններում, լրատվականների այդ տարածումները կոչվում են «ուժեղացուցիչներ» (amplifier), ինչպես տանը վայֆայ սարքերի ազդանշանի ցրիչներն են աշխատում՝ ուժեղացնելով սփռումը ու հասանելի դարձնելով տան բնակիչների համար։ Ստեղծվում է մեդիա իրականություն՝ «փառատոնային առօրեականություն», որը կարողանում է լռեցնել կամ ստվերել առավել կարևոր հանրային խնդիրները, օրինակ Ռուսաստանի կողմից սանկցիաները, ընդդիմադիրների ձերբակալությունները, Երևանում ջրի շուրջօրյա հասանելիության խնդիրները, արտահանման խոչընդոտները, տնտեսական վտանգները և կամ օրինակ օրեր առաջ համայնքային իշխանությունների անփութության ու հանցավոր անգործության հետևանքով փտած ծառի փլուզվելը մոպեդի ու մեքենայի վրա ու դրա արդյունքում մարդու մահը։ Այդպիսով, առավել կարևոր ու բովանդակային խնդիրները «թաղվում են» փառատոնային պատկերների ու աղմուկի տակ։
Մեդիայի ու լրահոսի հանդեպ սթափ հայացքը չի նշանակում հրաժարվել ուրախությունից կամ տոներից, դրանք մեր կյանքի, հանրության անբաժանելի մասն են, դրանք նաև հոգեբանական վերականգնման համար կարևոր միջոց են, լիցքաթափվելու, կյանքին թեթև նայելու ու առօրյա սթրեսը թոթափելու դիտանկյունից։ Սակայն, մյուս կողմից, սթափ հայացք ունենալ նշանակում է քննադատաբար մոտենալ կատարվողին, քննել նարրատիվներն ու մեդիա ռեպրեզենտացիան, վերաիմաստավորել առօերականության տոնականացումը, համայնքային միջոցների վատնումը, պետական քաղաքականության «քողազերծումը», հաշվի առնել մեր շուրջ կատարվող մարտահրավերները ու դրանց ստվերելը։ Մեդիան պետք է սպառել ոչ թե ու ոչ միայն էմոցիայի տեսանկյունից, այլև հնարավորինս քննադատաբար ու անընդհատ ինքներդ ձեզ հիշեցնելով՝ «ով, երբ, որտեղ, ինչու հենց հիմա և ինչի հաշվին»։