Կատուն իր փորի համար մուկ է որսում․ ժողովրդական այս խոսքով կարելի է բնորոշել քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատականները, որոնք հնչում են հունիսի 28-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ Այն ներկայացրել էր Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։ Կատվի ու մկան պատմությունը հիշեցնող այս ընդհանուր գնահատականը մասնավորեցնող շարունակություն ունի՝ իսկ մեզ օգո՞ւտ է, որ կատուն մուկ է որսում, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանները հակասական են, ու դրանց շուրջ էին մամուլի քննարկումները վերջին մեկ շաբաթում։

Նախագծի ընդունման առաջին օրը հայկական մեդիադաշտում տարածվեց միայն լուրը՝ գրեթե առանց մեկնաբանության․ Սաարի մեկնաբանությունից բացի՝ համացանցում կար նաև ՀՅԴ Հայ դատի գրասենյակի արձագանքը։ Իսրայելի կառավարությունը նիստն անցկացրել էր կիրակի, որն այնտեղ աշխատանքային, իսկ Հայաստանում հանգստյան օր է։

Երկուշաբթին էլ մեկնաբանություններով առատ չէր։ ԱԳՆ–ն չէր շտապում արձագանքել, ՔՊ–ականները խուսափում էին լրագրողների հարցերից։ Այսպես շարունակվեց մինչև երեկո։ Երեկոյան Կառավարության և ՔՊ–ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին ասաց, թե ինչու չեն արձագանքում․ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։

«Զենքայնացումը» իմաստով՝ հասկանալի, բայց հայերենի բացատրական բառարաններում դեռևս չներառված բառ է։ Վարչապետի երբեմնի թիմակից, նախկին հատուկ բանագնաց Էդմոն Մարուքյանը Platform փոդքասթի եթերում բացատրում է, թե ինչպես է Փաշինյանը անգլերեն weaponization բառը դարձրել հայերեն։ Ասում է՝ «Թուրքիայից եկող նարատիվ է, որ Փաշինյանը թարգմանել է»։ Ցեղասպանությունը ճանաչելու առիթով էլ Մարուքյանը «ok» է՝ «էս կառավարությունը լոբբինգ չի արել, բայց մեզնից անկախ ընդունվել է, լավ է»։ Նրա խոսքով՝ Հոլոքոստ տեսած ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանություն չընդունելը նյարդ էր առաջացնում։

Լիբանանցի լրագրող և միջազայնագետ Վիգէն Չըթըրեանի կարծիքով՝ այս քաղաքական շրջադարձը գին ունի, ու այդ գինը Հոլոքստի բացառիկությունից հրաժարվելն է։ «Agos»-ում հրապարակված հոդվածում, որը թարգմանաբար ներկայացնում է Mediamax-ը, Չըթըրեանը գրում է․ «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելը հրաժարվում է «Հոլոքոստի բացառիկության» քաղաքականությունից, և երկարաժամկետ հեռանկարում դրա հետեւանքներն անհայտ են»։ Հոդվածը վերնագրված է«Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի հայերի հետ»։ Ըստ հեղինակի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչված է ծառայելու որպես զենք՝ ընդդեմ Թուրքիայի՝ նրանց (Թուրքիայի և Իսրայելի) հարաբերությունների վատթարացման պայմաններում։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նկատում է՝ Իսրայելը միակը չէ․ շատ են երկրները, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել են հենց Թուրքիայի հետ լարված հարաբերությունների փուլում․ օրինակ՝ Գերմանիան։ Վարչապետի «զենքայնացման» փոխարեն նա գործածում է «գործիք» բառը։ Ասում է՝ Ցեղասպանությունը ուժեղ գործիք է, որը կա՝ մեզնից անկախ։ «Բայց դա մեր թեման է։ Եթե քեզ է վերաբերում, պիտի ինչ–որ կերպ մտնես դրա մեջ»։ Ըստ Մանուկյանի՝ «ավելի պատեհ պատասխանը պիտի լիներ շնորհակալությունը, որ Իսրայելը ի վերջո ընդունեց պատմական ճշմարտությունը»։

«Առավոտ»-ն ու Factor TV-ին հիշել էին Իսրայելում «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Արտյոմ Չերնոմորյանին․ որն «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիրն է և Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Factor.am-ի հետ զրույցում Չերնոմորյանը մեր՝ հայերիս ականջին անսովոր մի բան է ասում․ «Այսօր Իսրայելը իր վրա է վերցնում Հայաստանին մասնակիորեն Թուրքիայից անվտանգության բարձիկներ ստեղծելու հարցը, ուղղակի հիմա հարց է՝ Հայաստանում սա հասկանո՞ւմ են, թե՞ չէ»։

«Առավոտ»-ի հետ զրույցում իսրայելաբնակ զրուցակիցը ավելի կոնկրետ է։ Լրագրողի հարցին՝ «Այսինքն՝ սա ավելի շատ Թուրքիայի դեմ ուղղված ձեւական քա՞յլ է»,–պատասխանում է․ «Սա քաղաքական ապտակ է Թուրքիային, այդքան բան»։

5-րդ ալիքի «Հայլուրը» կապ է տեսնում TRIPP–ի ու Իսրայելի կողմից Ցեղասպանությունն ընդունելու միջև։ Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն ասում է՝ Իսրայելն ուզում է սիրաշահել հայերի սիրտը, հետո իսրայելական ընկերություններին բերել ու TRIPP–ի շինարարությանը մասնակից դարձնել։

Ինչ է սպասվում Իսրայելի կառավարության ընդունած նախագծին, կդառնա՞ այն բանաձև՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ հայտնի չէ։ Իսրայելն ունի խորհրդարանական կառավարման համակարգ, ու թեպետ նախագիծը արժանացել է կառավարության հավանությանը, այն վերջնական հաստատում պետք է ստանա Քնեսեթում, ե՞րբ՝ պարզ չէ։ Կա, սակայն, նախադեպային պատմություն․ առաջին անգամ չէ, որ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի օրենսդիր կամ գործադիր մարմիններում դառնում է քննարկման առարկա։ Որպես կանոն՝ դա եղել է Թուրքիայի հետ լարված հարաբերությունների արդյունքում, և ոչ մի անգամ գործընթացը ավարտին չի հասցվել։ Ինչո՞ւ․ պատասխանը փորձել է գտնել Civilnet.am–ի Գեորգի Միրզաբեկյանը՝ «Ինչու է Իսրայելը կրկին հիշել Հայոց ցեղասպանությունը» հոդվածով։