Մի քանի օր առաջ առաջատար հայկական լրատվամիջոցներից մեկն ընտանեկան բռնության դեպքի մասին նյութ հրապարակեց՝ «Ծեծ՝ խանդի՞ պատճառով…» վերնագրով։
Շուտով նույն ձևակերպումը տարածվեց այլ լրատվամիջոցներում։ Հանրային արձագանքից հետո վերնագիրը կայքում փոխվեց, բայց Յություբում այն մնաց նույնը։
Այս դեպքը կրկին հիշեցրեց, թե ինչու է գենդերազգայուն լրագրության մասին քննարկումն այսօր շարունակում մնալ հրատապ։
Եվ պատճառը միայն ընթերցողը չէ. այսօր այդ լեզվից սովորում են նաև ԱԲ համակարգերը։
Երբ «խանդը» դառնում է գլխավոր հերոսը
«Խանդի հողի վրա» կամ «աղջիկն այդքան էլ չի փայլել վարքով»՝ այսպիսի ձևակերպումները տարիներ շարունակ վերարտադրել են գենդերային կարծրատիպերը հայաստանյան մեդիայում։
Թեև այս օրինակները տարբեր իրավիճակների են վերաբերում, բայց երկուսն էլ ուշադրությունը շեղում են էականից։
Խնդիրը «խանդ» բառը չէ։ Խնդիրն այն է, որ այդ բառը փոխում է պատմության առանցքը։
Երբ բռնությունը ներկայացվում է որպես «խանդի հետևանք» կամ «կրքից դրդված» արարք, ապա հանցագործությունը մղվում է երկրորդ պլան, և առաջին պլան է գալիս ենթադրյալ զգացմունքը։
Նույն կերպ, երբ սեռական բռնության կամ այլ գենդերային բռնության մասին նյութերում շեշտադրվում է, որ «աղջիկն այդքան էլ չի փայլել վարքով», ուշադրությունը շեղվում է բռնարարից և տեղափոխվում զոհի վարքի վրա։
Այսպիսի ձևակերպումները ոչ միայն մեղմացնում են բռնարարի պատասխանատվությունը, այլև գործի են դնում զոհին մեղադրելու (victim-blaming) վնասակար մեխանիզմը:
Արդյունքում ստվերում է մնում այն հանգամանքը, որ գենդերային բռնությունը հիմնականում հայրիշխանության, վերահսկողության և անհավասար հարաբերությունների մասին է, և ոչ թե անհատական զգացմունքների։
Օրերս «Կանանց օրակարգի» կազմակերպած աշխատարանի շրջանակում լրագրողների հետ նման նյութեր էինք վերլուծում։
Գրեթե բոլոր խմբերը հանգեցին նույն եզրակացությանը՝ «խանդի հողի վրա» արտահայտությունը արդարացնում էր բռնարարի վարքը, իսկ սեռական բռնության մասին նյութերում զոհի հագուստի կամ վարքի շեշտադրումը կրկնակի զոհացման վտանգ ստեղծում։
Ի դեպ, կարծրատիպային լեզուն հանդիպում էր ոչ միայն բռնության մասին նյութերում։ Նույնիսկ հաջողակ կանանց մասին հրապարակումները հաճախ ներկայացվում էին «խոհանոցից մինչև նախարարական աթոռ» տիպի վերնագրերով։
Այդպիսի ձևակերպումներն ուշադրությունը շեղում են կնոջ մասնագիտական ձեռքբերումներից և դրանք ներկայացնում որպես բացառություն, ոչ թե բնական երևույթ։
Հենց այդ պատճառով գենդերազգայուն լրագրությունը միայն բառապաշարի մասին չէ։ Այն պատասխանատու խմբագրական ընտրության մասին է, որի հիմքում «մի՛ վնասիր» սկզբունքն է։
Իսկ ի՞նչ է ԱԲ-ն սովորում մեզանից
Վերջին շրջանում լրագրողների և ուսանողների հետ աշխատելիս նկատում եմ, որ ԱԲ-ի մասին քննարկումները հիմնականում պտտվում են մեկ հարցի շուրջ՝ ինչպես ճիշտ օգտագործել այն լրագրության մեջ։
Շատ ավելի քիչ ենք խոսում այն մասին, թե ինչ է համակարգը սովորում մեզանից։
ԱԲ-ն չի կարող բարոյական դատողություններ անել։ Այն չի տարբերում պատասխանատու լրագրությունը սենսացիոնալիզմից. պարզապես սովորում է օրինաչափություններից։
Ինչպես նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), եթե ուսուցման տվյալներում կան կողմնակալություններ, ապա լեզվական մոդելները դրանք սովորաբար չեն ուղղում։
Պատահական չէ, որ որոշ հետազոտողներ օգտագործում են «թվային թութակներ» (digital parrots) փոխաբերությունը, քանի որ ԱԲ մոդելները հիանալի վերարտադրում են լեզվական օրինաչափությունները, բայց չեն հասկանում լեզվի իմաստը։
Տեսողական կարծրատիպեր
Նույն օրինաչափությունը տեսանելի է նաև պատկերների դեպքում։ Փորձեք լուսանկար ստեղծելու հրահանգ տալ ԱԲ որևէ գործիքի՝ տալով «բժիշկ», «իրավաբան» կամ «ընկերության տնօրեն» հարցումները։ Շատ դեպքերում կտեսնեք տղամարդկանց պատկերներ։
Իհարկե, նույն հարցումը տարբեր գործիքներում տարբեր արդյունք կարող է տալ, բայց ընդհանուր օրինաչափությունը հաճախ նույնն է։
Սա ևս մեկ հիշեցում է, որ լրագրողական ընտրությունը վերաբերում է ոչ միայն բառերին, այլև նկարներին։ Իսկ թվային միջավայրում այդ ընտրությունը չի անհետանում նյութի հրապարակումից հետո։
Երբ վերնագիրն ավելի երկար է ապրում, քան նորությունը
Այսօր վերնագիրը կարող է փոխվել կայքում, բայց շարունակել ապրել Յություբում, վերահրապարակումներում և որոնողական համակարգերում, որտեղ այն կարող է դառնալ լեզվական մոդելների ուսուցման տվյալ։
Այդպես խմբագրական մեկ որոշումը սկսում է ապրել շատ ավելի երկար, քան պատկերացնում ենք։
Հենց այստեղ է պարզ դառնում, որ այս պատմությունն իրականում ոչ այնքան տեխնոլոգիայի մասին է, որքան լրագրության։
Լրագրությունը մշտապես վերանայում է ինքն իրեն։ Այն, ինչ տասնհինգ տարի առաջ սովորական էր թվում, այսօր կարող է այլևս չհամապատասխանել մասնագիտական չափանիշներին։
Սա ոչ թե մեղավորներ փնտրելու, այլ մասնագիտական աճի մասին է։ Գուցե հենց այդ պատճառով էլ ԱԲ-ն մեզ ստիպում է նոր աչքով նայել մեր մասնագիտությանը։
Ոչ թե ավելի քիչ ԱԲ, այլ ավելի լավ լրագրություն
Հաճախ ենք քննարկում՝ արդյոք ԱԲ-ն կփոխարինի՞ լրագրողին։ Ինձ թվում է՝ ավելի կարևոր հարց կա՝ ի՞նչ լրագրությունից է սնվում ԱԲ-ն։
Արհեստական բանականությունը կարող է վստահ պատասխանել նույնիսկ այն ժամանակ, երբ սխալվում է։ Այն չի կասկածում։ Իսկ մեր՝ լրագրողներիս աշխատանքը հենց կասկածի տակ դնելն է՝ նյութի վերնագիրը, ձևակերպումները և նույնիսկ սեփական կանխակալ պատկերացումները։
Հետևաբար, գենդերազգայուն լեզուն ոչ միայն էթիկայի կամ քաղաքական կոռեկտության հարց է, այլև պատասխանատու լրագրության կարևոր չափանիշ։
Եթե մենք շարունակում ենք գրել «խանդի հողի վրա», ապա ԱԲ-ն վաղ թե ուշ կվերարտադրի նույն ձևակերպումը։ Եվ ոչ թե որովհետև այդպես է որոշել, այլ որովհետև այդպես ենք սովորեցրել։