Վարչական դատարանը բավարարել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հայցը և ոչ իրավաչափ է ճանաչել Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի ղեկավարի որոշումը նրա հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ: Արձանագրվել է, որ Ազգային ժողովը ընթացակարգի խախտմամբ է դադարեցրել լրագրողի հավատարմագրումը՝ չլսելով նրա դիրքորոշումը:
Ազգային ժողովի աշխատակազմը լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ-ում հավատարմագրել է 2023թ. մարտի 22-ին։ 2023թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ աշխատակազմը նրան նախազգուշացրել է, որ խախտել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և անվտանգության կանոնները։ Ըստ ԱԺ-ի՝ լրագրողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկության վայրից դեպի նիստերի դահլիճ տանող հատվածում մոտեցել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին և փորձել հարցեր ուղղել նրան։
Նախազգուշացումից օրեր անց՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ստորագրությամբ Քնար Մանուկյանը ստացել է գրություն իր հավատարմագրումը դադարեցնելու մասին, ինչն էլ բողոքարկվել է լրագրողի կողմից։
Այս և լրագրողական աշխատանքի մասին Media.am-ը զրուցել է Քնար Մանուկյանի հետ։
Վարչական դատարանը բավարարել է Ձեր հայցը և ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշումը՝ հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ: Նշանակո՞ւմ է սա, որ վերականգնելու են հավատարմագրումը։
Ցավոք՝ ոչ։ Հավատարմագրումը չի վերականգնվի, քանի որ դրա ժամկետն արդեն ավարտվել է։ Երբ անցած տարվա դեկտեմբերին ինձ զրկեցին հավատարմագրումից, ամբողջ ամիս փաստացի զրկված էի Ազգային ժողովում իմ մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորությունից։
Հաջորդ հավատարմագրման շրջանում կրկին դիմեցի, կրկին ստացա հավատարմագրում, սակայն, այս անգամ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բողոք ներկայացրեց իմ դեմ՝ պատճառաբանելով, որ իրեն անցանկալի հարցեր եմ տվել անթուլատրելի վայրում և եթե ինքը չի ցանկանում պատասխանել իմ հարցերին, ես իրավունք չունեմ այդ թեմայով հոդված գրել։ Նրա դիմումը բավարարվեց, և երկրորդ անգամ ինձ զրկեցին Ազգային ժողով մուտք գործելու իրավունքից։
Այսինքն՝ դատարանը հաստատեց, որ առաջին որոշումն ապօրինի էր, սակայն այդ ապօրինության հետևանքներն արդեն վերացնել հնարավոր չէ, քանի որ ժամանակն անցել է։ Բայց այս որոշումը կարևոր նախադեպ է. դատարանը փաստեց, որ իշխանությունը խախտել է օրենքը։
Արձանագրվել է նաև, որ Ազգային ժողովը ընթացակարգի խախտմամբ է դադարեցրել լրագրողի հավատարմագրումը՝ չլսելով նրա դիրքորոշումը: Ինչո՞վ է կարևոր այս արձանագրումը։
Ինձ համար վաղուց ակնհայտ էր, որ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ ոչ թե իրավական, այլ քաղաքական կամայական որոշման արդյունքում։ Դատարանն էլ արձանագրեց, որ խախտվել է օրենքով սահմանված ընթացակարգը․ ինձ չեն լսել, հնարավորություն չեն տվել ներկայացնելու իմ բացատրությունները։
Լրագրողի աշխատանքում լինում են իրավիճակներ, երբ պետք է առաջնորդվել բացառապես հանրային շահով, այլ ոչ թե պաշտոնյաների սահմանած ներքին կանոններով։ Եթե Ալեն Սիմոնյանը որոշել է, որ լրագրողը այս կամ այն գծից այն կողմ չպետք է քայլի, դա դեռ չի նշանակում, որ այդ սահմանափակումը օրինական է։
Ես իմ հարցերն ուղղում էի ՔՊ խմբակցության քարտուղարին, որը բառացիորեն վազելով հեռանում էր լրագրողներից։ Ի՞նչ պետք է անեի որպես լրագրող։ Բնականաբար, քայլել եմ նրա հետ այնքան ժամանակ, մինչև հնարավորություն լիներ հարցս տալու։ Ընդ որում՝ իմ հարցերում երբեք չի եղել վիրավորանք կամ անհարգալից վերաբերմունք։
Հույս ունեմ, որ այս դատական որոշումից հետո գոնե կսկսեն լսել լրագրողի դիրքորոշումը մինչև նման որոշումներ կայացնելը։ Թեև, անկեղծ ասած, վստահ չեմ, որ քաղաքական վերաբերմունքը կփոխվի։
Ճի՞շտ եմ հասկանում եմ, որ Դուք տեղի ունեցածը գնահատում եք որպես քայլ անձամբ Ձեր դեմ, թերթի դեմ։
Կարծում եմ՝ սա միաժամանակ ուղղված էր և՛ իմ դեմ, և՛ այն լրատվամիջոցի դեմ, որը ներկայացնում եմ։ Ես պարզապես առանձին լրագրող չեմ։ Ես ներկայացնում եմ շուրջ 15 տարի գործող «Ժողովուրդ» օրաթերթն ու ArmLur.am-ը։
Սա փորձ էր լռեցնելու մեր խմբագրությանը, որպեսզի այլևս անհարմար հարցեր չհնչեն իշխանության հասցեին։ Նպատակն այն էր, որ պաշտոնյաները կարողանան ասել այն, ինչ ցանկանում են՝ առանց պատասխանատվության ենթարկվելու լրագրողների ուղիղ հարցերի առաջ և առանց հանրային պատասխանատվության:
Խնդիրը մեկ լրագրողի անձը չէր։ Խնդիրը լրատվամիջոցն էր, որը հետևողականորեն վերահսկում է իշխանության գործունեությունը և չի հրաժարվում դժվար հարցեր տալուց։
Դիտարկենք հարցը մեկ այլ կողմից։ Շատերը չեն հասկանում, թե օրինակ մեկ-երկու լրագրողի ԱԺ մուտքը սահմանափակելով ինչ խնդիր կարող է լուծել իշխանությունը։ Իսկապես, եթե այդ տրամաբանությամբ նայենք, դա ի՞նչ է իրենց տալու։ Դուք մեկ է՝ շարունակում եք գործել, հոդվածներ պատրաստել։
Այո՛, մենք շարունակում ենք գրել, հրապարակել քննադատական հոդվածներ և բացահայտումներ անել։ Բայց կա մի շատ կարևոր տարբերություն. նրանք այլևս չեն առերեսվում մեր ուղիղ հարցերին։
Իշխանության համար ամենաանհարմար պահը հրապարակված հոդվածը չէ։ Ամենաանհարմար պահն այն է, երբ պաշտոնյան տեսախցիկների առաջ կանգնած ստիպված է պատասխանել այն հարցերին, որոնցից ցանկանում է խուսափել։
Օրինակ՝ ես հնարավորություն ունեի հարց ուղղել Արթուր Հովհաննիյանին նրա անցյալի աղմկահարույց պատմության մասին, երբ նրա մոտ թմրանյութ էր հայտնաբերվել։ Չպարզե՞նք արդյո՞ք հաղթահարել է այդ խնդիրը, ե՞րբ, և արդյո՞ք այսօր, որպես օրենսդիր, կարող է վստահեցնել հանրությանը, որ լիարժեք պատասխանատվությամբ է օրենքներ ընդունում, որոնք վերաբերում են Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Երբվանից էլ չի օգտագործում թմրանյութ:
Հենց նման հարցերից էլ նրանք խուսափում են։ Եվ պատահական չէ, որ հենց Արթուր Հովհաննիսյան-Հայկ Կոնջորյան դիմումի հիման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը երկրորդ անգամ դադարեցրեց իմ հավատարմագրումը։ Իրական նպատակը մեկն էր՝ հեռացնել այն լրագրողին, որը շարունակում էր անհարմար հարցեր տալ։
Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր ԱԺ լրագրողների աշխատանքը այս պահին։ Գուցե խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների վարքը, ինչպես նշում են շատերը, վերանայման կարիք ունի՞։ Ասում են, որ լրագրողները ԱԺ-ում իրենց պահում են ոչ էթիկապես ճիշտ ու դրա համար էլ ստանում են պատասխան։
Ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, լրագրողների շրջանում նույնպես կան և՛ բարեխիղճ, և՛ ոչ այնքան բարեխիղճ մարդիկ։ Բայց մարդկանց պետք է գնահատել իրենց կոնկրետ գործողություններով, ոչ թե ընդհանրական պիտակավորումներով։ Հենց այդպես էլ վարվեց դատարանը։
Եթե լրագրողին իր մասնագիտական պարտականությունը կատարելու՝ հարց տալու համար զրկում են հավատարմագրումից, դա իրավական պետության համար անթույլատրելի երևույթ է։ Դատարանը հենց դա էլ արձանագրեց։
Սակայն ցավալին այն է, որ այդ ապօրինության համար որևէ հետևանք չկա։ Ստացվում է, որ ապօրինի որոշում կայացնող պաշտոնյաները շարունակում են անպատիժ աշխատել։ Խոսքը վերաբերում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, իսկ ամբողջ գործընթացի քաղաքական պատասխանատվությունը կրում են նաև Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը և այս որոշումների կայացման մեջ ներգրավված մյուս պաշտոնյաները։ Իրավական պետությունում դատարանի կողմից ապօրինություն արձանագրելը պետք է ունենա նաև քաղաքական և ծառայողական հետևանքներ։
Հակառակ դեպքում ստացվում է, որ պաշտոնյան կարող է խախտել օրենքը, դատարանում պարտվել, բայց շարունակել աշխատել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Դա արդեն վտանգավոր նախադեպ է ոչ միայն լրագրողների, այլև ամբողջ հասարակության համար։