Հունիսի 15-ին Armat media կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե պղպեղով բեռնված բեռնատարը Ուկրաինայի սահմանից հետ է ուղարկվել Հայաստան՝ արտադրանքի մեջ վտանգավոր վնասատու միջատի՝ թրիփսի հայտնաբերման պատճառով։
Տեսանյութը ֆեյսբուքում հավաքել է 386 հազար դիտում, և տարածվել այլ էջերի և օգտատերերի կողմից ( 1 2 3 )։ Բեռի վերադարձման լուրը հունիսի 16-ին հայտնվել էր նաև «ArmComedy» քաղաքական-երգիծական հաղորդման մեջ։ Հաղորդավարները, սակայն, հաջորդ թողարկմանը հերքել էին տեղեկությունը՝ առանց նշելու հերքման աղբյուրը։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) լուրի տարածման օրը այն իրականությանը չհամապատասխանող էր անվանել։
«Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից»,- գրել էր ՍԱՏՄ-ն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պղպեղի արտադրությամբ զբաղվող «ՌոքԲերի» ընկերության սեփականատերը, որին դիմելու կոչ էր արել Armat media-ի ներկայացուցիչը, նշել էր, որ իրենք վերադարձված բեռներ չունեն՝ հավելելով, որ մի քանի մեքենաներ արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում, իսկ մյուսները ճանապարհին են։
Հերքում է նաև Ուկրաինան
«Ստուգված է»-ն գրավոր հարցումով դիմել էր Ուկրաինայի մաքսային ծառայությանը՝ պարզելու, թե 2026 թվականի հունիսին Հայաստանից ուղարկված բեռների, մասնավորապես՝ պղպեղի մուտքի մերժման դեպքեր եղե՞լ են։
Հունիսի 23-ին Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը պատասխանեց, որ, ըստ իրենց տվյալների, հունիսի 1-22-ը Հայաստանից ծագող գյուղատնտեսական արտադրանքի մուտքի մերժման որևէ դեպք չի արձանագրվել․
«Ըստ Ուկրաինայի մաքսային մարմինների էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների գործունեությունն ապահովող համակարգերում առկա տվյալների՝ 01.06.2026-ից մինչև 22.06.2026թթ․ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ծագման գյուղատնտեսական արտադրանքի (մասնավորապես՝ պղպեղի)՝ Ուկրաինայի մաքսային սահմանով բացթողնումը մերժելու դեպքերը բացակայում են»,- պատասխանել է ուկրաինական ծառայությունը։

Էկրանապատկերը՝ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության պաշտոնական պատասխանից
Ինչպիսի՞ն է պատկերը Ուկրաինայի հետ առևտրում
Իբրև հետ ուղարկված բեռնատարի լուրը տարածվեց Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառված սահմանափակումների ֆոնին։
Կառավարությունը, շարունակելով դիվերսիֆիկացման քաղաքականությունը, հունիսի 4-ին որոշեց պետական փոխհատուցում տրամադրել ջերմատնային պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին՝ մեկ շուկայից կախվածությունը նվազեցնելու և հայկական ապրանքները միջազգային շուկայում դիրքավորելու համար։
Ուկրաինան Հայաստանի արտահանման ուղություններից մեկն է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Ուկրաինա արտահանման ծավալները կազմել են 2,959.700 դոլար, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում այն նվազել է՝ հասնելով 2,804.900 դոլարի։

Էկրանապատկերը՝ Armstat.am-ից
Իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ Ուկրաինայի բաժինը այս և նախորդ տարվա առաջին 4 ամիսներին մնացել է անփոփոխ՝ կազմելով ընդամենը 0.1%։

Էկրանապատկերը՝ Armstat.am-ից
Չնայած 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման ծավալների որոշակի նվազում, հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական շուկա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը։ Նույն ժամանակահատվածում մեկնարկել է նաև հայկական ծիրանի արտահանումը, և առաջին մատակարարումներն իրականացվել են հենց Ուկրաինա ու Վրաստան։