Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ «որակական անհամապատասխանության պատճառով»:
Հայաստանը միակ երկիրը չէ, որի հետ քաղաքական լարվածության ֆոնին ռուսական կողմը խստացնում է տնտեսական վերահսկողությունը և սահմանափակումներ կիրառում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե երբ, ինչու և որ երկրներն են հայտնվել նման սահմանափակումների տակ։
Հայաստան
Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման վրա։
Հունիսի 3-ից արգելվել է նաև Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։
Ավելի վաղ արգելվել էր նաև մի շարք ընկերությունների ձկնամթերքի ու «Ջերմուկ» հանքային ջրի արտահանումը։
Սահմանափակումներին զուգահեռ մայիսի 26-ին ԵԱՏՄ առաջնորդները համատեղ կոչ արեցին (արխ․) Հայաստանին սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։
Վրաստան
Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվեցին 2004-2006 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման օրոք, որը երկիրը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ջատագովներից էր։ Վրաստանի քաղաքականությունը հանգեցրեց Ռուսաստանի կողմից կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը դեռևս 2008թ. պատերազմից առաջ։
2006թ.-ին Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», արգելեց վրացական գինիների, հանքային ջուր «Բորժոմիի» և գյուղմթերքի ներմուծումը՝ որակի անհամապատասխանության պատճառաբանությամբ։
Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական տեսուչ Գենադի Օնիշչենկոն ասել էր, որ գինիները պարունակում են թունաքիմիկատների և ծանր մետաղների չափազանց բարձր մակարդակներ։
Սահմանափակման պատճառով, ըստ Reuters-ի, Վրաստանի գինու արտահանումը 2005 թվականի 81.4 միլիոն դոլարից կտրուկ անկում ապրեց մինչև 29.2 միլիոն դոլար (երկու տարում)։
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը 2006 թվականին գրել էր, որ այս սահմանափակումների պատճառը կարող է լինել այն, որ Վրաստանը չի աջակցել Ռուսաստանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու դիմումին։
2006-ին վրացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այս քայլը մեկնաբանել էին որպես քաղաքականապես մոտիվացված և Վրաստանին պատժելու միջոց։
Այս ապրանքները սկսեցին վերադառնալ ռուսական շուկա միայն 2013 թվականին։ Սկզբում թույլատրվում էր ներմուծել վրացական գինի և հանքային ջուր, ապա՝ մյուս ապրանքները։ Հարաբերությունները լավացան, երբ Բիձինա Իվանիշվիլին դարձավ Վրաստանի վարչապետ։
Ռուս-վրացական հարաբերությունները հերթական անգամ սրվեցին 2019 թվականին։ Պատճառն այն էր, որ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը և նիստը շարունակել ռուսերեն։ Սա հակակառավարական և հակառուսական բողոքի զանգվածային ցույցերի առիթ էր դարձել Վրաստանում։
Հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև ավիաչվերթները դադարեցնելու հրամանագիր ստորագրեց (արխ․)։ Կրեմլը դա պատճառաբանեց ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նկատառումներով, քանի որ Թբիլիսիում ընթանում էին բախումներով ուղեկցվող ցույցեր։
Մոլդովա
Մոլդովական ապրանքների վրա սկսեցին արգելքներ դրվել դեռևս 2005 թվականին․ Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց մսի, բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա։
Հաջորդ տարի էլ կասեցվեց գինիների ներկրումը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ լաբորատոր ստուգումների արդյունքում մոլդովական գինիների մեջ հայտնաբերվել են առողջության համար վտանգավոր նյութեր։
Ռուսական պետական TASS գործակալության փոխանցմամբ՝ նախքան արգելքը մոլդովական գինիները կազմում էին ռուսական շուկայի 60%-ը:
2006 թվականի նոյեմբերին Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն մոլդովական ապրանքների մատակարարումը վերսկսելու շուրջ։ Մոլդովայի նախագահը ներդրեց արտահանվող գինու որակի վերահսկողության նոր մեխանիզմ: 2007 թվականին մոլդովական ալկոհոլային խմիչքները վերադարձան ռուսական շուկա։
Մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը Մոլդովան ռուսական գազ էր ստանում 80 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար, սակայն հաջորդ տարվա հունվարի 1-ին «Գազպրոմը» հայտարարեց գնի կրկնակի բարձրացման մասին: Քիշնևը չընդունեց նոր պայմանները, և «Գազպրոմը» հունվարի 1-ին դադարեցրեց գազի մատակարարումը Մոլդովա:
2006 թվականի դեկտեմբերին «Գազպրոմը» և «Մոլդովագազը» նոր պայմանագիր կնքեցին: 2007 թվականին Մոլդովայի համար ռուսական վառելիքի գինը կազմել է 170 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար:
2010-ին Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միհայ Գիմպուն Խորհրդային օկուպացիայի օր հռչակելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստաթուղթը անվանել էր «սրբապղծություն և պատմության աղավաղում»։
Ավելի ուշ ռուս մասնագետները բողոքներ էին ներկայացրել մոլդովական գինու որակի վերաբերյալ։ Գլխավոր սանիտարական բժիշկը եզրակացրել էր, որ գինիները խմելու համար պիտանի չեն։ Ռուսաստանի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել ներմուծման լիակատար արգելքի վերաբերյալ:
Նախագահի պաշտոնակատարի որոշումն ավելի ուշ հակասահմանադրական ճանաչվեց։
Մոլդովայից գինու ներմուծման վրա արգելք դրվեց նաև 2013 թվականին, այն տարում, երբ վերականգնվում էր Վրաստանից գինու ներկրումը։ Պատճառը որակի հետ կապված մտահոգություններն էին։
«Ռոսպոտրեբնադզորի» բողոքները սկսվեցին Մոլդովայի կողմից 2013 թվականին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրումից կարճ ժամանակ առաջ։
Նույն տարում «Գազպրոմը» նաև կրճատեց Մոլդովային մատակարարվող գազի ծավալները շուրջ 30%-ով։
Սա հաջորդեց Մոլդովայի արևմտամետ առաջնորդի՝ Մայա Սանդուի՝ նախագահ ընտրվելուն։ Դա ընկալվում էր որպես Քիշնևի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելու փորձ:
Ուկրաինա
Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2005 թվականին՝ Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխության» հաղթանակից և արևմտամետ կառավարության ձևավորումից հետո։
Արդեն հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինա՝ գնային տարաձայնությունների պատճառով․ «Գազպրոմը» մտադիր էր հազար խորանարդ մետր գազի սակագինը 50 դոլարից բարձրացնել մինչև 230 դոլար, ինչն ուկրաինական կողմը մերժեց։
Թեև հունվարի 4-ին կողմերի միջև ստորագրվեց հնգամյա պայմանագիր, որով Ուկրաինայի համար սահմանվեց միջանկյալ՝ 95 դոլար սակագինը, սակայն սա միայն հետաձգեց խնդիրը։ 2009 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանը կրկին կասեցրեց գազի մատակարարումը՝ այս անգամ կուտակված պարտքերի չվճարման հիմնավորմամբ։
Հունվարի 7-ին դադարեցվեցին նաև Ուկրաինայով դեպի Եվրոպա անցնող ռուսական գազի բոլոր հոսքերը։ Ճգնաժամն ավարտվեց հունվարի 19-ին Մոսկվայում Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև 10-ամյա գազային պայմանագրի ստորագրմամբ։
2006 թ. հունվարի 18-ին «Ռոսսելխոզնադզորը» նաև հայտարարել էր, որ ժամանակավոր սահմանափակումներ է մտցնելու Ուկրաինայից Ռուսաստան «բոլոր տեսակի կենդանական ծագման արտադրանքի» ներմուծման վրա։ Պատճատը՝ սանիտարական նորմերի ենթադրյալ խախտումներն էին։
Առևտրային էմբարգո
ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը 2013-ի օգոստոսի 14-ին ուկրաինական բոլոր արտահանողներին ներառեց «ռիսկային խմբի» ցուցակում։ Ռուսական մաքսատներում ուկրաինական բեռների տևական զննումներ սկսվեցին, ինչը փաստացի կաթվածահար արեց երկու երկրների առևտուրը։ Այս սահմանափակումը կիրառվեց Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, որը նախատեսվում էր աշնանը։
2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց Ուկրաինայից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել, որն ուժի մեջ էր մտնելու, եթե պաշտոնական Կիևը իմպլեմենտացներ ԵՄ-ի հետ ստորագրած Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։ 2016 թվականից սահմանափակումները սկսեցին գործել։
2015-ի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով պաշտոնապես կասեցրեց Ուկրաինայի հետ ԱՊՀ Ազատ առևտրի գոտու պայմանագիրը։
Ֆինլանդիա
2022 թվականին ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումից հետո կտրուկ վատացան Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերությունները։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը մայիսի 12-ին հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին։
Մայիսի 13-ին Ֆինլանդիայի էլեկտրական ցանցը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ վճարումների հետ կապված դժվարությունների պատճառով։ Նշվում էր, որ Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիան կազմել է Ֆինլանդիայի ընդհանուր սպառման մոտ 10 տոկոսը։
Մայիսի 21-ին արդեն «Գազպրոմը» լիովին դադարեցրեց գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառաբանությամբ։
Էկվադոր
2024թ. հունվարին Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտարարեց, որ պատրաստվում է ԱՄՆ-ին փոխանցել հին խորհրդային/ռուսական արտադրության ռազմական տեխնիկան: Հարավամերիկյան երկիրը պատրաստվում էր փոխանցել ուղղաթիռներ, բազմակի հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգ և այլն։ Փոխարենը Վաշինգտոնը խոստացել էր Էկվադորին տրամադրել 200 միլիոն դոլարի արժողությամբ ժամանակակից ամերիկյան սպառազինություն՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ն չէր թաքցնում, որ այդ խորհրդային տեխնիկան հետագայում ուղարկվելու է Ուկրաինա։
Փետրվարի սկզբին Ռուսաստանը կասեցրեց էկվադորյան բանան արտահանող 5 խոշորագույն ընկերությունների արտոնագրերը՝ պնդելով, թե արտադրանքի մեջ հայտնաբերվել է «սապրոտրոֆ ճանճ»։
Արդյունքում, տնտեսական կոլապսից խուսափելու համար Էկվադորի կառավարությունը ստիպված եղավ տեղի տալ։ Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ չի ուղարկի ռազմական տեխնիկան ԱՄՆ, քանի որ իմացել է, որ այն օգտագործվելու է զինված հակամարտությունում։