2023թ․-ի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո արցախցի լրագրողների համար մարտահրավեր էր ոչ միայն մասնագիտական վերականգնումն ու աշխատանքը շարունակելը, այլև սեփական ապրումների ու աշխատանքի մեջ հավասարակշռություն գտնելը։ Նրանք միաժամանակ և՛ փաստագրում էին տեղի ունեցածը, և՛ ապրում դրա հետևանքները։
Տաթևիկ Խաչատրյանին ճակատագիրն ինքը տարավ դեպի լրագրություն։ Ի սկզբանե նպատակ ուներ իրավապաշտպան դառնալու և կանանց ու երեխաների իրավունքները պաշտպանելու։ Բայց համալսարանի ընդունելության քննության արդյունքները փոխեցին ծրագրերը, և Տաթևիկը շարունակեց հայրիկի ճանապարհը, ով Արցախի հանրային ռադիոյի ստեղծման ակունքներում էր կանգնած։ Շրջափակման օրերին Տաթևիկը Արցախի հանրային ռադիոյում սկսեց վարել «Մայրիկների անկյուն» հաղորդումը, ապա՝ ռադիոյի առավոտյան ծրագիրը։ Ռադիոյում Տաթևիկի աշխատանքն ընդհատվեց պատերազմով և տեղահանությամբ։
Սակայն լրագրողի աշխատանքի դժվարությունները միայն պատերազմի ու շրջափակման մեջ չէին։ Տաթևիկի խոսքով՝ սահմանափակվում էին նաև թեմաները, որոնց մասին «կարելի» էր խոսել։ Ափսոսանքով է հիշում, թե որքան շատ էին տաբու թեմաները Արցախում, որքան դժվար էր լրագրողի համար բաց խոսելը, և որքան էր դա խոչընդոտում որակյալ լրագրությանը։
«Շատ բաներ նույնիսկ Արցախի մասին՝ մեր մասին, ավելի շատ իմանում էինք հայաստանյան լրատվամիջոցներից, որոնք ավելի բաց էին խոսում խնդիրներից», – հիշում է նա։

Մարիամ Սարգսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։
Հենց այդ փորձն էլ հետագայում ձևավորեց պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի խոսելու ազատ տարածքը։ Դեռ Ստեփանակերտում նա և Մարիամ Սարգսյանը մտածում էին ստեղծել փոդքասթ, որտեղ հնարավոր կլիներ բարձրաձայնել այն թեմաները, որոնց համար հաճախ տեղ չէր լինում ավանդական մեդիայում։ Սակայն շրջափակումն ու մարդկանց հոգեբանական վիճակը թույլ չէին տալիս կյանքի կոչել այդ մտահղացումը։ Արդյունքում արցախյան բարբառով «Փոդքաթը» մեկնարկեց արդեն Հայաստանում՝ տեղահանումից հետո։
«Քաթ-քաթ, մի չուվալ ցաքաթ»․ Մարտունու և Հադրութի բարբառներում այսպես էին սկսում հեքիաթները։ «Քաթ» նշանակում է զրույց։ Այդպես էլ «փոդքասթ» բառից մի տառ «ընկավ», և այն դարձավ «Փոդքաթ»։
Տաթևը պատմում է, որ շատ արցախցիներ, որոնք նախկինում ծանոթ չէին այդ ժանրին կամ փոդքասթներ չէին լսում, այսօր փոդքասթն ուղղակի «փոդքաթ» են անվանում։

Տաթևիկ Խաչատրյան
«Մեր առաջին հաղորդման ժամանակ Մարիամին հարցրի՝ դու էստեղի երազներ տեսնո՞ւմ ես։ Ասեց՝ չէ։ Հետո պարզվեց, որ շատերի մոտ էր նույնը, պարզապես մարդիկ չէին խոսում դրա մասին։ Կարծում էին՝ միայն իրենց հետ է այդպես։ Բայց կան ապրումներ, որոնք միայն անհատական չեն․ տրավման կոլեկտիվ է»,- պատմում է Տաթևը։
«Փոդքաթը» հազարավոր արցախցիների միավորեց Տաթևի և Մարիամի յութուբյան հարթակում՝ ստեղծելով մի տարածք, որտեղ մարդիկ կիսում էին իրենց ցավը, ապրումներն ու զգացողությունները։ Սակայն հայաստանցիների կողմից էլ հետաքրքրությունը քիչ չէր, շատերը սկսեցին լսել արցախյան բարբառով փոդքասթը, իսկ ոմանք՝ հյուր գնալ Տաթևին ու Մարիամին և խոսել իրենց իսկ բարբառներով։