Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Լուսանկարում՝ Լաուրա Բաղդասարյանն է

«Ռեգիոն» կենտրոնը ներկայացրել է «Միշտ կապի մեջ Հայաստանը և 2026-ի ընտրությունները» հետազոտության արդյունքները։ Զեկույցն ուսումնասիրել է ֆեյսբուք սոցիալական ցանցում հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի տարածած բովանդակությունը, ինչպես նաև 5 ԶԼՄ-ներում նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունները: 

Քաղաքական բոլոր ուժերի ֆեյսբուքյան էջերում պաշտոնական քարոզարշավի ընթացքում գեներացվել է 4770 նյութ, լրատվամիջոցներում՝ (Առավոտ, ՍիվիլՆեթ, Factor TV, Ազատություն, Sputnik Արմենիա) 4656 նյութ, որոնք ուսումնասիրելով` կենտրոնը եկել է տարբեր եզրահանգումների։ Դրանց շուրջ էլ զրուցել ենք «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ։ 

Ի՞նչ խնդիր էիք դրել ձեր առաջ՝ հետազոտությունն իրականացնելիս։ 

Մենք ուզում էինք հասկանալ, թե քաղաքական ուժերի պաշտոնական էջերն ինչպես են իրենց դրսևորում ընտրությունների ժամանակ, ինչ ուղերձներ են հղում և արդյոք դրանք տարբերվո՞ւմ են այն ուղերձներից, որոնք այդ քաղաքական ուժերը հղում են դեմ առ դեմ հանդիպումների, հանրային բանավեճերի կամ լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ։ Հետևում էինք նաև, թե որպես ինչ են կիրառվում ֆեյսբուքյան հարթակներն ընտրությունների ժամանակ, օրինակ, որպես լսարանի հետ աշխատելու գործիք կիրառվո՞ւմ են։ ։ 

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա խնդիր ենք դրել հասկանալու, թե ընտրական գործընթացի առանձնահատկությունները, նախընտրական ուղերձներն իրենց լսարաններին ներկայացնելու համար ի՞նչ միջոցներ են օգտագործել, ովքե՞ր են խոսել, ո՞ւմ մասին և ինչպես են խոսել, ինչի մասին են խոսել այդ մեդիա հարթակներում։ Մեր հետազոտության առանցքը չի եղել հարցը, թե ո՞ւմ են ամենից շատ ձայն տվել ԶԼՄ-ները։

Հետազոտությունն անցկացրել ենք երեք փուլով։ 

Առաջինը՝ պաշտոնական քարոզարշավին նախորդած երկու շաբաթ (23.04-7.05, 2026), երբ հստակեցվեցին առաջադրված քաղուժերի անունները, հաստատվեցին նրանց նախընտրական ցուցակները։ Այդ փուլում հետազոտել ենք միայն ԶԼՄ հարթակները։ 

Երկրորդը՝ պաշտոնական քարոզարշավի փուլ (8.05-5.06, 2026), որի ընթացքում մեդիա հարթակներին զուգահեռ հետազոտել ենք նաև մասնակից քաղուժերի ֆեյսբուքյան պաշտոնական հարթակները։

Երրորդը՝ հետընտրական փուլ (8- 30.06, 2026), որի ընթացքում արվեցին առաջին հետընտրական հայտարարությունները և նախաձեռնվեց ընտրական արդյունքները ՍԴ-ում վիճարկելու գործընթացը։ Այս փուլում կատարել ենք ֆեյսբուքյան քաղաքական հարթակների և մեդիայի ընդհանուր ուրվագծային դիտարկումներ։ 

Ինչո՞ւ եք ուսումնասիրել միայն Ֆեյսբուքը։ 

Չնայած մասնակից քաղաքական ուժերը բացի Ֆեյսբուքից նախընտրական քարոզարշավի համար գործի են դրել իրենց մի քանի սոցցանցային հարթակները (Ինստագրամ, Յություբ, ՏիկՏոկ, X), բայց մենք, այո, հետազոտել ենք Ֆեյսբուքի քաղաքական հատվածը, մասնակից ուժերի պաշտոնական էջերը։

ՀՀ ընտրական գործընթացներում Ֆեյսբուքն օգտագործվում է 2012 թվականից։ Իհարկե, տարիներ առաջ, շատ կուսակցությունների համար ֆեյսբուքում ներկայությունը ֆորմալ բնույթի էր, նրանք ներկա էին այս սոցցանցում գլխավորապես ուրիշ ուժերի ներկայության պատճառով։ 2012 թ-ից հետո անցած ընտրական գործընթացների ընթացքում մեր հետազոտությունները, ձևավորված տվյալների շտեմարանները ցույց են տալիս, որ գնալով այդ ներկայությունն ու Ֆեյսբուքի էջերը որպես քարոզչամիջոց կիրառելն ավելի ու ավելի ոչ ֆորմալ է դառնում։ Եթե առաջ կային ուժեր, որոնք Ֆեյսբուքում ակտիվանում էին ընտրափուլից ընտրափուլ, ապա հիմա կան ուժեր, որոնք հետևողականորեն դա անում են շարունակաբար, արձագանքելով օրվա իրադարձությանն ու զարգացումներին։ Սա ակնհայտ դրսևորվեց նաև այս համապետական ընտրական փուլում, երբ Ֆեյսբուքյան քաղաքական հարթակները կատարում էին նախընտրական տեղեկատվության տարածման առաջնային միջոցի դեր։ Նույնիսկ այն ուժերի դեպքում, որոնք, ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժերի, ունեն նաև իրենց հետ (իրավաբանորեն, կամ ոչ իրավաբանորեն) կապված մեդիա ռեսուրսներ (ՀԸ-ներ, օնլայն ԶԼՄ-ներ)։ Կուսակցությունների համար սա շատ լավ հարթակ է․ իրենք են իրենց նախընտրական քարոզարշավի, քարոզչության «ճարտարապետը», իրենք են որոշում, թե ինչ տեղեկատվություն հրապարակել, ինչպես, որ պահին․․․ 

Եղել են քաղաքական ուժեր, որոնց ֆեյսբուքյան էջերում հրապարակված տեղեկատվության քանակը հասել է հայաստանյան միջին վիճակագրական ԶԼՄ-ի հրապարակումների քանակին։ Որոշ դեպքերում Ֆեյսբքուի քաղաքական հարթակները ծառայում էին որպես տեղեկատվության առաջնային աղբյուր նաև մի շարք ԶԼՄ-ների համար։ Օրինակ, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ սկանդալային դիպվածներով, վիրավորական, զրպարտչական, ոչ նորմատիվային ձևակերպումներով, վիճաբանությամբ տեսանյութերը, որոնք ԶԼՄ-ները «վերցրել են» քաղաքական ուժերի սոցցանցային էջերից։ Իհարկե, մրցավազքի ժամանակ Ֆեյսբուքում եղել են նաև անհամեմատ ավելի պասիվ քաղաքական էջեր, եղել են էջեր, որոնք կուսակցությունների առաջնորդները վարել են միանձնյա, առանց գործի դնելու կուսակցական պաշտոնական հարթակներն այս սոցցանցում (օրինակ, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը)։ 

Հիմնական միտքը, որ գեներացրել եք ձեր կատարած աշխատանքից ո՞րն է եղել։

Ուսումնասիրելով թե բոլոր քաղաքական ուժերի պաշտոնական ֆեյսբուքյան էջերը, թե 5 մեդիա հարթակները՝ կարող եմ ասել, որ հունիսի 7-ի ընտրությունները եղել են ոչ թե ընտրողին ծրագրեր, գաղափարներ, մոտեցումներ ներկայացնելու, այլ կոշտ հակաքարոզչության մասին։ Տպավորություն կար, թե տարբեր հանդիպումների ժամանակ մրցակից ուժերի հասցեին հնչեցվող, մեղմ ասած, խաչաձև քննադատությունը ոչ թե այդ հանդիպմանը եկած քաղաքացիներին ի լուր էին հնչեցվում, այլ նախևեռաջ՝ իրենց գլխավոր մրցակից ուժերին ի լուր և ի պատասխան։ Ըստ մեր տվյալների, նախընտրական մրցավազքի ընթացքում, թե՛ Ֆեյսբուքի հարթակներում, թե՛ մեդիայում, քարոզարշավները հակաքարոզչության վրա առաջ տանելու այդ ռազմավարության արդյունքում, գերակշռել է հասցեական բացասական խոսքը։ 

Սոցցանցերն այսօր տեղեկատվական առանձին միավոր են հատկապես ընտրությունների ժամանակ։ Եվ սա այլևս անդառնալի է։ Ասեմ ավելին՝ ընտրությունները դե ֆակտո սկսվել էին սոցցանցերում, արդեն անցած տարվա դեկտեմբերից, կային քաղաքական ուժեր, որոնք շրջում էին բնակավայրերում, դասական նախընտրական քարոզչական տարրերով տեսահոլովակներ էին տեղադրում։ 

Որո՞նք են եղել ամենաակտիվ, իսկ որոնք՝ ամենապասիվ քաղաքական ուժերը ֆեյսբուքում։ 

Ինտենսիվության տեսանկյունից (քաղուժերի հարթակներում նյութերի քանակի չափաբաժինը բոլոր մասնակից ուժերի պաշտոնական էջերում գեներացված բովանդակությունների ընդհանուր զանգվածում՝ 4470 նյութ) ձևավորվել են քաղուժերի երեք խմբեր՝ Հայաստան դաշինք (19%), ՔՊ (14%), ԱԺԲ (11%): Միջին ինտենսիվությամբ ֆեյսբուքում աչքի են ընկել՝ Միասնության թևեր (7%), Ուժեղ Հայաստան (5%), ՀԱԿ (5%), ԼՀԿ (5%), ԴՕԿ (5%)։ Բոլորից նվազ ինտենսիվությամբ քարոզած ուժերն են եղել՝ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք (4%), Քրիստոնեա-ժողովրդավարական (4%), Բարգավաճ Հայաստան (2%), Բոլորին դեմ եմ (2%), Հանրապետություն (2%), Հանուն հանրապետության (2%), Շնորհապետական, Ռեֆորմիստներ, Նոր ուժ, Ժողովրդավարական համախմբում (յուրաքանչյուրը՝ 1%) կուսակցությունները: 

Ի՞նչ բովանդակություն էր գեներացվում ֆեյսբուքում կուսակցությունների էջերում։ 

Բոլոր մասնակից ուժերի պաշտոնական էջերի քարոզչական նյութերի ծանրակշիռ մասը սեփական արտադրության են եղել։ Բացի ավանդական սոցցանցային քարոզչական նյութերից, նկատի ունեմ՝ կարճ տեսաուղերձներ, նախընտրական նշանաբանների հիմքով ելույթներ, պատգամավորության թեկնածուների մասին տեղեկատվություն, տեսանյութեր տարբեր բնակավայրերում քաղաքացիների հետ հանդիպումների մասին, սոցցանցային քաղաքական հարթակներում տեղ են գտել նաև սեփական ուժերով և ղեկավար քաղգործիչների մասնակցությամբ թողարկված  հարցազրույցներ, փոդքասթեր, նախընտրական տեսանյութեր հանրային առավել զգայուն թեմաներով։ Դրանք ևս լրատվամիջոցների համար սկզբնաղբուրի դեր էին կատարում։ Մեդիաները դուրս էին բերում այդ նյութերից կտորներ ու հրապարակում իրենց կայքում։ Օրինակ՝ «Մեծ քաղաքականություն» պոդքասթի 7 մասից բաղկացած շարքը Հայաստան դաշինքի էջում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, «5 հարց ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին» հարցազրույցների շարքը «Ուժեղ Հայաստան»-ի Ֆեյսբուքի էջում։ 

Պետք է նշեմ նաև, որ չկան քաղաքական ուժեր, որոնք իրենց Ֆեյսբուքի էջեր չեն բերել նաև իրենց մասնակցությամբ տարբեր ԶԼՄ-ների հարցազրույցները, բանավեճերը։ Այդպես են վարվել նաև մեծ ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ ունեցող ուժերը։ 

Ասացիք, որ լրատվամիջոցների համար առաջնային տեղեկատվության աղբյուր էին քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերը։ Ինչո՞վ եք դա բացատրում։ 

Լրատվամիջոցներն ունեն ֆինանսական ու մարդկային ռեսուրսների խնդիր։ Ռեսուրսների սակավության պատճառով նրանք չէին կարող քաղաքական բոլոր ուժերին ուղեկցել Հայաստանի բոլոր մարզեր՝ քարոզարշավը լուսաբանելու համար, ուստի հետևում էին այդ ուժերի կողմից տրված ուղիղ եթերներին։ Մյուս հանգամանքը մրցակից ուժերի մեծ քանակն էր։ Սա չի նշանակում, որ լրատվամիջոցները չեն կատարել իրենց պարտավորությունները։ ԶԼՄ-ներում եղել են հարցազրույցներ այդ ուժերի առաջնորդների, անդամների հետ, բանավեճեր, փոդքասթեր։ Սա կարծում եմ նորմալ է։

Պետք չէ նաև մոռանալ, որ ի տարբերություն ՀՀ տեսա-լսողական ԶԼՄ-ների օնլայն տիրույթում գործող մեդիան ընտրություններին մասնակցող ուժերի քարոզարշավները համաչափ լուսաբանելու պարտավորությամբ ծանրաբեռնված չէ։ ՀՀ ԸՕ օնլայն տիրույթում գործող ԶԼՄ-ներից մասնակից քաղուժերի նկատմամբ համաչափ վերաբերմունք է պահանջում միայն քաղաքական գովազդի համար գումարների հարցում, բայց ոչ բովանդակության։ 

Ազատության օնլայն հարթակում պաշտոնական քարոզարշավի ընթացքում տեղ է գտել 11 մրցակից ուժերի և 9 այլ խմբերի ներկայացուցիչների խոսքը։ 

Sputnik Արմենիայի օնլայն հարթակում՝ 13 մրցակից ուժերի և 13 այլ խմբերի ներկայացուցիչների խոսքը։ 

Առցանց Առավոտն իր լսարանին ներկայացրել է բոլոր 18 մասնակից քաղուժերի (իսկ մինչև մայիսի 26-ին «Ալյանս» կուսակցության ինքնաբացարկի հայտարարությունը, նաև այս կուսակցության) և 17 տարբեր խմբերի խոսքը։ 

Factor TV-ին այդ փուլի լսարանները կարող էին տեղեկանալ մասնակից բոլոր 18 քաղուժերի ելույթների և 12 այլ խմբերի ներկայացուցիչների կարծիքների մասին։ ՍիվիլՆեթի լսարանները՝ մասնակից 16 քաղուժերի և 8 այլ խմբերի ներկայացուցիչների կարծիքների մասին։ 

Ձեր ուսումնասիրած 5 ԶԼՄ-ների լուսաբանման մոտեցումները տարբե՞ր են եղել։ 

Այո։ Տարբեր են եղել թե ինտենսիվության տեսանկյունից, թե նյութերի կիրառված ձևաչափերի առումով։ Sputnik Արմենիա-ում և ՍիվիլՆեթում գերակշռել են տեքստային հոդվածները, Factor TV-ում՝ տեսանյութերը, Ազատության և Առավոտում՝ տեքստային և վիդեո նյութերը մոտավորապես համաչափ են եղել։ Բայց սա ընտրություններով պայմանավորված միտում չի եղել։ Այս լրատվամիջոցներն այդպես են աշխատում սովորաբար՝ իրենց խմբագրական մոտեցումներից ելնելով։ 

Ազատությունում, օրինակ, ոչ միայն լուսաբանվում էր քաղաքական ուժերի քարոզարշավը, այլև ներկայացվում էր ծրագրային համեմատություն, առանձնացնում էին թեմաները, խնդիրները, համեմատում միմյանց հետ։ 

Sputnik-ն, օրինակ, ավելի շատ ներկայացնում էր ռուսաստանցի փորձագետների, վերլուծաբանների տեսակետները։ Արտաքին միջամտության թեմայով էին խոսում այդ փորձագետները՝ հերքելով, որ Ռուսաստանը միջամտում է, ասում էին, որ Արևմուտքն է միջամտում, ոչ թե պաշտոնական Մոսկվան։ 

Շատ էր խոսվում հիբրիդային պատերազմի դրսևորումների մասին։ Քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերում, ձեր կողմից ուսումնասիրված լրատվամիջոցներում կայի՞ն նման օրինակներ։

Այո, այդ խոսույթը կար։ Իշխանությունն ասում էր, որ եթե մեզ չընտրեք պատերազմ է լինելու, ընդդիմությունն ասում էր, որ եթե իշխանությանն ընտրեք պատերազմ կլինի․․․ Գոյաբանական նշանակություն էր տրվում այս ընտրություններին։ Ընդհանուր պատկերում նման խոսույթները ավանդական մեդիայում ավելի քիչ էին, քան՝ ֆեյսբուքում։ 

Մեդիան ցույց էր տալիս այն, ինչ կա։ ԶԼՄ-ները չէին կարող շրջանցել այդ ամենը, դա իրողություն էր, սոցցանցերը ողողված էին դրանով։ Օրինակ, Ուժեղ Հայաստանը ողջ ընթացքում շեշտադրում էր՝ 300,000 ադրբեջանցու վերադարձի մասին խոսույթը, դրա հիմքով ոչ միայն հայտարարություններ էր անում, այլև տարածում էր քարոզչական տեսանյութեր (ասենք, թե ինչ կլինեն մանկապարտեզների հետ, եթե ադրբեջանցիները վերադառնան, հակադրում էր դրան իրենց կողմից ի պատասխան 300,000 աշխատատեղ բացելու խոստումը)։ Պարզ է, որ լրատվամիջոցները չէին կարող շրջանցել հանրային ընկալումների տեսանկյունից զգայուն այս թեման։ 

Դրա համար, կրկնում եմ, այս ընտրություններն ավելի շատ խաչաձև մտքերի փոխանակում էին․ թեզեր՝ հերքումներ, վիրավորանք՝ պատասխան արձագանք։ Որքան էլ մեդիան ջանք գործադրեր լսարանին ներկայացնելու ավելի արժեքավոր կոնտենտ, այդ փոխադարձ վիրավորանքներով նյութերն ավելի շատ դիտումներ և մեկնաբանություններ ունեին։ 

Իսկ պետական ռեսուրսների չարաշահման օրինակներ գտա՞ք։

Տեսեք, կա վիճելի և դժվար ապացուցելի հարց, կապված նախընտական մրցապայքարում իշխող կուսակցության գործունեության հետ։ Ինչպես պետք է ընկալի ընտրազանգվածը պետական մակարդակով ընտրությունների ժամանակ կազմակերպված և անցկացված միջոցառումները, որպես պաշտոնական օրակարգերի սպասարկո՞ւմ, թե՞ որպես ընտրությունների ժամանակ ՔՊ-ի օգտին PR գործողություն։ 

Մրցապայքարի ժամանակ եղել է քննադատություն ՔՊ-ի հասցեին, թե պետական գործունեությունը ծառայեցվում է ՔՊ-ի վարկանիշի բարձրացմանը։ Այդպես է եղել ընտրությունների նախաշեմին Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովի հարցում, պաշտոնական քարոզարշավի ժամանակ կազմակերպված ռազմական շքերթի հարցում։ 

Բայց մենք զեկույցում նշում ենք մի քանի օրինակներ, որոնք միանշանակ ՔՊ-ի կողմից պետական ռեսուրսներն ու պաշտոնական գործունեությունը նախընտրական վարկանիշին ծառայեցնելու հստակ դեպքեր են։ Օրինակ ՔՊ-ի պաշտոնական Ֆեյսբուքի էջում մյուս նախընտրական նյութերի շարքում եղել են նաև լուրեր Փաշինյան – Պուտին, Փաշինյան – Էրդողան հեռախոսազրույցների մասին, որոնք այս էջ են եկել ՀՀ Կառավարության կայքից։ ՔՊ-ի Ֆեյսբուքի էջում մրցավազքի ժամանակ տեղադրվել է նաև Միրզոյան – Ռուբիո երևանյան հանդիպման և համաձայնագրերի նախաստորագրման մասին լուրը՝ վերցված ՀՀ ԱԳՆ կայքից։ Այս փաստերը հստակ խախտումներ են և պետական ռեսուրսի՝ իրենց ծառայեցման օրինակներ նախընտրական մրցապայքարում։ 

Զրույցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը