Խաղադրույքների հարթակների որոնումների ծավալի անկումից, AI-ի նկատմամբ հետաքրքրության պայթյունային աճից մինչև լուռ գաղթը դեպի Տելեգրամ և հեռացումը ռուսաստանյան ինտերնետից․ ի՞նչի մասին են խոսում Հայաստանից ամենաորոնված հարցումները։
Դիտարկենք 2025-2026 թվականների ընթացքում Հայաստանից ամենաշատ որոնված թեմաները՝ Google Trends համակարգից ստացված տվյալների հիման վրա։
Մեթոդաբանություն և կարևոր զգուշացում
Վերլուծությունը հենվում է երկու տվյալների հավաքածուի վրա՝ ամենահաճախ որոնված (top) և ամենաարագ աճող (rising) հարցումներ, որոնք կատարվել են 2025-ի հունվարից առ այսօր։
Վիճակագրական համեմատությունները կատարվել են Google Trends-ի տվյալների հիման վրա՝ ըստ երկու անկախ ԱԲ գործիքների (Claude Opus և Google Gemini) սինթեզված ու խաչաձև ստուգման՝ կիրառված նույն տվյալների վրա։
«Որոնման հետաքրքրությունը» նորմալացված, հարաբերական ինդեքս է՝ 0–100 սանդղակով։ Այսպես, ամենաորոնված ռուսերեն «погода»-ն հավասար է 100-ի, սա հենակետն է, այլ ոչ թե հարցումների բացարձակ քանակը։
Եղանակը՝ ամենաորոնված թեման
Հայաստանում ամենաշատ որոնված բառը ո՛չ քաղաքական գործիչ է, ո՛չ էլ նորություն։ Այն եղանակն է։ Ընդ որում՝ ռուսերեն։ “погода” հարցումը ինդեքսի առավելագույնն է (100), իսկ “погода завтра”-ն՝ դրա համեմատ 26 է։
Նույն կենցաղային հարցումը կրկնվում է երեք լեզվով՝ ռուսերեն, անգլերեն (weather, 12) և հայերեն (եղանակ, 8)։ Սա ամենապարզ որոնումն է, և հենց այն լավագույնս ցույց է տալիս Հայաստանի թվային տիրույթի եռալեզու բնույթը։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, մեծամասնությունը ոչ թե ռուսերեն են հավաքում հարցումը, այլ իրենց հեռախոսներում ռուսերեն է օպերացիոն համակարգը, որն էլ իրականացնում է մեկ հպումով հարցումը։

Որոնման հետաքրքրությունը՝ ըստ լեզվի: Top-հարցումների կշռված բաշխումը ըստ գրային համակարգի։ «Լատինատառ» խումբը խառն է։
Ամբողջ տվյալների շտեմարանը գրեթե երեք քառորդով լատինատառ է, սակայն այս թիվը չպետք է մոլորեցնի․ այն միավորում է անգլերեն բառերը, համաշխարհային ապրանքանիշերը (օրինակ, youtube), լատինատառ գրված հայերենը և .am տիրույթի կայքերը։ Մաքուր ազդանշանները եզրերին են` մոտ 24%-ը կիրիլիցա է (ռուսերեն), և հազիվ 1%-ը՝ հայատառ։ Հայաստանցիները ճնշող մեծամասնությամբ որոնում են ռուսերեն, անգլերեն կամ լատինատառ հայերենով, գրեթե երբեք՝ հայերեն տառերով։
Խաղադրույքների փլուզումը
Հետաքրքիր և բացահայտ տվյալների եզրակացություններից մեկն այն է, որ մի կողմից խաղադրույքների ապրանքանիշերը որոնման հսկայական մասնաբաժին ունեն, մյուս կողմից` դրանք կայուն անկման մեջ են։ Որպեսզի չգովազդենք նման կայքերը, պարզապես նշենք դրանց որպես A, B, C։ Այսպես, A-ն (55) երկրի երրորդ ամենաորոնված հարցումն է, հետևում են B-ն (32), C-ն (20), D-ն (19), E-ն (13)։
A −60% · B −60% · C −70% · D −50% · A-ի վարիացիան −70%
Բարձր ծավալ և միաժամանակյա անկում․ ամենայն հավանականությամբ, սա խաղադրույքների հարթակների գովազդի արգելքի հետևանքն է, որ ճնշում է հատկապես ապրանքանիշով որոնումը։ Անկումը կարգավորմամբ է պայմանավորված, ոչ թե հետաքրքրության կորստով։ Եվ հավանական է, որ մարդիկ այլ կերպ են օգտվում այս կամ նմանատիպ հարթակներից, քանի որ ըստ հայտնի տվյալների՝ խաղադրույքների ծավալը մեր երկրում շարունակում է մնալ հսկայական։ Ամեն դեպքում, միտում նկատվում է։
Արհեստական բանականության հանդեպ հետաքրքրության պայթյունը
Եթե խաղադրույքն անկման կատեգորիան է, ապա գեներատիվ արհեստական բանականությունը՝ աճողը։ Աճ կա անգլերեն, ռուսերեն և կենցաղային գրելաձևերով հավասարապես։ Ու այստեղ նույնպես տեսնում ենք ռուսերեն տառերով ու արդեն մարդկանց կողմից բացահայտ ինքնուրույն գրվող «чат гпт» հարցումը։
gemini +1350% · чат гпт +450% · chatgpt +300% · gpt +140%

Գեներատիվ AI հարցումների աճը: Սյունը՝ աճ նախորդ ժամանակահատվածի նկատմամբ․ փակագծում՝ ծավալը 0–100 ինդեքսով։
Կարևոր վերապահում․ սա պայթյունային աճ է շատ ցածր բազայից։ AI-ի ընդհանուր հետաքրքրությունն ընդամենը ~39 ինդեքսային միավոր է՝ դեռ խաղադրույքի (155) կամ եղանակի (145+) փոքր մասը։ Այսինքն ճիշտ ընթերցումը ոչ թե ՝ «AI-ն ամենաշատ որոնվածն է», այլ՝ «AI-ն ամենաարագ աճող նոր վարքագիծն է»։ Այսինքն, սկսում ենք գրեթե զրոյից դեպի ամենօրյա կիրառություն։ Բարձր տոկոսները նստած են փոքր ծավալների վրա Gemini-ի +1350%-ը ընդամենը 5 ինդեքսի վրա է։
Էլեկտրոնային առևտրի վերադասավորում
Մանրածախ դաշտում նկատելի է հստակ փոփոխություն։ Չինական Temu-ն rising աղյուսակում կրկնապատկվել է, մինչդեռ ռուսական հսկա Wildberries-ը կիսով չափ ընկել է, իսկ տեղական list.am-ը նույնպես նահանջում է։ Իհարկե, սա դեռ փոքր ժամանակային հատված է եզրակացությունների համար, սակայն որոշ միտում երևում է։
temu +100% · wildberries −60% · list.am −20%…−30%
Հեռացում ռուսաստանյան ինտերնետից
Համաշխարհային հարթակները բացարձակ առումով գերիշխում են Հայաստանի որոնման տիրույթում՝ ընդհանուր 172 ինդեքս (youtube 58, google 38, facebook 19, gmail 16, telegram 13…) ընդդեմ ռուսական ծագմամբ հարթակների ընդամենը 40-ի՝ 4,3 անգամ տարբերություն։ Ավելին, բոլոր հինգ ռուսաստանյան ծագում ունեցող ծառայությունները փոքրանում են, մինչդեռ մի քանի համաշխարհային գործիքների մի խումբ բարձրանում է։

Թվային գաղթ․ ռուսաստանյան ծագում ունեցող հարթակներից դեպի համաշխարհային գործիքներ: Հորիզոնական առանցքը՝ փոփոխությունը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ։
Տպավորիչ է ավանդական mail.ru-ի հանդեպ հետաքրքրության անկումը։ Դեռ մի քանի տարի առաջ սա գրեթե միակ գերիշխող դեր ունեցող էլեկտրոնային փոստի ծառայությունն էր Հայաստանում։
Բայց, հետաքրքիրն այն է, որ գաղթը հարթակային է, ոչ թե լեզվային։ Արևմուտք՝ հարթակներով։ Ռուսերեն՝ լեզվով։ Նույնիսկ արևմտյան գործիքների անցնելով՝ օգտատերերը շարունակում են որոնել ռուսերեն․ արդեն նշել էինք եղանակային погода-ն, որն առաջատար է, ռուսերեն переводчик-ը (48) գերազանցում է անգլերեն translate-ին (39), իսկ реал мадрид-ը կանգնած է real madrid-ի կողքին։
Վարկած. նորությունների հետևից դեպի Telegram
Հայաստանում ընտրություններից մի քանի օր հետո որոնումներում միայն ֆուտբոլի Աշխարհի գավաթն է ու խաղադրույքները։ Բայց նախընտրական փուլում էլ հստակ հետաքրքրություն հենց որոնողական տեսանկյունից չէր նկատվում։ Ընտրողը չէր մտորում ու պրպտում՝ ըստ որոնողական համակարգի։ Հայաստանի որոնման տիրույթում քաղաքական հետաքրքրվածությունը չի երևում թեկնածուների անունների միջոցով։ Ոչ մի ընտրական, կուսակցական կամ թեկնածուի հարցում չկա ո՛չ ամենաորոնված, ո՛չ աճող որոնումների ցուցակներում, և դա ինքնին գտածո է։ Փոխարենը այն երևում է ենթակառուցվածքի տեղաշարժով։ Ավանդական, վեբ-հիմքով նորությունների հանգույցները կծկվում են, մինչ Telegram-ն ընդլայնում է իր դերը։

Ավանդական նորություններն ընդդեմ Telegram-ի
Մենք որպես հիպոթեզ ենք ընդունում, որ Telegram-ը տվյալ դեպքում դիտարկվում է ոչ թե որպես միայն մեսենջեր, այլ նորությունները սպառելու հարմար հարթակ։ Բայց պետք է զգույշ լինել․ տվյալները ցույց են տալիս նորությունների որոնման անկում և Telegram-ի որոնման աճ, դրանք չեն ապացուցում, թե ինչու են մարդիկ օգտագործում Telegram-ը։ Այնուամենայնիվ, ուղղությունը հստակ է և լիովին համահունչ է «ընտրական հարցումներ չկան» դիտարկմանը։ Հայաստանում քաղաքական տեղեկության որոնումը բաց որոնման համակարգում չէ․ այն փակ, ալգորիթմապես չմոդերացված ալիքներում է։
Քաղաքացիական համապատասխանություն․ ՊԵԿ, հարկեր, ARLIS
Մի ամբողջ կատեգորիա բարձրանում է միաժամանակ՝ պետական ինստիտուտների որոնում։
ՊԵԿ +110% · tax service +80% · road police +50% · taxservice +50% · ARLIS +30%

Քաղաքացիական ծառայությունների որոնման աճ
Սա ամենայն հավանականությամբ համընդհանուր եկամտային հայտարարագրման հետևանք է։
Իհարկե, պետք է նշենք, որ Հայաստանում օգտվում են նաև այլ որոնողական համակարգերից, սակայն ամեն դեպքում Google-ն ունի գերիշխող դեր, և դրա տվյալները խոսուն են ընդհանուր պատկեր կազմելու համար։