Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Հայկական լրատվամիջոցներում տարածվում է պնդում, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու հնարավորության մասին։

Մասնավորապես, հունիսի 11-ին՝ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, Civic.am-ի լրագրող Վոլոդյա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է․ «ՀԱՊԿ-ից արձագանքներ են գալիս, որ Հայաստանն իր անդամավճարը չի վճարում, և դա կունենա իր հետևանքները։ Ասում են, եթե միտումը շարունակվի, ապա հարց կարող է դրվել՝ Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Պարո՛ն վարչապետ, արդյոք նման ընթացակարգ գոյություն ունի՞ և կարո՞ղ է այդպիսի հարց առաջանալ»։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ  ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, «մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն»։

Ճեպազրույցի նախօրեին՝ ՀԱՊԿ նիստի ժամանակ, Սերգեյ Լավրովն էր անդրադարձել Հայաստանի կողմից չվճարվող անդամավճարի հարցին։

«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լավրովի խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ վերջինս չի խոսել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հնարավորության մասին։ Հատկանշական է, որ այս սխալը հնչել է ոչ միայն վարչապետի ճեպազրույցի ընթացքում, այլև տարածվել «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների եթերներում։

Ովքեր և ինչպես  են տարածել այս պնդումը

Հունիսի 14-ին Հանրային հեռուսատեսության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ հաղորդավարները մի քանի անգամ վերարտադրել են այս խոսույթը։ 

Մասնավորապես՝ Տաթև Դանիելյանը, բանախոսին հարց ուղղելիս, նշել է, որ «Լավրովն արդեն խոսում է, որ ՀԱՊԿ-ում պետք է քննարկեն Հայաստանի լինել-չլինելու հարցը»։

Իսկ Պետրոս Ղազարյանի խոսքով՝ Ռուսաստանից հայտնել են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց է սկսել։

Բանախոսներից Բորիս Մուրազիի («Հայաստան» դաշինք) ճշտող հարցին, թե արդյոք խոսքը ԵԱՏՄ-ի՞ մասին է, վարող Տաթև Դանիելյանն արձագանքել է. «ՀԱՊԿ-ի՛ց. ծանո՞թ չեք Լավրովի հայտարարությանը»։ 

«Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման՝ հունիսի 13-ի թողարկման ընթացքում Դանիելյանը կրկնել է նույն պնդումը։

Այս խոսույթը հնչել է նաև «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Հունիսի 12-ին «Հեռանկար» հաղորդման ժամանակ հաղորդավարը նշել է. «Անդրադառնանք ՀԱՊԿ-ից հնչող հայտարարությանը, որ Հայաստանը չի վճարում անդամավճարը, ըստ էության, Ռուսաստանի արտգործնախարարը Լավրովը այդ մասին հայտարարեց, հետևաբար չի բացառվում նաև, կան խոսակցություններ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարցը դրվի»։ 

Հաղորդման հյուր, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ի պատասխան ասել է, թե տեղի ունեցողը դասական շանտաժ է, և թե չեն համարձակվի Հայաստանին ՀԱՊԿ-ից հանել։

Ի՞նչ է իրականում ասել Սերգեյ Լավրովը

Հունիսի 10-ին Կազանում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։  Հայաստանի Հանրապետությունը նիստին չի մասնակցել։

Նիստին հետևած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ մեխանիզմներ կգործադրվեն, եթե Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, նշել է, որ Հայաստանը պաշտոնապես շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։

Նա ասել է, որ արդեն ավելի քան 2 տարի է՝ կուտակվում է Հայաստանի պարտքը ՀԱՊԿ բյուջեին և իրենք դիտարկել են կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հնարավորությունը․ 

«․․․ Ս․թ․ հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Ա․Ս․ Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ին վերաբերող հարցին, հայտարարեց, թե՝ մենք անդամավճարներ չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում։ Սա կարելի է ասել մեջբերում է։

Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ անել այս իրավիճակում։ Արդեն ավելի քան երկու տարի է՝ կուտակվում է Հայաստանի պարտքը ՀԱՊԿ բյուջեին։ Նման իրավիճակ նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կանոնադրությամբ։ Մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածը գործադրելու հնարավորությունը»։ 

Այսպիսով, Լավրովը չի հայտարարել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին, այլ նշել է, որ կուտակվել է պարտք և իրենք քննարկել են ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հնարավորությունը։ 

Ինչ է ենթադրում ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան կետը

Ըստ ՀԱՊԿ կանոնադրության 24-րդ հոդվածի՝ կազմակերպության բյուջեն ձևավորվում է պետությունների բաժնեմասային վճարների հաշվին։

25-րդ հոդվածի համաձայն՝ եթե պետությունը երկու տարի շարունակ չի վճարում կազմակերպությանն ունեցած իր անդամավճարը (կամ պարտքը), ապա այն զրկվում է ձայնի իրավունքից և իր քաղաքացիներին պաշտոնների նշանակելու հնարավորությունից՝ մինչև պարտքն ամբողջությամբ չմարի։

Թարգմանությունը՝ «Երկու տարվա ընթացքում Կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի մարման գծով անդամ պետությունների կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում՝ Խորհուրդը որոշում է կայացնում Կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում այդ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև մինչև պարտքի ամբողջական մարումը Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին»։

Ենթադրաբար հենց այս՝ 25-րդ հոդվածին է հղում արել Ռուսաստանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է կազմակերպությունից հեռացնելու գործընթացին, ապա կանոնադրության 20-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչ պայմաններում կարող են հեռացնել ՀԱՊԿ անդամ երկրին։ Դրա համաձայն՝ անդամ պետության կողմից Կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և դրանց ի կատարումն ընդունված Կազմակերպության մյուս մարմինների որոշումները չկատարելու դեպքում՝ ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը Կազմակերպության մարմինների գործունեությանը։

«Անդամ պետության կողմից պարտավորությունների չկատարումը շարունակելու դեպքում՝ Խորհուրդը կարող է որոշում կայացնել նրան Կազմակերպությունից հեռացնելու մասին։

Տվյալ անդամ պետության վերաբերյալ սույն հարցերով որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

Կազմակերպության մարմինների գործունեությանը անդամ պետության մասնակցության կասեցման կամ նրան Կազմակերպությունից հեռացնելու կարգը սահմանվում է Խորհրդի կողմից հաստատվող համապատասխան Կանոնակարգով»,- նշվում է կանոնադրությունում։ 

Այսպիսով, հայկական մեդիայում հնչող պնդումները, թե Լավրովը հայտարարել է Հայաստանին՝ ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին, սխալ են։

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների վատթարացումը

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Այն ստորագրել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»։

Հայաստանը 2020թ․-ից հետո առնվազն երկու անգամ դիմել է ՀԱՊԿ-ին իր սահմանների նկատմամբ ագրեսիայի հիմքով։ 

Առաջինը՝ 2021թ․-ին, երբ ադրբեջանական բանակը առաջ էր ներխուժել էր Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։ Արդյունքում որևէ առարկայական գնահատական կամ ռազմական աջակցություն չտրամադրվեց։

Երկրորդը՝ 2022թ․-ին, երբ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ընթացքում Հայաստանը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանին, սակայն աջակցություն կրկին չստացավ։

Կազմակերպության անդամ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։

2024թ․-ի փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է  մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այն չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները: 

Նույն տարվա մարտին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Նշենք, որ ավելի վաղ Factor TV-ն անդադարձել էր, թե ինչպես են այս խոսույթը շրջանառել ռուսալեզու տելեգրամյան ալիքները։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել