Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

2026 թվականի մայիսի 20-ին Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման մասին խոսելիս, արտագաղթի մասին խոսակցությունները առարկայազուրկ էր որակել։ Ըստ նրա՝ եթե հայկական կողմը կամ եվրոպացի գործընկերները գնահատեին, թե Հայաստանում առկա են արտագաղթի իրական ռիսկեր, ապա ազատականացման գործընթացը «այս փուլին չէր հասնի»։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե վերջին տարիներին ՀՀ քանի քաղաքացի է Եվրոպական միության անդամ երկներում ապաստան հայցել և որ ուղղություններն են առավել նախընտրելի հայերի համար։

Հասկանալու համար վիզաների ազատականացման ազդեցությունը արտագաղթի տեմպի վրա, նաև ուսումնասիրել ենք Վրաստանի քաղաքացիների դիմումների քանակը՝ 2017 թվականի վիզաների ազատականացումից հետո։

ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ են ապաստան հայցում ԵՄ-ում 

ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է։ Այդ մասին է վկայում Եվրոպական միության պաշտոնական վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը։ 

Եթե 2025 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1365 դիմում, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 380։ Դիմումների քանակը կրճատվել է ավելի քան 72%-ով։ Սա վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է։

Անկումը սկսել է 2024 թվականից, երբ նախորդող տարվա համեմատ ապաստան էր հայցել 45%-ով ավելի քիչ՝ 4330 մարդ։

Մինչդեռ 2022-2023 թվականներին դիմումների թիվը աճում էր՝ հասնելով համապատասխանաբար 4470-ի և 5180-ի։ Սա կարող է կապ ունենալ 2022 թ․ սեպտեմբերյան էսկալացիայի և 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ։

2024 թվականից սկսած նկատվում է ցուցանիշների նվազում, որն էլ ավելի ընդգծված է դառնում 2025 թվականին՝ 2870 դիմում։ 

2020 թվականին արձանագրվել է զգալիորեն քիչ՝ 1210 դիմում, ինչը պատճառ էր COVID-19 համավարակի և դրա հետևանքով կիրառված համաշխարհային սահմանափակումների։

2021 թվականին ցուցանիշը գրեթե կրկնապատկվեց (2105)՝ արտացոլելով հետհամավարակային շարժունակության վերականգնումը և գուցե նաև 44-օրյա պատերազմի թողած ծանր հետևանքները։

Կարևոր է, որ ԵՄ մի շարք երկրներ փոխել են Հայաստանի կարգավիճակը՝ պաշտոնապես ճանաչելով այն որպես անվտանգ երկիր։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների ապաստանի դիմումները տվյալ երկրներում կարող են քննվել արագացված ընթացակարգով և ավելի շատ մերժվել։

«Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. կոնվենցիան սահմանում է հինգ պայման, որոնց հիման վրա անձինք կարող են փախստական ճանաչվել՝ կրոնական, ռասայական, ազգային-էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և որևէ սոցիալական խմբի, մասնավորապես՝ սեռական փոքրամասնության, պատկանելու համար հետապնդման հիմքերը: 

Աշխարհագրություն. որտե՞ղ են ապաստանում հայերը

Դիտարկված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը նախապատվությունը տալիս է Ֆրանսիային և Գերմանիային, որոնք միասին կազմում են դիմումների ավելի քան 80%-ը։ Ֆրանսիան ընդունել է 10300, իսկ Գերմանիան՝ 6575 դիմումատու։

Բելգիան և Իսպանիան երրորդ և չորրորդ ուղղություններն են հայաստանցիների համար։ Երկու երկրներ ներկայացվել է համապատասխանաբար 1700 և 675 դիմում։

Միջին հետաքրքրության ուղղություններ են Շվեդիան (275), Իտալիան (245), Նիդերլանդները (220) և Ավստրիան (215)։

Արևելաեվրոպական (Բուլղարիա, Ռումինիա, Սլովակիա) և բալթյան (Էստոնիա, Լիտվա) երկրները քիչ հետաքրքիր են ՀՀ քաղաքացիների համար։ Դիմումներն այստեղ տատանվում են 5-15-ի միջակայքում։

Հատկանշական է, որ Լատվիայում, Իռլանդիայում, Հունգարիայում և Մալթայում դիմումներ ընդհանրապես չեն գրանցվել։

Ինչ է ցույց տալիս Վրաստանի փորձը

2017 թվականի մարտին Վրաստանի քաղաքացիները ստացան Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Հայաստանում համեմատությունները հաճախ հենց այս երկրի հետ են։ Վրաստանի օրինակով փորձել ենք հասկանալ, թե ինչպես է վիզայի ազատականացումը ազդում ապաստան հայցողների թվի փոփոխության վրա։ Ուսումնասիրությունն ընդգրկում է 2016-2026թթ․ ժամանակահատվածը։

Ըստ նույն Eurostat-ի՝ 2016-ին (նախքան վիզայի ազատականացումը) ԵՄ-ում ապաստան է հայցել Վրաստանի 7220 քաղաքացի։ Անցումային տարում՝ 2017-ին, թիվն աճել է՝ հասնելով 9915-ի։ Ազատականացման իրական ազդեցությունը նկատվում է 2018-2019-ին․ դիմումների քանակը կրկնապատկվեց և անգամ եռապատկվեց՝ 2018-ին կազմելով 20,678, իսկ 2019-ին՝ 21,944 դիմում։

Դիտարկված ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիներն ամենաշատն ապաստան հայցել են 2022 թվականին՝ ներկայացնելով 27962 դիմում։

2023 թվականին ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 23838-ի, իսկ 2024 թվականին գրանցվեց ավելի կտրուկ անկում՝ մինչև 14164 դիմում։

Այսպիսով, համեմատած նախավիզային շրջանի հետ, Վրաստանի քաղաքացիների ապաստանի դիմումների թիվը զգալիորեն աճել է։

Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ապա ԵՄ անդամ երկրներից Վրաստանի քաղաքացիները, ինչպես հայաստանցիները, նախընտրել են Ֆրանսիան և Գերմանիան։ 2017-ի մարտից մինչ 2026-ի մայիս ներկայացվել է համապատասխանաբար 46,975 և 36,625 դիմում։

Վրաստանցիների երրորդ խոշոր ուղղությունը եղել է Իտալիան՝ 19 345 դիմումով։

Որոշ երկրներում վրացի ապաստան հայցողներ ընդհանրապես չեն գրանցվել, ինչպես օրինակ Խորվաթիայում, Սլովենիայում և Հունգարիայում։

Տվյալները ցույց են տալիս, որ վիզաների ազատականացումից հետո Վրաստանում ապաստան հայցողների թիվը մեծացել է՝ հատկապես առաջին տարիներին, սակայն աճը կայուն չի եղել, իսկ վերջին տարիներին դիմումների թիվը սկսել է կրճատվել։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել