Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Տղաս՝ Արեգը, 12 տարեկան է, ունի սմարթֆոն, չունի որևէ սոցիալական ցանցի հավելված, հեռախոսային ժամանակը օրվա ընթացքում մեկ ժամ է, բացի այդ, իր դպրոցում արգելված է հեռախոս տանելը և օգտագործելը, բայց Արեգը ծանոթ է Փիդիդիի պատմության ոդիսականին, ինչպե՞ս։ Սա առաջին հարցն էր, որ նույնքան զարմանքով տվեցի ես, երբ մանկավարժը զանգեց ու հարցրեց՝ ով է Փիդիդին, և արդյոք ճիշտ է Արեգի ներկայացրած ինֆորմացիան։

Ամառային արձակուրդները սկսել են․ երեխաների կողմից հեռախոսների գործածմանը հետևելու, համացանցի վտանգներից պաշտպանելու խնդիրները դպրոց-ուսուցիչ «դաշտից» տեղափոխվել են ծնողական վերահսկողության տարածք։

Այսօր երեխաներն ու դեռահասները մեծանում են մեդիայով ու տեխնոլոգիաներով շրջապատված միջավայրում։ Նրանք մուտք ունեն աշխարհ ընդամենը մեկ հպումով․ այդ իրականությունն առաջարկում է անսահման հնարավորություններ, բայց նաև բերում է լուրջ մարտահրավերներ։ Մենք՝ ծնողներս, հաճախ երկմտում ենք՝ փորձելով հասկանալ, թե ինչպես վերաձևակերպել ծնողավարությունը թվային իրականությանը համապատասխան։ Վախից դրդված՝ առաջին քայլը հաճախ լինում է երեխային հեռախոսից զրկելը, համացանցի հասանելիությունը սահմանափակելը։ Սա լուծում չէ․ երեխաները, միևնույն է, տարբեր միջավայրերում են լինում, գտնում են առցանց լինելու այլ ուղիներ՝ ընկերոջ հեռախոս, տատիկի պլանշետ, ծնողների հսկողության դաշտից դուրս, որտեղ խնդրի դեպքում հնարավոր չէ օգնել նրանց։ 

Ըստ ՄՆԿ հետազոտության՝ ծնողները՝ որպես մեդիագրագիտության ուսուցման և երեխաների դաստիարակման գլխավոր դերակատար տեսնում են դպրոցին և ուսուցիչներին։ Այսպիսով, երբ հերթը ծնողներինն է, գուցե նաև հեշտ է սահմանափակելը միայն, որովհետև որքան շատ անհանգստանում ենք երեխաների անվտանգության, բարեկեցության ու առողջության համար,այնքան ավելի շատ ենք մտածում, որ մեզ  մեծ տեխնիկական կարողություններ ու հմտություններ են պետք երեխաներին ճիշտ ուղղորդելու համար։

Այս ամառ առաջարկում ենք մշտական «Ինչպե՞ս սահմանափակեմ հեռախոսային ժամանակը կամ ինչպես պաշտպանեմ երեխայիս համացանցից» հարցերը  վերաձևակերպել՝ «Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս՝ ավելի գրագետ օգտվել համացանցից»։ Արգելքների պատ կառուցելու փոխարեն՝ կառուցել վստահության ու իրար հետ խոսելու սկզբունքներ։ 

Տանը մեդիայի և տեխնոլոգիայի հետ առողջ հարաբերություններ ձևավորելը ոչ միայն հնարավոր է, այլև ավելի պարզ է, քան կարող է թվալ, ավելին՝ այն նաև կարելի է դիտարկել որպես միասին արդյունավետ ժամանակ անցկացնելու միջոց։

1․ Ծնողը՝ որպես օրինակ կամ օրինակ դարձեք

Երեխաները սովորում են ավելի արագ ոչ թե այն, ինչ ասում եք, այլ այն, ինչ անում եք։ Եթե ցանկանում եք, որ երեխան առողջ վերաբերմունք ունենա մեդիայի ու տեխնոլոգիայի նկատմամբ, նախ դուք պետք է լինեք այդպիսին։ Եթե դուք ամբողջ օրը «հեռախոսի մեջ եք», դժվար կլինի երեխային համոզել, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ 

Վերանայեք ձեր մեդիա վարքը, և սա միայն ժամանակին չի վերաբերում․ ինչ եք նայում, ինչ եք խաղում, ինչին եք ուշադրություն դարձնում (դասընթացների ժամանակ շատ երեխաներ այնքան լավ էին ճանաչում առցանց խաղատների պատկերները, որ պարզ է դարձնում այն հանգամանքը, թե որտեղ և ինչպես են դրանց առնչվել)։ 

2. Սահմանել կանոններ

Կարող եք սահմանել պարզ կանոններ՝ օրինակ «ընթրիքին հեռախոս/պլանշետ չենք օգտագործում» կամ «նախ՝ կարդալ, հետո՝ խաղեր», «մեքենայի մեջ հեռախոս չենք նայում»։ Պարզ կանոնների կողքին երբեմն կարևոր է ավելացնել նաև ավելի լուրջ սահմանափակումներ՝ օրինակ «սոցիալական մեդիա՝ միայն 13 տարեկանից, որովհետև այս կանոնը ամրագրված է գրեթե բոլոր ցանցերի կանոններում»։ Միասին կազմեք կանոնագիրք, որտեղ նշված կլինեն բոլոր կետերն ու հետևանքները։

3. Մեդիան օգտագործել որպես միասին հետաքրքրություններ ստեղծելու հարթակ

Պարբերաբար հարցրեք երեխաներին իրենց առցանց գործունեության մասին, ճիշտ այնպես, ինչպես հարցնում եք՝ ինչպես է անցել օրը։ Մենք հաճախ կենտրոնանում ենք, թե ինչ չի կարելի անել առցանց, բայց կարևոր է նաև իմանալ՝ ինչ է անում երեխան և պատկերացնել նրա հետաքրքրությունները, մասնակից դառնալ դրանց։ Հաճախ լսում եմ, որ մեծահասկաները ասում են՝ Տիկտոկը աղբանոց է, այնինչ կան երեխաներ, որ հարթակը օգտագործում են չսիրելի առարկայի խնդիրների լուծման կամ օտար լեզուների ուսուցման համար և մեծահասակների՝ նման վերաբերմունքը իմանալով կամ սկսում են թաքցնել, որ նայում կամ այլևս չեն վստահում, որովհետև իրենք այլ փորձառություն ունեն։ Պետք է հարցնել՝ ինչ է նայում, ինչու է հավանում այս կամ այն բովանդակությունը, եթե խաղերի սիրահար է, թող ձեզ էլ սովորեցնի, միասին խաղացեք Brawl Stars կամ Roblox, որ հետո, երբ այդ խաղերի մասին տարբեր վախեցնող պատմություններ լսեք, իմանաք՝ ինչպես արձագանքել և խուճապի չմատնվել։ Դուք էլ առաջարկեք էջեր, տեսանյութեր, դիտեք միասին։ Դա կօգնի տեխնոլոգիան տեսնել ոչ միայն որպես վտանգ, այլև որպես դրական փորձառություն։

4. Միասին ուսումնասիրեք թվային աշխարհը

Ընտրեք նրանց տարիքին և հետաքրքրություններին համապատասխան կայքեր և գործիքներ, գտեք ուսուցման հնարավորություններ, որտեղ նա կզարգացնի հմտությունները, խրախուսեք օգտագործել մեդիայի տված հնարավորությունները սովորելու, կրթվելու, ճիշտ ընտրություններ անելու համար։ Սա կօգնի նաև վստահության դաշտ ձևավորել, մեծահասակին՝ որպես տեղեկացված, գիտակ դիրքավորելու և թվային միջավայրում խնդիրների հանդիպելիս մեծահասակի հետ կիսվելու համար։

5. Սովորեցրեք մեդիագրագիտության տարրական հմտություններ

Պետք չէ մասնագետ լինել, որպեսզի երեխայի հետ խոսեք մեդիայի ու մեդիագրագիտության մասին։ Սկսեք պարզ հարցերից․

  • Ո՞վ է ստեղծել կամ հրապարակել այս նյութը։ 
  • Որտեղի՞ց է այս տեղեկությունը։ 
  • Կարո՞ղ ենք նույն տեղեկությունը գտնել այլ աղբյուրներում։ 
  • Ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ լուսանկարը կամ տեսանյութը իրական է, թե ոչ։ 
  • Ինչո՞ւ է այս գրառումը ստեղծվել՝ տեղեկացնելու, վաճառելու, զվարճացնելու, թե համոզելու համար։ 

Խրախուսեք երեխային չհավատալ և չտարածել առաջին իսկ տեսած տեղեկությունը, հատկապես եթե այն չափազանց զարմանալի, վախեցնող կամ հուզական է թվում։ Սովորեցրեք մի քանի րոպե տրամադրել ստուգելուն, հարցեր տալուն և տարբեր աղբյուրներ համեմատելուն։ Այս պարզ սովորությունները կօգնեն նրան ավելի վստահ ու պատասխանատու կողմնորոշվել թվային միջավայրում։

6. Թվային հետքը և անձնական տվյալների գաղտնիությունը կարևոր է

«Թվային հետքը» այն տեղեկությունների ամբողջությունն է, որը մենք թողնում ենք համացանցում՝ այցելած կայքեր, մեկնաբանություններ, հաղորդագրություններ, լուսանկարներ և հրապարակումներ։ Կարևոր է, որ երեխաները հասկանան՝ համացանցում կատարված յուրաքանչյուր գործողություն կարող է երկար ժամանակ հասանելի մնալ և նպաստել իրենց թվային ինքնության ձևավորմանը։

Օգնեք երեխային սովորություն դարձնել որևէ բան հրապարակելուց առաջ մտածելը։ Կարող եք միասին փորձեք այս կանոնը. «Արդյո՞ք ես նույնը կասեի կամ ցույց կտայի մարդկանց իրական կյանքում»։ Եթե պատասխանը ոչ է, գուցե արժե չհրապարակել։ 

Սահմանեք մի քանի պարզ կանոն անձնական տվյալների պաշտպանության համար․ զգույշ լինել լուսանկարներ, տան հասցե, հեռախոսահամար, դպրոցի, առօրյա տեղաշարժերի կամ ընտանիքի անդամների մասին տեղեկություններ հրապարակելիս։ Բացատրեք, որ ոչ բոլոր անձնական տեղեկություններն են նախատեսված հանրային տարածքի համար։

7. Նեթիկետ կամ թվային ապրումակցում

Դրական և անվտանգ առցանց շփման հիմքում ապրումակցումն է (էմպատիան)՝ ուրիշների զգացմունքները հասկանալու և հաշվի առնելու կարողությունը։ Թվային միջավայրում դա հատկապես կարևոր է, քանի որ հաղորդակցությունը հաճախ զուրկ է դեմքի արտահայտություններից, ձայնի տոնից և այլ գործոններից, որոնք օգնում են ճիշտ ընկալել դիմացինին։ Ապրումակցումը նպաստում է հարգալից հաղորդակցությանը, օգնում է կանխել թյուրըմբռնումներն ու վեճերը։ Երեխաների հետ միասին մշակեք մի քանի պարզ կանոններ, որոնց ընտանիքը կհետևի թե՛ առցանց, թե՛ առօրյա շփումներում։ Կարող եք դրանք գրի առնել, ստորագրել և փակցնել տեսանելի վայրում։ Այդպես թվային վարքագծի մասին խոսակցությունը կվերածվի ընտանիքի ընդհանուր համաձայնության և պատասխանատվության։ 

Կարևոր է նաև պահպանել առցանց շփման նեթիկետը՝ հարգել ուրիշների կարծիքը, խուսափել վիրավորական, նվաստացնող կամ ատելություն տարածող խոսքից, չներքաշվել անիմաստ վեճերի մեջ և զգուշավոր լինել անծանոթների հետ շփվելիս, այդ թվում՝ խաղերի զրուցարաններում և սոցիալական ցանցերում։ Օգտակար կանոն է նախքան մեկնաբանություն կամ հաղորդագրություն ուղարկելը մտածել՝ «Կասեի՞ արդյոք սա նույն կերպ, եթե դիմացինը կանգնած լիներ իմ դիմաց»։

Ծնողական դերը թվային դարում երբեմն ավելի բարդ է թվում, բայց հնարավոր է օրինակ լինելով, բացատրելով, սովորեցնելով, ներգրավվելով՝  երեխայի համար ստեղծել առողջ և վստահելի միջավայր, որտեղ մեդիան ու տեխնոլոգիան հնարավորություն և ոչ թե վտանգ կլինեն։ 

Թվային քաղաքացիությունը պարզապես քաղաքացիություն է՝ առցանց տիրույթում

Այս բոլոր խորհուրդների հիմքում մի կարևոր գաղափար կա. «թվային քաղաքացիությունը», և այն նոր կամ բարդ երևույթ չէ, այլ իրական կյանքում պատասխանատու քաղաքացի լինելու շարունակությունը՝ թվային միջավայրում։ Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի Թվային քաղաքացիության կրթության ուղեցույցում, թվային քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ իրական կյանքում, և իրենց վարքով նպաստում են ավելի անվտանգ, հարգալից ու պատասխանատու համայնքի ձևավորմանը։

Սա կարևոր հիշեցում է ծնողների համար. պարտադիր չէ լինել տեխնոլոգիաների մասնագետ՝ երեխային թվային աշխարհում ուղղորդելու համար։ Եթե դուք կարող եք սովորեցնել հարգել ուրիշներին, պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար, տարբերել ճիշտն ու սխալը, հոգ տանել սեփական և ուրիշների անվտանգության մասին, ապա արդեն փոխանցում եք թվային քաղաքացիության կարևոր արժեքները։

Ի վերջո, թվային աշխարհը առանձին իրականություն չէ։ Այն մեր առօրյա կյանքի շարունակությունն է, և այն արժեքները, որոնք ցանկանում ենք տեսնել երեխաների վարքում իրական կյանքում, նույնքան կարևոր են նաև առցանց միջավայրում։

Անի Եղիազարյան