Հունիսի 9-ին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգում մուտքագրված է 22։
«Օրինակ նույն ԲՀԿ-ի հետ կապված 22/18 տեղամասում, ըստ արձանագրության, հավաքել է 7 ձայն ԲՀԿ-ն, համակարգում անց է կացվել 22 ձայն»,- ասել է պատգամավորը։
Նույն օրը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում հերքել է Ալեքսանյանի հայտարարությունը՝ այն անվանելով սուտ։
«Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում»,- գրել էր Տոնոյանը և հրապարակել արձանագրությունը։

Էկրանապատկերը՝ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից
«Ստուգված է»-ն պարզել է, որ Իվետա Տոնոյանի հրապարակած արձանագրությունն իրական է և այնտեղ ԲՀԿ-ի դիմաց իսկապես նշված է 22, ոչ թե 7: Դրա ճշգրտությունը մենք ստուգեցինք «Ականատես» դիտորդական առաքելության միջոցով։
Վահագն Ալեքսանյանը հիմնվել է ԿԸՀ-ի հրապարակած քաղվածքի վրա, որտեղ ԲՀԿ-ի դիմաց իսկապես նշված է 7, սակայն դա, հավանաբար, սխալ արտագրման արդյունք է։
Ինչ է տեղի ունեցել իրականում
ԿԸՀ կայքում հրապարակվում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Ըստ դրանց՝ Լոռու 22/18 ընտրատեղամասում ԲՀԿ-ն հավաքել է 7 ձայն։
Skip to PDF contentԿԸՀ-ն հրապարակել է նաև քվեարկության արդյունքների էլեկտրոնային տարբերակը, որտեղ, սակայն, ԲՀԿ-ն այդ ընտրատեղամասում հավաքել է 22 ձայն։
Այս տվյալների վրա է հիմնվել Վահագն Ալեքսանյանն իր պնդումներն անելիս։
Սակայն ԿԸՀ կայքում հրապարակվել է ոչ թե արձանագրությունը, որը արդյունքները ներկայացնող հիմնական և ամենակարևոր փաստաթուղթն է, այլ դրա քաղվածքը։
Իվետա Տոնոյանի հրապակած փաստաթուղթը ոչ թե քաղվածքն է, այլ քվեարկության արձանագրությունը, որը, հավանաբար, ստացվել է վստահված անձի կողմից։
Համոզվելու համար, որ Տոնոյանի հրապարակած արձանագրությունն իրական է, մենք «Ականատես» դիտորդական առաքելությունից, որը դիտորդություն էր իրականացրել այդ ընտրատեղամասում, խնդրեցինք մեզ տրամադրել արձանագրության լուսանկարը։
Այն նույնությամբ համընկնում էր Իվետա Տոնոյանի հրապարակած արձանագրության հետ։ ԲՀԿ-ի ձայների քանակը իսկապես 22 էր։

22/18 ընտրատեղամասի արձանագրությունը՝ տրամադրված «Ականատես»-ի կողմից
Մենք խոսեցինք նաև ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի հետ, որը նշեց, որ որպես հիմք պետք է ընդունել քվեարկության արդյունքների արձանագրությունը, ոչ թե քաղվածքը։
Իսկ թե ինչու է ԿԸՀ-ի հրապարակած քաղվածում և արձանագրության մեջ ԲՀԿ-ին քվեարկողների թիվը տարբեր, դեռ հայտնի չէ։