Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նիկոլ Փաշինյանը՝ հուլիսի 7-ին։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս էր գնացել Հայաստանի քարտեզ-կրծքանշանը հագուստին ամրացրած։ Այդ քարտեզը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներից է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ ԿԸՀ-ն Փաշինյանի՝ ընտրատեղամաս քարտեզով գնալը ընտրախախտում չի համարել։

«Ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի խոսքով՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ, իսկ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցողների դեպքում միանշանակ խախտում է»,- գրել էր լրատվամիջոցը:

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ իրենք կոչ են արել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող բոլոր անձանց չկրել քարոզչական բնույթ կրող որևէ հագուստ.

«Բոլոր այն իրավիճակներում, երբ տեղամաս գա որևէ ԶԼՄ, դիտորդ, վստահված անձ, այցելու և կրի քարոզչական բնույթ կրող որևէ հագուստ, այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը իրավասու է վերջինիս դուրս հրավիրել կամ թողնել բացառապես քարոզչական բնույթը կրող շապիկի կամ նշանի հեռացումից հետո»,- ասել էր խոսնակը։

Ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ իրենք այս կոչով դիմում են նաև ընտրողներին, բայց իրավասություն չունեն պատասխանատվության ենթարկելու նրանց։ 

Իսկ ինչ է սահմանված օրենքով

Հայաստանի «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածը սահմանում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը (Հայաստանի քարտեզը) համարվում է քարոզչական միջոց: 

Լրատվամիջոցների լուսաբանման և ուղիղ հեռարձակման արդյունքում ապահովվել է գործողության հրապարակայնությունը:

Հետևաբար՝ թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից քվեարկության օրը ընտրատեղամասում կուսակցական խորհրդանիշով ներկայանալը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում է։

Բացի դրանից, ըստ «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության, նման խորհրդանիշների կրումը կարող է ընկալվել նաև որպես քվեարկության գաղտնիության խախտում, ինչն արդեն քրեական հանցագործություն է։

Խախտումը, սակայն, այս պարագայում վերաբերում է տեսանելի ձևով քվեարկելուն, ինչպես նաև քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթուղթը լուսանկարելուն։ Հետևաբար միանշանակ չէ, որ կուսակցության խորհրդանիշի կրումը համարվում է քվեարկության գաղտնիության խախտում։

Փաշինյանի դեպքը միակը չէ։ Ընտրողներից շատերն են ընտրատեղամաս գնացել ՔՊ-ի քարոզչության մաս կազմող կրծքանշան-քարտեզով։ Ինչպես գրել էր «Հետքը»՝ կրծքանշանով տեղամաս էին գնացել նաև Արտաշատ համայնքի ղեկավարը, Արտաքին գործերի նախարարի օգնականը և այլք։ «Ժողովուրդ» օրաթերթը ևս հրապարակել էր նկարներ, որոնցում քաղաքացիները ընտրատեղամասում կրում են քարտեզը։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել