Մեդիան զենք է․ այն կարող է և՛պաշտպանել քաղաքացիների ազատ խոսքն ու իրավունքները, և՛ դառնալ գործիք նրանց քաղաքական ազատությունները սահմանափակելու համար։ Այդպիսի մի օրինակի վերջերս ականատես եղանք Հայաստանում։
«Շանթ» հեռուստաընկերությունը լրատվական ռեպորտաժ էր պատրաստել «Զվարթնոց» օդանավակայանից՝ Հայաստան ժամանողներին հարցնելով գալու նպատակի, ԱԺ ընտրություններին մասնակցության մասին։
Ժամանողներից մեկն էլ՝ մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը, հունիսի 5-ին «Զվարթնոց»-ում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ նպատակով է այցելել ու ինչ է անելու պատասխանել էր. «Ընտրությունների ենք եկել, ընտանիքով բոլորով։ Եկել ենք ընտրենք երեկոյան 7–ին հետ ենք վերադառնալու։ Որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք էլի, չմնանք բարդություններին»։
Սահակյանի այս խոսքերը արագորեն տարածվեցին համացանցի հայկական տիրույթում և սոցցանցերում։ Բուռն քննարկման, քննադատության արժանացավ, որ դե յուրե ՀՀ քաղաքացին ապրելով արտասահմանում, դե ֆակտո քվեարկում է՝ Հայաստանում ապրողների ապագան որոշելով, բայց նույնիսկ մեկ օր ավել չի մնում և, ավելին, կասկածելով թե «բարդություններ» կլինեն, նույն օրը երեկոյան հեռանում է որ երկրի խնդիրներն իրեն ու իր երեխաներին չառնչվեն։
Ահա այս արտահայտության համար, ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձերբակալում է Հովհաննես Սահակյանին Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը), մեկնաբանելով որ վերջինս «…հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին»։
Այս միջադեպը չափազանց նշանակալի օրինակ է, թե ինչպես մեդիան, այս դեպքում հեռուստաընկերության լրատվական ծրագիրը, լրագրողն ու խմբագիրը կարող են ռեպորտաժի միջոցով մարդկանց կյանք ներխուժելով, նրանց կարծիքն ու մոտեցումները հանրայնացնել, դարձնել նրանց քննադատության թիրախ։ Թիրախ որը չի թաքցրել իր մտքերն ու մոտեցումները և ազնվորեն ու թափանցիկ հայտնել է դրանք (որքան էլ դրանք մեզ համար էթիկապես անընդունելի լինեն), ոչ մի օրենք չի խախտել, իրացրել է իր ազատ խոսքի իրավունքը, ոչ մեկի հանդեպ ոտնձգություն չի կատարել, բայց բովանդակային առումով արժանացել է սոցցանցերում մարդկանց քննադատության։ Իշխանությունները՝ օգտվելով այդ դժգոհության ու քննադատության ֆոնից, ձերբակալել են նրան՝ իրենց քաղաքական, քարոզչական նկատառումներից ելնելով՝ ցույց տալով որ իրենք դեմ են «արտաքին միջամտությանն»։
Հարցը նույնիսկ այն չէ, թե այդ քաղաքացին քվեարկել է հանուն, թե ընդդեմ իշխանության, այլ այն որ մարդու կարծիքն ու դրա բարձրաձայնումը, հանրայնացումը՝ խոսքի պաշտպանության փոխարեն դառնում է դագանակ նրա դեմ։ Հանրայնորեն կարծիք արտահայտելը, այն էլ մեդիայով, մեծ տարածում ստանալուց հետո, կարող է դառնալ պատժի առիթ։ Լրատվական ոլորտը, սոցցանցերը որոնք ստեղծվել են մարդկանց հաղորդակցության կազմակերպման, մարդկանց ձայնը լսելի դարձնելու, նրանք մտքերն ու կարծիքը հանրայնացնելու համար և պետք է պաշտպանվեին որպես հիմնական իրավունք, հիմա դարձել են լռության, սեփական կարծիքը չհայտնելու, պատասխանից խուսափելու միջավայր, քանի որ ըստ քաղաքական իրավիճակի ու իշխանության իրավապահ կամայականության քեզ կարող են պատժել ու ձերբակալել՝ բացառապես պոպուլիզմից ելնելով ու վախի մթնոլորտ տարածելով։
2010-ական թվականներին, երբ Ֆեյսբուքը նոր էր տարածում ստանում Հայաստանում, երբ համացանցն ու սոցցանցերը նոր-նոր էին դառնում մեր առօրյայի մաս, մարդիկ անհագուրդ մղումով կիսվում էին իրենց մտքերով, կարծիքներ հայտնում, քննարկում ու բանավիճում՝ նրանք գտել էին նոր հանրային տարածք՝ ապահով ու անսահմանափակ հնարավորություններով, որտեղ գրաքննություն և սահմանափակումներ չկային, կարգավորողներ ու ֆիլտեր չկային։ Հիմա մամուլն ու մեդիան, համացանցը հակառակի՝ վախի, ցենզուրայի, բոտային հարձակումների, տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին տեղեկատվական միջամտությունների պարարտ դաշտեր են, որտեղ մարդու կարծիքը կարող է չեղարման (cancel culture-ի) մաս դառնալ, մարդ կարող է հեշտությամբ գանահարվել իր միտքն արտահայտելու համար։ Այդ կարծիքը կարող է չլինել հակաօրինական, վտանգավոր ու ատելություն հարուցող, բայց եթե սոցցանցային ամբոխավարությունը պահանջի նրա պատժել, իշխանությունները կօգտագործեն այդ առիթը իրենց քաղաքական պոպուլիզմի համար ու կձերբակալեն նրան՝ տուրք տալով հակահանրային բարքերին ու օրենքի և իրավականության ոտնահարմանը հանուն այսրոպեական տեղեկատվական, մեդիա էֆեկտի շահին։
Ի վերջո, ստանալով անհրաժեշտ քարոզչական էֆեկտը և միաժամանակ բախվելով հանրային կտրուկ բողոքի, քննադատության ու դժգոհության՝ իշխանությունն, ի դեմս Քննչական կոմիտեի, Հովհաննես Սահակյանի նկատմամբ կիրառեց խափանման միջոց՝ բացակայելու արգելք։ Եթե այս ամենը տեղի ունենար օրինակ Ռուսաստանում կամ Բելառուսում, կարող է օրինաչափ լինել, բայց Հայաստանում որն իրեն դիրքավորում է որպես ժողովրդավարության «բաստիոն», որն իրեն տարանջատում է այդ բռնապետական, ավտորիտար ռեժիմներից ու անում է այդ ռեժիմներին հարիր քայլեր՝ սա շատ և շատ մտահոգիչ է և ցույց է տալիս թե ինչպես մեդիան կարող է ծառայել բռնությանը, իրավունքների ու օրենքների ոտնահարմանն ու հակաժողովրդավարական, ավտորիտար գործիքակազմի մաս դառնալ ընդդեմ ազատ խոսքի։