Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

«Ինչպե՞ս է փոխվում ուղեղի աշխատանքը, երբ նա, ով սովորաբար հարցեր է տվել, որոշում է դառնալ մեկը, որից պատասխաններ են ակնկալում»։ ԱԲ-ն պատասխանում է. «Հարց տվողի ուղեղը կենտրոնացած է որոնման վրա, իսկ պատասխանողի ուղեղը՝ պատասխանատվության»։ Եզրակացնում է՝ «Լավ հարց տվողը հաճախ դառնում է լավ պատասխանող»։

Հայաստանի նոր խորհրդարանում այս անցումը կատարածների թիվը ավելացել է 3-ով։

Նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում լրագրողական անցյալով 15 պատգամավոր է լինելու։ Նրանցից 12-ը գալիս են նախորդ գումարումներից։ 12-ից 9-ին խորհրդարան է բերել Նիկոլ Փաշինյանը՝ մեծ մասին՝ 2018-ին, ոմանց՝ 2021-ին։

Դրանից առաջ էլ էին լրագրողները պատգամավոր դառնում, բայց առավելապես այնպիսիք, որոնք զբաղվում էին քաղաքական լրագրությամբ՝ լուսաբանում էին Ազգային ժողովի կամ կառավարության աշխատանքը, երկրի ներքաղաքական կյանքը։ Արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված լրագրողները, որպես կանոն, ԱԺ չեն գնում։

Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարան եկածներից ոչ բոլոր էին քաղաքականություն լուսաբանում։ Բաբկեն Թունյանը, օրինակ, հայտնի էր իր տնտեսական վերլուծություններով, Լուսինե Բադալյանը(Լուլուն)՝ առավոտյան ծրագրեր ու շոուներ վարելով, Սարգիս Խանդանյանը՝ որպես «Արմքոմեդիի» «ժողովուրդ»։ Հետո պարզվեց, որ լրագրողական գործունեությամբ են զբաղվել նաև քաղակտիվիստ Թագուհի Ղազարյանը, պատգամավորի օգնականից պատգամավոր դարձած Հասմիկ Հակոբյանը։

Հարկ է նկատել, որ Փաշինյանի նպատակը հատկապես լրագրողներին կամ լրագրողական գործունեությամբ զբաղվողներին Ազգային ժողով բերելը չէր։ 2018-ին սեփական թիմը հավաքելու խնդիր կար, ու քանի որ մինչև հաջորդ գումարում թիմն իրեն արդարացրեց, նրանք պատգամավոր դարձան նաև 2021-ին։ Միայն մեկ բացառություն եղավ՝ Թագուհի Թովմասյանը, որը գումարման կեսից դուրս եկավ ՔՊ խմբակցությունից, իսկ 2021-ի ընտրություններին մասնակցեց «Պատիվ ունեմ»-ի հետ։

Ամեն իշխանություն լրագրողին պատգամավոր դարձնելու իր պատճառն ունի։

Այդպես պատգամավոր դարձավ «նախկիններին» ամենաշատը քննադատող Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայկական ժամանակից»։ Իշխանությունը, կարծես, առաջնորդվում էր «ով մեզ դեմ է, կդառնա մեզնից մեկը» սկզբունքով։ Զոհրաբյանը քաղաքականություն մտավ «Բարգավաճ Հայաստանի» հետ, որը իշխող կոալիցիայի մաս դարձավ։ ՀՀԿ-ի շարքերը համալրեց «Առավոտի» Մարգարիտ Եսայանը, որը «Հանրապետականի» հետ համագործակցության հարուստ փորձ ուներ։ ԱԺ 4-րդ և 5-րդ գումարումներում հատկապես շատ էին մականունավոր թաղային հեղինակությունները, ու հենց իրենք՝ խորհրդարան գնացող լրագրողները, ասում էին, թե ուզում են փոխել ԱԺ–ի դեմքը։

Այսօր իրավիճակը այլ է։ Ինչպիսին էլ լինի Ազգային ժողովի ու կառավարության կազմը, հանրային ընկալման մեջ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի դեմքն ունի։ Իսկ նա ունի լրագրողի հարուստ փորձառություն, ամեն ինչի մասին խոսում է բաց, անդադար, ասել է՝ իշխանությունը հանրաճանաչ լրագրող/պատգամավորի աջակցության կարիք չունի։

Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» նախկին լրագրողերի թիվը կավելանա մեկով։ Քնարիկ Մանուկյանը Գյումրիի ավագանու անդամ է, բայց մինչև հեղափոխությունը աշխատել է «Ա1+»-ում։

Մինչև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ աշխատելը լրագրողական գործունեությամբ է զբաղվել նաև Իրինա Յոլյանը, որը պատգամավոր է դարձել «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժի ընտրացուցակով։

«Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է դառնում նաև լրագրող Մարիաննա Ղահրամանյանը։ Մինչև ընտրարշավը «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում նա քաղաքական հարցազրույցներ էր վարում։ «5-րդ ալիքի» հարցազրույցների տաղավարը Ազգային ժողով տանող ուղիղ ճանապարհ է դարձել։ 2021-ին հարցազրույցների նույն տաղավարից Ազգային ժողով գնաց Ագնեսա Խամոյանը։

Նա, արդեն երկու գումարում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Խամոյանը և խմբակցության ևս երկու անդամ՝ Գեղամ Մանուկյանն ու Աղվան Վարդանյանը, «սերում են» նույն լրատվամիջոցից՝ ՀՅԴ–ին պատկանող «Երկիր» պաշտոնաթերթից ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից։

Ազգային ժողովի ամեն գումարման սկզբում մենք թարմացնում ենք պատգամավոր–լրագրողների կազմը, թեև նրանցից շատերը ավելի երկար աշխատել են Ազգային ժողովում, քան որևէ լրատվամիջոցում։ Նրանց լրագրողական գործունեությունը անցյալ է, պատգամավորականը՝ շարունակական ներկա։