Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված է 4 պատգամավորական մանդատ։ Մանդատների նպատակն է խորհրդարանում ապահովել եզդիական, ռուսական, ասորական և քրդական համայնքների ներկայացվածությունը՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։ 

«Ստուգված Է»-ն ուսումնասիրել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների՝ եզդիական համայնքից Ռուստամ Բաքոյանի, ռուսականից՝ Ալեքսեյ Սանդիկովի, քրդականից՝ Կնյազ Հասանովի և ասորականից՝ Զեմֆիրա Միրզոևայի գործունեությունը՝ պարզելու, թե որքան ակտիվ են նրանք զբաղվել իրենց համայնքների խնդիրներով։

Ուսումնասիրությունը բացահայտում է, որ չորս պատգամավորների հանրային հաղորդակցության մեջ գերակշռում են ներքաղաքական և միջազգային թեմաները, իսկ օրենսդրական դաշտում պասիվություն է. պատգամավորներից երեքը սեփական օրենսդրական նախաձեռնություններ առհասարակ չունեն։ 

Մենք դիտարկել ենք պատգամավորների հանրային ակտիվությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջերում, ինչպես նաև ուսումնասիրել, թե օրենսդրական ինչ նախաձեռնություններով են հանդես եկել՝ պատգամավոր ընտրվելու պահից մինչև 2026 թվականի ապրիլը։

Ֆեյսբուքյան հրապարակումները դասակարգել ենք թեմատիկ խմբերի՝ համայնքային, քաղաքական, միջազգային և այլ ուղղություններով։ Համայնքային թեմաների ներքո դիտարկվել են այն հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնությունների լեզվին, մշակույթին, կրոնին, ինքնության հարցերին, ինչպես նաև նրանց սոցիալական կամ համայնքային խնդիրներին։

Ուսումնասիրվել են հրապարակումները պատգամավոր ընտրվելու պահից մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը։ Կնյազ Հասանովի դեպքում ընդգրկվել է միայն 2025-2026 թվականների հրապարակումները, քանի որ էջը նոր բացված է։

Օրենսդրական գործունեությունը վերլուծվել է պատգամավորների հեղինակած, համահեղինակած, ընդունված, քննարկվող և հետ կանչված նախաձեռնությունների հիման վրա։

Ինչպե՞ս են ընտրվում ազգային փոքրամասնությունների պատգամավորները

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված են առանձին մանդատներ։

Դրանք տրվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններին։ 

Ներկայում դրանք եզդիները, ռուսները, ասորիները և քրդերն են:

Թեկնածուները ընդգրկվում են կուսակցությունների կամ դաշինքների համապետական ընտրացուցակների երկրորդ մասով և խորհրդարան են անցնում տվյալ քաղաքական ուժի ստացած ձայների հաշվին։

Այս համակարգը ներդրվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո՝ ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունն ապահովելու նպատակով։

Ռուստամ Բաքոյան

Եզդիական համայնքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, իսկ 2021-ին վերընտրվել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։

Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան էջից հավաքագրել ենք 775 գրառում՝ 2019-ից մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ 2018-ին և 2021-ին  արված գրառումներ չկան։

Հրապարակումների գերակշիռ մասը՝ 330 գրառում, կազմել են կուսակցական և ներքաղաքական թեմաները։ Դրանք վերաբերում են ԱԺ-ի աշխատանքներին, կառավարության գործունեությանը, պաշտոնական հանդիպումներին, պետական միջոցառումներին և իշխող քաղաքական թիմի նախաձեռնություններին։

Երկրորդ խոշոր խումբը միջազգային հարաբերություններին վերաբերող հրապարակումներն են՝ 166 գրառում։ Դրանց զգալի մասը վերաբերում է Հայաստան-Իրաք հարաբերություններին, միջազգային հանդիպումներին և արտաքին կապերին։ 

Եզդիական համայնքին առնչվող հրապարակումների ընդհանուր թիվը 117-ն է: Դրանք հիմնականում վերաբերում են համայնքային այցերին, հանդիպումներին, մշակութային ու կրոնական միջոցառումներին, ինչպես նաև համայնքի խնդիրներին։ 

Պատգամավորը 2019-ին եզդիական համայնքին վերաբերող 34 հրապարակում է արել։ 2020-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 4-ի, 2022-ին կազմել է 6, իսկ 2023-ին՝ 19։ 2024-ին գրանցվել է 33 հրապարակում, 2025-ին՝ 12, իսկ 2026-ի հունվարից մինչև ապրիլի 21-ը՝ 8 հրապարակում։

Ուսումնասիրված գրառումներից 144-ը վերաբերում էին տոներին կամ հիշատակի օրերին, 18-ը՝ անձնական բնույթի էին։

Ալեքսեյ Սանդիկով

Ռուսական համայնքը ներկայացնող Ալեքսեյ Սանդիկովը ևս խորհրդարան մուտք է գործել 2018-ի արտահերթ ընտրությունների արդյունքում՝ «Իմ քայլ»-ի ցուցակով, իսկ 2021-ին վերընտրվել է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։

2019-2026-ի ապրիլի 28-ը հավաքագրել ենք Ալեքսեյ Սանդիկովի 569 հրապարակում։ 2018-ին հրապարակումներ չեն եղել։ Դրանց գերակշիռ մասը վերաբերում է արտաքին քաղաքականությանը։ 

Հայ-ռուսական հարաբերություններին, միջպետական հանդիպումներին և արտաքին քաղաքական հարցերին պատգամավորն անդրադարձել է 220 գրառումներում:

Ներքաղաքական թեմաներով հրապարակումները համեմատաբար քիչ են՝ 74։ 

Սանդիկովի էջում համայնքային թեմաներով գրառումները 89 էին, իսկ  հրապարակումների դինամիկան ըստ տարիների հետևյալ տեսքն ունի. 2019-ին 3 հրապարակում, 2020-ին՝ 18, 2021-ին՝ 20, 2022-ին՝ 16, 2023-ին՝ 7, 2024-ին՝ 12, 2025-ին՝ 11, իսկ 2026 թվականի ապրիլի 28-ի դրությամբ ընդամենը 2։

64 գրառում վերաբերում էր տոներին կամ հիշատակի օրերին, 122 գրառում անձնական բնույթի էր։

Կնյազ Հասանով

Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը պատգամավոր է եղել 2017-2019թթ․-ին՝ 6-րդ, 2018-ին՝ 7-րդ և 2021-ին՝ 8-րդ գումարման խորհրդարաններում՝ համապատասխանաբար «Հանրապետական» կուսակցության, «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներով։

Այս պատգամավորի դեպքում ուսումնասիրությունն ունի որոշ սահմանափակումներ։

Նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը նորաբաց է և ներառում է միայն 2025-2026 թթ. գրառումները, ինչի պատճառով հնարավոր չէ տեսնել պատգամավորության ամբողջ շրջանի ակտիվությունը։

Նրա էջից հավաքագրել ենք 112 գրառում, դրանց մեջ գերակշռում են քրդական մշակույթին, պատմությանը, արվեստին, ազգային ինքնությանը և հայտնի գործիչներին վերաբերող թեմաները՝ ընդհանուր 40 գրառում։

Համայնքային կոնկրետ խնդիրներին, սոցիալական հարցերին կամ դրանց լուծմանը վերաբերող հրապարակումները 10-ն են։

23 հրապարակում վերաբերում էր ներքաղաքական իրադարձություններին, 5 գրառում՝ տոներին կամ հիշատակի օրերին, 34-ը՝ անձնական բնույթի էին։

Զեմֆիրա Միրզոևա

Ասորական համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոևան պատգամավոր է դարձել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակով։

Միրզոևայի էջից հավաքագրել ենք 182 հրապարակում՝ 2021-2026-ի ապրիլ։ 

Նրա հրապարակումներում առավել մեծ տեղ են զբաղեցնում կուսակցական և ներքաղաքական թեմաները՝ 65 գրառում։

Ասորական համայնքի խնդիրներին, մշակութային և կրոնական կյանքին, համայնքային նախաձեռնություններին ու հանդիպումներին վերաբերող հրապարակումները 42 են։

Միրզոևայի դեպքում հատկապես նկատելի է, որ ժամանակի ընթացքում նա ավելի քիչ է անդրադառնում համայնքային թեմաներին։ Եթե 2021 և 2022 թվականներին ասորական համայնքին վերաբերող հրապարակումները 14 էին, ապա 2025 թվականին ընդամենը 2-ը, իսկ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 1-ը։

Ուսումնասիրված գրառումներից 19-ը վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, 42-ը՝ տոներին և հիշատակի օրերին, 14-ը՝ անձնական բնույթի էին։

Ինչպե՞ս է սա արտահայտվում օրենսդրական գործունեության մեջ

Ուսումնասիրել ենք նաև պատգամավորների օրենսդրական աշխատանքը, հասկանալու թե որքանով են օգտվել իրենց օրենսդրական նախաձեռնության իրավունքից։ 

Չորս պատգամավորներից առավել ակտիվ այդ իրավունքից օգտվել է Ռուստամ Բաքոյանը։

Պատգամավորը 8 տարվա ընթացքում հանդես է եկել 9 օրենսդրական նախաձեռնությամբ, որոնցից մեծ մասը ընդունվել է, մեկը դեռ գտնվում է քննարկման փուլում, իսկ ազգային փոքրամասնություններին վերաբերող մեկ օրենսդրական փաթեթ հետ է կանչվել։

Նա ԱԺ 7-րդ գումարման ընթացքում(2018-2021թթ․) եղել է երկու օրենսդրական նախաձեռնության հեղինակ։

Նրա նախաձեռնություններից առաջինը վերաբերում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններին։ Դրանով առաջարկվել է օրենսգրքի 176-րդ հոդվածը լրացնել նոր կետով, ըստ որի աշխատողներին հնարավորություն կտրվի տարեկան մինչև չորս օր օգտագործել իրենց ազգային, կրոնական տոներն ու հիշատակի օրերը նշելու համար։

Երկրորդ նախաձեռնությամբ առաջարկվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել ՀՀ ազգային փոքրամասնությունների օր, որը կնշվի հոկտեմբերի առաջին կիրակի օրը։

ԱԺ 8-րդ գումարման ընթացքում(2021-2026թթ․) Բաքոյանը հանդես է եկել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ։

Որով առաջարկվում է հստակեցնել «ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպության» կարգավիճակը, ինչպես նաև նախատեսել, որ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության համապատասխան որոշումները պարտադիր փոխանցվեն այդ կազմակերպություններին։

Նշենք, որ նախաձեռնությունը դեռևս գտնվում է քննարկման փուլում։

Պատգամավորը 8-րդ գումարման ընթացքում հանդես է եկել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ընդունվել են։

Ընդունված նախաձեռնություններից մեկով փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիության մասին» օրենքում՝ վերանայելով Հայաստանի քաղաքացիություն ստանալու հիմքերն ու պայմանները, այդ թվում՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունեցած անձանց ընտանիքի անդամների համար։ 

Մյուս նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ ամրագրելով, որ օգոստոսի 3-ը սահմանվել է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Պատգամավորը հեղինակել է նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով փոխկապակցված փոփոխություններ են կատարվել «Ընտանեկան օրենսգրքում», «Քաղաքացիական օրենսգրքում» և «Վարչական դատավարության օրենսգրքում»։ Փաթեթով վերանայվել և հստակեցվել են ընտանեկան հարաբերություններին, անչափահասների իրավունքներին և նրանց դատավարական ու քաղաքացիական գործունակությանը վերաբերող մի շարք կարգավորումներ։ Մասնավորապես, ամուսնության նվազագույն տարիքը երկու սեռերի համար էլ հավասարեցվել է՝ սահմանվելով 18 տարեկան, վերացվել է ամուսնության հիմքով մինչև 18 տարեկան անձի լիարժեք քաղաքացիական գործունակություն ձեռք բերելու հնարավորությունը, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ են կատարվել դատարանում անչափահասների ինքնուրույն մասնակցության վերաբերյալ կարգավորումներում։ 

Նրա հեղինակած մեկ այլ նախագծով ընդլայնվել են ՄԻՊ-ի լիազորությունները։

Օրենսդրական փոփոխություններ են կատարվել նաև Քրեական դատավարության օրենսգրքում. սահմանվել են դատախազի որոշումների կայացման հստակ ժամկետներ, իսկ ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով ընդլայնվել է գաղտնի քննչական գործողությունների շրջանակը՝ ներդնելով «վերահսկելի մատակարարում և գնում» ինստիտուտը։ 

Միևնույն ժամանակ պատգամավորը հետ է կանչել ազգային փոքրամասնություններին վերաբերող իր օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։

Օրինակ՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի պատմությունից տեղեկանում ենք, որ Բաքոյանն իր հեղինակած այս օրենքը հետ է կանչել::

Նախագծի նպատակն էր օրենքով ամրագրել ազգային փոքրամասնությունների իրավունքները, նրանց լեզվի, մշակույթի և ինքնության պահպանման երաշխիքները, ինչպես նաև ստեղծել Ազգային փոքրամասնությունների խորհուրդ։ 

Հետ է վերցվել նաև «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր օրենքի 4-րդ հոդվածից հանել 6-րդ կետը, որը սահմանում է, որ Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների պալատ, որի կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են օրենքով: 

Պատգամավորը հետ է վերցրել նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որով առաջարկում էր առնվազն 75% ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում կրթությունը կազմակերպել տվյալ փոքրամասնության լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ։

Մյուս երեք պատգամավորների դեպքում պատկերն այլ է։

Ալեքսեյ Սանդիկովը սեփական հեղինակությամբ ընդունված օրենսդրական նախաձեռնություններ չունի։

Կնյազ Հասանովը որպես համահեղինակ մասնակցել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները իրենցից ենթադրում են՝ ստեղծել պետական կարգավորված համակարգ, որտեղ լրացուցիչ կրթությունը, ինչպես նաև ոչ ֆորմալ սովորած հմտությունները կգրանցվեն, կգնահատվեն և պաշտոնապես կվկայագրվեն ազգային ռեեստրի միջոցով, որպեսզի դրանք ճանաչվեն նաև աշխատաշուկայում։ 

Զեմֆիրա Միրզոևան ևս առանձին օրենսդրական նախաձեռնություններ չունի։ 

Ի՞նչ են ցույց տալիս տվյալները

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հանրային հաղորդակցությունում գերակշռում են տարբեր թեմատիկ ուղղություններ՝ կախված պատգամավորից։ Ռուստամ Բաքոյանի և Զեմֆիրա Միրզոևայի դեպքում առավել հաճախ հանդիպում են քաղաքական և կուսակցական հրապարակումներ, Ալեքսեյ Սանդիկովի մոտ՝ միջազգային հարաբերություններին վերաբերող նյութեր, իսկ Կնյազ Հասանովի հրապարակումներում՝ հիմնականում մշակութային թեմաներ։

Օրենսդրական նախաձեռնությունների մասով առավել ակտիվ է եղել Ռուստամ Բաքոյանը։ Զեմֆիրա Միրզոևան և Ալեքսեյ Սանդիկովը հանդես չեն եկել օրենսդրական նախաձեռնություններով, իսկ Կնյազ Հասանովը մասնակցել է միայն մեկ նախաձեռնության՝ որպես համահեղինակ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել