Media.am-ը զրուցել է մեդիագրագիտության միջազգային փորձագետ, դասընթացավար Արմինաս Վարանասկուսի հետ՝ հասկանալու մեդիագրագիտության ինտեգրման, միջազգային փորձի և դասավանդման նորարարական մոտեցումների հարցերը։
Արմինաս, ի՞նչ է ցույց տալիս միջազգային Ձեր փորձը՝ ինչպե՞ս է փոխվել մոտեցումը մեդիագրագիտության նկատմամբ վերջին տարիներին, և արդյո՞ք երկրների միջև կան հիմնարար տարբերություններ։
Իմ դիտարկմամբ՝ վերջին հինգ տարիներին երկրների միջև ավելի ու ավելի շատ ընդհանրություններ են առաջանում։ Բոլորս ապրեցինք COVID-19-ի փորձությունը, որը շատ նման ազդեցություն ունեցավ տարբեր երկրների վրա։ Ապատեղեկատվությունը՝ կապված պատվաստանյութերի, առողջ ապրելակերպի, տնտեսական ճգնաժամերի հետ, ստեղծեց պարարտ հող դավադրապաշտական տեսությունների համար։ Այդ ճգնաժամը «ստերոիդների ազդեցության» նման արագացրեց և սրեց արդեն գոյություն ունեցող խնդիրները։
Այս ամենը ցույց տվեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք լավ են պատրաստված կամ բարձր տեղեր են զբաղեցնում վարկանիշային աղյուսակներում, միևնույն է՝ բավարար չափով պատրաստ չեն։ Պատճառը շատ պարզ է՝ մեդիագրագիտությունը սերտորեն կապված է տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները փոխվում են ամեն օր։
Մենք պետք է անընդհատ հարմարվենք։ Այժմ նկատում եմ մի հստակ միտում՝ ավելի ու ավելի շատ երկրներ մեդիագրագիտությունը ինտեգրում են կրթական համակարգի մեջ՝ որպես ինտեգրված մոտեցում, այլ ոչ թե թողնում են որպես առանձին առարկա կամ ոչ ֆորմալ կրթության մաս։
Ինչո՞ւ եք կարծում, որ ինտեգրված մոտեցումն ավելի արդյունավետ է։
Փորձը ցույց է տալիս, որ սա ճիշտ ճանապարհ է․ ժամանակակից դպրոցն արդեն իսկ գերծանրաբեռնված է։ Մենք աշակերտներից պահանջում ենք թվային գրագիտություն, ֆինանսական գրագիտություն, առողջապահական գիտելիքներ և այլն։ Անիրատեսական է սպասել, որ դպրոցը կկարողանա բոլոր այս ուղղությունները դարձնել առանձին առարկաներ։ Իսկ ինտեգրված մոտեցումը ոչ միայն խնայում է ժամանակը, այլև բերում է նորարարություն ուսուցիչների համար և դասավանդման մեջ ընդհանուր առմամբ։ Երբ պատմության կամ կենսաբանության ուսուցիչը մեդիագրագիտության տարրեր է ներառում իր դասի մեջ, նա սկսում է օգտագործել այնպիսի գործիքներ, որոնք աշակերտի համար հետաքրքիր են՝ սոցիալական մեդիա հարթակներ, տեսանյութերի ստեղծում, տիկտոկի վերլուծություն։

Արմինաս Վարանասկուսը Երևանում մեդիագրագիտության դասընթաց անցկացնելիս
Այդպիսով, դասը դադարում է լինել ձանձրալի տեքստերի ընթերցում, ուսուցիչը վերականգնում է կապը աշակերտի հետ։ Եվ մենք հնարավորություն ենք տալիս աշակերտին հասկանալու, որ քննադատական մտածողությունը ոչ թե հատուկ «մեդիա դասի» համար է, այլ կյանքի բոլոր ոլորտների՝ գիտությունից մինչև գրականություն։ Բացի այդ, մաթեմատիկայից մինչև գրականություն՝ աշակերտին պետք է կարողանալ տեղեկատվություն գտնել, վերլուծել և ստեղծել։ Ինտեգրված մոտեցումը հենց սա է ապահովում։
Թեև շատ երկրներում մեդիագրագիտությունն արդեն իսկ ինտեգրված է, սակայն դեռևս պահպանվում է կարծրատիպը, թե այն միայն հասարակագիտության կամ ինֆորմատիկայի ուսուցիչների «գլխացավանքն» է։ Ինչպե՞ս անել, որ ինտեգրումը լինի սահուն, ոչ ձևական, և ինչպե՞ս օգնել բոլոր առարկաների ուսուցիչներին ճիշտ կիրառել այն։
Ինտեգրումը հաջողված է, եթե ուսուցիչը դուրս է գալիս մակերեսային դասավանդումից։ Շատերը սխալվում են՝ մտածելով, որ «մեդիագրագիտություն դասավանդել» նշանակում է պարզապես դասարանում ֆիլմ դիտել։ Դա լավ է, բայց մեդիագրագիտության տեսանկյունից քիչ բան է տալիս։ Իրական կապը ավելի խորն է։ Պետք է գտնել այն կապը, որը բնորոշ է հենց տվյալ առարկային։ Եթե կենսաբանության դասին խոսում ենք սննդակարգից, հենց այդ պահին պետք է վերլուծել ինֆլուենսերների քարոզած նյութերը։
Շատ արդյունավետ է նաև թիմային աշխատանքը, երբ տարբեր առարկաների ուսուցիչներ համատեղ են ինտեգրում թեմաները։ Դա օգնում է աշակերտին աշխարհը տեսնել տարբեր հարթություններից։ Եվ, իհարկե, դպրոցի ղեկավարության դերն է անփոխարինելի։ Եթե տնօրենը ուսուցչին չի աջակցում, եթե ուսուցիչը վերադառնում է նոր գաղափարներով, բայց չի զգում ղեկավարության աջակցությունը, դա կարող է ամեն ինչ փչացնել։ Լավ ղեկավարը պետք է ասի՝ «փորձիր, եթե չստացվի, հաջորդ անգամ կփորձենք այլ կերպ»։

Մեդիագրագիտության դաս Արմինաս Վարանասկուսի հետ Հայաստանում
Ինձ համար մեդիագրագիտության էությունը քննադատական մտածողությունն է։ Չկա մի առարկա դպրոցում, որը չպահանջի տեղեկատվության վերլուծություն։ Այն ուսուցիչը, որը կարողանում է մեդիագրագիտությունը ներառել իր դասի մեջ ոչ թե որպես հավելյալ ծանրաբեռնվածություն, այլ որպես աշակերտի մտածողությունը զարգացնելու գործիք, հաղթահարում է ձևականության խնդիրը։
Իսկ ո՞րն է ամենամեծ մարտահրավերը հենց Ձեզ համար՝ որպես դասընթացավարի։
Ամեն խումբ տարբեր է։ Իմ փորձը ցույց է տվել, որ միշտ պետք է ավելի շատ նյութ ունենալ, քան պլանավորել ես։ Երբ տեսնում ես, որ ինչ-որ բան չի աշխատում, պետք է արագ փոխել ընթացքը։ Իսկ ուսուցիչների հետ աշխատելիս երբեմն հումորային իրավիճակներ են լինում․ նրանք հաճախ վերապատրաստումների ժամանակ իրենց պահում են հենց այնպես, ինչպես իրենց աշակերտները՝ ուշանում են, շեղվում են։ Ես դա սիրում եմ օգտագործել որպես դաս, որպեսզի նրանք ինքնավերլուծություն անեն։ Դա շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչու են աշակերտները նույն կերպ վարվում դասարանում։