Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ

Բլոգեր, գործարար Սոնա Մանուկյանը հունիսի 20-ին հրապարակել է տեսանյութ, որում կոչ է անում բլոգերներին և այլ օգտատերերին հեռացնել բոլոր այն հրապարակումները և մեկնաբանությունները, որտեղ իրեն ռասիստ են անվանել։ Նա նշում է, որ հակառակ դեպքում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու է օրինական ճանապարհով։

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, բլոգերն իր Ինստագրամի «սթորի» բաժնում դժգոհել էր «Յանդեքս» ընկերության սննդի առաքման ծառայությունից՝ մասնավորապես հնդիկ առաքիչների հիգիենայից և հայերենի չիմացությունից։

Տեսանյութերի այդ շարքից հետո բազմաթիվ բլոգերներ և օգտատերեր քննադատել էին Սոնա Մանուկյանին՝ նրա խոսքը որակելով ռասիստական։

Նոր տեսանյութում Սոնա Մանուկյանը հերքում է, թե ռասիստական հայտարարություններ է արել և թիրախավորել հնդիկներին։ Նրա խոսքով՝ դժգոհությունը վերաբերել է բացառապես առաքման որակին.

«Այս օրերին իմ խոսքը վերաբերում էր բացառապես, մեղմ ասած ոչ հիգիենիկ պայմաններում իրականացված առաքման ծառայությանը։ Եթե այդ առաքիչը լիներ ռուս, իտալացի, ազգությամբ հնդիկ, հայ կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ, իմ արձագանքը նույնն էր լինելու։ Ես կոնկրետ խոսել եմ առաքման ծառայության որակի մասին և կոչ եմ արել հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին՝ դրանով առաջին հերթին պաշտպանելով հենց հնդիկ առաքիչների աշխատանքային իրավունքները, ինչպես նաև հաճախորդի մաքուր պայմաններում առաքում ստանալու իրավունքը։ Սակայն մի խումբ բլոգերներ հմտորեն և միտումնավոր աղավաղեցին իմ խոսքը և իմ՝ որպես հաճախորդի դժգոհությունը ներկայացրին և պիտակավորեցին որպես ռասիզմ»,- հայտարարել էր Մանուկյանն ու հավելել, որ ինքը երբեք չի պիտակավորել մի ողջ ազգի այնպես, ինչպես իրեն մեղադրում են։

Media.am-ի փաստերի ստուգման թիմի՝ «Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սոնա Մանուկյանի հայտարարությունը մոլորեցնող է։ «Սթորի»-ում հրապարակած իր տեսանյութերում նա թիրախավորել էր հենց հնդիկներին և կոչ արել հրաժարվել նրանց ծառայությունից։

 

Ինչ է ասել Սոնա Մանուկյանը

 

Տեսանյութերում, որոնք մենք արխիվացրել էին և որոնք տարածվել են նաև սոցցանցերում, Սոնա Մանուկյանը պատմում էր, որ «Յանդեքսից» պատվեր է արել, որն առաքել է ազգությամբ հնդիկ։ Առաքիչը, ըստ նրա, տհաճ հոտ ուներ և վերջինիս հեռանալուց հետո ինքը ստիպված է եղել տանն օդափոխություն անել.

«… Այսպիսի հարցերը մենք կարող ենք լուծել որպես հաճախորդներ, սիրելի հետևորդներ։ Ամեն անգամ, եթե առաքում ունեք «Յանդեքսից», պահանջեք, որ հնդիկ չգա։ Ոչինչ, թող ուշանա, ու էս պայքարը, եթե մենք էսպես անենք… Ուրեմն մեր երկրում էսպիսի աղքատություն լինի, էսպիսի գործազրկության ցուցանիշ լինի, մենք հնդիկների՞ն աշխատանքով ապահովենք։ Ես լուրջ եմ ասում՝ ամոթ այ էդպիսի կազմակերպություններին, ովքեր ընդունում են աշխատանքի հնդիկների, որ երկու կոպեկ խնայեն, որովհետև հայերի պետք ա մի քիչ բարձր աշխատավարձ վճարեն,- ասում է բլոգերը։ 

Ըստ Մանուկյանի՝ Հայաստանում գործազրկությունը 30 տարվա կտրվածքով ամենաբարձրն է, իսկ աղքատությունը հասել է 40%-ի։ Հետևաբար բլոգերը կոչ է անում «Յանդեքսին» աշխատանքի ընդունել ոչ թե հնդիկների, այլ հայերի։

«…. Ինչի՞ եք հնդիկ ընդունում աշխատանքի։ Հա, իհարկե, մեր աշխատավորի օրն էլ հնդիկները հրապարակում պառադ էին անում։ Սա ուղղակի խայտառակության գագաթնակետն է, թե մենք՝ որպես պետություն, ուր ենք հասել, որ մեր աղքատությունը 40% է, գործազրկությունը վերջին 30 տարվա ամենաբարձրն ա, ու մենք հնդիկ բաներ ունենք։ Ես դիմում են «Յանդեքսին» ու ասում եմ, որ ավել վճարեք, որ հայ աշխատի ձեզ մոտ։ Չեք սնանկանա, հաստատ։ Միլիարդանոց կազմակերպություն եք, հնդիկ մի աշխատացրեք»,- ասել է Սոնա Մանուկյանը։

Այնուհետ Մանուկյանը կոչ է անում հետևորդներին պատվեր անելիս նշել, որ իրենց «հնդիկ չուղարկեն».

«Ցանկացած պետություն պետք է խրախուսի, որ իր մոտ գործազրկության թիվն իջնի, այսինքն՝ թույլ չտա այդպես հեշտությամբ աշխատանքի իրավունք ձեռք բերեն, ռեզիդենտություն ձեռք բերեն և աշխատեն։ Սա օքեյ չի, որ մեր երկրում աղքատությունը 40% ա,
մեզ մոտ աշխատում են հոտով, զզվելի տեսքով ու փնթի հնդիկներ, բերում են մեր ուտելիքը», – ասել է Սոնա Մանուկյանը։

Այժմ տեսանյութերը հասանելի չեն բլոգերի էջում, քանի որ «սթորի» բաժնում դրանք պահպանվում են 24 ժամ։

Այսպիսով, պարզ է դառնում, որ Սոնա Մանուկյանի պնդումը, թե իր խոսքը վերաբերել է առաքման ծառայության որակին և սանիտարահիգիենիկ պայմաններին, և նպատակ է ունեցել պաշտպանել հնդիկ առաքիչների աշխատանքային իրավունքները, մոլորեցնող է և համատեքստից դուրս։

Նա չի նշում, որ խոսքում մի քանի անգամ կոչ է արել «Յանդեքս» ընկերությանը հնդիկներին աշխատանքի չընդունել, այլ համագործակցել հայերի հետ։ Բացի դրանից, նա հորդորել է իր հետևորդներին բոյկոտել և չեղարկել պատվերը բոլոր այն դեպքերում, երբ այն առաքում են հնդիկները։

Նկատենք, որ նա չի մատնանշում կոնկրետ առաքիչի, այլ ընդհանրացնում է խոսքը՝ այն ուղղելով հնդիկ առաքիչներին առհասարակ։

Սխալ տվյալներ աշխատանքի շուկայի և գործազրկության մասին

Ինչ վերաբերում է Հայաստանում աղքատության ցուցանիշին և գործազրկության մակարդակին, ապա այս դեպքում բլոգերը սխալ տվյալներ է հրապարակել։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամ։ 

Գործազրկության մակարդակը վերջին 30 տարվա կտրվածքով ամենաբարձրը չէ, ինչպես նշում է Սոնա Մանուկյանը։ Այս պնդումը ևս սխալ է։ 2025 թվականի
տվյալներով՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 12.8% է, ինչը վերջին վեցը տարիների ամենացածր ցուցանիշն է՝ 2023 թվականի 12.4%-ից հետո։ 2001 թվականից ի վեր՝ սրանք ամենացածր ցուցանիշներն են։

Կարևոր է, սակայն, որ 2018 թվականին փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը, ինչը նշանակում է, որ դրանից հետոյի ժամանակահատվածը համադրելի չէ դրանից առաջվա ժամանակահատվածի հետ։ Մեթոդբանությունը ևս մեկ փոփոխույուն է կրել 2008- թվականին։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել