Ամեն անգամ, երբ Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական արշավ կամ ազդեցության գործողություն է բացահայտվում, գրեթե անխուսափելիորեն հնչում է նույն հարցը՝ իսկ որքանո՞վ էր այն արդյունավետ։ Քանի՞ մարդու վրա ազդեց, փոխե՞ց արդյոք հանրային տրամադրությունները, արժե՞ր հակառակորդի ներդրած ռեսուրսը։ Սրանք, թերևս, ամենահաճախ տրվող և միաժամանակ ամենադժվար պատասխանվող հարցադրումներ են այս դեպքերում։ Հատկապես, որ ցանցում հայտնված մի շարք արտահոսքները ցույց են տալիս, որ չարագործ խմբավորումները հաճախ բյուջեներ են մսխում և «վերև» զեկուցում են տեղեկատվական հաղթանակների մասին, մինդեռ դրանց ազդեցությունը, մեղմ ասած կասակծելի է։
Խնդիրն այն է, որ ազդեցության արդյունավետության չափումը մեթոդաբանորեն ծայրահեղ բարդ խնդիր է աշխարհի ցանկացած կետում, իսկ հայաստանյան համատեքստում մի շարք կառուցվածքային գործոններ այն դարձնում են էլ ավելի բարդ։ Եկեք հերթով դիտարկենք։
Բացակայող հիմքը՝ կանոնավոր և հրապարակային սոցիոլոգիա գրեթե չկա
Որպեսզի պարզես մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը, քեզ անհրաժեշտ է ունենալ այդ վերաբերմունքի «մինչ» և «հետո» պատկերը՝ չափված հետևողականորեն, նույն մեթոդով, հնարավորինս կարճ ռիթմերով։ Հենց այստեղ է առաջին խոչընդոտը։
Հայաստանում գրեթե չկան կանոնավոր, հրապարակային, մեթոդաբանորեն հետևողական սոցիոլոգիական տվյալներ հանրային կարծիքի վերաբերյալ։ Չկա շարունակական ժամանակային շարք, որով հնարավոր լիներ հետևել, թե ինչպես է փոխվում որոշակի թեմայի շուրջ հանրության դիրքորոշումը ամսից ամիս։ Իսկ առանց այդ ֆոնային պատկերի՝ գործնականում անհնար է որևէ կոնկրետ արշավի ազդեցությունն առանձնացնել տեղի ունեցող մնացած ամեն ինչից՝ քաղաքական զարգացումներ, տնտեսական ցնցումներ, արտաքին իրադարձություններ։ Եթե տրամադրությունները փոխվել են, ապա չափազանց դժվար է ապացուցել, որ դրա պատճառը կոնկրետ ապատեղեկատվական արշավն էր, այլ ոչ թե իրականությունն ինքնին։
Կա մի քանի կազմակերպություն, որոնց աշխատանքին կարելի է վստահել, սակայն դրանք զեկույցներ հրապարակում են հազվադեպ։ Որակյալ սոցիոլոգիական հետազոտությունը թանկ է և, համապատասխանաբար, հազվադեպ իրականացվող փոքր երկրում։ Արդյունքում ունենք միայն հատվածական հուսալի տվյալներ, ոչ թե շարունակական պատկեր։
Սա կրիտիկական սահմանափակում է հենց ազդեցության գործողությունների ուսումնասիրության համար։ Տեղեկատվական արշավները դինամիկ են. նարատիվը ծնվում է, տարածվում, փոխակերպվում և մարում շաբաթների, երբեմն օրերի ընթացքում։ Իսկ եթե մեր չափման գործիքը գործարկվում է տարին մեկ-երկու անգամ, ապա մենք պարզապես ի վիճակի չենք ֆիքսել այդ դինամիկան։ Մինչև հաջորդ հետազոտությունը հրապարակվի, արշավն արդեն վաղուց ավարտված կլինի, և մենք կչափենք ոչ թե դրա ազդեցությունը, այլ ամիսներ անց մնացած մնացորդային հետքը՝ խառնված տասնյակ այլ գործոնների հետ։
Աղմուկի խնդիրը՝ կողմնակալ և անվստահելի «հետազոտություններ»
Տվյալների բացակայությունը միակ խնդիրը չէ։ Տեղեկատվական դաշտը լի է կազմակերպություններով, որոնք արտադրում են կողմնակալ, մեթոդաբանորեն թույլ կամ քաղաքականապես պատվիրված «հետազոտություններ»։ Հաճախ, այդ կեղծ սոցիոլոգիան ինքին հանդիսանում է տեղեկատվական գրոհի տարր։ Սա արդեն ոչ թե պարզապես լավ տվյալների բացակայություն է, այլ վատ տվյալների ակտիվ ներկայություն՝ տվյալներ, որոնք հաճախ ձևակերպվում են այնպես, որ թվան հեղինակավոր ու օբյեկտիվ։ Կարելի է արձանագրել, որ զանազան ԱԲ գործիքներ ներառում են այդ հետազոտությունների իրենց զեկույցների մեջ։
Արդյունքում վերլուծաբանի առջև ծառանում է լրացուցիչ խնդիր՝ ազդանշանն աղմուկից տարբերելը։ Թվային ցուցանիշով ներկայացված ամեն «սոցհարցում» չէ, որ արժանի է վստահության, սակայն լայն հանրության, լրագրողների, երբեմն նաև որոշում կայացնողների համար տարբերությունը միշտ չէ, որ ակնհայտ է։ Կողմնակալ տվյալները ոչ միայն մոլորեցնում են ուղղակիորեն, այլև աղտոտում են ողջ տեղեկատվական միջավայրը՝ քայքայելով վստահությունը հենց սոցիոլոգիայի՝ որպես գործիքի նկատմամբ։ Իսկ դա հենց այն արդյունքն է, որին հաճախ ձգտում են ապատեղեկատվության կազմակերպիչները։
Մեթոդաբանության բացը՝ ուժեղ չափիչներ, որոնք Հայաստանում չկան
Ազդեցության չափման ճանաչված մեթոդաբանությունները հիմնականում մշակվել են ԱՄՆ-ում և ԵՄ-ում, և դրանք ի սկզբանե ենթադրում են ենթակառուցվածք, որը Հայաստանում պարզապես գոյություն չունի։ Այդ մեթոդները հենվում են «ուժեղ չափիչների» վրա՝ խոշոր ներկայացուցչական պանելներ, մեդիա-սպառման հետևողական մոնիթորինգ, հարուստ թվային վերլուծական տվյալներ, ակադեմիական կանոնավոր հարցումների ծրագրեր, ընտրողների մանրամասն տվյալների բազաներ և այլն։ Ավելին՝ այդ մեթաոդաբանությունը դեռ երիտասարդ է, և միշտ չէ, որ կարելի է համարել ստուգված և հաստատված։ Չնայած, որ վերլուծությունները հաճախ ազդեցիկ, տպավորիչ տեսք ունեն։
Հենց այստեղ է թաքնված հաճախ աննկատ մնացող խնդիրը. այս գործիքակազմը պարզապես հնարավոր չէ ուղղակիորեն տեղափոխել հայաստանյան իրականություն։ Երբ մեթոդը ենթադրում է չափիչներ, որոնք տվյալ միջավայրում հասանելի չեն, ապա այդ մեթոդի կիրառումն այստեղ կամ անհնար է դառնում, կամ տալիս է ապակողմնորոշիչ արդյունք՝ ստեղծելով կեղծ ճշգրտության տպավորություն։
Մենք չենք կարող պարզապես «ներմուծել» արևմտյան գործիքակազմը և սպասել, որ այն կաշխատի փոքր, սահմանափակ տվյալներով միջավայրում։ Հայաստանի, որպես փոքր երկրի առանձնահատկությունը՝ ոչ մեծ ընտրանքները և համեմատաբար փոքր սոցցանցային տարածությունը, լրացուցիչ բարդացնում են վիճակագրական վերլուծությունը՝ դարձնելով արդյունքները քիչ կայուն և դժվար ընդհանրացվող։ Իսկ դրսից արվող հետազոտությունները հաշվի չեն առնում ներքին յուրահատկությունները, խաղի կանոնները։ Այսպես, օրինակ, կարելի է գտնել արևմտյան փորձագետների վերլուծություններ, որոնք խոսում են Հայաստանը թիրախավորող արշավների մասին, որոնք իրականացվում են անգլերեն, X սոցցանցում ավտոմատացված բոտերի միջոցով, որոնց գրառումների մեծ մասը սպամ ֆիլտրները պարզապես թաքցնում են լսարանից։ Բայց զեկույցներում ներկայացվում են ահռելի թվեր, մինչ դեռ իրական ազդեցությունը խիստ կասկածելի է։
Փքված թվեր՝ բոտեր և կեղծ հաշիվներ
Չարամիտ դերակատարները միտումնավոր փքում են իրենց թվացյալ ընդգրկումը՝ օգտագործելով բոտեր և կեղծ հաշիվներ։ Սա նշանակում է, որ ամենից ակնհայտ թվացող չափիչները՝ դիտումները, տարածումները, հետևորդների քանակը, թրենդ դարձած հեշթեգերը, հեշտությամբ կեղծվող են և հաճախ իրականում կեղծվում են։
Արշավը կարող է արտաքուստ թվալ հսկայական ծավալներով՝ լինելով գրեթե ամբողջությամբ արհեստական։ Եթե մենք «արդյունավետությունը» չափում ենք հենց այս ցուցանիշներով , ապա իրականում չափում ենք ոչ թե արշավի ազդեցությունն իրական մարդկանց վրա, այլ հակառակորդի՝ բոտերի վրա ծախսած գումարը։ Մեծ թիվը վկայում է չարամիտների ներդրման ծավալի, ոչ թե արդյունքի մասին։ Սա ոլորտի ամենատարածված վերլուծական թակարդներից մեկն է, որի մեջ հեշտ է ընկնել հատկապես այն դեպքերում, երբ արագ ու տպավորիչ թիվ ներկայացնելու ճնշում կա։
Ընդ որում՝ պարադոքսն այն է, որ հենց այս փքված թվերը հաճախ ձեռնտու են և հարձակվողին, և պաշտպանվող կողմին։ Հարձակվողն ուզում է ցույց տալ իր ուժը, իսկ պաշտպանվող կազմակերպությունը երբեմն ակամա չափազանցում է սպառնալիքի մասշտաբը։ Արդյունքում, երկու կողմն էլ կարող են պահպանել առասպելը մի արշավի «հսկայական ազդեցության» մասին, որն իրականում հիմնականում տարածվել է բոտերի և փորձագետների շրջանում։
Ալգորիթմական ուժեղացում և արձագանքման խցիկ
Եվ ահա ամենանուրբ ու կարևոր կետերից մեկը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները օպտիմալացված են արձագանքի (engagement) համար, ինչը գործնականում նշանակում է, որ դրանք բովանդակությունը ցույց են տալիս հենց այն մարդկանց, որոնք նախատրամադրված են դրան արձագանքելու։ Արդյունքում, ներարկվող նարատիվն անհամաչափ մեծ ծավալով է հասնում հենց նրանց, ովքեր արդեն իսկ կրում են համահունչ հայացքներ՝ այն մարդկանց, ովքեր արդեն իսկ տվյալ նարատիվի կրողներ են։
Այստեղից բխում է կարևոր եզրակացությունը. ազդեցության գործողությունները մեծ մասամբ քարոզում են արդեն համոզվածներին։ Հիմնական ազդեցությունը կենտրոնանում է այն լսարանի վրա, որն արդեն իսկ գտնվում էր ազդեցության տակ։ Չարամիտ դերակատարները, ըստ էության, թիրախավորում են արդեն թիրախավորված մարդկանց։
Սա արմատապես փոխում է հենց արդյունավետություն հասկացության իմաստը.
- Խոսքը ոչ թե նոր լսարանի համոզման, այլ ամրապնդման և մոբիլիզացիայի մասին է։ Արշավը հազվադեպ է փոխում մարդու համոզմունքը զրոյից. շատ ավելի հաճախ այն ամրապնդում, սրում և ակտիվացնում է արդեն գոյություն ունեցող դիրքորոշումը։
- Հետևաբար «քանի՞ միտք փոխվեց» հարցադրումն ինքնին բաց է թողնում իրական մեխանիզմը, որը արդեն համահունչ հատվածի համախմբումն ու խորացումն է, ոչ թե նոր կողմնակիցների ձեռքբերումը։
- Բևեռացման խորացումը, վստահության քայքայումը և հասարակության պառակտումն իրենք արդեն կարող են լինել արշավի նպատակը՝ անկախ նրանից՝ որքան «նոր» մարդ է համոզվել։
Այլ կերպ ասած, եթե մենք արդյունավետությունը հասկանում ենք միայն որպես «մտքերի փոփոխություն», ապա համակարգային կերպով սխալ ենք չափում, քանի որ այս գործողությունների իրական աշխատանքի սկզբունքը հաճախ ոչ թե փոխակերպումն է, այլ արդեն առկա ճեղքվածքների խորացումը։ Ուրիշ հարց, որ չարագործների պատվիրատուները կարող են որպես նպատակ ունենալ հենց «մտքերի փոփոխություն», իսկ ստանան արդեն արդուկած ուղեղների մոբիլիզացիա։
Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես «արդյունավետություն» այս պայմաններում
Հաշվի առնելով վերը նշված ամեն ինչը՝ պետք է զգուշավոր լինել ցանկացած վստահ պնդման նկատմամբ՝ լինի դա հարձակվողի, թե պաշտպանվող կողմի կողմից՝ արշավի ճշգրիտ արդյունավետության մասին։ Կան մի քանի ավելի խորը խնդիրներ, որոնք արժե հստակ գիտակցել, չնայած, որ հաճախ դրանք կարող են չափազանց փիլիսոփայական թվալ.
Հակափաստի (counterfactual) խնդիրը։ Արդյունավետությունը չափելու համար մենք պետք է իմանայինք, թե ինչ կլիներ, եթե արշավը չլիներ։ Բայց դա սկզբունքորեն անհնար է իմանալ. մենք չունենք զուգահեռ Հայաստան՝ առանց այդ արշավի, որի հետ կարելի լիներ համեմատել։
Վերագրման և ազդեցության տարբերությունը։ Ապացուցել, որ նարատիվն օտարերկրյա ծագում ունի, և ապացուցել, որ այն աշխատեց (ազդեցություն ունեցավ)՝ բոլորովին տարբեր խնդիրներ են։ Մենք կարող ենք բավական վստահ վերագրել արշավը կոնկրետ դերակատարի, բայց դա ոչինչ չի ասում դրա իրական արդյունքի մասին։ Իսկ լինում են դրա հակառակ պատկերով արշավներ։ Առավելևս, որ մենք հաճախ չենք կարողանում հստակ տարբերակել արտաքին և ներքին ազդեցության կենտրոնները։ Քանի որ, օրինակ, կան նարատիվներ, որոնք ունեն համ օտար երկիր, համ ներքին քաղաքական ուժ որոնց շահավետ է դա տարածել՝ սրա մասին նաև ստորև։
Հայտնաբերման կողմնակալությունը (detection bias)։ Մենք ուսումնասիրում ենք այն արշավները, որոնք գտել, բռնել ենք։ Բայց իրապես արդյունավետ գործողությունները կարող են հենց դրանք լինել, որ երբեք չենք նկատել՝ որովհետև բավական լավ էին քողարկված, որպեսզի աչքի չընկնեն։ Մենք համակարգային կերպով տեսնում ենք ավելի կոպիտ, ավելի աղմկոտ արշավները, ոչ թե ամենաարդյունավետները։
Օրգանական խառնումը։ Թշնամական նարատիվները ձուլվում են իրական ներքին քաղաքական քննարկման հետ։ Երբ տեղական դերակատարներն օրգանապես որդեգրում և տարածում են այդ նարատիվը, սահմանը «նրանց», «օտարների» ազդեցության և մեր սեփական ներքին բանավեճի միջև գործնականում անհնար է դառնում մաքուր ձևով գծել։
Եզրակացնելով, հարկավոր է արձանագրել, որ հիբրիդային վտանգները ամեն դեպքում ավելի վաղ են սկսել զարգանալ, ավելի մեծ բյուջեներով և մասնագետների ներառմամբ, քան դրանց դեմ պայքարի հանրային և պետական համակարգերը։ Եվ դեռ մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի պայքարը լինի ավելի ճշգրիտ տվյալների վրա հիմնված և համակարգված լինի։