Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

2026թ-ի ընտրական շրջանի ամենաքննարկված պատմություններից մեկը տեխնոլոգիական էր։ Նախընտրական քարոզչության մեջ լայնորեն օգտագործվեց արհեստական բանականությունը։ Բացի սոցցանցերից, նաև հեռուստաեթերում հայտնվեցին ԱԲ  գեներացված ելույթներ, քարոզչական տեսանյութեր, որոնք հասցրեցին անել այն, ինչ երբեմն շաբաթներով չեն կարողանում անել քաղաքական գործիչները՝ դառնալ հանրային քննարկումների գլխավոր թեման։

Հեռարձակված քաղաքական գովազդներից մեկում 2031թ-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ներկայացվել է որպես մզկիթ, իսկ «Մայր Հայաստանի» փոխարեն պատկերվել է Աթաթուրքի արձանը։ Տեսանյութը գրավել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունը։ Քիչ է ասել՝ գրավել է։ ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել հեռարձակողի՝ 5-րդ ալիքի (Շարկ ՍՊԸ) նկատմամբ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ տեսանյութը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության նսեմացման տարրեր։ Հանձնաժողովը որոշման մեջ հղում է կատարել  պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարգավորումներին։ Մասնավորապես՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքին՝ ներառյալ հուշարձանների օգտագործման կանոնները գովազդային նպատակներով։ Հիմնավորումն այն է, որ հուշարձանը միայն քար կամ պատկեր չէ։ Օրենքը պաշտպանում է ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ամբողջականությունը, այլև դրա մշակութային արժեքը։  Պետականորեն պաշտպանվող մշակութային արժեքի վարկաբեկումն ու նսեմացումն անթույլատրելի է։

Քննարկումը ՀՌՀ-ում

Հեռարձակողի կարծիքով տեսանյութում եղել է «2031 թվական» նշում և «Պատրաստված է ԱԻ միջոցով» գրառում։ Ըստ նրա՝ սա պետք է դիտողին հուշեր, որ խոսքը մտացածին կամ ապագային վերաբերող սցենարի մասին է։ Հանձնաժողովի դիրքորոշումն է՝ այդ նշումները չեն փոխում նյութի ազդեցությունը։ Եթերը չի գնահատվում ըստ ենթագրերի։ Այն գնահատվում է ամբողջությամբ՝ պատկերով և գաղափարական ազդեցությամբ։ Արհեստական ինտելեկտի կիրառումը չի ազատում պատասխանատվությունից։ Եթե բովանդակությունը խեղաթյուրում է պատմական իրողությունները կամ նսեմացնում մշակութային արժեքները, տեխնոլոգիան դառնում է ոչ թե արդարացում, այլ միայն գործիք։ Բայց այս «գործում»  կա ևս մեկ կարևոր շերտ, որը շատ զգայուն է ընտրությունների համատեքստում։ Տեսանյութում բացակայել են քաղաքական ուժին բնորոշող նույնականացման նշանները։  Հստակ չի եղել, թե որ կուսակցության կամ թեկնածուի անունից է այն ներկայացվում։ Սա համարվել է Ընտրական օրենսգրքի և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կոպիտ խախտում, քանի որ ընտրողը  պետք է հասկանա՝ ինչ է ինքը դիտում։ Այլապես խախտվում է նրա հիմնական իրավունքը՝ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Հեռարձակողի տեսակետի համաձայն, լրատվամիջոցների խմբագրական անկախությունը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է, և քաղաքական խոսքի պաշտպանությունը, տեղեկատվության ազատ հասանելիությունը պետք է երաշխավորված լինեն, ինչին ՀՌՀ-ն պատասխանել է՝ արտահայտվելու ազատությունը բացարձակ չէ։ Ավելին՝ ազգային կառույցներն ու դրանց հետ կապված պատմական իրողությունները ներառված են հանրակրթական ծրագրերում։ Դրանց խեղաթյուրումը պատկերող տեսանյութը գնահատվել է որպես անչափահասների մտավոր և դաստիարակչական զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող նյութ։ Իսկ օրենքով նման հաղորդումների հեռարձակումն արգելված է ժամը 06:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում։

Որքա՞ն արժե խախտումը

Երբ արձանագրվում է օրենքի խախտում, հաջորդ քայլը վարչական պատասխանատվությունն է։ Հանձնաժողովը կարող է սահմանափակվել գրավոր նախազգուշացմամբ կամ կիրառել ֆինանսական տույժ։ ԱԻ-ով ստեղծված աղմկահարույց հոլովակի դեպքում ընտրվել է երկրորդ տարբերակը։ Հեռարձակողը տուգանվել է 400 հազար դրամով։ Իսկ քաղաքական հաղորդումների թափանցիկության և տարանջատման պահանջները չպահպանելու համար՝ գրավոր նախազգուշացմամբ։ Այս որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև օգոստոսի 12-ը։

ՀՌՀ-ն «դատավոր» չէ, որոշումները ծնվում են քննարկումների արդյունքում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանն ասում է․ «Յուրաքանչյուր որոշում անցնում է քննարկումների փուլ։ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, և որևէ վարչական վարույթի վերջնական արդյունքը մեկ մարդու կարծիքը չէ։ Այն կոլեգիալ որոշում է, որը ձևավորվում է քվեարկությամբ։ Ի վերջո գործ ունենք խոսքի ազատության հետ»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյան

Հանձնաժողովում շեշտում են մեկ այլ կարևոր հանգամանք․ իրենց նպատակը հեռարձակողներին պատժելը չէ։ Լավ կլինի, որ խախտում ընդհանրապես չլինի։ Կարգավորող մարմնի վերահսկողությունը հաճախ ուղեկցվում է խորհրդատվությամբ և պարզաբանումներով, որպեսզի մեդիան գործի օրենքի սահմաններում, ոչ թե օրենքի եզրին։

Մեկնաբանը կարող է հարցեր տալ, բայց․․․

ՀՌՀ-ի՝ընտրական շրջանի մշտադիտարկման հաշվետվությունում ևս մեկ  թեմա է առանձնանում։ Որոշ լրատվամիջոցներ խախտել են նաև անկողմնակալ լուսաբանմանը ներկայացվող պահանջները։ Այդ թվում նաև՝ Հանրային հեռուստաընկերությունը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ասում է, որ լրատվական հաղորդումները պետք է ապահովեն բազմակարծություն, հավասարակշռություն և փաստերի ամբողջական ներկայացում։ Եթե քաղաքական գործիչը պաշտպանում է իր թիմի շահերը, դա բնական է։ Եթե նույնն անում է լրատվական թողարկման հաղորդավարը, դա խնդիր է։ Լրագրողի մասնագիտական հմտությունը սեփական կարծիքը եթերից դուրս թողնելն է։

Հանրային հեռարձակողի նկատմամբ գործում են այլ կանոններ

Հանրային հեռարձակողի դեպքում Հանձնաժողովը չի կիրառում նույն վարչական ընթացակարգը, ինչ մասնավոր հեռարձակողների նկատմամբ։ Եթե նկատվում են հնարավոր խախտումներ, ՀՌՀ-ն պաշտոնական գրությամբ դիմում է Հանրային հեռարձակողի խորհրդին։ Բայց այստեղ կա մի բաց, որի մասին խոսում է հանձնաժողովը։ Օրենսդրությունը հստակ չի սահմանում, թե ինչպիսի հետադարձ կապ պետք է ապահովի խորհուրդը։ Արդյունքում ՀՌՀ-ն միշտ չէ, որ տեղեկանում է՝ իր արձանագրած խնդիրը քննարկվե՞լ է, լուծվե՞լ է, թե՞ պարզապես մնացել է թղթի վրա։

Գոհար Մամիկոնյանի հետ ֆորմալ զրույցից դուրս կիսվեցինք մեդիայի աշխատանքի վերաբերյալ անձնական դիտարկումներով։ Տպավորություններն, ընդհանուր առմամբ, նույնական էին։ Ավելի քիչ է խոսվել քաղաքական ուժերի ծրագրերի մասին և ավելի շատ՝ միմյանց սխալների։ Հանրային դիսկուրսում հատկապես ակտիվ էին «մենք» և «նրանք» հակադրությունը, «հայ կամ թուրք» ձևակերպումները և էմոցիոնալ բաժանարար գծերը։ Այս ֆոնին ընտրողը կարող էր կորցնել ամենակարևոր հնարավորությունը՝ համեմատել ծրագրերը և ընտրություն կատարել դրանց բովանդակության հիման վրա։ Իսկ մեդիան հիմնականում չէր կարողանում  դուրս գալ փակ շրջանից։ Երբ քաղաքական ուժերն են թելադրում օրակարգը, լրատվամիջոցները երբեմն սկսում են պարզապես արձագանքել այդ օրակարգին՝ սեփական հարցերը ձևակերպելու փոխարեն։ Լրատվամիջոցը դադարում է լինել հանրության աչքն ու ականջը և սկսում է սպասարկել ուրիշի օրակարգը։

Նելլի Ռաֆայելյան