Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց մայիսի 8-ին։ Սակայն դրանից առաջ ևս կուսակցություններն արդեն ակտիվ քաղաքական արշավներ էին իրականացնում՝ Երևանում ու մարզերում հանդիպելով քաղաքացիների հետ և քննարկելով իրենց ծրագրերը։

Այդ ուժերի թվում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ փետրվարի 28-ին էր հայտարարել ներկուսակցական քարոզարշավի մեկնարկի մասին։

Հատկանշական է, որ, ի տարբերություն պաշտոնական քարոզարշավի շրջանի, դրան նախորդող ժամանակահատվածում լրատվամիջոցների կողմից կուսակցությունների քաղաքական գործունեության լուսաբանումը օրենքով չի կարգավորվում։ Դա հաշվի առնելով՝ այս հրապարակմամբ ուսումնասիրել ենք, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարը հանգստյան օրերին լուսաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քարոզարշավն ու այլ քաղաքական ուժերի գործունեությունը։ 

«Ստուգված է»-ն նախորդ հրապարակմամբ անդրադարձել էր Հայաստանի միակ պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրեսի» կողմից նախընտրական քաղաքական իրավիճակի լուսաբանմանը և բացահայտել, որ իշխող և ընդդիմադիր ուժերի լուսաբանման հարցում առկա է խիստ անհամաչափություն՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։

Հանրային հեռուստաընկերության մասին

Հանրային հեռուստաընկերության առաջին թողարկումը հեռարձակվել է 1956 թվականին։ Այսօր այն ամբողջովին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Դրա կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Հանրային հեռարձակողի խորհուրդն է։

2021 թվականին ստեղծվել է «Առաջինի լրատվական ալիքը»։ Հենց այս ալիքն է պատրաստում «Լուրեր» լրատվական ծրագիրը։

Միայն 2026 թվականին «Ընդհանուր և լրատվական ուղղվածության հեռուստատեսային ծառայությունների» մատուցման համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիարդ 578 միլիոն 17 հազար դրամ։ (Տես՝ աղյուսակի 935-րդ տողը)

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հանրային հեռարձակողները պարտավոր են առաջնորդվել օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով, ինչպես նաև ապահովել հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կարծիքների բազմազան ներկայացումը։

Այնուամենայնիվ, մարտին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Հանրային հեռուստատեսության Առաջինի լրատվական ալիքի Յություբի հարթակի դիտարկումը վկայել է, որ «ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում»։

 Ինչպես են հավաքագրվել տվյալները

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է մարտի 1-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական հաղորդման շաբաթ (10 թողարկում) և կիրակի (9 թողարկում) օրերի բոլոր թողարկումները։ Օրերի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց այդ օրերին է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել ներկուսակցական քարոզարշավի հանդիպումները, իսկ մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Մշտադիտարկման են ենթարկվել Յություբում հրապարակված տեսանյութերը։

Մենք ուսումնասիրել ենք ոչ միայն ներկուսակցական քարոզարշավին վերաբերող ռեպորտաժները, այլև մյուս լուրերը՝ հասկանալու համար, թե ինչպիսին է դրանց հարաբերակցությունը այլ թեմաների համեմատությամբ։

Ինչ ենք բացահայտել

19 թողարկումից 14-ում եթերի մի զգալի մաս է հատկացվել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) ներկուսակցական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումներին։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր դեպքերում կուսակցության արշավի մասին նյութը եղել է մեկնարկային ռեպորտաժը։ Միայն մարտի 1-ի թողարկման ժամանակ է, որ առաջին հերթին խոսվել է Իրանում պատերազմի և 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մասին, և միայն հետո՝ վարչապետի ու թիմակիցների՝ Լոռի և Տավուշ կատարած այցի մասին։ Մնացած բոլոր դեպքերում այս հերթականությունը պահպանվել է անգամ այն դեպքում, եթե լուրջ տարածաշրջանային իրադարձություններ են գրանցվել։ Օրինակ՝ ապրիլի 11-ին և 12-ին, երբ Իսլամաբադում արդեն 1․5 ամիս տևող պատերազմի ընթացքում հանդիպեցին Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները, այդ լուրին անդրադարձ է կատարվել միայն միջազգային լրաշարում։ Մինչդեռ նույն թողարկման ժամանակ մոտ 14 րոպե անդրադարձ էր կատարվել ՔՊ ներկուսակցական քարոզարշավին։

Ռեպորտաժների տևողությունն էլ ուշագրավ է։ Ամենակարճ տեսանյութը ապրիլի 19-ի թողարկման ժամանակ վարչապետի՝ Աշտարակ-Գյումրի ավտոերթի մասին ռեպորտաժն էր՝ 8 րոպե 35 վայրկյան։ Այդ թողարկման ընդհանուր տևողությունը 50 րոպե 10 վայրկյան էր։ Ամենաերկար ռեպորտաժը մարտի 22-ին հեռարձակված «ՔՊ ներկուսակցական քարոզարշավը Երևանում» նյութն է՝ 18 րոպե 57 վայրկյան՝ 59․16 րոպեանոց թողարկման ընթացքում։ Եղել են դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերաբերող եթերաժամն ավելի երկար էր, քան սա, սակայն այդ ժամանակ թեման բաժանվում էր մի քանի ռեպորտաժների։ Օրինակ՝ ապրիլի 25-ի թողարկման ընթացքում առանձին անդրադարձեր են կատարվում վարչապետի՝ Մարալիկում ունեցած ելույթին, «Մենք ենք մեր պետությունը» խորագրով միջոցառումներին, վարչապետի և քաղաքացիների հանդիպումներին Մարալիկում ու Արթիկում, «Վարչապետի անդրադարձը Կարապետյանի ղեկավարած ուժի հայտարարությանը» թեմային և այլն։ Ընդհանուր առմամբ, այս թեմաներին 44․25 րոպեանոց թողարկման ընթացքում տրամադրվել է 21 րոպե 42 վայրկյան եթերաժամանակ։

Անգամ այն թողարկումները, որոնք չեն անդրադառնում ՔՊ-ի արշավին, այս կամ այն կերպ առնչվում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը և քննադատական շեշտադրմամբ անդրադառնում ընդդիմությանը։ Օրինակ՝ մարտի 8-ին հաղորդավարը, անդրադառնալով 2025 թ․ օգոստոսին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախաստորագրած խաղաղության համաձայնագրին, նշում է. «Հայաստանն ապրում է իր բացառիկ խաղաղ ժամանակաշրջանը»։ Նույն թողարկման ժամանակ խոսվում է նախընտրական շրջանում արհեստական բանականության կիրառման մասին. «Ո՞ւր են տանում հետքերը»,- նշում է հաղորդավարը, երբ կադրում հայտնվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավարներ Սամվել Կարապետյանը և Նարեկ Կարապետյանը։

Ապրիլի 18-ի թողարկման անոնսի ժամանակ հաղորդավարն ասում է, թե «պատերազմի Եռագլուխ կուսակցության» վերնախավը պիտակավորում է իր ընտրողներին, որին հետևում է մեջբերում Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունից. «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալը և բոշան»։ Իսկ հաղորդավարը շարունակում է. «Նիկոլ Փաշինյանն ունի այլ երկրների օրակարգով գործող անձանց հաստափոր տրցակ»։ Արդեն բուն ռեպորտաժի ընթացքում մեջբերվում է Փաշինյանի խոսքը, թե երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու անցողիկ շեմը (խոսքը ՀՀԿ-ի, «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է)։

Ըստ այս օրինակի, եղել են դեպքեր, երբ առանց ՔՊ-ի ներկուսակցական թեմաներին անդրադարձի էլ՝ «Լուրերի» եթերաժամանակը գործածվել է Փաշինյանի և ՔՊ-ի տեսակետների առաջխաղացման համար։ 

Թողարկումների Յություբում հրապարակված տեսանյութերի վերնագրերը հիմնականում հենց ՔՊ-ի արշավի ռեպորտաժներին են վերաբերում, օրինակ՝ «Սա է Իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող. վարչապետի այցը Տավուշի մարզ», «Ելակետը պետությունն է. սյունեցիները ողջունում են վարչապետի դիրքորոշումը», «Դուք պարտավոր եք վերընտրվելու, ոհմակը սպասում է ձեր չընտրվելուն. քաղաքացին՝ վարչապետին» և այլն։ Այս վերնագրերի ուղերձները միշտ համահունչ են ՔՊ գաղափարներին և աջակցում են այդ ուժին։

Ապրիլի 4-ի թողարկումը

Ապրիլի 4-ը Հայաստանի քաղաքական կյանքում բավականին ակտիվ օր էր։ Այդ օրը համագումար էին անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները։ Ելույթ են ունեցել ինչպես կուսակցությունների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը, այնպես էլ այլ ներկայացուցիչներ։

«Լուրերը» ՔՊ համագումարին անդրադարձել է 4 տարբեր ռեպորտաժներով՝ «Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու», «Վարչապետի ելույթը՝ ՔՊ արտահերթ համագումարում», «ԱԺ նախագահի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները» և «Պապոյանը՝ գազի և բենզինի հնարավոր թանկացման մասին»։ Առաջին երկու ռեպորտաժների ընդհանուր տևողությունը 13 րոպե էր, իսկ Ալեն Սիմոնյանի և Գևորգ Պապոյանի ելույթներին անդրադարձել են 7 րոպե 26 վայրկյանով (իշխող կուսակցության համագումարի լուսաբանմանը տրամադրվել է ընդհանուր ավելի քան 20 րոպե)։

Մինչդեռ ՀՀԿ համագումարին տրամադրվել է ընդամենը 1 րոպե 28 վայրկյան եթերաժամանակ։ Լրատվականը հայտնել է. «438 կողմ, երեք դեմ ձայներով Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ: Կուսակցության համագումարում Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սատարման համար, այնուհետև ճեպազրույցում խոսել իր ղեկավարած Հանրապետականի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին: Նա նշել է, որ իրենց ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմությանն ընտրողների ձայներին։ Թե հատկապես որ ուժին՝ «կտեսնեն ընթացքում»,- ասել է Սարգսյանը: Արման Թաթոյանի կամ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժերին աջակցելու մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանը նշել է. «Էդ ձայները իմ գրպանում չեն էլի, որ հանեմ տամ մեկին: Քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն։ Եթե լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն լինի, ես անպայման այդպիսի հայտարարություն կանեմ, բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի»։

Թողարկման ընդհանուր տևողությունը 40 րոպե էր։

Ընդդիմադիրների լուսաբանում

Մեր ուսումնասիրած թողարկումներում ընդդիմադիր ուժերի մասին նյութերը կամ հազվադեպ են, կամ իսպառ բացակայում են։ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն հիշատակվում են հիմնականում բացասական շեշտադրմամբ, իսկ ընտրություններին մասնակցող այլ ուժերի մասին ռեպորտաժներ և լուրեր առհասարակ չկան։ Եղած նյութերում էլ ընդդիմադիրների մասին խոսույթը բացասական բնույթի է։

Ուշագրավ է ապրիլի 12-ի թողարկման մեջ տեղ գտած «Փորձագետների կանխատեսումներն ընդդիմության և ընդդիմադիրների մասին» խորագրով ռեպորտաժը։ 12 րոպե 25 վայրկյան տևած այս նյութի առաջին մասում ներկայացվում է ընդդիմադիրների՝ հիմնականում «Հայաստան» դաշինքի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև առկա կոնֆլիկտը, մասնավորապես այն հարցի շուրջ, թե ով է մեղավոր Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու համար։ Այնուհետև որպես փորձագետ հանդես է գալիս «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, որը նշում է, թե այդ դիսկուրսները շարունակվելու են միայն մինչև խորհրդարան անցնելը, ինչից հետո նրանք համախմբվելու են, որովհետև ինքնուրույն չեն, և սա հենց «Գյումրի 2»-ի սցենարն է։ Ռեպորտաժին որպես փորձագետ մասնակցում է նաև Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար, «Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Առնոլդ Բլեյանը, որը լրացնում է Խուրշուդյանի տեսակետները՝ պնդելով. «Ավելի եմ կարևորում, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունենա ընդդիմափոխություն, որովհետև ընդդիմափոխությունն իրապես թե՛ իշխող կուսակցության աշխատանքը կդարձնի ավելի արդյունավետ, և թե՛ ի վերջո մենք Ազգային ժողովում պետք է լսենք Հայաստանի Հանրապետության հարատևությանը միտված քննարկումներ, այլ ոչ թե այն, ինչ հիմնականում լսել ենք Ազգային ժողովի ընդդիմադիր հատվածից՝ այդ «գողփիսո, քաչալ շուն» [ոճի խոսույթը]։ Ամեն մի կուսակցություն պետք է գնահատվի իր անցած ուղիով և իր ներկայով»։ Այսպիսով՝ անգամ փորձագետների մակարդակով թիրախավորվում է բացառապես ընդդիմությունը։

Մարտի 22-ին հեռարձակված ռեպորտաժներից մեկում նշվում է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում և այլ հարթակներում ամենաշատ գումարը գովազդի վրա ծախսում են ընդդիմադիրները։ Միևնույն ժամանակ շեշտվում է, որ առանց որևէ գովազդ միացնելու՝ Փաշինյանի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը միասին, մարտի 19-ի դրությամբ, 148 միլիոն 800 հազար դիտում են ունեցել։

Մարտի 29-ի թողարկման մեջ անդրադարձ է կատարվում նախընտրական քարոզարշավից առաջ սոցհարցումների առատությանը։ Նշվում է, որ, փորձագետների կարծիքով, հայաստանյան իրականությունում պատվերով սոցհարցումների մշակույթը ներդրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հաղորդման մեջ փաստվում է, որ 2026-ի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցումներ է հրապարակում նաև ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ քաղաքական ուժը. «Ըստ փորձագետների՝ ընդդիմության վարքագիծը պատճառներ ունի. խորհրդարան մտնելու նրանց հնարավորությունները շատ մեծ չեն, և սոցհարցումներով ուզում են ցույց տալ, որ հենց իրենք են առաջատարը»։

Ընդդիմադիրներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորվում են նաև ապրիլի 5-ի թողարկման ընթացքում։ Առանձին ռեպորտաժով անդրադարձ է կատարվում տարբեր տարիներին Հայաստանում լրագրողների նկատմամբ արձանագրված բռնություններին։ Նշվում է, որ «ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ լրագրողների նկատմամբ բռնության հրեշավոր դեպքերը հիմնականում 1998-ից հետո են եղել», այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Հիշատակվում են նաև մի քանի դեպքեր, որոնք արձանագրվել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես նաև այն, որ 2000 թվականին Գագիկ Ծառուկյանի մոտ 30 կողմնակիցներ ներխուժել են «Հայկական ժամանակի» խմբագրություն։

«Ինչ վերաբերում է 2018-ի հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածին, ապա դեպքերը փաստագրած կառույցը լրագրողների նկատմամբ երկու միջադեպ է մատնանշում, որոնցից մեկի հեղինակն ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, իսկ երկրորդ դեպքում արարքը կատարել է դիմակավորված անհայտ անձը»,- ասվում է ռեպորտաժի ընթացքում: Թեև նշվում են տարբեր դեպքեր, սակայն նյութում չի հիշատակվում այն աղմկահարույց միջադեպը, երբ ՔՊ անդամ, այդ պահին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն էր կիրառել լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։ Դեպքը ժամանակին արձանագրել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)։ «Սա աննախեպ երևույթ էր ԽԱՊԿ-ի ողջ դիտարկումների ընթացքում, երբ կառավարության անդամը ԶԼՄ ներկայացուցչի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Դեպքի առնչությամբ ամիսներ տևած ուսումնասիրություններից ու նախաքննությունից հետո քրեական գործը կարճվել է տրաֆարետային ձևակերպմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշված է կազմակերպության տարեկան զեկույցում։

ԼՂ-ից տեղահանված կնոջ և վարչապետի բանավեճի լուսաբանումը

Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի մետրոյում իրականացրած ակցիան վերածվեց սուր բանավեճի։ Վարչապետը մի երեխայի առաջարկել էր քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել, սակայն նրա մայրը հրաժարվել էր՝ նշելով, որ իրենք Արցախից են և ուրիշ քարտեզ ունեն։ Փաշինյանը վիճաբանության ընթացքում կնոջն ասել էր. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:

Ահա թե ինչպես է Առաջին ալիքը լուսաբանել այս միջադեպը։ Նախ նշվում է, որ քաղաքացիները մեծամասամբ գոհունակությամբ էին ընդունում Հայաստանը խորհրդանշող քարտեզ-կրծքանշանները, սակայն եղել են նաև բացառություններ։ Ղարաբաղից տեղահանված կինը, նվերից հրաժարվելով, ներկայացրել է իր պատճառը. «Ճիշտն ասած, մենք ուրիշ քարտեզ ունենք»,- մեջբերում է հեղինակը։

Սրված երկխոսությունից մի քանի վայրկյան ցուցադրելուց հետո ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել և բնակավորվում են Հայաստանում։ […] Ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, մենակ մի բան եմ խնդրում. այդ պանդխտության միտումը պետք է հանել, պետք է հանդարտվել»։

«Լուրերը» ցույց չի տալիս այն հատվածը, երբ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կոչում է «Փախածներ», ոչ էլ տեղեկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրվա ընթացքում արած հայտարարությանը, որ բռնի տեղահանվածների և փախստականների հետ պետք է շփվել առավելագույն զգայունությամբ՝ հաշվի առնելով նրանց խոցելի վիճակը։ Երևանում ՔՊ ներկուսակացական քարոզարշավին նվիրված մոտ 19 րոպե տևած ռեպորտաժի վերջում ցուցադրվում է Նիկոլ Փաշինյանի ներողությունը, որին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքն են հավելում․ «Ուղիղ եթերում ու ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատելը ոչ ցանկալի իրավիճակ է ստեղծում։

Հիմնվելով ներկայացված փաստերի և մշտադիտարկման արդյունքների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ Հանրային հեռուստատեսության «Լուրեր» լրատվական հաղորդումը նախընտրական շրջանում չի պահպանել օրենքով սահմանված օբյեկտիվության և բազմակարծության սկզբունքները. եթերաժամանակի անհամաչափ բաշխումը, իշխող քաղաքական ուժի քարոզարշավի բացահայտ առաջնահերթությունը և ընդդիմադիր ուժերի բացասական լուսաբանումը վկայում են բովանդակային կողմնակալության մասին։ Ավելին, աղմկահարույց միջադեպերի ընտրողական ներկայացումն ու իշխանության ներկայացուցիչների համար ոչ ձեռնտու դրվագների չներկայացումը փաստում են, որ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցը ծառայեցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական օրակարգի և տեսակետների միակողմանի առաջխաղացմանը: 

Հանրային հեռուստատեսությանը մեկնաբանությունը

Media.am-ը հարցում էր ուղարկել Հանրային հեռուստաընկերություն՝ խնդրելով մեկանաբանել նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ խնդրելով մեկնաբանել «Անկախ դիտորդի» զեկույցը, և հարցրել՝ Ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությունը ապահովում քաղաքական ուժերի հավասարակշռված և անկողմնակալ լուսաբանումը նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։։ Մեր 4 հարցին ստացել ենք կարճ արձագանք․ «Հայտնում ենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ ամբողջովին գործելով դրա պահանջներին և պայմաններին համապատասխան։

Հայտնում ենք նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավիրել է տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում ընդդիմադիր՝ ներկայացնելու իրենց տեսակետները Հանրայինի եթերում՝ տարբեր ձևաչափերով, սակայն հաճախ, հատկապես ընդդիմադիր ուժերը, հրաժարվել են այդ հնարավորություններից»։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել