Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հավասար տեսանելիության ապահովումը մեդիայի կարևոր գործառույթներից է։ Այս համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատանքը, որը, լինելով պետական բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոց, ունի տեղեկատվության մատուցման անկողմնակալության և հավասարակշռության պարտավորություն։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է «Արմենպրես»-ի լրահոսը հասկանալու համար նախընտրական փուլում ձևավորված լուսաբանման միտումները, թեմատիկ առաջնահերթություններն ու քաղաքական դերակատարների ներկայացվածության համամասնությունը։
«Արմենպրես»-ի մասին
«Արմենպրեսը» Հայաստանի միակ պետական լրատվական գործակալությունն է։ Ըստ գործակալության կայքի՝ դրա գործունեության առանցքում «օպերատիվ, ստուգված, ճշգրիտ, հավասարակշռված, անաչառ լուրերի մատուցումն է»։
2021թ․-ին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ գործակալության բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, 25 տոկոսը՝ վարչապետի մամուլի քարտուղարին, 25 տոկոսը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին։
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ «Արմենպրեսը» պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ստանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած երկու դրամաշնորհի շրջանակում։ 2026թ․-ին(արխիվացված) և 2025թ․-ին (արխիվացված) այս ծրագրերով «Արմենպրեսը» ստացել է 278 միլիոն 331 հազար դրամ (յուրաքանչյուր տարի), իսկ 2024թ․-ին(արխիվացված)՝ 309 միլիոն 256 հազար դրամ։
Ինչ ենք պարզել
Դիտարկվել է 2026 թ.-ի մարտի 1-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածը։
Հավաքագրվել է ընդհանուր 783 նյութ, որի զգալի մասը վերաբերում է իշխանության ներկայացուցիչների գործունեությանը. մասնավորապես՝ 634 նյութ նվիրված է իշխանության մարմինների, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ և ոչ կուսակցական պաշտոնյաների ու գերատեսչությունների աշխատանքին։ 71 նյութ ՔՊ նախընտրական գործունեության մասին է։
26 նյութ «Արմենպրես»-ի անդրադարձն է ՔՊ իշխանության օրոք գրանցված առաջընթացի վերաբերյալ։ Բացի դրանից, 17 հրապարակում առնչվել է ՔՊ անդամների մասնակցությամբ միջադեպերին, իսկ 11-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերի տեսանյութերին։
Ի հակադրություն սրա՝ ընդդիմադիր ուժերին վերաբերել է ընդհանուր ընտրանքից ընդամենը 24 նյութ, որոնցից միայն 7-ն է առնչվել նրանց նախընտրական գործունեության լուսաբանմանը։
«Արմենպրես»-ի լրահոսի դիտարկումը ցույց է տալիս, որ պետական գործակալության լրահոսում առկա է քաղաքական ուժերի ներկայացվածության խիստ անհամամասնություն։
Իշխող ուժի լուսաբանումը ոչ միայն քանակապես գերազանցում է մյուս դերակատարներին, այլև իրականացվում է տարբեր տեղեկատվական շերտերով՝ նախընտրական այցերից մինչև պետական բարեփոխումների մասին հոդվածներ և սոցիալական ցանցերի բովանդակության տարածում։
«Քաղաքացիական պայմանագիր»
«Արմենպրեսը» մանրամասն լուսաբանել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, այցերը մարզեր և համագումարը։
Ընդհանուր առմամբ մարտ 1-ից ապրիլի 5-ն ընկած հատվածում «Արմենպրեսը» հրապարակել է ՔՊ-ի՝ ընտրություններին վերաբերող 71 հոդված։ Այս խմբում ներառված չեն պաշտոնական պարտականությունների ընթացքում ՔՊ անդամների հայտարարություններն ընդդիմության կամ ընտրությունների վերաբերյալ։
Բացառություն են Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ կատարած այցի 2 լուսաբանումները, որտեղ ուղիղ հղում կա ՔՊ նախընտրական ծրագրին: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու նախագծեր է ներառել, ինչպես նաև՝ պատրաստվում է 100 կոմբինացված մարզահրապարակ կառուցել տարբեր բնակավայրերում։
7 տասնյակից ավելի նյութերում ներկայացվում են Նիկոլ Փաշինյանի շփումները քաղաքացիների հետ, վերջիններիս դրական վերաբերմունքը ՔՊ ղեկավարին, ընդդիմության վերաբերյալ քննադատությունը, Հայաստանի վերաբերյալ կուսակցության պատկերացումները։
Նյութերից 12-ը վերաբերում են ՔՊ-ի՝ ապրիլի 4-ին կայացած համագումարին, որտեղ ոչ միայն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածուն, այլև տարբեր անդամներ հանդես եկան ելույթներով՝ կուսակցության քաղաքական պայքարի և գաղափարաբանության մասին։ Հատկանշական է, որ նույն օրը կայացել է նաև «Հայաստանի Հանրապետական» կուսակցության համագումարը, սակայն այդ միջոցառման մասին հրապարակվել է միայն 1 նյութ։
Ընդդիմության գործունեության լուսաբանում
Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության վերաբերյալ նյութերի ընդհանուր թիվը քիչ է՝ ընդհանուր 24 նյութ։
Այսպես, նախընտրական համատեքստում «Արմենպրես»-ում հրապարակվել է 7 նյութ ընդդիմադիր ուժերի մասին։ Դրանք չեզոք և միայն տեղեկատվական հրապարակումներ են, օրինակ, այն մասին, թե ով կլինի տվյալ կուսակցության վարչապետի թեկնածուն, կամ ինչ ձևաչափով է տվյալ ուժը մասնակցելու ընտրություններին։ Ուսումնասիրված ժամանակահատվածում անդրադարձ է կատարվել միայն «Հայաստան» դաշինքին (1 նյութ), ՀՀԿ-ին (2 նյութ), «Նոր ուժ»-ին (1 նյութ), «Ուժեղ Հայաստան»-ին (2 նյութ), «Բարգավաճ Հայաստան»-ին (1 նյութ)։
Բացի այդ, հրապարակվել է 5 նյութ խորհրդարանական ընդդիմության գործունեության վերաբերյալ, որից երեքը ճեպազրույցներում հայտարարությունների մասին, իսկ երկուսը՝ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավոր ընտրելու վերաբերյալ։
7 նյութ վերաբերում է«Մեր ձևով» շարժման անդամների և «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործընթացներին։
1 նյութ այն մասին է, որ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը։
4 նյութ արտախորհրդարանական ուժերի անդամների նկատմամբ հարուցված գործերի վերաբերյալ է եղել, այդ թվում՝ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանի։
Այսպիսով, ի տարբերություն ՔՊ-ի նախընտրական գործունեության լուսաբանման, ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը պետական լրատվամիջոցում հաճախ սահմանափակվում է կարճ լուրի ձևաչափով։
Ընտրական համատեքստից զատ, ընդդիմության վերաբերյալ լրահոսում գերակշռում է իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ ընդդիմության լուսաբանման հարցում գերակշռում է բացասական համատեքստը, ինչը էականորեն տարբերվում է իշխող ուժի՝ որպես բարեփոխումներ իրականացնողի ձևաչափից։
Պաշտոնեական գործունեություն և պաշտոնական հաղորդագրություններ
«Արմենպրեսը» ներկայացրել է նաև ՔՊ անդամ պաշտոնյաների և գործող իշխանության աշխատանքը։ Հրապարակվել են ինչպես պաշտոնական հաղորդագրություններ, այնպես էլ՝ հոդվածներ։
Մարտի 1-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում հրապարակվել է նմանատիպ 634 նյութ։ Դրանից 151-ը միայն Նիկոլ Փաշինյանի գործունեությանն են վերաբերում։
Այս խմբում ընդգրկվել են վարչապետի ելույթները, այցերը և հանդիպումները, ՔՊ անդամների գործունեությունը գործադիր և օրենսդիր իշխանությունում, այլ գերատեսչությունների աշխատանքը, այդ թվում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Դատախազության և ուժային կառույցների։
Սա թեև կապված չէ գալիք ընտրությունների հետ, սակայն անուղղակիորեն նպաստում է իշխանության (իշխող կուսակցության) տեսանելիության բարձրացմանը մեդիայում։
Ուշագրավ է, որ Փաշինյանն իր պաշտոնական գործունեության ընթացքում հաճախ է անդրադառնում իշխանության հաջողություններին՝ զուգահեռաբար թիրախավորելով և քննադատելով ընդդիմությանը ու նախկին իշխանություններին։
Կառավարության նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում Փաշինյանը օգտագործել է պաշտոնական հարթակը խոսելու նաև ընտրությունների և ընդդիմության մասին։ Նա, մասնավորապես, մեղադրել է հոգևորականներին՝ պատերազմի կուսակցության առաջնորդությունը ստանձնելու համար, իսկ ընդդիմադիր որոշ ուժերի մեղադրել է Ադրբեջանի հետ նոր պատերազմ պատրաստելու համար։
Առանձին նյութով «Արմենպրեսը» անդրադարձել է Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ առանձնացնելով նրա այն միտքը, թե «ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի»։
Այսպիսով, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում Փաշինյանի՝ ի պաշտոնե գործունեությունը լուսաբանելիս, գործակալությունը հրապարակել է վարչապետի դիտարկումները ընտրությունների կամ ներքաղաքական իրավիճակի մասին։
5 առանձին նյութով «Արմենպրեսը» անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) մարտին կատարած հարցմանը։ Նյութերից մեկում կայքը գրել է, որ հարցվածները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են Նիկոլ Փաշինյանին։
Մեկ այլ նյութ վերնագրված է «Հարցվածների 17 տոկոսը Կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում է խաղաղության ապահովումը»։ Այս վերնագիրը կրկնում է ՔՊ-ի նախընտրական գաղափարախոսության առանցքային միտքը։
Կարևոր է նաև նշել, որ 634 նյութերից 129-ը ներառում է կառավարության իրականացրած բարեփոխումներն ու բարեկարգումները Երևանում և մարզերում։ Նմանատիպ հրապարակումների թվում են՝ Վարդենիսի մարզադաշտի նոր մասնաշենքերի կառուցումը, Երևանում մանկապարտեզի նոր շենքի կառուցումը, Ներքին գործերի նախարարության իրականացրած բարեփոխումները և այլն։
Այսպիսով, պաշտոնական լրահոսի գերակշռությունը, որն առավելապես կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքբերումների և բարեփոխումների լուսաբանման վրա, ստեղծում է յուրահատուկ տեղեկատվական պատկեր։ Չնայած հրապարակումների մեծ մասն ունի պաշտոնական բնույթ, նախընտրական փուլում դրական շեշտադրումների առատությունը կարող է էականորեն ազդել հանրային ընկալումների վրա՝ անուղղակիորեն ամրապնդելով իշխող քաղաքական ուժի տեսանելիությունը մյուս դերակատարների համեմատությամբ։
Հեղինակային նյութեր՝ կառավարության ծրագրերի մասին
Պաշտոնական լրահոսին զուգահեռ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացրել է 26 հոդված, որոնք մանրամասնում են կառավարության ծրագրերի և պետական աջակցության շնորհիվ արձանագրված տեսանելի առաջընթացը։
Այս հոդվածների շարքում առանցքային նշանակություն ունի 2018-2025 թվականների ձեռքբերումների ամփոփումը։ Մասնավորապես, 6 նյութերում մանրակրկիտ ներկայացվել են Դդմաշեն, Ակունք, Վարդենիս և մի շարք այլ բնակավայրերում կյանքի կոչված սոցիալ-տնտեսական ծրագրերը՝ ցույց տալով պետական ներդրումների ուղղակի ազդեցությունը համայնքների զարգացման վրա։
Վարչապետի սոցցանցային տեսանյութերը
Պաշտոնական հաղորդագրություններից բացի, գործակալության լրահոսում տեղ են գտել նաև առանձին հրապարակումներ (11 նյութ), որոնք պատրաստվել են Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերում զետեղված տեսանյութերի և ուղիղ եթերների հիման վրա։ Այս ձևաչափը առանձնանում է ընդգծված քաղաքական հռետորաբանությամբ։
Այս նյութերում ներկայացված են վարչապետի դիտարկումները ընդդիմադիր դաշտի դերակատարների (Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան) գործունեության վերաբերյալ, որտեղ Փաշինյանը հակադրվում է նրանց որդեգրած քաղաքական ուղեգծին՝ այն որակելով որպես «պատերազմի դուռը բացող» կամ «խաղաղությունը վերանայող»։ Տեսանյութերում վարչապետը նաև պարզաբանում է «իրական խաղաղության» իր ընկալման և Ղարաբաղյան շարժման ռիսկերը՝ ժողովրդին առաջարկելով կատարել ռազմավարական ընտրություն։
Ուշագրավ է նաև «Արմենպրեսի» կողմից վարչապետի սոցիալական էջերի դիտումների վերաբերյալ տվյալների հանրայնացումը (մեկ ամսում շուրջ 120 միլիոն դիտում)։
Այսպիսով, պետական լրատվամիջոցը դառնում է հարթակ՝ վարչապետի սոցցանցերում հնչած քաղաքական ուղերձները լսարանին փոխանցելու համար։
Միջադեպերի լուսաբանում
Արմինե Մոսիյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը
Մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի մետրոյում իրականացրած ակցիան վերածվեց սուր բանավեճի։ Վարչապետը մի երեխայի առաջարկել էր քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել, սակայն նրա մայրը հրաժարվել էր՝ նշելով, որ իրենք Արցախից են և ուրիշ քարտեզ ունեն։ Փաշինյանը վիճաբանության ընթացքում կնոջն ասել էր. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Այս միջադեպը մեծ արձագանք էր ստացել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ բռնի տեղահանվածների և փախստականների հետ պետք է շփվել առավելագույն զգայունությամբ՝ հաշվի առնելով նրանց խոցելի վիճակը։
«Արմենպրեսը» թեմային անդրադարձել է երկու հրապարակմամբ, որոնք զետեղվել են բացառապես միջադեպից հետո՝ հիմնվելով վարչապետի ներողությունների վրա։ Այսինքն բուն միջադեպի օպերատիվ լուսաբանում չի եղել։ Կոնֆլիկտը ներկայացվել է բացառապես Փաշինյանի ներողության պրիզմայով։
Միջադեպը Սուրբ Աննա եկեղեցում
Մեկ այլ միջադեպ էր գրանցվել մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում։ Ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ, երբ անվտանգության աշխատակիցները Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ էին բացում: Միջադեպի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ։ Երիտասարդը՝ Դավիթ Մինասյանը, կալանավորվել էր։ Հիմա նրա նկատմամբ գործում է բացակայելու արգելքը։
Միջադեպի մասին «Արմենպրեսը» 8 նյութ էր հրապարակել, որից 5-ը ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ-ի, Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորական դասի տարածած պաշտոնական հաղորդագրություններ են։ Գործակալությունը հրապարակումներ էր պատրաստել նաև ձերբակալվածների պաշտպանների տրամադրած տեղեկության հիման վրա։
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը
Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում քաղաքացիների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Այն ուղեկցվել էր փոխադարձ հայհոյանքներով։ Հարուցվել էր քննչական վարույթ։
«Արմենպրեսը» մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում միջադեպին անդրադարձել էր 7 անգամ, որոնցից մեկը Ալենի Սիմոնյանի՝ Ֆեյսբուքում կատարած պարզաբանումն է, իսկ մնացածը՝ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի տրամադրած տեղեկությունները։
Այսպիսով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպերին «Արմենպրեսը» անդրադարձել է՝ հիմնականում հիմնվելով պաշտոնական տեղեկատվության կամ տվյալ պաշտոնյայի հայտարարության վրա։ Միջադեպերի մյուս մասնակիցներից հավելյալ մեկնաբանություն հազվադեպ է եղել։
Այսպիսով, մարտի 1-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրահոսի դիտարկումը ցույց է տալիս, որ պետական գործակալության լրահոսում առկա է քաղաքական ուժերի ներկայացվածության խիստ անհամամասնություն։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 36 օրվա ընթացքում «Արմենպրեսը» հրապարակել է 71 նյութ, որոնք բացառապես վերաբերում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական գործունեությանը։ Իսկ ահա ընդդիմադիր ուժերի նախընտրական գործունեությունը 10 անգամ քիչ է լուսաբանվել։
Ավելին՝ իշխող ուժի լուսաբանումը ոչ միայն քանակապես գերազանցում է մյուս դերակատարներին, այլև իրականացվում է տարբեր տեղեկատվական շերտերով՝ նախընտրական այցերից մինչև պետական բարեփոխումների մասին հեղինակային հոդվածներ և սոցիալական ցանցերի բովանդակության տարածում։
Ստեղծված պատկերն առանցքային է հունիսյան ընտրությունների համատեքստում, քանի որ «Արմենպրեսի» լուսաբանման ընթացքում իշխող կուսակցության և ընդդմիության գործունեության լուսաբանումը և տեսանելիությունը խախտվում է ոչ միայն բնականորեն, երբ ներակայացվում է ՔՊ-ի անդամ պետական պաշտոնյայի կամ ՔՊ ձևավորած իշխանության գործունեությունը, այլ երբ խոսքը պարզապես նախընտրական պայքարին է վերաբերում։
Հավաքագրված տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Արմենպրեսի» արձագանքը
«Ստուգված է»-ն կապ հաստատեց «Արմենպրեսի» տնօրեն Նարինե Նազարյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել մեր ուսումնասիրության արդյունքները։ Նազարյանի գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց փոփոխությունների․
«Արմենպրես» լրատվական գործակալությունը լուսաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը (ի դեպ, բացառապես Վարչապետի սոցցանցային էջերում հրապարակված տեսանյութերից), որոնք նպատակ են ունեցել՝ ծանոթանալու պետական միջոցներով երկրում իրականացվող ծրագրերի ընթացքին: Վարչապետն այցելել է տարբեր կրթօջախներ՝ նախադպրոցական և հանրակրթական հաստատություններ, ճանապարհներ ու այլ կառույցներ, որոնք վերանորոգվել կամ կառուցվել են պետական ֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ը լուսաբանել է այդ այցերը՝ ապահովելով պետական միջոցների ծախսման թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ մակարդակը:
Բացի դրանից, խնդրում եմ հատուկ հստակություն մտցնել այն հանգամանքում, որ լուսաբանվել է երկրի վարչապետի՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի գործունեությունը, ոչ թե կուսակցական ակտիվությունը:
Պետք է հաշվի առնել, որ երկրում անցկացված և սպասվող մեծամասշտաբ միջոցառումներով պայմանավորած լրահոսը խիստ հագեցած է, իսկ գործակալության աշխատակարգը՝ ծանրաբեռնված: Դրանով պայմանավորված՝ նախընտրական քարոզարշավից առաջ եղած ժամանակահատվածում հնարավոր չի եղել անդրադառնալ բոլոր ուժերի ծրագրային դրույթներին (թեև ներկայացված քաղաքական հայտերին, ԿԸՀ փաստաթղթերի ներկայացմանն ու այլ ընտրական գործընթացների պարտադիր անդրադարձել ենք), սակայն քարոզարշավի մեկնարկից սկսած՝ գործակալությունը կանի առավելագույնը՝ բոլոր ուժերին հավասարապես անդրադառնալու համար»: