Վերջին շրջանում օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են գտնում իրենց հարցերի պատասխանները՝ առանց մեդիայի հղումների վրա քլիք անելու։
Սա ընդունված է անվանել զրո-քլիք դարաշրջան (zero-click era)։
Առաջին հայացքից զրո-քլիքը հարմար է օգտատերերի համար, բայց խնդրահարույց է մեդիայի համար, քանի որ թուլացնում է նրա հիմնական գործառույթներից մեկը՝ լսարանին հասնելու հնարավորությունը։
Զրո-քլիքի աճող ազդեցության պայմաններում կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեդիայի տեսանելիության և ազդեցության հետ։
Այս փոփոխության մեջ առանցքայինն այն է, որ լրագրությունն աստիճանաբար դադարում է լինել վերջնական արդյունք և ավելի հաճախ գործում է որպես ենթակառուցվածք, որը ձևավորում է պատասխանները, բայց միշտ չէ, որ երևում է որպես աղբյուր։
Անկո՞ւմ, թե՞ անհավասար ազդեցություն
Այս ամիս հրապարակված տվյալների համաձայն՝ որոշ կայքեր գրեթե ամբողջությամբ կորցրել են որոնումներից եկող այցելությունները։ Օրինակ, տեխնոլոգիական թեմաներով զբաղվող հարթակներում արձանագրվել է մինչև 90% և ավելի անկում կարճ ժամանակահատվածում։
Մյուս կողմից, տվյալներ կան, որոնք շատ ավելի մեղմ պատկեր են ներկայացնում՝ մոտ 2,5% անկում, իսկ որոշ թեմաների դեպքում՝ նույնիսկ աճ։
Այս հակասությունը ցույց է տալիս, որ խոսքը համատարած անկման մասին չէ, այլ անհավասար ազդեցության։
Երբ պատասխանները փոխարինում են աղբյուրներին
Եթե նախկինում Google-ը օգտատիրոջը հիմնականում ուղղորդում էր դեպի սկզբնաղբյուր, ապա այսօր ավելի հաճախ փորձում է պահել նրան իր մոտ՝ առաջարկելով պատրաստի պատասխաններ՝ արհեստական բանականության ամփոփումների (AI overview) տեսքով։
Զրո-քլիքի տարածմանը նպաստում են նաև ChatGPT-ն և մյուս չատբոտերը՝ իրենց սինթեզված պատասխաններով։
Մեդիայի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է․ եթե լսարանը չի հասնում աղբյուրին, ապա նվազում է ոչ միայն այցելությունների թիվը, այլև բովանդակության ազդեցությունը։
Այս կետում հաճախ հնչում է հակափաստարկը՝ «որակյալ ու եզակի բովանդակությունը կշարունակի պահանջված լինել»։ Դա հնարավոր է, բայց խնդիրը սրանով չի ավարտվում։
Արհեստական բանականության համակարգերը կարող են ամփոփել նույնիսկ ամենաօրիգինալ նյութերը՝ փոխանցելով հիմնական միտքը՝ առանց պարտադիր հղման կամ այցելության։ Սա նշանակում է, որ լրագրությունը շարունակում է արժեք ստեղծել, բայց այդ արժեքը միշտ չէ, որ վերադառնում է իր ստեղծողներին՝ տեսանելիության կամ այլ արդյունքի տեսքով։
Հարմարվելու փո՞րձ, թե՞ կախվածության խորացում
Մեդիա ոլորտը հաճախ առաջարկում է «հարմարվել»՝ օպտիմացնել բովանդակությունը արհեստական բանականության համակարգերի համար կամ ստեղծել այնպիսի նյութեր, որոնք դժվար է սինթեզել։
Սակայն այստեղ էլ կա ռիսկ՝ կրկնելու նույն սխեման։ Վերջին տասնամյակում մեդիան բազմիցս հարմարվել է հարթակների պահանջներին՝ սոցիալական ցանցերից մինչև որոնման ալգորիթմներ։ Արդյունքում մեդիայի կախվածությունը հարթակներից միայն խորացել է։
Այժմ պետք է հասկանալ՝ այս անգամ առաջարկվող լուծումներն էապես տարբե՞ր են, թե՞ պարզապես նույն տրամաբանության շարունակությունն են։
Փոքր շուկաներ, անհամաչափ հետևանքներ
Քննարկումները հիմնականում կենտրոնանում են խոշոր միջազգային մեդիայի վրա։ Սակայն փոփոխությունների իրական ազդեցությունն ավելի հստակ զգացվում է փոքր շուկաներում։
Հայաստանի նման միջավայրում, որտեղ խմբագրությունները սահմանափակ ռեսուրսներով են գործում, լսարանի հասանելիության փոփոխությունը կարող է անհամաչափ հետևանքներ ունենալ։
Եթե միջնորդ հարթակներն ավելի ու ավելի են կենտրոնացնում ուշադրությունը իրենց ներսում, ապա փոքր մեդիաների համար տեսանելի դառնալն ավելի է բարդանում։
Հայերեն բովանդակության դեպքում այս փոփոխությունները դեռ ամբողջ ուժով չեն զգացվում։ Սակայն դա ավելի շուտ ժամանակի հարց է, ոչ թե բացառություն։
Իսկ եթե սա նոր չէ
Պատմականորեն մեդիան երբևէ ամբողջությամբ չի վերահսկել իր բովանդակության բաշխումը։
Տպագիր մամուլը կախված էր տարածման ցանցերից, հեռուստատեսությունը՝ լիցենզավորումից, իսկ թվային դարաշրջանում մեդիան հարմարվեց որոնման համակարգերի և սոցիալական մեդիայի կանոններին։
Այս տեսանկյունից զրո-քլիք դարաշրջանը կարելի է դիտարկել ոչ թե որպես կտրուկ խզում, այլ նույն գործընթացի հաջորդ փուլ։
Տարբերությունն այն է, որ այսօր արհեստական բանականությունը թեև ուղղորդում է դեպի բովանդակություն, բայց ավելի հաճախ ներկայացնում է այն ամփոփ ձևով՝ շրջանցելով սկզբնաղբյուրը։
Մեդիան երբեք լիարժեք չի վերահսկել բաշխումը, բայց երբևէ այսքան քիչ էլ չի վերահսկել իր տեսանելիությունը։
Ո՞վ է վերահսկում լրագրության տեսանելիությունը
Զրո-քլիք դարաշրջանի շուրջ քննարկումը հաճախ սահմանափակվում է որոնողական համակարգերի օպտիմալացման (SEO) ռազմավարություններով և այցելությունների գրաֆիկներով։ Ավելի հիմնարար հարցը սակայն մնում է բաց՝ ով է վերահսկում, թե ինչպես է սպառվում լրագրությունը։
Եթե այս միտումը շարունակվի, ապա խոսքը ոչ թե այցելությունների մասին կլինի, այլ այն մասին, որ մեդիան աստիճանաբար կորցնում է իր տեսանելիության վերահսկողությունը։