Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

2026 թվականին Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգը տարեսկզբից արդեն սկսեց ձևավորվել նախընտրական թեմաների շուրջ։ 

Այս շրջանում Յություբն ու մյուս սոցիալական ցանցերը վերածվել են բարդ և բազմաշերտ քաղաքական բանավեճի դաշտի, որոնք կարող են ազդել հանրային կարծիքի ձևավորման վրա։ Հաշվի առնելով դա՝ մենք փորձել ենք ուսումնասիրել հարթակում ստեղծվող բովանդակությունը և դրա վերաբերյալ մեկնաբանությունները։ 

Ուսումնասիրության առանցքում են հայաստանյան մի շարք լրատվամիջոցների յություբյան հարթակները։ Հաշվի ենք առել, որ այնտեղ լրատվական բովանդակությունը հաճախ ուղեկցվում է օգտատերերի արձագանքների այնպիսի հոսքով, որը կարող է նպաստել հնչող պատումների ուժգնացմանը և տարածմանը, հետևաբար՝ հավաքագրվել են նաև մեկնաբանությունները։

Ուսումնասիրելով յություբյան ալիքները՝ մենք հնարավորություն ենք ստացել տեսնելու, թե ինչ պատումներ են ավելի շատ տարածվել, ինչ օրինաչափություններ կան, և ազդում են արդյոք մեկնաբանությունները տեսանյութերում քննարկվող թեզերի վերատրադրության վրա։

Ինչպե՞ս է կատարվել ուսումնասիրությունը

Ուսումնասիրության համար տվյալները հավաքագրվել են «Disint.ai» հարթակի միջոցով։ Այն գործում է արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով, մշտադիտարկում էալիքները ու ամփոփում օրինաչափությունները։

Ուսումնասիրությունն ընդգրկել է 2026-ի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածը: Disint.ai-ին նախապես տրվել է 14 յություբյան ալիք և 15 պատում քաղաքական թեզերի ցանկ: Ծրագիրը վերլուծել է տասնյակ հազարավոր ժամերի տեսանյութեր և դրանց մեկնաբանությունները՝ առանձնացնելով դեպքերը, երբ հնչել կամ արծարծվել են ընտրված թեմաները: 

Ուսումնասիրվել են՝ AlphaNews, 24TV, 168.am, News.am, Euromedia24, h2, Kentron TV, Hayeli.am, Hraparak, Antifake, ArmeniaToday, Oragir, Aravot, NewDay ալիքները։ 

Չորս ամսվա ընթացքում 14 այս կայքերում դիտարկվել է հետևյալ պատումների կիրառման դինամիկան։

Պատումների ընտրված ցանկ

Այս հոդվածն ամփոփում է «Disint.ai»-ում մայիսի 4-ի դրությամբ հավաքագրված տվյալները։

Ինչ է բացահայտվել

Ըստ հավաքագրված տվյլաների՝ 15 հիմնական թեմաներից 13-ը հայտնաբերվել են տեսանյութերում և մեկնաբանություններում:

Ընտրված ալիքների տեսանյութերում համապատասխան թեզերը հնչել են ընդհանուր առմամբ 2774 անգամ: 

Գրանցվել է 83,300 մեկնաբանություն, որից 13,300-ում օգտատերերը կրկնել կամ քննարկել են տվյալ պատումները: Թվով 4500 օգտատերեր գրել են մեկնաբանություններ, որոնք պարունակում են այդ թեզերը: 

Յություբյան տիրույթի մշտադիտարկումը թույլ է տալիս հասկանալ, թե որ պատումների շուրջ է ձևավորվում տեղեկատվական հոսքը։ Տվյալները ցույց են տալիս, որ քննարկումները կենտրոնացած են մի քանի առանցքային թեմաների շուրջ, որոնք էլ կազմել են բովանդակության հիմնական մասը։

Ամենից հաճախ հանդիպող պատումը վերաբերում է գործող իշխանության անկախության և լեգիտիմության հարցին։ Գրեթե ամեն երկրորդ դեպքում (46%, 11,293 անգամ) հնչում է  թեզը, թե գործող վարչակազմը արտաքին ուժերի կամակատար է կամ դավաճանում է պետական շահը («Հայաստանի գործող իշխանությունը դավաճան է և/կամ արտաքին ուժերի կամակատար»)։ 

Այս ամենին զուգահեռ, տեղեկատվական դաշտում մեծ տեղ են զբաղեցնում անվտանգային հարցերն ու ինքնության վախերը։ Դիտարկված բովանդակության 20%-ում (4847) շրջանառվում է «թրքացման» թեզը։

Երրորդ ուղղությունը, որն ամբողջացնում է այս պատկերը, ժողովրդավարության ընկալման խնդիրն է։ Դեպքերի 12%-ում (2946) հանդիպում է այն պնդումը, որ Հայաստանում ժողովրդավարությունն իրականում բռնապետություն է։

Պատումների դինամիկան

2026 թվականի առաջին երեք ամիսները հայկական յություբյան տիրույթում անցել են հարաբերականորեն կայուն։ Ըստ մշտադիտարկման՝ տեսանյութերը հրապարակվել են սովորական հաճախականությամբ, իսկ թիրախային քաղաքական պատումները հիմնականում պահպանվում էին օրական մինչև 200-250 հիշատակման սահմաններում։

Սակայն ապրիլի 1-ից հետո պատկերը կտրուկ փոխվում է։ Արհեստական բանականությունը նկատել է մի երևույթ, որը կարելի է անվանել «տեղեկատվական պայթյուն»։

Ընտրված պատումների քանակը, որը նախկինում կայուն էր, ապրիլի 4-ին կտրուկ թռիչք է գրանցել՝ հատելով օրական 800-ի սահմանագիծը։ Սա նշանակում է, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում քաղաքական թեզերի քանակը բովանդակության մեջ աճել է մի քանի անգամ։ Լսարանի արձագանքը՝ մեկնաբանությունները, նույնպես այդ օրերին կտրուկ աճել են՝ հասնելով մոտ 350-ի։ Թեև ապրիլի կեսերին վիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած հատվածում նկատվել է հաջորդ ալիքը, երբ պատումների քանակը կրկին անցել է 500-ի շեմը։

Կարելի է եզրակացնել, որ 2026-ի ապրիլ ամիսը դարձել է խիստ համակարգված և կենտրոնացված տեղեկատվական գրոհի ժամանակաշրջան, երբ յություբյան ալիքներն ու մեկնաբանների հոսքերը միաձուլվել են մեկ ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ։

Տեսանյութերում և մեկնաբանություններում պատումների դինամիկան (կանաչը՝ մեկնաբանություններ, նարնջագույնը՝ տեսանյութեր, մանուշակագույնը՝ պատումների հիշատակումների քանակը)

Ուսումնասիրված յություբյան ալիքների շարքում պատումների կիրառման ամենաբարձր ցուցանիշը hayeli.am-ինն է, որտեղ արձանագրվել է թիրախային պատումների ամենաբարձր ցուցանիշը՝ 1595 հիշատակում: Այստեղ առանցքային տեղ է զբաղեցնում իշխանությանը որպես «դավաճան կամ արտաքին ուժերի կամակատար» ներկայացնող թեզը, որը հանդիպում է 698 անգամ:

Hayeli.am-ին  հաջորդում է 168.am-ը՝ 1326 ընդհանուր հիշատակումով: Այս հարթակում, բացի «դավաճանության» թեմայից (487 հիշատակում), զգալի տեսանելիություն ունի նաև «Հայաստանում ժողովրդավարությունն իրականում բռնապետություն է» պատումը (251 հիշատակում):

24TV-ի դեպքում գրանցվել է  801 նման հիշատակում: Ինչպես նախորդ ալիքների դեպքում, այստեղ ևս գերիշխողը իշխանության լեգիտիմությունը թիրախավորող «դավաճան/կամակատար» պատումն է (305 հիշատակում):

Առավել մեծ լսարան ունեցող news.am-ում արձանագրվել է 635 հիշատակում: Դրանցից գրեթե կեսը՝ 288-ը, կրկին վերաբերում են իշխանության դավաճանության կամ արտաքին կախվածության թեզերին: Չնայած այս ալիքն ունի ամենամեծ լսարանը, պատումների ընդհանուր քանակով այն զիջում է hayeli.am-ին և 168.am-ին: Սա նշանակում է, որ այստեղ թեզերի խտությունը ավելի ցածր է, քան մյուս հարթակներում:

Առաջատար հնգյակը եզրափակում է AlphaNews-ը՝ 457 հիշատակումով: Այս ալիքի եթերում և մեկնաբանություններում շրջանառվող հիմնական թեմաները վերաբերում են «դավաճանության» (152 հիշատակում) և «թրքացման» (76 հիշատակում) պատումներին:

Հայկական յություբյան տիրույթում պատումների տարածման դինամիկան վկայում է թեմատիկ ուժգնացման հստակ մեխանիզմի մասին, որտեղ հիմնական քաղաքական թեզերը մեծանում են լսարանի ներգրավվածության հաշվին: 

Մեր հետազոտության համաձայն՝ «Իշխանության դավաճանության և արտաքին ուժերին կամակատար լինելու» պատումը առանցքային է Յություբում․ այն ունի ամենաբարձր ցուցանիշը թե՛ տեսանյութերի բովանդակության մեջ, և թե՛ մեկնաբանություններում: Այս նարատիվի շուրջ ձևավորված մեկնաբանությունների հսկայական շերտը ստեղծում է ուժգնացման էֆեկտ՝ ընդհանուր հիշատակումների քանակը հասցնելով շուրջ 2600-ի, ինչը վկայում է թիրախային թեզերի շուրջ լսարանի համախմբածության մասին:

Պատումների ուժգնացում (կապույտ՝ պատումները տեսանյութերում, կանաչ՝ պատումները մեկնաբանություններում)

Առանձնակի ուշադրության են արժանի «Հայաստանի թրքացման» և «Ժողովրդավարության քողի տակ բռնապետության հաստատման» պատումները։ Այս թեզերը, չնայած տեսանյութերում ունեցած համեմատաբար փոքր ծավալին, մեկնաբանությունների միջոցով կրկնապատկում են իրենց տեսանելիությունը: Մասնավորապես՝ «թրքացման» թեզի պարագայում մեկնաբանությունները գրեթե հավասարվում են բովանդակային հիշատակումներին՝ ուժգնացնելով հանրային տագնապի զգացումը: Սա այն դեպքն է, երբ մեդիա բովանդակությունը և օգտատերերի արձագանքները համընթաց կերպով նպաստել են նույն քաղաքական գաղափարների տարածմանը։

Ամենից շատ հիշատակվող գործիչները

Ուշագրավ է 2026 թվականի այս ժամանակահատվածում հայկական յություբյան տիրույթի «գլխավոր հերոսների» պատկերը։ «Disint.ai» հարթակի իրականացրած մշտադիտարկումը ցույց է տալիս, որ տեղեկատվական հոսքերը կառուցված են խիստ անձնավորված թիրախավորման սկզբունքով։

Քննարկումների բացարձակ առաջատարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի անունը հիշատակվել է շուրջ 6500 անգամ։ Սա փաստում է, որ քաղաքական պատումների հիմնական առանցքը հենց գործող վարչապետի անձն է, ինչը մի քանի անգամ գերազանցում է հաջորդող բոլոր գործիչների ցուցանիշները։

Անձանց ցանկում բավականին ակտիվ են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը (1600) և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (1100), ինչը հուշում է, որ ներքին օրակարգը սերտորեն շաղկապված է արտաքին գործոնների հետ։ Հետաքրքիր է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգալի ներկայությունը, ինչը վկայում է թեմաների աշխարհաքաղաքական լայն ընդգրկման մասին։

Ինչ վերաբերում է աշխարհագրական տեղանուններին, ապա Հայաստանը հիշատակվել է ռեկորդային՝ 15,400 հազար անգամ։ Քաղաքական քննարկումներում արտաքին գործոնների մեծ ազդեցության մասին է այն փաստը, որ Հայաստանից հետո ամենից շատ հիշատակված երկրներն են Թուրքիան (4600 հազար) և Ադրբեջանը (4400)։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույնպես առաջատարների շարքում են։

Կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական այս գրոհը ոչ միայն համակարգված է, այլև ունի հստակ գծված թիրախներ՝ կենտրոնանալով մեկ անձի և անվտանգային գլխավոր ուղղությունների շուրջ։

Օգտատերերի մեկնաբանությունները 

Արհեստական բանականության միջոցով մշակված վերլուծությունը բացահայտել է օգտատերների ցանկ, որոնք ապահովում են հիմնական արձագանքը յություբյան տեսնայութերում։

Այս ցանկում բացարձակ առաջատարը @Ara-x9s օգտատերն է, որը ընդամենը 82 օրվա ընթացքում հասցրել է թողնել 323 մեկնաբանություն8 տարբեր ալիքներում։ Համակարգը նրան արդեն իսկ պիտակավորել է որպես «բոտ»՝ նկատելով «Copy-paste» և ցանցային աշխատանքի ձեռագիրը։ Այն վայրկյանների ընթացքում նույն մեկնաբանությունը մի քանի անգամ թողել է մի քանի տեսանյութի տակ։ Նրանից քիչ է հետ մնում @KarineHovhannisyan-b2s-ը՝ 271 մեկնաբանությամբ և ավելի լայն ընդգրկմամբ՝ միանգամից 13 ալիքներում։ Այս մեկնաբանողների թողած հավանումների քանակը նույնպես տպավորիչ է՝ հատելով 800-ից 1000-ի սահմանագիծը, ինչը կարող է վկայել արհեստականորեն ներգրավվածություն ստեղծելու մասին։

Ուշագրավ են այս օգտատերերի տարածած թեզերը։ Նրանք բոլորը կրկնում են նույն պատումները. «իշխանությունը դավաճան է», «Հայաստանը տանում են դեպի թրքացում» և «ժողովրդավարությունը բռնապետություն է»։ Օրինակ՝ միայն առաջին երկու օգտատերերը «դավաճանության» թեզը մեկնաբանություններում շրջանառել են ավելի քան 440 անգամ։

Կարելի է եզրակացնել, որ սա ոչ թե անկեղծ կարծիք է, այլ կազմակերպված ցանցային աշխատանք։ Այս մեկնաբանները ծառայում են որպես տեղեկատվական «բազմապատկիչներ», որոնք յուրաքանչյուր տեսանյութի տակ ապահովում են անհրաժեշտ քաղաքական օրակարգը։

Այպիսով, 2026 թվականի առաջին հինգ ամիսների յություբյան տիրույթի մշտադիտարկումն արձանագրել է քաղաքական պատումների կազմակերպված տարածում և ապրիլ ամսին դրանց հիշատակումների քանակի կտրուկ աճ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բովանդակությունը հիմնականում կենտրոնացած է իշխանության լեգիտիմության թիրախավորման, օտար ուժերի կամակատար լինելու և անվտանգային վախերի շուրջ: Տվյալների վերլուծությունը բացահայտել է նաև մեկնաբանությունների տիրույթում գործող օգտատերերի, որոնք արհեստական վարք են ցուցաբերում։ Դրանք նույնանման տեքստերի բազմացման միջոցով ուժգնացնում են հնչող թեզերի տեսանելիությունը։

Disint.ai-ի միջոցով ուսումնասիրությունը շարունակական է։ Այլ հետազոտություններում կուսումնասիրվեն յություբյան ալիքների և պատումներ այլ խմբեր։ 

Հոդվածում օգտագործված բոլոր պատկերները ստեղծել է «Disint.ai» հարթակը։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել