2019.09.11,

Ստուգված է

Ջորջ Սորոս․ ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Սորոսի անվան շահարկումը Հայաստանում թափ հավաքեց Թավշյա հեղափոխությունից հետո և կարծես միտում չունի դադարելու։ Դավադրության տեսության բովանդակությունը հայկական չէ․ այն նախագծվել է պահպանողական ուժերին իշխանության բերող ամերիկացի հայտնի քաղաքական խորհրդատուների կողմից` հատուկ Եվրոպայի ամենաավտորիտար ղեկավարի համար։

Բոլոր ազգերի թշնամին

Սեպտեմբերի 9-ին Նարեկ Մալյանի գլխավորած նախաձեռնությունը հայտարերեց «պերմանենտ ակցիա»․ ամեն օր աշխատանքային ժամերին նրանք գնալու են Ջորջ Սորոսի «Բաց հասարակության» հիմնադրամի գրասենյակի դիմաց կանգնեն և նկարահանեն գրասենյակ մտնող «ազգի դավաճաններին»։

Մալյանի կազմակերպությունը միակը չէ Հայաստանում, որ մեղադրում է Սորոսին երկիրը կործանելու ծրագիր ունենալու մեջ։ Այս մեղադրանքն էլ հիրավի միջազգային է․ Սորոսի գործունեությունը իսկական չարիք է ներկայացվում մի շարք երկրներում։ Բայց դեռ մի քանի տարի առաջ Սորոսը հայտնի էր որպես բորսայում մի գիշերում միլիարդատեր դարձած ֆինանսիստ և լիբերալ հայացքներ ունեցող բարերար։ Ամեն ինչ փոխվեց, երբ նա դարձավ իր հայրենակցի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նախընտրական պայքարի գործիք։

Վիկտոր Օրբանը հայտնի է որպես Եվրոպայի ամենաավտորիտար ղեկավար։ Հենց Օրբանի կառավարությունն էր Ադրբեջանին հանձնել հայ զինվորին սպանած Ռամիլ Սաֆարովին։ Օրբանը ներգրավված է եղել կոռուպցիայի մի շարք դեպքերում, ճնշումներ է գործադրել քաղհասարակության և մեդիայի վրա։

Սորոսին հունգարացի ազգի խիստ վտանգավոր թշնամի ներկայացնելու ռազմավարությունը շատ արդյունավետ է եղել Օրբանի համար, օգնելով նրան վերընտրվել երկու անգամ, չնայած Եվրամիության հետ շարունակ վատթարացող հարաբերություններին։ Նրա կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում Սորոսի մասին բացասական մեդիա հրապարակումների և գովազդային արշավների վրա։

Այսպիսի ռազմավարություն հունգարացի քաղաքական գործիչներին օգնել է նախագծել ԱՄՆ պահպանողական Հանրապետական կուսակցության ամենահայտնի քաղաքական խորհրդատուներից մեկը՝ Արթուր Ֆինքելշթեյնը։

Ինչպես հորինեցին Սորոսին

Ֆինքելշթեյնը լեգենդար մարդ է․ նա պահպանողական նոր, ավելի ծայրահեղական հռետորաբանության հիմնադիր հայրերից է։ Նա օգնել է ԱՄՆ բազմաթիվ քաղաքական գործիչների, այդ թվում պատմության մեջ հրաժարական տված միակ նախագահին՝ Ռիչարդ Նիքսոնին։ Նրա հաճախորդներից էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ֆինքելշթեյնի մեթոդներից էին թշնամու կերպարի կերտումը և ձախ լիբերալ թևին վտանգավոր և անբարոյական ներկայացնելը։ BuzzFeed-ը նշում է, որ Ֆինքելշթեյնը իր հաճախորդներին խորհուրդ էր տալիս ելույթներում չխոսել իրենց մասին, այլ փոխարենը կենտրոնանալ մրցակիցներին վարկաբեկելու վրա։

Վիկտոր Օրբանի համար Ֆինքելշթեյնը աշխատում էր իր աշակերտի և գործընկերոջ՝ Ջորջ Բիրնբաումի հետ։ Օրբանը արդեն մեկ անգամ եղել էր Հունգարիայի վարչապետ, և ուզում էր նորից ընտրվել 2008-ին։

Ֆինքելշթեյնն ու Բիրնբաումի մշակած ռազմավարության շնորհից Օրբանը ջախջախիչ հաղթանակ տարավ, այնքան ջախջախիչ, որ այլևս չկար նրան հարմար «թշնամի»։ Ֆինքելշթեյնն ու Բիրնբաումը պետք է հորինեին «թշնամու», որը կծառայեր հանրությանը մշտապես զգոն պահելու և իշխանությունը արդարացնելու գործին։

«Թշնամի» ընտրվեց հունգարացի ծագումով միլիարդատեր Ջորջ Սորոսը

Սորոսը տարիներ շարունակ Հունգարիայում հայտնի էր որպես բարերար։ Հենց ինքը՝ Օրբանը, ֆինանսավորում էր ստացել նրա հիմնադրամից․ Սորոսի տված կրթաթոշակով Օրբանը սովորել էր Օքսֆորդում, իսկ ընդդիմադիր ժամանակ՝ դրամաշնորհ էր ստացել իր թերթի համար։

Բորսայում Սորոսի ագրեսիվ գործելոճի մասին արդեն իսկ բազմաթիվ քննադատական հրապարակումներ կային։ Նա նաև հայտնի էր որպես լիբերալ հայացքների տեր և ֆինանսավորում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամներին, ինչպես նաև ժողովրդավարության հաստատման հետ կապված ծրագրեր աշխարհով մեկ։

2014-ի ընտրություններին ընդառաջ Հունգարիայի կառավարությունը մեդիա արշավ սկսեց Սորոսի դեմ։ Միլիարդատերը ներկայացվում էր որպես մաֆիայի պարագլուխ, ով ուներ մեծ փողեր և այդ փողերով ղեկավարում էր աշխարհը։ Սորոսի հիմնադրամները պատկերվում էին որպես մութ գործեր իրականացնող կազմակերպությունների ցանց, և գրասենյակները ենթարկվում էին հետախուզումների։ Նրանք, ովքեր ֆինանսավորում էին ստացել Սորոսից, պատկերվում էին որպես «սորոսական», նրա կողմից կառավարվող։

Օրբանը նույնիսկ միլիոնավոր հարցաթերթիկներ էր ուղարկել հունգարացիներին «ազգային խորհրդակցության» նպատակով։ Քաղաքացիները պետք է պատասխանեին, թե արդյո՞ք կողմ են «Սորոսի պլանին»՝ երկիր աֆրիկացի փախստականներ բերելու։

Հունգարիայի կառավարությանը այս քայլի համար դատի տվեցին, սակայն վախի մթնոլորտի սերմանումը, Սորոսի դիվական կերպարի կերտումը և դրանով ամիսներ շարունակ հունգարական մամուլի հեղեղումը արդյունքներ ունեցան․ Օրբանը վերընտրվեց։

Քաղաքական խորհրդատուներ Ֆինքելշթեյնն ու Բիրնբաումի համակարգում էին Սորոսի դեմ արշավը։ BuzzFeed-ին տված հարցազրույցում Բիրնբաումը նշում է․ «Սորոսը կատարյալ թշնամի էր: Դա այնքան ակնհայտ էր: Դա ամենապարզ ապրանքն էր, պարզապես պետք էր այն փաթեթավորել ու վաճառել»:

Սորոսի մասին դավադրությունը օգտագործվում է ավտորիտար երկրներում

Ֆինքելշթեյնն ու Բիրնբաումի կերտած կերպարը մեծ հաջողություն ունեցան ոչ միայն Հունգարիայում, այլև դրա սահմաններից դուրս, հատկապես ավտորիտար երկրներում։ Մեդիա արշավներ սկսվեցին Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում։ Բոլոր երեք երկրներում «Բաց հասարակության» հիմնադրամը արգելվեց։

Գրեթե բոլոր երկրներում շեշտադրումները նույնն էին․ Սորոսը մեծ փողերի տեր վտանգավոր թշնամի է, ով ուզում է և կարող է կործանել մեր երկիրը։

Շատ դեպքերում Սորոսի մասին նյութերը ուղղակի թարգմանվում և տարածվում էին տեղական հարթակներում։ Օրինակ, Նարեկ Մալյանը հայերեն է թարգմանել ռուսական «Սորոս. ոչնչացման քվանտ» քարոզչական ֆիլմը։

Չնայած որ Սորոսի մասին առանձին հրապարակումներ եղել են հայկական մամուլում, թեման առավել տարածում գտավ հեղափոխությունից հետո։ Google Trends-ը ցույց է տալիս, որ 2018 թ․ ապրիլից սկսած Սորոսի անունը գրեթե անդադար հիշատակվում է հայալեզու բովանդակության մեջ։

Սորոսը Հայաստանում․ «պերմանենտ ակցիա»

Միլիարդատերը Հայաստանում մեղադրվում է ամենատարբեր արաքների մեջ։ Օրինակ, ֆեյսբուքյան «Ոչ կեղծիքին» էջում օգտատետերից մեկը (սքրինշոթում երևացող Լևոն Բարսեղյան անունը չշփոթել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ) տեղադրել էր նյութ՝ «Ամուլսարում խնդիր չկա։ Ամուլսարի խնդիրը Սորոսն է»։ Նյութը պնդում է, որ Սորոսը կարող է գնալ Լիդիանի դեմ և արգելել հանքի շահագործումը (այսինքն կարողություն ունի ինքը որոշել Հայաստանի Հանրապետության համար կարևոր հարցերից մեկը)։ Ֆեյսբուքում նաև ակտիվ է Stop Soros Armenia էջը, նմանատիպ էջեր կան նաև ուրիշ երկրներում։

Նարեկ Մալյանի հիմնադրած «Վետո» նախաձեռնության գրեթե ամբողջ գործունեությունը կենտրոնացած է Սորոսի մասին նյութերի տարածման վրա․ «Բաց հասարակության» հիմնադրամը «Վետոյի» էջում անվանում են «չարիքի կացարան»։

Սեպտեմբերի 9-ից «Վետո»-ի անդամները «պերմանենտ ակցիա» են իրականացնում հիմնադրամի գրասենյակի առջև․ նրանք նկարահանում և սոցցանցերում հրապարակում են այն մարդկանց, ով աշխատանքային ժամերին գալիս կամ գնում է գրասենյակից։ Մալյանը և մյուսները իրենց նկարահանման հերոսներին անվանում են «տականքներ» և «ազգի դավաճաններ»։

«Վետո»-յի «պերմանենտ ակցիա»-ն լուսաբանել է ռուսական TACC խոշոր  լրատվական գործակալությունը։

Կարինե Ղազարյան

* Հոդվածի լուսանկարի մակագրությունն ավելացվել է 2019թ․ դեկտեմբերի 19-ին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի որոշման համաձայն։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ջորջ Սորոս․ ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *