2020.09.03,

Ստուգված է

«Սեռական դաստիարակության» հերթական կեղծ դասագիրքը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Սեպտեմբերի 1-ին ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը կիսվեց «Սեռական առողջության այբբենարան» կոչվող գրքի նկարներով և հայտնեց, որ այն «տարրական» դպրոցական դասագիրք է։ 

Ֆեյսբուքի այս գրառումով կիսվեցին ավելի քան 236 անգամ։ Այն առանց ստուգելու տարածեցին լրատվամիջոցները և տասնյակ հազարավոր հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան խմբերը։ 

«Աննա Պետրոսյան» էջը քաղաքական բովանդակություն ունի

«Աննա Պետրոսյան» անունով էջը սահմանափակ թվով անձնական նկարներ կամ տեղեկություն է կիսում․ դրա բովանդակության մեծ մասը քաղաքական է։ Էջի շապիկին Ռոբերտ Քոչարյանի նկարն է։ Էջի անունը՝ «Աննա Պետրոսյան» և օգտատիրոջ ID-ն (user ID)՝ «anna.sanoyan.9», չեն համընկնում։ 

Աննա Պետրոսյան էջ

Չնայած «Աննա Պետրոսյան» օգտատիրոջ ինքնությունը պարզ չէր, իսկ էջը՝ քաղաքական,  գրառումը նույնությամբ, առանց քաղաքական համակրությունների մասին նշելու և առանց ստուգելու տարածեցին միանգամից մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «168 ժամը», 7or.am-ը, mamul.am-ը, lurer.com-ը, blognews.am-ը և այլն։

Առնվազն ութ ֆեյսբուքյան խումբ և էջ, որոնցից մի քանիսը 100,000-ից ավելի հետևորդ ունեն, նույնպես տարածեցին գրառումը։ Այս էջերը հաճախ կապված են սունկ կայքերի հետ․ գրառումը նախ տեղադրվում է սունկ կայքում, ապա նոր՝ ֆեյսբուքյան էջում կամ խմբում։ 

Աննա Պետրոսյան ֆեյսբուք

Նման էջերը հաճախ են օգտագործում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը։ «Սեռական առողջության այբբենարանի» մասին գրառումը տարածած երկու այսպիսի էջ կիսում էին նաև այլ ընդհանրություններ։ 

Hayastan․info և Arminfo էջերը երկուսն էլ օգտագործում են Փաշինյանի նկարները և երկուսն էլ գրեթե միաժամանակ տարածում են 1in.tejlurer.online սունկ կայքի հրապարակումները։ Երկու էջն էլ երկու ադմին ունեն Հայաստանում, մեկը՝ Վրաստանում։ 

Ֆեյսբուք թափանցիկ

Տեղեկությունը կեղծ էր․ գիրքը հին հրատարակության է և դպրոցական ծրագրում ներառված չէ

Infocheck.am-ը զրուցել էր գրքի համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ և պարզել, որ գիրքը հրատարակվել է 1999 թվականին։ Այն նախատեսված չի եղել դպրոցական ծրագրի համար և տրամադրվել է մասնագիտական սեմինարի 16 տարեկանից բարձր մասնակիցներին։ 

Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ «գրքույկը դպրոցական ծրագրում ներառված չի, ինչպես և ներառված չի սեռական դաստիարակություն անունով որևէ առարկա»։ 

Պատահական գրքերը ներկայացվում են որպես «սեռական դաստիարակության» դասագիրք

Սա առաջին անգամը չէ, երբ հին կամ երեխաների համար չնախատեսված գրքերը փորձում են ներկայացնել որպես «սեռական դաստիարակության» դասագրքեր։ 

Այդպես, մայիսին ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը հայտարարեց, թե երեխաներին, այդ թվում իր որդուն, բաժանում են «սրբապիղծ գիրք»։ Աթանեսյանը դեպքի մեջ քաղաքական ենթատեքստ էր տեսնում։ Խոսքը 2007 թվականին Ռուսաստանում հրատարակված մի գրքի մասին էր, որը բոլորովին նախատեսված չէր երեխաների համար։ Ավելի ուշ Աթանեսյանի որդին խոստովանել էր, որ գտել էր գիրքը բակում։  

Մեկ այլ դեպքում էլ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ինչ-որ գրքից լուսանկարներ տեղադրեց և գրեց «Դե, ինչ, պատրաստվեք , սիրելի ծնողներ»։ Հետագայում պարզվեց, որ գիրքը 1992 թվականին է հրատարակվել և հիմք չկա պնդելու, թե այժմ այն դառնալու է դպրոցական ծրագրի մաս։ Այս փաստը սակայն չխանգարեց, որպեսզի մամուլը թեման շահարկի։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *