2020.05.27,

Ստուգված է

Երեխաներին սեռականության մասին գիրք բաժանելու հայտարարությունը ալեկոծեց մեդիան, բայց սխալ դուրս եկավ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Մայիսի 25-ին ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը հայտարարեց, որ իր 9-ամյա որդուն փողոցում բաժանել են «սրբապիղծ գիրք»։

Աթանեսյանը իր տեսաուղերձում ցույց էր տալիս «Оргазм для вас, или Вы для оргазма» անվանմամբ ռուսալեզու գիրքը և ասում, որ Երևանի Վրացական փողոցում մի կին երեխաներին բաժանել է այդ գրքից։

Աթանեսյանը տեսահոլովակում մի քանի անգամ «սպանելու» մասին սպառնալիքներ էր հնչեցնում։

Այս տեսահոլովակը հարյուր հազարավոր դիտումներ հավաքեց։ Աթանեսյանի մտահոգությունները լուսաբանեցին մի քանի հեռուստաընկերություն, թեմային անդրադարձան Ազգային ժողովում։

Սակայն երկու օր անց հայտնի դարձավ, որ երեխան ոստիկաններին խոստովանել է, որ գիրքը գտել էր՝ որևէ մեկը նրան գիրքը չէր տվել։

Ի՞նչ գիրք էր

Տեսահոլովակում Դավիթ Աթանեսյանը ցույց է տալիս մոսկովյան «Центрполиграф» հրատարակչության կողմից Ռուսաստանում 2007 թվականին տպագրված «Оргазм для вас, или Вы для оргазма» գիրքը։ 

Նա հայտնում է, որ իր որդուն և բակում խաղացող ուրիշ երեխաներին մի կին բաժանել է այդ գրքից։

Աթանեսյանը արարքի մեջ մեղադրում է «սրբապիղծներին»՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի։ Նա նաև առանց որևէ հիմքի կապում է դեպքը տրանս անձանց հետ։

Պատգամավորներն ու մեդիան արձագանքեցին

Աթանեսյանը տեսահոլովակը հրապարակել էր իր երկու ֆեյսբուքյան էջերում։ Մի էջում այն ունի 165,000, մյուս էջում՝ 175,000 դիտում։

Տեսաուղերձին արձագանքեցին միանգամից մի քանի պատգամավորներ։

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը դեպքի մեջ տեսավ բարոյալքության տարածման նշան, ապա ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հարցը։ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանը և «Իմ Քայլից» Սոֆյա Հովսեփյանը հարցումով դիմեցին ոստիկանություն։ Սոֆյա Հովսեփյանը նույնպես մտահոգություն հայտնեց ԱԺ ամբիոնից։

Ծնողի հայտարարությունը և դրա շուրջ զարգացումները հեռարձակեցին Armnews-ը, «5-րդ ալիքը», Armenia TV-ն։

Armnews-ը եթերով հեռարձակեց նաև Աթանեսյանի սպանության սպառնալիքները, մյուս երկու հեռուստաընկերությունները հեռացրել էին սպառնալիքներով հատվածները։

Armnews-ի հաղորդավար Լիկա Թումանյանի խոսքում գիրք բաժանողը արդեն մի կին չէր․ «Ո՞վ է թույլ տվել, ո՞վ է արտոնագիր տվել այդ մարդկանց իրականացնել ինչ-որ գործունեություն։ Արդյո՞ք որևէ պետական գերատեսչություն ստանձնել է պատասխանատվություն այդ գիրքը տարածելու, տպելու, արտատպելու, թարգմանելու համար»։

Մեկ այլ հեռուստաընկերություն՝ «5-րդ ալիքը», այս պատմության մեջ կապ տեսավ Լանսարոտեի կոնվենցիայի հետ։ Հեռուստաալիքին տված հարցազրույցում պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե որ գրախանութներն են վաճառում գիրքը։ Տոնոյանը ենթադրեց, որ գրքերի բաժանումը «համատարած» է, իսկ եթե համատարած է, ուրեմն մեծ խմբաքանակով է ձեռք բերվել։ Սակայն որտեղից էր նա իմացել «համատարած» գիրք բաժանելու մասին, Տոնոյանը չմանրամասնեց։

Թեման լուսաբանեցին առցանց բազմաթիվ լրատվամիջոցներ՝ Aysor.am-ը, Aravot.am-ը, «Новости Армения»-ն, Asekose.am-ը, Lurer.com-ը, News.am-ը և այլն։ Բռնության կոչեր պարունակող տեսաուղերձը մի քանի առցանց լրատվամիջոցներում տարածվում էր ամբողջությամբ։

Մայիսի 26-ին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ զանգահարել են կազմակերպություն պարզելու համար՝ արդյո՞ք նրանք են բաժանում գիրքը։ Media.am-ին նա ասաց, որ զանգեր են ստացել նաև «Նոր սերունդ» և «Ֆեմգրադարան» հասարակական կազմակերպությունները։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն նույնպես նման զանգ էր ստացել։  Կազմակերպության խորհրդի անդամ իրավապաշտպան Լարա Ահարոնյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ զանգողը ներկայացել է որպես Tert.am-ի լրագրող։

Ոստիկանությունը պարզեց, որ երեխային ոչ ոք գիրք չէր բաժանել

Մայիսի 27-ին ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Աթանեսյանը և նրա անչափահաս որդին հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից»։

Դավիթ Աթանեսյանը արձագանքեց իր տեսաուղերձի մեկնաբանություններում․ «[երեխան] շատ հուզվեց 5 հոգու հարցաքննությունից ու լացեց որպիսզի տուն տանեմ և ասեց գտել եմ վախուց»։

Նելլի Դուրյանը իր հայտարարության մեջ նշել էր, որ երեխան ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղից գտել էր գիրքը։

Այսպիսով, սեռականության թեման շարունակում է հայկական մեդիայում սկանդալների պատճառ դառնալ։

Ծնողի ֆեյսբուքյան տեսաուղերձը լայնորեն տարածվեց սոցցանցերում, լրատվականներում, հասավ ԱԺ ամբիոն։ Թեման լուսաբանեցին հեռուստաընկերությունները, որոնցից մեկը փորձեց այն կապել վերջերս վավերացված Լանսարոտեի կոնվենցիայի հետ։

Ավելին՝ պատմությունը վերարտադրողները դրան փորձում էին նորանոր մանրամասներ ավելացնել․ պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքում գիրք բաժանելու դեպքը դարձավ «համատարած», հաղորդավար Լիկա Թումանյանի խոսքում ծնողի նշած մի կնոջ փոխարեն բաժանողները արդեն հոգնակի թվով էին ներկայացվում։ Tert.am-ն իր հերթին փորձեց կապ գտնել իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *