Վերջին տասը օրվա ընթացքում Հայաստանում նախ կալանավորվեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով, հետո «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով։
Իշխող «Քաղացացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ և մերձիշխանական ուժերերի ներկայացուցիչներ ու փորձագետներ այս գործողություններում մատնանշեցին ռուսական հետքը։
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 1in tv-ին տված հարցազրույցում նշել էր, որ այդ ծրագրերը առանց Ռուսաստանի չեն կատարվում։ Նրա կարծիքով Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի դեպքերը կապ ունեն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի՝ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող նշանակման հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում իրավապահների կողմից հեղաշրջման փորձ կանխելու մասին լուրերին, ասել էր․ «Դա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,- ասել էր Պեսկովը։ Նա նաև նշել էր, որ կապի մեջ են իրենց հայ գործընկերների հետ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ձերբակալվել է Երևանում։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ վերլուծելով վերջին տարիների հայ-ռուսական հարաբերությունները, ասում է, որ Ռուսաստանը մշտապես կոլոնիալ քաղաքականություն է վարել Հայաստանի դեմ ու դիտարկել է մեր երկիրը, որպես իր հարավային ֆորպոստ։ Ըստ Վարդանյանի՝ 2018-ի հեղափոխությունից սկսած, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։
«Հայաստանի նկատմամբ այդ հիբրիդային հարձակումներին լայնորեն մասնակցում են հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք կարող են ռուսաստանյան բիզնես համայնքի խոշոր ներկայացուցիչներ լինել, կարող են ունենալ տարատեսակ կապեր, բիզնես հետաքրքրություններ։ Շատ հաճախ այս հանգամանքը օգտագործվում է Կրեմլի կողմից»,- ասում է Էդգար Վարդանյանը։
Նրա կարծիքով ռուսական պրոպագանդիստական նարատիվների մեջ կարմիր թելով անցնում է վախի նոտան։ Ռուսաստանը մանիպուլացնում է իրենից Հայաստանի կախվածության հանգամանքը։ Անում է ամեն ինչ, որ այդ վախն ամրապնդվի նաև հասարակության շրջանում, որ մարդիկ հասկանան, որ անգամ ամենափոքրիկ սխալի դեպքում Ռուսաստանը կարող է խստագույնս պատժել։
Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում Հայաստանի կործանման, ոչնչացման, Ուկրաինայի ճակատագրին արժանանալու մասին քարոզչական թեզերը հատկապես ակտիվորեն շրջանառվում են Տելեգրամի ռուսական ալիքներում։
Media.am-ը, վերջերս ուսումնասիրելով Տելեգրամի ռուսական 13 ալիքների քարոզչական թեզերը, պարզել էր, որ այդ ալիքներում հայ-ռուսական հարաբերություններն ուշադրության կենտրոնում են հայտնվում այն ժամանակ, երբ Հայաստանը քայլեր է անում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Այդ նյութերն, ըստ էության, մեկ հիմնական ուղերձ ունեն․ Արևմուտքի հետ համագործակցությունը Հայաստանի համար վտանգավոր է։
Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումից հետո ռուսական տելեգրամյան ալիքները սկսել էին գրել, որ․
«Հայաստանի վարչապետը «լկտիացել է» և փորձում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից» կամ որ․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի ինքնիշխանության ապամոնտաժման ուղին»։
Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների սառեցմանն անդրադառնալով՝ ալիքներից մեկը գրել էր․ «Գուդբայ, Հայաստան, որը վաճառել է Փաշինյանը»։
Ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկատվական նարատիվները չեն շրջանցում նաև տնտեսական թեման՝ ակնարկելով, որ եթե Հայաստանը հանկարծ որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը, այդ քայլը կկործանի Հայաստանի տնտեսությունը։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի կարծիքով այս պահին Հայաստանը շատ կարևոր դերակատարում ունի Ռուսաստանի համար՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները մեղմելու հարցում։
«Ագրեսիվ հռետորաբանություն կիրառելով, վախի մթնոլորտ ձևավորելով հանդերձ՝ Ռուսաստանը դեռևս հակված չէ դիմել ծայրահեղ կոշտ քայլերի։
Տնտեսական հարթության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը աննախադեպ աճ են գրանցել։ Այս փուլում շատ կարևոր է Ռուսաստանի համար, որպեսզի այն տնտեսական կապերը, որոնք կան, այն տնտեսական նոր մեխանիզմները, որոնք ձևավորվել են պատերազմի մեկնարկից հետո, շարունակեն գոյություն ունենալ։ Հենց այս իրողությունն է Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի համարձակ որոշումներ կայացնել արտաքին քաղաքականության ոլորտում »,-ասում է փորձագետը։
Գրիգորյանի կարծիքով իր տնտեսական խնդիրները Հայաստանի միջոցով լուծելուց բացի, Ռուսաստանն այսօր Հայաստանում փորձում է վերականգնել նաև իր հեղինակությունը։ Վերջին մի քանի հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակությունը կորցրել է վստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Բնակչության մի ստվար զանգվածի համար Ռուսաստանը սպառնալիք է։ Եվ հատկապես առաջիկա նախընտրական տարում Ռուսաստանի խնդիրն է լինելու ակտիվանալ և փորձել որոշակիորեն ազդել այդ հանրային տրամադրությունների վրա։ Փորձ է արվելու մեդիա քարոզչության միջոցով ազդել մարդկանց կարծիքների վրա։
Օրինակ, մեդիան և դրա միջոցով Ռուսաստանի «ավանդական արժեքների» հակազդումը Արևմուտքին թեման ապրիլին քննարկվեց Մոսկվայում տեղ ունեցած «Եվրասիա․ավանդական արժեքների տարածք» խորագրով ֆորումի ժամանակ։ Այդ ֆորումին Հայաստանից խմբագիրներ ու լրագրողներ էին մասնակցում։
Media.am-ն ուսումնասիրել է «Եվրասիայի» մոսկովյան ֆորումին մասնակցած հայկական լրատվամիջոցներից երեքի՝ AlphaNews.am, Hayeli.am, Yerevan.today հրապարակումները պարզելու, թե ինչպես են դրանք լուսաբանում հայ-ռուսական հարաբերություններում առանցքային թեմաները։ Որպես օրինակ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովում ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ուսումնասիրված 189 հոդվածներում հնչող տեսակետների մեծ մասը կրկնում էին ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները։ Հիմնական թեզերը հետևյալն էին․
- ԵՄ մտնելը անիրատեսական է, հեքիաթ է,
- ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ-ին միանալը խիստ վնասակար, նույնիսկ կործանարար կլինի երկրի և տնտեսության համար,
- Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ,
- Հայաստանը ԵՄ-ին չի հետաքրքրում կամ հետաքրքրում է միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի կարծիքով էլ հայ ռուսական հարաբերություններում գլխավոր խնդիրը կողմերի փոխադարձ անվստահությունն է։
Ռուսաստանից չեն վստահում Հայաստանին՝ կարծելով, որ իշխանության ներկայացուցիչների անցյալը շատ հակառուսական է կամ այլ հայտնի նարատիվներից ելնելով՝ կապում են ինչ-որ արևմտյան գործակալական ցանցերի հետ։ Հայաստանի կառավարող էլիտան էլ Ռուսաստանին վերաբերում է խորը անվստահությամբ, հավատացած լինելով, որ Ռուսաստանի աննահանջ դիրքորոշումներից է Հայաստանի ինքնիշխանության ոչնչացումը կամ սահմանափակումը։
«Լինում են նաև էտապներ, երբ այս հարաբերությունները շատ ավելի են լարվում ու սրվում։ Ադրբեջանից եկող սպառնալիքները հայաստանյան իշխող ուժը, հարցումները ցույց են տալիս, որ արդեն նաև հանրության լայն շրջանակները գրեթե միշտ կամ շատ հաճախ կապվում են Ռուսաստանի նկրտումների հետ։ Այստեղ պարզեցված նարատիվն այն է, որ Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով փորձում է Հայաստանին կանգնեցնել մի այնպիսի անելանելի դրության առաջ, որտեղ Հայաստանը ստիպված կլինի օգնություն խնդրել Ռուսաստանից, Ռուսաստանն էլ փրկչի դերով կգա և կենթարկեցնի Հայաստանին։ Սա է պատճառը, որ երբեմն ռուս ադրբեջանական գործողությունները դիտվում են, կարծես, մութ փակ սենյակներում պլանավորված, միասին համաձայնեցված գործողություններ։ Տպավորություն է ստեղծվում, թե այդ երկու երկրների շահերը ամբողջությամբ համընկնում են և նրանք ընկալվում են որպես մեկ դերակատար»,- ասում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։
Ռուս-ադրբեջանական նարատիվները հատկապես համընկնում են, երբ խոսքը վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։
Թեմայի շուրջ երկու երկրների մեդիաօրակարգը հասկանալու համար Media.am-ը վերջերս էր ուսումնասիրություն կատարել։ Դիտարկվել էին ռուսական և ադրբեջանական 8 լրատվամիջոցի՝ 60 նյութ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի պետական ու կառավարամետ լրատվամիջոցներում ձևավորված նարատիվները հիմնականում համընկնում են։
Ըստ հետազոտության հիմնական նարատիվները, որ երկու երկների մամուլում շրջանառվում էին հետևյալն էին․
- ԵՄ դիտորդական առաքելությունը հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական գործունեություն է ծավալում՝ լրտեսելով և հետախուզական տվյալներ հավաքելով․
- ԵՄ դիտորդական առաքելությունը ռազմական կառույց է․
- ԵՄ դիտորդները հանդիսանում են խաղաղության համաձայնագրի խոչընդոտ․
Թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ իրենց թեզերն ամրապնդելու համար հղումներ էին կատարում միմյանց՝ ստեղծելով կարծիքների փակ շրջան։