Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին 2025 թվականի ձմռանը Հայաստանը երկու կարևոր քայլ արեց եվրաինտեգրման և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Հունվարի 9-ին Կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը մարտին ընդունվեց Ազգային ժողովում։ Իսկ հունվարի 15-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին» կանոնադրությունը, որը նախատեսում է համագործակցություն պաշտպանության, անվտանգության, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում։
Այս զարգացումների համատեքստում Media.am-ը ուսումնասիրել է, թե քարոզչական ինչ պատումներ են շրջանառվել Տելեգրամի ռուսական ալիքներում։
Հետազոտության ընթացքում «Letsdata» մոնիթորինգային հարթակի օգնությամբ հավաքագրել ենք տվյալներ Տելեգրամում ռուսական ալիքների վերաբերյալ։ Հարթակի օգնությամբ ֆիլտրվել է 13 ալիք, որոնք օգոստոսի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ակտիվորեն գրել են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին։ Որակական թեմատիկ վերլուծությունը կատարվել է հենց այս ակտիվ ալիքներում հրապարակված նյութերի հիման վրա։
13 ալիքները ներկայացվում են ստորև` 2025թ․ մայիսի 22-ի դրությամբ ունեցած բաժանորդների քանակով։
- Ejdaily.ru (Յոժդեյլըռու) – 544.600 բաժանորդ
- Zлой Пруф️ (Զլոյ Պրուֆ) – 686․400 բաժանորդ
- Прямой Эфир • Новости (Պրյամոյ Էֆիր) – 5 097 860 բաժանորդ
- Два майора ( Դվա Մայորա) – 1 232 890 բաժանորդ
- Выпускайте КракенаZ! ( Վիպուսկայծե ԿրակենաԶ) – 443 670 բաժանորդ
- Осташко! Важное (Օստաշկո Վաժնոյե) – 410 577 բաժանորդ
- Readovka (Ռիդովկա) – 2 634 030 բաժանորդ
- Рыбарь (Ռիբար) – 1 263 732 բաժանորդ
- КОНТЕКСТ (Կոնտեքս) – 898 020 բաժանորդ
- Сладков+ ( Սլադկով Պլյուս) – 845 311 բաժանորդ
- Друид ( Դրուիդ) – 130 280 բաժանորդ
- Преемник (Պրիյեմնիկ) – 31 897 բաժանորդ
- Московская прачечная (Մոսկովսկայա Պրաչեչնայա)- 619 630 բաժանորդ
Վերլուծության արդյունքներով պարզվել է, որ այս ալիքներում հայ-ռուսական հարաբերություններն ուշադրության կենտրոնում են հայտնվում այն ժամանակ, երբ Հայաստանը քայլեր է նախաձեռնում կամ անում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Տարածված նյութերն, ըստ էության, մեկ հիմնական ուղերձ ունեն․ Արևմուտքի հետ համագործակցությունը Հայաստանի համար վտանգավոր է և տանում է դեպի կործանում։ Նշվում է, թե Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, ապագայում Ադրբեջանը նոր պատերազմով կոչնչացնի երկիրը, կամ այն կկորցնի ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ներկայացվում է որպես միակ փրկիչ, որի հեռանալու դեպքում Հայաստանին այլևս ոչ ոք չի օգնի։
Եվրամիությանը ինտեգրվելու մասին նախագծի ընդունում
ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը ռուսական տելեգրամյան ալիքներում լայն արձագանք է ստացել։ Թեմայի լուսաբանման գլխավոր թեզերն են․ Հայաստանը շարժվում է Ուկրաինայի ճանապարհով, կորցնում է ինքնիշխանությունը, և Նիկոլ Փաշինյանը թեման օգտագործում է բնակչության ուշադրությունը քաղաքական այլ խնդիրներից շեղելու համար։
Այսպես, գործընթացը հավասարեցնելով ՀՀ ինքնիշխանության կորստի հետ՝ «Դրուիդը» նշել է, որ Հայաստանի վարչապետը «լկտիացել է» և փորձում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի ինքնիշխանության ապամոնտաժման ուղին։ […] Փաշինյանն օգտագործում է այս եվրոպական վեկտորը՝ Ռուսաստանից դանդաղ հեռանալու կամ, ավելի ճիշտ, պարզ առևտրի նպատակով՝ տնտեսական արտոնությունների դիմաց»։ Ընդ որում՝ հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանի ազդեցությունից դժվար թե Հայաստանը դուրս գա, քանի որ երկրում՝ հատկապես ուժայինների շրջանում, գերիշխում են ռուսամետ տրամադրությունները։
«Ինչպիսի զարմանալի համառություն՝ կրկնել ուկրաինական նույն սխալները»,- գրել է «Դվա մայորա»-ն ու ավելացրել, որ Փաշինյանը ուկրաինացիներից ավելի քան 10 տարով հետ է մնում իր «անհեթեթ» նախաձեռնություններով։
Ըստ «Ռիբարի»՝ այս նախագիծը հասարակությանը կեղծ խոստումներով սնելու հնարավորություն է և միակ բանն է, որ Փաշինյանի կառավարությունն այս պահին կարող է առաջարկել Հայաստանի բնակչությանը։
Երևանում Փաշինյանը, Ամենախորամանկն է հայերից։ Ափից լողում է նա, Օգնի՛ր, Ամերիկա։
Նայում է երկնքին աղաչանքով, Զելեի պես ինձ գրոշներ են պետք: Թշնամիները մեզ հաղթել են, Քեռի Սեմ, օգնիր։
Աղբյուր՝ Զլոյ Փրուֆ
Մի շարք ալիքներ հեգնաբար են անդրադարձել Եվրաինետեգրման մասին նախագծի ընդունմանը։ Հաճախ շեշտը դրվել է Հայաստանի տնտեսական ցածր պոտենցիալի վրա՝ ակնարկելով, որ Ռուսաստանի հեռանալը տնտեսական առումով ձեռնտու չէ Հայաստանին։ «Նիկոլ Վովայևիչ, կհիշեցնե՞ք՝ ԵՄ անդամ քանի՞ հարևան ունի Հայաստանը։ Դուք ո՞ւմ հետ եք պատրաստվում «ազատ» առևտուր անել»,- գրել է «Վիպուսկայծե ԿրակենաԶ»-ն։
Ռազմավարական հարաբերությունների զարգացում ԱՄՆ-ի հետ
Ռուսական տելեգրամ ալիքները հեգնանքով են գրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին վերաբերող փաստաթղթի մասին։ Այն գնահատվել է ընդամենը որպես տեղեկատվական առիթ հեռացող վարչակազմի կողմից և ոչ ավելին։ Մեկ այլ՝ շատ տարածված թեզի համաձայն, ԱՄՆ-ն պարզապես ամրապնդում է իր քաղաքական դիրքը Հարավային Կովկասում։
Ուկրաինայի հետ զուգահեռները կրկին գլխավոր պատումներից են․ «Դե, վերջ, ստացվում է հայերին ուղարկելու են կռվելու Պուերտո Ռիկոյի համար, մինչ ուկրաինացիները մեռնում են Գրենլանդիայի համար»։
«Դվա Մայորան» հայտնել է, որ սահմանին շուտով ամերիկյան գաղտնի ծառայություններ են հայտնվելու, ու ակնարկում է Ուկրաինայի սցենարի մասին․ «․․․Սակայն այժմ ոչ միայն ղեկավար պաշտոններում, այլև Հայաստանի սահմաններին ներկա կլինեն ամերիկյան հատուկ ծառայությունները՝ առաջ մղելով ոչ թե հայ ժողովրդի, այլ ամերիկացիների շահերը։ Ինչ-որ տեղ մենք արդեն տեսել ենք նման սցենար»։
Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ «Օստաշկո Վաժնոյեն», հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին, պնդել է, որ այս կանոնադրությունն ընդունելով՝ ԱՄՆ-ն սեփական տնտեսական շահերն է հետապնդում․ «Վաշինգտոնում հետաքրքրված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով անցնող առևտրային երթուղով՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար, որպեսզի նվազեցնի վերջիններիս կախվածությունը ռուսական և չինական ուղիներից»։ «Ռիբարը», նույն Օ՛ Բրայենին հղում անելով, նշել է, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է․ «․․․ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին պարտադրել «խաղաղության» պլան, որը համապատասխանում է հենց թուրք-ադրբեջանական շահերին»։
Դիտարկված տելեգրամյան ալիքները քննադատաբար են վերաբերվում նաև ԱՄՆ-ի ակտիվությանը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական սահմանը բացելով, «քանի որ դրանով ռուսական ռազմաբազայի կարգավիճակը փոխվում է», հետևաբար, թուլանում է ՌԴ ազդեցությունը։
Ռուսական ալիքներին անհանգստացնում է նաև հայկական ատոմակայանի աշխատանքում ԱՄՆ-ի հավանական ներգրավվածությունը․ «ԱՄՆ-ն կկարողանա ուժեղացնել վերահսկողությունը նաև էներգետիկ ոլորտում՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի ավարտվում է հայկական ԱԷԿ-ի շահագործման պայմանագրի ժամկետը։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները կայուն լինեին, ապա պայմանագրի երկարաձգմամբ կզբաղվեր «Ռոսատոմ»-ը։ Այժմ այդ պարտավորությունը կարող է անցնել ոչ թե ֆրանսիական, այլ նույնիսկ ամերիկյան ընկերություններին։ Այսպիսով, Հայաստանը, ստորագրելով պայմանագիրը, հայտնվել է «փափուկ ուժի» դասական սխեմայի ազդեցության տակ, որը մաս առ մաս զրկում է Երևանին ինքնիշխանությունից»։ Ի դեպ, ալիքը սխալ տարեթիվ է նշել․ գործող ատոմակայանը աշխատելու է մինչև 2036 թվականը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ
Վերջին տարիների հայ-ռուսական հարաբերություններում առկա գլխավոր խնդիրներից մեկի՝ ՀԱՊԿ-ի համատեքստում Տելեգրամի ռուսական ալիքները շարունակում են «ավանդական թեզը»․ Հայաստանը «դավաճանել է» Ռուսաստանին, սակայն «Արևմուտքը չի օգնելու, երբ պահը հասունանա»։
«Գուդբայ, Հայաստան, որը վաճառել է Փաշինյանը»․ այսպես է արձագանքել 685 հազար բաժանորդ ունեցող «Զլոյ Պրուվզը» Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների սառեցմանը։ «Միևնույն ժամանակ, Կազանում պատրաստվում է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և դեռ չի հրաժարվել ռուսական փողերից։ Միգուցե արդեն ժամանակն է կոշտ ձևով ուղարկել Հայաստանին գրողի ծոցը և բարեկամանալ Վրաստանի հետ, քանի որ այնտեղ, թվում է, բանական մարդիկ են եկել իշխանության,իսկ Փաշինյանին թող իր ընկեր Մակրոնն օգնի», – շարունակում է ալիքը։
«Դվա մայորան» կանխատեսում է՝ Հայաստանի իշխանական վերնախավի արևմտամետ տրամադրությունները ի վերջո ոչ մի լավ բանի չեն հանգեցնի․ «Այս ամենի ֆոնին կարելի է ակնկալել, որ շուտով ՆԱՏՕ-ի հրահանգիչներ կմտնեն երկիր, քանի որ Երևանն այլևս առանձնապես չի անհանգստանում ՀԱՊԿ-ում ունեցած իր կարգավիճակով»։
Տելեգրամյան ալիքները շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փոքր քայլերով Ռուսաստանին վնասելու մարտավարությունը․ «Այժմ Հայաստանի վարչապետն աշխատում է ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու ուղղությամբ, որին կհաջորդի ԵԱՏՄ-ն։ Այդ Նիկոլին պետք է շտապ կանգնեցնել, հակառակ դեպքում Հայաստանը կորած կլինի Ռուսաստանի ազդեցության և շուկայի համար։ Իսկ դա թույլ տալ չի կարելի»։
Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունը, թե կազմակերպությունը «ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար», կրկին համարվել է Հայաստանի ինքնիշխանության բացակայության ցուցիչ. «․․․ [ Սա ] ․․․ արտահայտվում է ոչ միայն նրա ղեկավարության ինքնաոչնչացման տանող որոշումներով, այլև տարածաշրջանային բոլոր խաղացողների կողմից Երևանի կարծիքի անտեսմամբ։ Սակայն Փաշինյանի թիմը հերթական անգամ փորձում է խաղարկել ՀԱՊԿ-ի քարտը՝ պարզապես հասարակական ճնշումը գոնե մի փոքր թուլացնելու և սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով»։
Թուրք-ադրբեջանական «ազդեցության աճը» Հայաստանում
Ռուսական տելեգրամյան ալիքները առանձնահատուկ տեղ են հատկացրել Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության աճին։ Ըստ հրապարակումների՝ նրանց հիմնականում անհանգստացրել է այն, որ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում։ Դա համարվել է հավասարազոր Հայաստանի կործանմանը։
2024թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին էր նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Հղում անելով հայկական մամուլին՝ «Ռիբարը» նշել է, որ այդպիսով Հայաստանը Էրդողանին է հանձնել «Կովկասյան պատի» բանալիները։ Նշենք, որ այս մեջբերման սկզբնաղբյուրն իրականում թուրքագետ Վարուժան Գեղամյանն է, որի տելեգրամյան գրառումը տարածել են հայկական կայքերը։
Ըստ ռուսական ալիքների՝ Ռուսաստանից հեռացումը նշանակում է, որ Հայաստանը դառնալու է թուրքական աշխարհի մաս։ «Մոսկովսկայա պրաչեչնայան» առաջ է մղում այս գաղափարը՝ պնդելով, որ հայերի և թուրքերի կամ ադրբեջանցիների միջև հաշտեցումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով դարերի թշնամությունը․ «Ավելի հավանական է, որ Հայաստանը կվերածվի թուրքերի վասալական պետության»։
«Ռուսաֆոբության» տարածումը Հայաստանում
Արտաքին քաղաքական զարգացումներին զուգընթաց՝ Տելեգրամի ռուսական ալիքները ակտիվորեն անդրադառնում են Հայաստանի ներքին կյանքի միտումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են Ռուսաստանի հետ։
Առաջին հերթին նրանք ակտիվորեն քննարկել են հանրակրթական հաստատություններում ռուսերենի նոր՝ օտար լեզվի կարգավիճակը։ Մասնավորապես, «Մոսկովսկայա պրաչեչնայան» գրում է․ «Կրթական ծրագրի փոփոխությունը, որը վերաբերում է ռուսերենի կարգավիճակին, թույլ կտա, որ դպրոցն ինքնուրույն որոշի ուսուցման ժամերի քանակը: Սա նշանակում է, որ որոշ տեղական ռուսատյաց տնօրեններ կարող են կրճատել ռուսերենի դասերը, իսկ հետո, հնարավոր է, ամբողջությամբ հանեն այն ծրագրից»: «Ռիբարն» էլ իր հերթին պնդում է, որ լեզվի հարցը լուծելու փորձը Արևմուտքի գործակալների ավանդական գործողությունն է հետխորհդրային տարածքում՝ նախկին խորհրդային երկրների մշակութային կապը ՌԴ-ի հետ խզելու համար։
Նշենք, որ 2024թ․ օգոստոսին հայկական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի՝ հաստատված նոր դասագրքում 1828-ին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը՝ որպես «բռնակցում» էր ներկայացվել։ Սրան դեմ էր արտահայտվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Դրանից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խմբագրական փոփոխություններ անելու մտադրության մասին էր հայտնել։ Այդ դրվագը ևս չի վրիպել դիտարկված ալիքների ուշադրությունից։
«Ռիբարը», անդրադառնալով ՀՀ դասագրքերում Ռուսաստանին վերաբերող «բռնակցում» բառը հեռացնելու մասին որոշմանը, պնդում է, որ «մինչ այժմ Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը սահմանափակ բնույթ ունեն, քանի որ նրանք վախենում են հակադարձ գործողություններից», այդ թվում՝ տնտեսական։ Ալիքը եզրակացնում է, որ նման քայլերը պետք է դիտարկվեն ԱՊՀ ողջ տարածքում․ «Բացի այդ, ով է ասել, որ հայկական դասագրքերում նման մեկնաբանություններ ապագայում չեն հայտնվի»,- եզրակացրել է ալիքը։
Ռուսական ալիքները շարունակում են հիշեցնել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցման մասին՝ պնդելով, որ Հայաստանում վաղուց են ընդունվել «հակասովետական, այսինքն՝ հակառուսական օրենքներ»․ «․․․Հայկական լեգիոնի առաջնորդ Գարեգին Նժդեհի հսկա արձանը տեղադրված է Երևանի կենտրոնում, ինչպես Բանդերայի արձանը՝ Լվովում»։
«Դվա Մայորան» զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև նաև այս համատեքստում. «Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի հետ համագործակցության ընդլայնման և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղու ֆոնին, մեդիայում հայտնվող թեմաները՝ նվիրված հուշարձանների ապամոնտաժմանը (մինչև հիմա՝ նեոնացիստական որոշ մարգինալ խմբերի կողմից), ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների հետ աճող ռազմա-տեխնիկական համագործակցությունը, հանգեցնում են լիովին հասկանալի ասոցիացիաների մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության հետ, որն այժմ խեղդվում է արյան մեջ։ Այսպես ասած՝ Ուկրաինայի մի կովկասյան տարբերակ»։
Հայկական կոնյակի խնդիրը
Աշնանը քննարկման թեմա էր դարձել կոնյակի վերանվանումը՝ «Հայկական բրենդի»։ Ալիքները սա համարել են Հայաստանում ազգային ինքնագիտակցությունը կորցնելուն հավասարազոր քայլ՝ զուգահեռներ անցկացնելով Արցախի կորստի հետ։
Նշենք, որ 2017 թ. ստորագրված ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրով Հայաստանը պարտավորություն է ստանձնել փոխելու հայկական կոնյակի անունը մինչև 2043 թվականը։ 2021 թ․ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը։ Իսկ ահա 2024թ․ հոկտեմբերի 30-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց «կոնյակ» կամ «շամպայն» անվանումների գործածությունը՝ նշելով, որ կոնյակ բառը քմծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ։
Հենց սա է դարձել կոնյակի մասին բուռն քննարկումների առիթ ռուսական տելեգրամյան ալիքներում։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ Փաշինյանը ֆրանսիացիներին հաճոյանալու համար ոչնչացնում է հայտնի հայկական կոնյակի արդյունաբերությունը․ «Կգնե՞նք, արդյոք․ հայկական բրենդի։ Կարծում եմ՝ ոչ։ Եվրոպայում՝ առավել ևս։ Կոնյակը կոնյակ է, բրենդին՝ բրենդի։ Սա ռուսական կոնյակ արտադրողների համար օգտակար կլինի»։
Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի կորստի և կոնյակի միջև՝ նրանք նշել են․ «Սկզբում Արցախը տվեց ադրբեջանցիներին, հիմա էլ կոնյակը՝ ֆրանսիացիներին»։ «Ռիդովկան» «Վերջ հայկական կոնյակին, այժմ հայերը «Արարատ»-ի փոխարեն բրենդի են խմելու» խորագրով հրապարակման մեջ նշում է, որ եվրաինտեգրման ձգտման ճանապարհին հայերը կորցնում են իրենց ինքնությունը, նույնիսկ եթե խմիչքն արտադրվում է ֆրանսիական տեխնոլոգիաներով։
Այսպիսով, Տելեգրամի ռուսական ալիքներում Հայաստանի քայլերը՝ ԵՄ–ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, լուսաբանվել են որպես բացասական իրադարձություններ։ Այս թեմաների շրջանակում Հայաստանին անդրադառնալիս՝ դիտարկված ալիքները գործածել են ծաղրական և հեգնական ոճ։ Բովանդակային տեսանկյունից ալիքներին անհանգստացրել է Ռուսաստանի ազդեցության կորուստը տարածաշրջանում և այընտրանքային ուժերի, օրինակ, ԱՄՆ-ի կամ Թուրքիայի ներթափանցումը Հարավային Կովկաս։ Այս համատեքստում պատումներն օգտագործվել են Ռուսաստանի՝ Հայաստանի գոյության համար բացառիկ դերը շեշտելու համար, ինչպես, օրինակ, նշելով, որ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից նշանակում է Հայաստանի ինքնուրույնության կորուստ։
Ընդհանուր առմամբ՝ Տելեգրամում ռուսական ալիքները փորձել են ստեղծել տպավորություն, թե ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ մերձեցումը ոչ մի դրական արդյունք չի ունենալու Հայաստանի համար, քանի որ այդ ուժերը հետապնդում են միայն սեփական շահերը։ Իսկ ահա առանց Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական և տնտեսական համագործակցության՝ Հայաստանն անդառնալիորեն կործանվելու է։