2025 թվականի հունվարին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվեց ևս երկու տարով։ Չնայած այս որոշմանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարեցին, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ, իսկ դրա դրույթներից մեկը բացառում է սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայումը։ Հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո կգտնվեն փոխշահավետ լուծումներ ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության հարցում։
Պաշտոնական Բաքուն մշտապես քննադատել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը՝ պնդելով, թե այն տեղակայվել է առանց Ադրբեջանի համաձայնության և զբաղվում է լրտեսությամբ՝ նախապատրաստելով հնարավոր սադրանքներ։ Բաքվին երկրորդում է պաշտոնական Մոսկվան՝ պնդելով, որ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում՝ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի։
Այս ուսումնասիրությամբ փորձել ենք պարզել՝ որքանով են համընկնում Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ, և ինչ նարատիվներ (պատումներ) են տարածում երկու կողմերն առաքելության գործունեության մասին։
Մեթոդաբանություն
Ուսումնասիրել ենք ռուսական և ադրբեջանական 8 լրատվամիջոցի՝ պետական և կառավարամետ (government-friendly) 60 նյութ՝ 30-ական նյութ յուրաքանչյուր խմբից։
Դիտարկել ենք 2024-ի նոյեմբերի 15-ից 2025-ի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող նյութերը, որոնց որոնումն արել ենք բանալի բառերի միջոցով, իսկ հավաքագրումը՝ Letsdata մոնիթորինգային հարթակի օգնությամբ։
Ռուսական լրատվականներից ընտրել ենք՝
- Sputnik Azerbaijan
- TASS.ru
- RIA.ru
- Interfax.ru
Ադրբեջանական լրատվականներից ընտրել ենք՝
- Azertag.az
- Trend.az
- Day.az
- Haqqin.az
Նախապատմություն
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայելու որոշումը կայացվել է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպման պատճառներից էր հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան։
Հանդիպումից հետո եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդ երկու ամսով տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։
Արդեն երկու տարվա մանդատ ունեցող առաքելությունը գործարկվեց 2023-ի հունվարի 23-ին։ Այն ներառում էր ԵՄ անդամ պետություններից մոտ 100 աշխատակից։ Առաքելության աշխատակիցների թիվը գործունեության առաջին տարվա վերջում ընդլայնվեց՝ դառնալով 209։ Նոր հաստատված ծրագրով առաքելության բյուջեն երկու տարիների համար գերազանցում է 44 միլիոն եվրոն։
Առաքելությունը ղեկավարվում է Բրյուսելում ԵՄ քաղաքացիական առաքելությունների գլխամասից։
Որպես առաքելության նպատակ՝ նշվում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում հրադադարի խախտման դեպքերի նվազեցումը և սահմանամերձ բնակչության անվտանգության զգացողության բարձրացումը։
Առաքելության դիտարկման գոտին տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի հատվածը։
Եվրամիության արտգործնախարարի գրասենյակը ընդգծել էր, որ դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Նույն կարծիքին են նաև Հայաստանի գործող իշխանությունները։
Ստորև կարելի է տեսնել ԵՄ առաքելության վերաբերյալ ռուսական և ադրբեջանական լրատվականների կողմից շրջանառվող հիմնական նարատիվները։
ԵՄ դիտորդները՝ «լրտեսներ»
Ռուսական լրատվականները` 6, իսկ ադրբեջանականները 17 նյութում տարածել են այն նարատիվը, թե ԵՄ դիտորդական առաքելությունը հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական գործունեություն է ծավալում՝ լրտեսելով և հետախուզական տվյալներ հավաքելով։
Ադրբեջանական կայքերը նաև հրապարակել էին կադրեր, թե ինչպես են դիտորդները դիտարկում սահմանը, սակայն սա որևէ կերպ չէր փաստում, թե առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում։
Այս համատեքստում նշվում էր, որ ԵՄ «զինված» ստորաբաժանումների ներկայությունը մարտահրավեր է նաև Թուրքիայի համար, քանի որ հակասում է այդ երկրի ռազմավարական շահերին։
Թեզի սկզբնաղբյուրներից էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերը մեջբերում էին ինչպես ռուսական, այդպես էլ ադրբեջանական լրատվականները։
Ադրբեջանական կայքերում այս թեզը ակտիվորեն տարածվում էր Бакинский Бурила տելեգրամյան ալիքի գրառումները վերատպելով։ Бакинский Бурила-ն ռուսալեզու և հիմնականում ագրեսիվ հակահայկական բովանդակություն ստեղծող ալիք է։
8 լրատվականներից միայն երկուսը՝ «Սպուտնիկ Ադրբեջանը» և Haqqin-ն էին հրապարակել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ռազմական չէ, և Թեհրանը ըմբռնում է Երևանի բացատրությունները Հայաստանում նրանց ներկայության վերաբերյալ:
«Հայաստանի իշխանությունները առաքելության ներկայությունը բացատրում են որպես կայունության պահպանման և լարվածության կանխման հնարավորություն: Դա մեզ համար հասկանալի է»,- մամուլի ասուլիսում նշել էր դեսպանը։
Չնայած հնչող մեղադրանքներին՝ շվեդական Blankspot պարբերականի հետ զրույցում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել էր, որ Բաքուն իրենց այցերի մասին տեղեկանում է մեկ շաբաթ առաջ.
«Բաքվին տեղեկացնում ենք մեր ծրագրերի մասին մեկ շաբաթ առաջ։ Սա արվում է, որպեսզի նրանք իմանան, թե որտեղ ենք և ինչ ենք անում: Դա նաև թյուրիմացություններն ու միջադեպերը կանխելու համար է»։
ԵՄ առաքելությունը՝ ռազմական կառույց
ԵՄ դիտորդական առաքելության ռազմական լինելու մասին թեզը հաջորդ ամենահաճախ տարածվողներից է։ Մեր ուսումնասիրած ժամանակահատվածում այն տարածվել է 5 նյութերում՝ մեկ՝ ռուսական, չորս՝ ադրբեջանական։
Թեզն ուղեկցում է դիտորդական առաքելությանը՝ նրա տեղակայումից ի վեր։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը 2024-ի հունիսին ևս անդրադարձել էր դրան։
Դիտարկվող կայքերում առաքելությունը անվանվում էր «ԵՄ զինված ստորաբաժանում»։ Մասնավորապես, նշվում էր, որ դիտորդների նոր մանդատը նախատեսում է ոչ միայն մշտադիտարկում, այլև առաքելությանը ռազմական տեխնիկայով, հատուկ տրանսպորտային միջոցներով և զենքով զինում, և դրա նպատակը տարածաշրջանում ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ներկայություն ունենալն է։
Trend.az-ի հեղինակ Էլչին Ալյօղլուն, օրինակ, գրում է, թե Բրյուսելն այլևս չի թաքցնում, որ առաքելությունը հագեցած կլինի ժամանակակից ռազմական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, իսկ անձնակազմը կունենա զենք կրելու իրավունք։
ԵՄ դիտորդական առաքելության գործունեության սկզբում նշվել է, որ այն քաղաքացիական է և չզինված։ Նրանք մշտադիտարկում են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում և իրավիճակի մասին զեկուցում Բրյուսելին։
2025-ի մարտին առաքելության պաշտոնական կայքում հրապարակվել է առկա սարքավորումների ցանկը։ Միակ զենքն այստեղ համակցված դանակն է (combination knife)։
Առաքելության ժամկետի երկարաձգումից հետո պաշտոնապես հաղորդվել է, որ գործունեության տեսակի մեջ որևէ փոփոխություն չի եղել։ Նշվում է, որ կառույցը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը կազմված է 200 անձից։ Դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ԵՄ 25 անդամ պետություններից են։ Ոչ անդամ երկրներից՝ 2024-ի ապրիլից միացել է Կանադան։
Արձագանքելով ռազմականացման մասին լուրերին՝ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը 2024-ի հունիսի 7-ին CivilNet-ի հետ զրույցում ասել էր․
«Ես կարող եմ ձեզ միայն հավաստիացնել, որ մենք չունենք որևէ թաքնված օրակարգ: Մենք քաղաքացիական, անզեն առաքելություն ենք։ Մենք այն չենք, ինչ ասում է Ռուսաստանը։ Մենք քողարկված կիսառազմական ստորաբաժանում չենք կամ նման այլ բան»։
ԵՄ դիտորդները՝ խաղաղության համաձայնագրի խոչընդոտ
Ռուսական լրատվականները՝ 8, ադրբեջանականները 5 նյութում գրել են, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի համար, և Հայաստանը, տարածաշրջան հրավիրելով օտարերկրյա զորքերի, շարունակում է նոր պատերազմ հրահրել։
Այս նարատիվը առավել հաճախ հնչել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի կողմից։ Ըստ նրա, արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանի գործերին՝ միայն վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն չէ։ Խաղաղության ամրապնդման հարցը լուծվում է բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սահմանին երրորդ երկրի ներկայությունը միայն սրում է երկու պետությունների միջև իրավիճակը և վերածվում է Հարավային Կովկասի գործերին ԵՄ ռազմական միջամտության տարրի»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը խախտել է Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական Միության խորհրդի նախագահների հետ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ։
Առաքելությունը՝ ՆԱՏՕ-ի ստորաբաժանում և ՌԴ-ի դեմ գործիք
Հիմնական նարատիվներից մեկը, որին ռուսական լրատվականները անդրադարձել են 10, իսկ ադրբեջանականները՝ 7 նյութում, այն է, թե ԵՄ առաքելությունը գործիք է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման համար։ Նշվում է, որ խաղաղապահների ներկայությունը սահմանին մեջքից հարված է Ռուսաստանին։
Թեզի առաջամարտիկներն են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մարիա Զախարովան։
Կանադայից դիտորդների միացումը ներկայացվում է որպես «ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք» ստեղծելու փաստ։
Ֆրանսիան օգտագործում է Հայաստանին
Ադրբեջանական մամուլում երեք հրապարակմամբ տարածվել է թեզ, թե Ֆրանսիան Հայաստանին օգտագործում է իր շահերի համար՝ սադրելով գործողություններ Ադրբեջանի դեմ։ Նարատիվն առաջ մղող գլխավոր անձը Baku Network փորձագիտական հարթակի ղեկավար և «Trend» լրատվական գործակալության փոխտնօրեն Էլչին Ալյօղլուն էր։
Ադրբեջանական Day.az-ը, օրինակ, վերատպել էր Baku Network-ի հոդվածը, որտեղ նշվում է, թե Ֆրանսիայի ղեկավարության ներքո դիտորդական առաքելությունը վերածվել է քաղաքական զենքի։
Նշվում էր, թե Ֆրանսիան միտումնավոր ուժեղացնում է թշնամանքը տարածաշրջանում՝ օգտագործելով «բարբարոսների հարձակման» հռետորաբանությունը։
Լրատվականներն ընդգծված բացասական վերաբերմունք ունեին Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Օլիվիե Դեկոտինի նկատմամբ, որի մասին կային ծաղրական բովանդակությամբ նյութեր։
Day.az-ն, օրինակ, վերատպել էր Бакинский Бурила տելեգրամ ալիքի «Դեկոտինին ավելի շատ աղցան է, քան դիվանագետ» վերտառությամբ գրառումը։ Այնտեղ գրված է, թե դեսպանը, կարծես, խելագարվել կամ ուղեղի ցնցում է ստացել, քանի որ կրկին գովաբանել է «քաղաքացիական» առաքելությանը՝ նշելով, թե այն «գրանցում է սահմանին տեղի ունեցած միջադեպերը» և «անցկացնում է խախտումների հետաքննություն»։
Դեսպանի մասին հաջորդ նյութը, որի սկզբնաղբյուրը կրկին Бакинский Бурила-ն էր, վերնագրված էր՝ «Կարո՞ղ է Օլիվիե ԴեՍկոտինին կրկին կույս դառնալ»։ Հեղինակին վրդովվեցրել էր Ֆրանսիայի դեսպանի այցը սահման և հանդիպումը ԵՄ դիտորդական առաքելության հետ։
Փորձագետների և քաղաքական գործիչների կրկնվող թեզերը
Դիտարկված լրատվամիջոցներում ԵՄ դիտորդական առաքելությանն անդրադարձող փորձագետների և քաղաքական գործիչների մեկնաբանությունները առանձնապես չեն տարբերվել։
Ստորև կարելի է տեսնել, թե որ քաղաքական գործիչներն ու փորձագետներն են առավել հաճախ մեկնաբանել թեման, և որքանով են նրանց առաջ քաշած նարատիվները համընկնում։
Հետաքրքիր է, որ դիտարկված ժամանակահատվածում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ ռուսական լրատվականների հրապարակած 30 նյութից 16-ում ներկայացվել է ադրբեջանցի, 8-ում՝ հայաստանցի քաղաքական գործչի կամ փորձագետի խոսք։ Թեմային անդրադարձել են նաև ռուս, բելառուս քաղաքական գործիչներ և փորձագետներ։ Առավել հաճախ ներկայացվել է ռազմաքաղաքական վերլուծաբան, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Տիխանսկի կարծիքը, որն ընդգծված հակահայկական մոտեցում ունի։
Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի պետական ու կառավարամետ լրատվամիջոցներում ձևավորված նարատիվները հիմնականում համընկնում են։ Դրանք ԵՄ առաքելությունը ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի խոչընդոտ և տարածաշրջանում Արևմուտքի ռազմական և քաղաքական դիրքերը ուժեղացնելու գործիք։
Նկատելի է նաև, որ թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ իրենց թեզերն ամրապնդելու համար հղումներ են կատարում միմյանց՝ ստեղծելով կարծիքների փակ շրջան։