Մարդկանց նվիրատվությունների աջակցությամբ իրականացվող սոցիալական, մեդիա, հանրային նշանակություն ունեցող բազմազան ծրագրերի իրականացմամբ զբաղվող հայկական «ռեԱրմենիա» հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Չորս տարում «ռեԱրմենիան» ձևավորել է 18 հազար ներկայացուցչից բաղկացած աջակցող համայնք։ Հարթակում ֆոնդահայթայթման արդյունքում իրականացվել է 180 ծրագիր, հավաքագրվել է 4,5 մլն դոլար գումար։
«ռեԱրմենիա»-ի հիմնադիրներից Գևորգ Պողոսյանն ասում է, որ արհեստական բանականության մուտքը մեր իրականություն նման է ձիերի երամակի արշավի։ Եվ յուրաքանչյուրիս ընտրությունն է անհույս փորձեր անել ձիերի հարձակումից խուսափելու համար և արդյունքում ոտնակո՞խ լինել նրանց կողմից, թե փորձել հեծնել ձիերից մեկին և առաջ ընթանալ երամակին համընթաց:
Եթե կա ցանկություն ոտնակոխ չլինելու և երամակին համընթաց առաջ շարժվելու, ո՞րն է առաջին քայլը, ի՞նչ է պետք անել։
Առաջին կարևոր քայլը գիտակցումն է, որ արհեստական բանականությունը(AI կամ հայերեն ԱԲ)` որպես նորարարություն, վերաբերում և վերաբերելու է բոլորիս։ Օրինակ էլեկտրաէներգիան, համակարգիչը, համացանցը սրանցից յուրաքանչյուրը իր հայտնագործման ժամանակահատվածում եղել է խոշոր ինովացիա և փաստն այն է, որ մենք այսօր մեր կյանքն առանց այս ամենի այլևս չենք պատկերացնում: Նույնն է լինելու նաև AI ի դեպքում։
Ժամանակին նորարարությունները ուշ էին հասնում Հայաստան։ Օրինակ ինտերնետի դեպքում կարող ենք ասել, որ ստեղծումից 5-10 տարի հետո է Հայաստանում հասանելի դարձել և սկսել լայնորեն կիրառվել։ AI-ի դեպքում իրավիճակը լրիվ այլ է։
Ցանկացած AI գործիք, ցանկացած թարմացում նույն պահին հասանելի է դառնում ամբողջ աշխարհին: Սա նշանակում է, որ մրցակցային իմաստով մենք սահմանափակումներ չունենք:
Կարելի է փաստել, որ կարճ ժամանակ անց գրագիտության տարրական շեմը հաղթահարելու համար, մարդը պետք է լինի իր կենցաղում և աշխատանքում ակտիվ ԱԲ գործիքներն օգտագործող։ Հիմա ով ավելի շուտ սկսի օգտագործել, ով ավելի շուտ տիրապետի ու արդյունավետ այդ բոլոր գործիքները օգտագործի, նա բացառիկ մրցակցային առավելություն կունենա: Մեր նպատակն է բարձրացնել AI գրագիտության մակարդակը։
Օրինակ, խոսելով մեդիագրագիտության մասին՝ միշտ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ մեդիա սպառող և մեդիա ստեղծող է և պետք է կարողանա մեդիայի հետ իր շփումը գրագետ կազմակերպել։
Այս բանաձևը վերաբերում է նաև AI-ին։ Այդ գրագիտությունը նախ պետք է, որպեսզի կարողանանք մեր աշխատանքում, մեր կյանքում AI միջոցով առավելագույն արդյունքը ստանալ, մյուս խնդիրն էլ անվտանգային նկատառումներն են, որպեսզի զոհ չդառնանք AI-ով արդեն ստեղծված ու կառավարվող սխեմաներին ու ապատեղեկատվական հոսքերին։
AI գրագիտության կարևոր բաղկացուցիչներից մեկն էլ AI միջոցով ստեղծված ճիշտ ու որակյալ բովանդակությունը սխալ հրահանգի կամ AI հալուցինացիաների հետևանքով գեներացված սխալ բովանդակությունից տարբերակելն է։

Գևորգ Պողոսյանը «ռեԱրմենիա 4.0» համայնքային հանդիպման ժամանակ
Եթե գնահատենք մեր հասարակության AI գրագիտության մակարդակը, ցուցանիշը դրակա՞ն, թե բացասական կլինի։
Ցավոք, AI օգտագործողների քանակը բավականին քիչ է դեռևս։ Շատ քչերն են, որ խորությամբ են օգտագործում AI-ը իրենց աշխատանքում։ Շատերն անգամ դեռ վախենում են AI-ից։ Հիշու՞մ եք, երբ համակարգիչները նոր էին մտնում մեր առօրյա, շատերը փորձում էին հեռու մնալ՝ նախընտրելով թուղթն ու գրիչը, հետո ստիպված եղան սովորել։ Նույն գործընթացը տեղի է ունենում հիմա, որոշ ժամանակ անց մարդիկ կհասկանան, որ հետ են մնացել ու ստիպված կլինեն ուշացումով, բայց ընկերանալ AI-ի հետ։
Դուք նշեցիք, որ շատերը դեռևս վախենում են AI-ից։ Անհանգստությունների մի մասի պատճառն էլ այն կանխատեսումներն են, որ AI-ի զարգացմանը զուգահեռ, կավելանան նաև ապատեղեկատվական հոսքերը և քաոտիկ իրավիճակ կարող է ստեղծվել։
Հասկանալի է, որ ցանկացած մեծ նորարարություն դրական փոփոխություններին զուգահեռ, իր հետ բերում է նաև բավականին շատ ռիսկեր ու խնդիրներ։ Այս դեպքում էլ իհարկե խնդիրներ կան ու կլինեն․ շատերը մատնանշում են, որ AI-ը կօգտագործվի նաև չարագործների կողմից։ Կլինեն AI-ով գեներացված բազմաթիվ ապատեղեկատվական արշավներ։ Շատ են քննարկվում հեղինակային իրավունքին ու էթիկային վերաբերվող խնդիրները, բայց ես կարծում եմ մենք պետք է գիտակցենք, որ ավելի լավ է սովորենք այդ ռիսկերը կառավարել, քան թե հրաժարվենք այն հսկայածավալ դրական փոփոխություններից ու զարգացման հնարավորություններից, որն AI-ն առաջարկում է։
Հենց այստեղ է, որ մեդիագրագիտությունը և AI գրագիտությունը պետք է լրացնեն մեկը մյուսին։ Մեդիասպառողը պետք է իր համար կարևոր կամ կասկածելի բովանդակությունը կարողանա ստուգել և այդ ստուգելու համար էլ նա պետք է իմանա ինչ AI գործիքներ կիրառի՝ իրական պատկերը տեսնելու համար։
Ես կարծում եմ ժամանակի ընթացքում բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները, շատ չկարգավորված ոլորտներ էլ հստակորեն կկարգավորվեն։
Իսկ տեղական մեդիան բավարար չափով խոսու՞մ է ԱԲ-ի, դրա օգտագործման մասին ու նպաստում, որ մենք դառնանք AI գրագետ հասարակություն։
AI գրագիտության ձևավորման գործում մեդիան շատ մեծ ազդեցություն պետք է ունենա։ Պետք է շարժում ձևավորվի։ Մեդիան անընդհատ պետք է պատմի, թե մեզանից յուրաքանչյուրն իր կենցաղային, առօրյա հոգսերն ու աշխատանքային ավելի բարդ խնդիրները ինչ AI գործիքների միջոցով կարող է լուծել, դրանք ինչպես են աշխատում և այլն։ Եվ կարևոր է, որ այս ամենն իսկապես արվի գրագետ, ոչ թե միայն դիտումներ հավաքելու, այլ մեդիասպառողին կրթելու, նոր ինֆորմացիա հաղորդելու նպատակով։
AI օգտագործողների քիչ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ այս թեման բավականին քիչ է լուսաբանվում մեդիայում։ Որոշակի հրապարակումներ ես իհարկե տեսնում եմ, բայց դրանք իմ կարծիքով բավարար չեն։
Դուք կազմակերպել եք «AI քեզ բան» դասընթացը։ Արդեն 88 մասնակից ավարտել է այն։ Ո՞ւմ համար է և որքանո՞վ այն մասնակցին կդարձնի AI գրագետ։
«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի ընթցաքում AI-ն օգտագործելով՝ հասկացանք, որ այս գործիքները շատ-շատ կարևոր են ու պետք է ինչ որ կերպ այս գիտելիքն ու փորձը կիսել նաև շատ ավելի շատ մարդկանց հետ։
Սկզբում մենք «AI քեզ բան» տելեգրամյան ալիք էինք բացել, հետո հասկացանք, որ պահանջարկը շատ ավելի մեծ է ու որոշեցինք դասընթացներ կազմակերպել։

«AI քեզ բան»-ի դասընթացավարները
«Start»-ը սկսնակների համար է, «Level up»-ը՝ նրանց համար, ովքեր արդեն օգտագործում են, բայց ուզում են ավելի արդյունավետ դառնալ: Այդ եռանիշ 222 էլ պատմում է դասընթացի տևողության մասին։ Մասնակիցները 2 շաբաթ, շաբաթական երկու օր ու օրական երկու ժամ տևողությամբ դասընթացի ընթացքում կարողանում են ստանալ իրենց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
Մենք սովորեցնում ենք ինչպես աշխատող լավ տեքստեր մշակել, պատկերներ գեներացնել, ինչպես ճիշտ հրահանգների միջոցով բարձր որակի պրեզենտացիաներ ու սլայդներ պատրաստել։ Իսկ «Level up» խմբում շեշտը դրված է ավելի բարդ խնդիրների լուծումները գտնելու վրա։ Օրինակ, սովորեցնում ենք, թե առանց կոդ գրելու, առանց ծրագրավորման որևէ գիտելիք ունենալու, ինչպես ստեղծել լենդինգ էջեր և վեբ կայքեր: Շշմելու բան է, երբ պարզապես հրահանգը գրում ես ու հետո նստում նայում ես, թե ինչպես է այն կոդերը գրում։
Մենք մշակում ենք նաև Pro դասընթացներ, որոնք 4 շաբաթ տևողությամբ կլինեն։ Խորացված կսովորեցնենք լենդինգ էջերի պատրաստում, Upwork-ում գրանցում և ուսանողը հնարավորություն կունենա դասընթացից հետո սկսել աշխատել Upwork-ում։ Upwork-ը ամբողջ աշխարհում թվային ծառայություններ վաճառելու հարթակ է: Մենք սովորեցնելու ենք, թե ինչպես գրանցվել, առաջխաղացում ունենալ և ծառայություններ վաճառել ամբողջ աշխարհին:
Գիտեմ նաև, որ դասընթացներ եք մշակում նաև ըստ մասնագիտացումների, տարբեր նեղ մասնագետների համար։
Այո՛, այդ թվում նաև մեդիա մասնագետների համար ենք հիմա դասընթաց մշակում։ Մեր թիմն այժմ աշխատում է այդ ուղղությամբ, խորհրդակցում ենք ոլորտի մասնագետների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ կարքի գնահատում իրականացնել։
Եթե մեր լրագրողները, խմբագիրները կարողանան իրենց աշխատանքում լավագույնս օգտագործել AI գործիքները, ապա մեդիա աշխատողներից յուրաքանչյուրը նույն միավոր ժամանակում անգամներ ավելի մեծ քանակի, հաճախ անգամ ավելի որակյալ բովանդակություն կարող է ստեղծել։ Եթե առաջ մեկ նյութի ուսումնասիրությունը կարող էր շաբաթներ տևել, հիմա նույն աշխատանքը ժամերի ընթացքում մի քանի գործիք օգտագործելով հնարավոր է անել։ Կարելի է ասել, որ հինգից տասն անգամ այդ պրոցեսներն ավելի արդյունավետ կդառնա։
Սա օրինակ է, թե ինչպես կարող է լրագրողը AI-ի միջոցով արագացնել ու ավելի արդյունավետ դարձնել իր աշխատանքը։ Հիմա ես բերեմ նաև ավտոմատիզացման օրինակ։
Մեր «AI քեզ բան» տելեգրամյան ալիքը «ռեԱրմենիա» ակադեմիայի ուսուցիչները ավտոմատացրել են: AI-ը մտնում է նրանց էլեկտրոնային փոստերից գտնում է AI-ին վերաբերող նորությունների նամակները, կարդում է դրանք, առանձնացնում ու վերցնում է հետաքրքիր, թրենդային և օգտակար նորությունները։ Ստեղծում է տելեգրամ ալիքի ֆորմատով հրապարակում և թարգմանում է հայերեն։ Հետո նորից ստուգում ու վերախմբագրում է այն, բերում է ոճական առումով այն տեսքին, որը ի սկզբանե հրահանգել էին իրեն ու ինքնուրույն հրապարակում է։
Արդյունքում ալիքի բաժանորդները, բացի մեր ուսուցիչների տարբեր հրապարակումներից և նամակներից, շաբաթը մի քանի անգամ արդեն բոտի ստեղծած նորություններ են կարդում, այն էլ՝ հայերեն։ Ստացվում է, որ մեդիա դաշտում նորությունների գեներացիայի, մշակման ու տարածման ամբողջ պրոցեսն արդեն հնարավոր է ավտոմատացնել։
Վերջնարդյունքում մեր նպատակն է, որ 5 տարվա ընթացքում մեկ միլիոն հայ դառնա AI գրագետ։