2024.06.10,

Ստուգված է

ԵՄ դիտորդները ոչ թե «կիսառազմական» են, այլ՝ քաղաքացիական

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 7-ին՝ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում դիտորդություն իրականացնող ԵՄ առաքելությանը՝ այն համարելով ԵՄ-ի «կիսառազմական ներկայություն»։ Նա նաև պնդել է, թե այն ունի «կոնֆրոնտացիոն բնույթ»։

Սա ԵՄ առաքելության մասին նախորդ շաբաթ Ռուսաստանի կողմից արված միակ հայտարարությունը չէ։

Մինչ այդ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կրկնել էր Կրեմլի կողմից շրջանառվող այն պնդումը, թե առաքելությունը լրտեսություն է իրականացնում ընդդեմ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի։

Զախարովան ևս այն կրկնեց՝ առանց փաստեր ներկայացնելու. «Ոչ մի տեղ ապացույցներ փնտրելու կարիք չկա։ Դրանք ակնհայտ են։ Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Ավելին, երբ ՆԱՏՕ-ի երկրները սկսեցին միանալ դրան, ինձ թվում է՝ այստեղ ամեն ինչ բոլորի համար պարզ է դարձել»։

Մոսկվան հետևողականորեն ԵՄ քաղաքացիական առաքելությանը կապում է ՆԱՏՕ-ի հետ՝ տարածելով առանց փաստական հիմնավորումների մեղադրանքներ։

Օրինակ, մարտի վերջում Ռուսաստանի  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էր կեղծ պնդում կատարել, իբրև ԵՄ առաքելության շրջանակում Հայաստան «զինծառայողներ են ուղարկվում» Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով ՆԱՏՕ առաքելության։

ԵՄ առաքելությունը «կիսառազմակա՞ն» է

Զախարովայի այն պնդումը, թե ԵՄ-ն «կիսառազմական» ներկայություն ունի Հայաստանում, անհիմն է։

ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, ավելին՝ չզինված։ Նրանք մոնիթորինգ են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ հայկական կողմում և իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնում Բրյուսելին։

ԵՄ դիտորդական առաջին առաքելությունը սկսվեց 2022-ի հոկտեմբերի 20-ին՝ երկու ամիս ժամկետով։ Ինչից հետո՝ հայակական կողմի խնդրանքով 2023-ի փետրվարին ստեղծվեց լիարժեք քաղաքացիական առաքելություն՝ այս անգամ երկու տարվա մանդատով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Առաքելության աշխատակիցների թիվը գործունեության առաջին տարվա վերջում որոշում կայացվեց ընդլայնել՝ 138-ից հասցնելով  209-ի։

Առաքելության կազմում աշխատող դիտորդները և քաղաքացիական փորձագետները ԵՄ անդամ 23 երկրից են, իսկ ոչ անդամ երկրներից՝  2024-ի ապրիլից միացել է Կանադան։

Բացի Հայաստանից՝ ԵՄ քաղաքացիական դիտորդները առաքելություն են իրականացնում ևս 12 երկրում, այդ թվում հարևան Վրաստանում 2008-ից։

Արձագանքելով Ռուսաստանից եկող վերջին հայտարարություններին՝ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ իրենք այն չեն, ինչ իրենց մասին ասում է Ռուսաստանը։

«Ես կարող եմ ձեզ միայն հավաստիացնել, որ մենք  չունենաք որևէ թաքնված օրակարգ: Մենք քաղաքացիական, անզեն առաքելություն ենք։ Մենք այն չենք, ինչ ասում է Ռուսաստանը [մեր մասին]։ Մենք քողարկված կիսառազմական ստորաբաժանում չենք կամ նման այլ բան», – ասել է Ռիտերը։

Ինչո՞ւ ստեղծվեց ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ դիտորդները առաջին առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022-ի աշնանը Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա կատարած հարձակումից հետո։

Սրան նախորդել էին Ադրբեջանի երկու այլ հարձակումները 2021-ի գարնանը և աշնանը։

Այս բոլոր հարձակումների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանը  օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։

Հայաստանի դիմումները իր անդամակցած անվտանգության դաշինքին՝ Հավաքական անվտանգության պայամագրի կազմակերպությանը գործնական օգուտ չբերեցին։

Փոխարենը ԵՄ դիտորդական առաքելության շուրջ համաձայնությունը ձեռք բերվեց 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ-ի ղեկավարների հանդիման ժամանակ։

Զախարովայի այն գնահատականը, թե ԵՄ նման նախաձեռնություններից «այլ բան, քան ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացում»  պետք չէ սպասել, հակասում է պաշտոնական Երևանի տեսակետին։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այս տարվա ապրիլին հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի կայունության ապահովման «էական նպաստող գործոններից է»։

Այսպիսով, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն պնդումը, թե ԵՄ-ն Հայաստանում ունի «կիսառազմական ներկայության», անհիմն է։ Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, իսկ Ռուսաստանը կեղծ պնդումներ է կատարում՝ փորձելով այն կապել ՆԱՏՕ-ի հետ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *